Tasuta

Գեղեցիկ Վարթիկը

Tekst
Märgi loetuks
Գեղեցիկ Վարթիկը
Šrift:Väiksem АаSuurem Aa

Ա

Ատրպատականի Ուրմի նահանգի հայաբնակ գյուղերից մինի մեջ յուր ընտանիքով բնակվում էր Հայրապետ անունով մի հայ մարդ:

Հայրապետը համարվում էր յուր դրացիների մեջ ամենահարուստը և բախտավորը, որովհետև նա ուներ` փոքրիկ, կավից շինված խրճիթ, երկու կթելու կովեր, մի զույգ եզն յուր արորը վարելու համար, չորս առողջ և բանվոր որդիք, նույն թվով հարսներ և մի հասուն աղջիկ, մի խոսքով, նա ուներ ավելի գործող ձեռքեր:

Գարնան գեղեցիկ և փափուկ առավոտներից մինն էր:

Արշալույսը դեռ նոր սկսել էր ոսկեզօծել յուր թշերը վարդի և քրքումի գույներով: Թռչունները դեռ նոր վերհնչում էին իրանց վաղորդյան փառաբանությունը տիեզերքի ճարտարապետին: Անուշահոտ ծաղիկները դեռ նոր խնկում էին իրանց բուրմունքը բնության սրբարանի մեջ:

Գյուղի ժամատան գագաթից լսելի եղավ կոչնակի ձայնը:

Ծերունի Հայրապետը, վաղուց արդեն լվացված և հագնված, կանգնած էր խրճիթի բակումը: Բայց նա չշտապեց դեպի եկեղեցին, որովհետև նրան կոչում էին կյանքի ավելի ծանր և կարևոր հոգսերը, քան թե հոգու և կյանքի համար մտածելը:

– Խաչո՜, Մաթո՜ս, Պողո՜ս, Խուդո՜, – ձայն տվեց նա յուր որդիներին:

Քանի րոպեից հետո երևան եղան չորս տղամարդիկ, կապույտ գույնից զրկված կտավե արխալուղներով, որոնք ուսերի վրա սևացել էին քրտնքից. սպիտակ կտավե վարտիքներով, թաղիքե թեթև գդակներով, հոլանի բազուկներով, բոբլիկ ոտներով ու մերկ սրունքներով:

– Դու, որդի՜ Խաչո, – ասաց հայրը, – Խուդոյի հետ կլծես արորը և կերթաս այսօր վերջացնել օրավարը: Մաթոսը թող գնա խանի համար նրա անտառում փայտ կտրելու, որովհետև այդպես հրամայեց երեկ երեկոյան տանուտերը: Իսկ ես Պողոսի հետ կգնամ ջրելու բամբակի ցանքը, այսօր ջրի հերթը մերն է:

Լսելով հոր պատվերները, որդիքը դիմեցին ամեն մինը դեպի յուր գործը, իսկ ինքը՝ ծերունին, երեսը խաչակնքելով, Պողոսի հետ առին բահերը և գնացին դաշտը:

Դրանցից շատ առաջ զարթնել էին ծերունու պառավ կինը` Նազլուն, և նրա չորս որդիների հարսները, որոնցից մինը խրճիթն էր ավլում, մինը թոնրի մոխիրն էր հանում, մյուսը կովերն էր կթում, մինը քթոցի մեջ աթարներ էր բերում թոնիրը վառելու համար և նրանց կիսամերկ փոքրիկ զավակները, կամ կովերի հորթերն էին բռնած և կանգնել մորերի մոտ, որ թույլ չտան չար հորթերին ծծելոլ, կամ որը հասակով մեծ էր, գրկած պահում էր յուր մոր փոքրիկ երեխան, կամ օրորում էր նրա օրորոցը, չթողնելով երեխային յուր լացով մոր տնային գործերին արգելք լինելու:

Այդ միջոցին ջրի սափորն ուսին ներս մտավ մի հասուն աղջիկ: Դա ծերունու վերջին զավակը` օրիորդ Վարթիկն էր: Այդ ժիրը զարթնել էր ամենից առաջ և չորրորդ անգամն էր արդեն, որ ջրի սափորով դառնում էր հեռավոր աղբյուրից:

Արևը ծագեցավ:

Մի քանի անգամ ծանր կերպով զարկեցին խրճիթի դուռը: Եվ չսելի եղավ թուրքերեն լեզվով մի սպառնալի ձայն. – գյավուրներ1, ինչո՞ւ է ուշանում ձեր բեգարը2:

Դա գյուղատեր խանի ֆերրաշն էր, որ հրավիրում էր բեգարներին յուր աղայի բրնձի դաշտերում գործելու:

Դարձյալ զարկեցին դուռր և լսելի եղավ նույն սպառնալի ձայնը:

– Վարթիկ, բալաս, – ձայն տվեց օրիորդի մայրը խորին հոգոց հանելով, – այդ անիրավը դուռը կկոտրե, շուտ արա՛, գնա՜, մի ուշացիր… ա՛խ, ե՞րբ պիտի ազատվենք այդ բեգարներից… – հառաչանքով ավելացրուց նա:

Վարթիկը ոչինչ չխոսեց, հնազանդությամբ լսեց մոր խոսքը և առնելով ալաղի խշբիկը և մի քանի ցամաք հաց, մի կտոր պանիր, թաշկինակի մեջ փաթաթած, կապեց մեջքին և դուրս գնաց տնից :

Պառավ տատիկը, նստած թոնրի շրթան մոտ, ձգեց կրակը այդ նահապետական օջախի մեջ: Նրա խորշոմած և ցամաքած դեմքը տխուր էր որպես ավագ ուրբաթի գիշերը, նա դառն կերպով հոգվոց հանելով սկսավ հառաչել.

– Ա՛խ, բարի աստվածը հոգիներս է՛լ չէ առնում, որ ազատվենք այդ չարչարանքներից… Ի՞նչ է մեր կյանքը… Ի՞նչ բանի պետք է նա… միայն նրա համար պիտի ապրինք, որ տունով, տեղով, որդիներով և աղջիկներով բանենք և գործենք խանի համար… մեզանից ավելի բախտավոր չե՞ն արդյոք վայրենի անասունները. նրանք խան չունին, բեկ չունին, աղա չունին, նրանք ազատ են, նրանց առաջ միշտ բաց է աստուծո սեղանը…

Եվ արտասուքը խոշոր կաթիլներով սկսավ գլորվել պառավի ցամաքած աչքերեն:

Բայց Վարթիկը, դուրս գալով գյուղամեջը, գտավ այնտեղ հավաքված մի խումբ յուր հասակակից, իրանից մեծ և փոքր աղջիկներ, նա խառնվեցավ նրանց հետ և գյուղատիրոջ ֆերրաշը անասունների նման սկսավ քշել նրանց դեպի խանի բրնձի դաշտերը: