** Մի ստիր նրան, ով հավատում է քեզ:
** Յոթ անգամ չափիր՝ նոր միայն կտրիր, որ հետո չասես դառը մորմոքով՝ ո՜վ էր արժանի և ում ընտրեցի։
** Զայրույթի պահին՝ լեզուդ քեզ պահիր:
** Մեր կյանքը նման է վառ արեգակի՝ երբ ջահել ենք դեռ։ Արևի նման բոցավառվելով սիրո կրակից՝ գնում ենք դեպի մեր լեռան ետև՝ ուրիշ մի կյանքով նորից ապրելու:
** Ուր մեծ սեր կա, այնտեղ պաշտամունք ու ակնածանք կա:
** Գնահատիր նրան, ով արյունակից չլինելով՝ դարձել է քեզ հարազատ:
** Մարդ կյանքում ի զորու է փոխելու ամեն ինչ, սակայն անկարող է անել երկու բան՝ հետ շրջել բախտիդ անիվն ու ետ բերել նրանց, որոնց կորցրել է անվերադարձ:
** Համբերություն ունեցիր, որ հանգիստ ապրես։
** Մինչև յոթը հաշվիր՝ նոր խոսքդ ասա, կյանքը շատ է կարճ, խոսքդ ասելուց՝ չես հասցնի այլևս սխալդ ուղղել։
** Ինչ կորցրել ես՝ մի ափսոսա, միևնույն է, հետ չես բերի։
** Ինչ որ պիտի վաղը լինի՝ մի սպասիր, ո՞վ կասի, թե վաղվա օրը ինչ կբերի։
**Ունեցածով մխիթարվիր ու մի տխրիր. երբ չունևորը լաց է լինում՝ ունևորը հրճվում է գոհ։
** Հոծ բազմության մեջ անգամ՝ միայնակ եմ հոգուս մեջ:
** Մի թախծիր բնավ, որ քեզ հետ չէ այլևս, այլ ժպտա բերկրալից, որ եղել է նա քո կյանքում։
** Սիրո համար ազգություն ու կրոն չկա։ Սերը վեր է ամեն ինչից. այն թանկ է կյանքից։
** Համոզված մի եղիր՝ տեղ կհասնես, կասկածիր, որ չուշանաս:
** Սիրո բացակայությունից շուտ են ծերանում:
** Խեղճ նա, ով հոգում իր դժողքն ունի՝ անունը ,,Հիշողություն,,:
** Երբ մարդու սրտում մեռնում է սերը՝ նա արդեն ծեր է. չէ որ կյանքը հենց՝ դա ինքնին սեր է։
** Մի վախեցիր երբեք, թե չես գտնելու՝ կորցնելուց վախեցիր։
** Ի սկզբանէ էր բանը։ Սերը այսինքն՝ նախ մոր նկատմամբ, հետո զավակների, այնուհետև գործի, որին նվիրվել ես քո ամբողջ կյանքում, հետո օր ծերության՝ սերը հանդեպ կյանքի, որից բաժանվել դժվար է այնքան։
** Մարդ արարածն իր վառ պատկերացմամբ անգամ՝ անկարող է երևակայել գեղեցկությունը կանացի, քանզի Արարիչը նրան արարել է անթերի, կատարյալ տեսքով։
** Առավել ահավոր, քան սովը, ծարավը, անփոխադարձ սիրո զգացումն ու ցավը կորստի՝ երբ վշտակեզ ու խոցված դուրս ես գալիս տնից ու ոչ ոք հետ չի պահում քեզ։
** Ուժեղ մարդն ուժեղ է ամեն ինչում. նա է միայն ունակ ժպտալու այրող ցավի միջից։
** Կան սխալներ, որ ժամանակն անգամ ի զորու չէ ուղղել։
** Դարձիր արմատներիդ, տես ով էիր, որտեղից եկար և ուր ես գնում։
** Ջահել ժամանակ՝ սերը տրվում է սիրելու համար, ահել ժամանակ՝ ապրելու համար։
** Վատը չտեսածը՝ լավը չի հասկանա։ Ինչպես որ կուշտը՝ սովից մեռնողին։
** Ինչքան լեզու գիտես՝ այնքան բարձր ու լիարժեք մարդ ես, մայր լեզուդ չգիտես՝ հաշվիր կես մարդ ես ։
** Սիրտ քրքրող ու անողորմ խորունկ ցավը անագորույն այս աշխարհում՝ որ չես կարող գիրկդ առնել գեղեցկատես քաղցր որդուդ, որովհետև չկա արդեն։
** Տղամարդը մտավ տուն՝ տունը հույս մտավ, կինը մտավ տուն՝ տունը սեր մտավ, երեխա մտավ՝ արևը մտավ՝ իր ջինջ շողերով։
** Բարություն արա ու գցիր գետը, մի օր կտեսնես առջևդ ելավ։
** Լավ ապրողն ապրում է, մեռնողը՝ մեռնում, մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար, քանզի