Loe raamatut: «Գրչի հանաքներ»

Font:

Մեղա՜ քեզ, աստված…

 
(Շատերից մեկի խոստովանանքը)
 
 
Կուշտ եմ և առողջ, կյանքից բավական,
Սեղանըս առատ, ճաշըս պատվական,
Բայց թե ի՞նչպես եմ այդ կյանքին հասած
Այդ մեր մեջ մընա… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։
 
 
Շատ կարճ միջոցում ես հարուստ դառա,
Հողեր, կալվածներ, կառք ու ձի առա,
Բայց ի՜նչ փողերով, ի՞նչպես վաստակած –
Այդ մեր մեջ մընա… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։
 
 
Տըներ շինեցի շքեղ, փառավոր,
Ապրում եմ մեջը, ինչպես թագավոր։
Բայց քանի՜ մարդու ես տուն եմ քանդած
Այդ մի՜ հարցնեք… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։
 
 
Խանութ բաց արի, գործ սկսեցի.
Կարճ ժամանակում մեծ գանձ դիզեցի,
Բայց քանի՜ անգամ ես կոտր եմ ընկած
Այդ մեր մեջ մընա… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։
 
 
Կյանքում ես գտա մի «ազնիվ ընկեր».
Գործիս մեջ դրեց տասնյակ հազարներ.
Բայց վե՞րջը… վերջը նա քաղցած մընաց.
Իսկ ես կշտացա… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։
 
 
Ես միշտ ասում եմ և միշտ քարոզում.
«Աղքատն էլ մարդ է, ուտել է ուզում».
Բայց քանի՜ մարդ եմ ես քաղցած թողած —
Այդ մի՛ հարցնեք… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։
 
 
Երբ տեղն է գալիս, սուրբ եմ ձևանում,
Ժամում ծնկաչոք աղոթք եմ անում.
Բայց հոգիս վաղուց սատանին ծախած,
Աշխարհք եմ խաբում… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։
 
 
Թե մեկը պատվիս դիպչի աշկարա,
Ես կրակ կըթափեմ այդ մարդու վերա.
Բայց ծածուկ ինչքա՜ն ես թուք եմ կերած —
Այդ մեր մեջ մընա… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ։
 
 
Է՜հ, բավական է ձեր գլուխը տանեմ,
Ախար, «զո՛րն ասեմ, զո՛րն խոստովանեմ…»
Ի՜նչ մեղքեր ասեք, որ ես չեմ արած…
Մեղա՜ քեզ, աստվա՛ծ, մեղա՜ քեզ, աստվա՛ծ…
 
1896

Թուքը

 
Ասում են – թուքը ո՜ւժ է զորավոր,
Մարդուն կարող է իր պատվից գըցել.
Բայց տեսե՛ք, մեր մեջ… նա՛ է պատվավոր,
Ով միշտ երեսը թըքով է լվացել…
 

Ծիծաղս է գալիս…

 
Երբ ես տեսնում եմ աշկարա գողին
Կյանքին տիրացած՝ փարթամ ապրելիս…
Իսկ ինձ ասում են – շիտակ ապրողին
Կյանքը մեկի տեղ՝ հազա՜ր է տալիս —
Ծիծա՜ղս է գալիս…
 

Խենթը և խելոքը

 
Քամբախտ մի երկրում մե՜ծ սով էր ընկել…
Երկրի խելոքներ ժողով գումարած՝
Միտք էին անում, թե ի՞նչպես փըրկել
Խեղճ ժողովրդին, սովից չո՜փ դառած…
Ու խոսում էին, խոսո՜ւմ, հա խոսո՜ւմ,
Ասես մարգարտի աղբյուր էր հոսում…
Մեկ էլ՝ որտեղից, այդ մեծ կաճառում
Ելավ խենթի մեկն, այսպես բան ասաց.
«Էհ, կո՛ւշտ խելոքներ, ի՞նչ եք շատ ճառում,
Շտապե՞ք, քաղցածին տվե՛ք կըտոր հաց…»։
Խելոք կաճառը, տեսավ, որ իրան
Խըրատ է կարդում մի խենթ, բաց–բերան.
Քիթը վեր քաշած՝ քա՜հ, քա՜հ ծիծաղով,
Խենթի խոսքերը նա արհամարհեց…
Ընտրեց բազմամարդ մի հանձնաժողով
Եվ սովի հարցը փակված համարեց…
Սա՜ղ տարի խորհեց հանձնաժողովը
Ու ա՜յնքան բազում նիստեր ունեցավ,
Մինչև որ մարդկանց կոտորեց սովը
Ու վերջն էլ՝ անցավ…
Ընթերցո՛ղ, հիմա դու ինքըդ դատի՛ր,
Ու ի՛նքըդ խենթին խելոքից զատիր…
 

Մարդ ու կին

 
Կընկատեր, գիտեմ, ու չի՛ ամաչում,
Ինչ տեղ կին. փեշիցն է կըպչում —
Լինի դա տընում, փողոցի միջում,
Կաֆե-շանտանում, թե խոհանոցում…
Ու այդպես լըրբին մենք չենք քարկոծում…
 
 
Բայց, աստված չանի՜, կինը բա՛ն անի,
Մի շա՜տ թեթև բան – մեկին հավանի
Ու հետը թեթև սիրախաղ անի.
Կամ թողնի մարդուն, չուզենա խաբի…
Աշխարհը խեղճին սա՛ղ–սա՛ղ կըլափի…