մեռնել կա՝ ապրելուց լավ է։
** Խորամանկ ու խարդախ մարդկանց չհաշված՝ ազգովին Գիքոր ենք՝ փոքր ժամանակ, միամիտ Համբո՝ հասուն տարիքում։
**Ծնողի տեղը չիմացող մարդը Աստծու տեղը հազիվ իմանա։
** Մեր անցած կյանքից մենք ոչինչ– ոչինչ չենք վերցնում մեզ հետ՝ հուշերից բացի։
** Ժամանակն անգին ոսկի է…հասկացողի համար լոկ։
** Մեկը մեկից լավ՝ վատ աղջիկ չկա, էս զոքանչներն ու սկեսուրները ուրկի՞ց են ծնվում։
** Սիրունը նա չէ ՝ ով որ սիրուն է, այլ՝ ում սիրում ես։
** Կինն ամուսնու պատիվն է, ամուսինը՝ կնոջ։
** Սերն անցողիկ է, հուշը՝ մնայուն։
** Ջուրը մի մտիր, եթե տեղյակ չես խորությանը գետի։
** Սերը ծնվում է սիրուց, ապրում այդ սիրով, գոսանում ապա՝ երբ սառչում է սերը։
** Մարդու մեջք կոտրողը՝ կորուստն է զավակի։
** Վայ նրան՝ ով ուրիշի հույսին է։
** Ծառը չէր տապալվի կացնից, եթե կոթն իրենից չլիներ։
** Ձին վարգից կճանաչեն, կնոջը՝ վարքից։
** Նա չէ բարեկամ, ով հիշում է քեզ, երբ պետք ես իրեն, այլ որ կողքիդ է՝ քո դժվար օրվան։
** Տաժանելի է կորուստի ցավը զավակի, քար պիտի լինել՝ դիմանալու այդ ցավին։
** Ո՜վ մարդ արարած, երանելի ես, թե որ մեղավորների ճանապարհին ոտք չես դնում ու համախոհ չես նրանց հետ, այլ օգնական ես մարդկանց՝ բարության ու բարեպաշտության, բայց ոչ չարության ու թշնամության մեջ։
** Աստված, հեռու պահիր մեզ փորձանքից, որովհետև արդար մարդու համար ամենամեծ մորմոքն՝ անարդարության մեջ անհիմն ու միտումնավոր կերպով մեղադրելն է անարդարներից։
** Իդեալական ընտանիք՝ երբ կնոջ տեսողությունը թույլ է, ամուսին էլ՝ խուլ։
** Մարդ անասունից ինչո՞վ է տարբերվում բանականությամբ։ Թե չէ՝ …նույն անասունն է։
** Մի հեռանա այն աշխարհից, ուր քո առաջին սերն էր . հոգիդ հավետ կմնա այնտեղ, ուր նա էր ։
** Մի տրտմիր, որ հարյուր տարի հետո չես լինելու. չէ որ հարյուր տարի առաջ նույնպես չկայիր։
** Աշխարհն հավիտենական է , կյանքը՝ կարճ , ու այն չէ կարևորը՝ երկար է կյանքը , թե կարճ , կարևորը ճիշտ ապրելն է։
** Եղիր մաքուր՝ ինչքան էլ որ անմաքուր լինի շուրջդ, քանզի անարդար չլինելու համար, պիի որ արդար լինես:
** Առաջին սիրո հմայքը, ավա՜ղ, ուշ ենք հասկանում՝ երբ ետ գնալու ոչ հնար կա արդեն, ոչ ժամանակ։
** Մի մոռացիր երբեք Աստծու խոսքն Ադամին՝ քո հացը երեսիդ քրտինքով վաստակես, քանզի անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարհով էլ կգնա։
** Ամեն ժամանակ իր օրենքն ունի, և օրենքն այդ՝ թե հասարակ մարդկանց օգտին է, չի գործում, նրանց դեմ է՝ անհապաղ։
** Տե՜ր իմ Աստված, փրկիր ինձ յուրայիններից՝ թշնամիներիս պատասխանն ինքս կտամ։
** Ազնիվ մարդու հետ քար քաշիր, անազնիվի հետ հացի մի նստիր նույն սեղանի շուրջ։
** Վսեմաշուք երջանկությունը՝ երբ քեզ խենթորեն սիրում է նա, որին դու ինքդ ես սիրում խենթորեն։
** Սերն է միայն մարդուն փրկում հոգս ու ցավից այս աշխարհի:
** Մարդ ծերանում է ոչ այնքան անցած տարիներից, որքան այն մտքից, որ իր ժամանակն անցել է արդեն, մնում է ապրել կյանքի վերջին մնացորդը:
** Լավ է աղքատից տաս ռուբլի ակնկալես, քան հարուստից տաս կոպեկ։
** Կորցնելուց հետո ես հասկանում միայն, թե ինչքան էիր սիրում դու նրան։
** Ինչքան էլ մարդ երդվի իր հավատարմությամբ՝ հավատարմության իրական գինը շունը գիտի սոսկ:
** Կնոջը տարիները չէ, որ փոխում են, այլ այն տղամարդը, որին սիրում է նա խելահեղորեն։
** Մարդու աչք հազիվ թե հագենա գեղեցկությունից։
** Ոչ ոք չի հիշում նրանց, ովքեր չկան արդեն, ոչ ոք չի հիշի մեզ՝ երբ չենք լինի արդեն։
** Հոգատար զավակը ծնողի սրտի բալասանն է։
**Լավ է տանդ սև հաց ուտես՝ համերաշխ ու սիրով, քան յուղ ու մեղր՝ կռիվ ու դավով։
**Հարուստ օտարին ուրախ տեսքով կընդունեն, աղքատ բարեկամին՝ չկամությամբ։
**Խելոք կինը չեղած տեղը տուն կդնի, անխելքը՝ եղածն էլ քամուն կտա։
**Լեզուն տրված է՝ մտքեր թաքցնելու համար։
** Սուտասան մարդն ուրիշի սուտը չի սիրի։
** Լավ կինը տան բուրմունքն ու զարդն է։
** Իմաստունի հետ նստող-վերկենողը խոհեմ խոսք կլսի, հիմարի հետ՝ միայն հիմարություն։
**Խելոք որդին իր հորը կլսի, անխելահասը՝ զոքանչին։
** Անտարբերությունը մարդ է սպանում։
** Լավ ընկերը՝ սպեղանի է վատ օրվա։
** Օտարի վատ արաքը մոռացվում է, հարազատի հասցրած ցավն է, որ անբուժելի է:
** Անտարբերության մի հասցրու սիրած էակիդ՝ թե չես ուզում կորցնել նրան:
** Տղամարղու հմայքը գեղեցկության մեջ չէ, այլ արարքների:
** Ինքնահավան մարդը դատարկամիտ կլինի, դատարկամիտը՝ ինքնահավան:
** Նախանձկոտ ընկերը թշնամուց վտանգավոր է:
**Հիմա է միայն սիրելու ժամանակը, հետո ուշ կլինի:
** Խանդի կասկածն ընկավ մեջդ՝ կավերի ներսից:
** Ով կատաղությանը կատաղությամբ չի պատասխանում՝ և իրեն է փրկում, և մյուսին:
** Երկու բան, որ անկարելի է փոխել՝ ծննդյան թիվն ու մահվան թիվը, մնացածը քեզնից է
կախված:
** Աղվեսը թքած ունի, թե հավերն ինչ են մտածում իր մասին:
** Մարդ զավակ կորցնելուց՝ ինքն էլ է մեռնում հետը:
** Երբեմն շնից ավելի մեծ ջերմություն ես զգում, քան մարդկանցից:
** Կյանքի առաջին կեսին խելք չունենք, երկրորդ կեսին՝ առողջություն:
** Ծանր օրն են մարդուն ճանաչում:
** Մտածիր՝ ինչ ես խոսում, մի խոսիր անմտածված, մտածած ամեն չէ, որ կարելի է ասել:
** Ինչքան մեծանում՝ այնքան դժվար է դառնում մեռնելը:
** Ծառի ճյուղին նստած թռչունը վախ չունի, թե ճյուղը կկոտրվի՝ նա իր թևերին է
վստահ:
** Մի ուրախացիր նրանով՝ ինչ չկա դեռ:
** Սիրո լավագույն երաշխիքը՝ հոգատարությունն է սիրեցյալի նկատմամբ:
** Երբ դժբախտությունը շրջանցում է քեզ, հիշիր՝ ում ես մի կտոր հաց տվել, որ այդ պահին
աղոթում էր քեզ համար:
** Ժամանակը երկար է՝ երբ սպասում ես, կարճ՝ երբ շտապում ես:
** Հույս մի դիր ոչնչի, ոչինչ չկա մշտական, փոփոխական է ամեն բան:
** Այնպես ապրիր աշխարհում, որ հայրդ հպարտ քայլի, մորդ աչքը արցունք չտեսնի:
** Կան բաներ, որ ետ չես բերի՝ նետած քարը, ասված խոսքը, բաց թողնված հնարավորությունը և ժամանակը, որ անցել է արդեն:
** Սուտը տարածվում է մի վայրկյանում , հոգու ճիչը չի լսում ոչ ոք:
** Ինչքան էլ մաքուր ու լավը լինես, մարդիկ մի բան կգտնեն՝ փնովելու համար:
**Ողջ կյանքում ինչ երազում էի՝ Աստված տվեց այնքան ուշ, որ այլևս պետք չէ:
===============
Левон Адян
С М У Г Л А Я Ч А Й К А
Рассказ, эссе, миниатюры, три повести
( На армянском языке)