Loe raamatut: «Վարդան Ահրումյան», lehekülg 6

Font:

Մի երեկո Աբրահամ աղան չկարողացավ թաքցնել իր մռայլ մտորումները: Պատմելով եղելությունը նա ասաց իր որդիներին:

– Զգուշացեք այդ տղայից, նրա մտքում կա մեր դեմ հորից ժառանգած մի չարություն:

– Իհարկե՛ պիտի լինի չարություն. մի՞թե կարող է մոռանալ իր հոր մահը, – պատասխանեց տիկին Հռիփսիմեն:

– Թող լինի, – ասաց Արշակը, – ես դրանից չեմ վախենում: Ես ուրիշ բանի մասին եմ մտածում: Այդ տղան վաճառականության մեջ շատ առաջ է գնալու: Ուշադրություն դարձրե՞լ ես, հայրիկ, նրա մորեղբոր խանութի վրա:

– Ես դարձրել եմ, – մեջ մտավ լայներես և մեծ քթանի Դանիելը, – այնտեղ մեծ տառերով կարդացել եմ. Гастрономический магазин Сергея Маркича Акведова и Василия Афанасьевича Айрумова:

– Լսո՞ւմ ես, հայրիկ, – շարունակեց Արշակը, – այդ նշանակում է, որ երեկվա պզտիկ գործակատարն այսօր դարձել է իր տիրոջ հավասար ընկերը: Ես հավատացած եմ, որ վաղը-մյուս օրը նա Ակվերդովին դուրս է գցելու և տիրանալու է ամբողջ խանութին: Ես այդ տղայի` մեր դեմ ունեցած ոխից չեմ վախենում, այլ նրա խելքից ու ճարպկությունից:

– Ի՞նչ կարող է նա մեզ անել իր խելքով ու ճարպկությամբ, – գոչեց Աբրահամ աղան արհամարհանքով:

– Ամեն բան, ինչ որ իրավունք է տրված անելու զորավորին թույլերի վերաբերմամբ:

– Վաճառականությունը մրցում է, մենք նրա հետ մրցելու կարիք չունենք, նրա առևտուրը ուրիշ է, մերն ուրիշ:

– Վաճառականության մեջ բոլոր տեսակի առևտուրները ներքուստ սերտորեն կապված են իրար հետ: Մեկի զարգացումը կողմնակի կերպով ազդում է մյուսի անկման վրա: Դա տնտեսության օրենքն է, որի մասին ես կարդացել եմ նորերս: Բայց ես ուրիշ բան էի ուզում ասել:

– Չեմ հասկանում, – ասաց Աբրահամ աղան, – պարզ խոսիր այդ տղայի մասին:

– Ես հենց նրա մասին եմ խոսում, հայրիկ: Լսիր, Վարդան Ահրումյանը, որ այժմ Վասիլի Աֆանասևիչ Այրումով է, այն մարդկանցից է, որոնք վաղը-մ յուս օրը մեր երկրի տերերն են լինելու:

– Այդ ինչպե՞ս, տապակած հնդկահավ կամ խոզի ապուխտ վաճառելո՞վ, – գոչեց Աբրահամ աղան հեգնաբար:

– Ո՛չ, հայրիկ, ոչ խոզի մսով և ոչ էլ մանավանդ մանուֆակտուրայով, այլ նավթով, նավթով: Ես մի քանի անգամ ասել եմ, էլի եմ ասում, ապագան այն մարդունն է, որ վաճառականությունը կթողնի և կսկսի այժմյանից պարապել նավթային արդյունաբերությամբ: Վարդան Ահրումյանը չնայելով իր տարիքին, այդ բանը հասկացել է:

– Ինչպե" ս, – հետաքրքրվեց Աբրահամ աղան:

– Այս օրերս նա Ռամանիի նավթահողերից ձեռք է բերել երկու դեսիատին: Դա քիչ բան չէ հասկացողի համար:

– Ո՞վ ասաց քեզ:

– Մի թուրք բեգ, որի հետ ծանոթացել եմ կլուբում: Այսօր այդ բեգն եկել էր մեր խանութ հատկապես ինձ առաջարկելու, որ իր հողերից գոնե մի դեսիատին էլ ես գնեմ: Ինչպես երևաց, մարդը փողի կարիք ուներ և պատրաստ էր հողը տալ ամենաէժան գնով: Դժբախտաբար ես ստիպված էի նրան մերժել, հայրիկ, համաձայն քո կարգադրության: Դու պատվիրել ես ինձ բացի մանուֆակտուրայից ոչ մի գործի չխառնվել…

– Շատ լավ ես արել, որ մերժել ես: Հիմարություն կլիներ արյուն-քրտինքով աշխատած փողերս թափել հորի մեջ, չիմանալով՝ կա թե չկա մի բան այդ անխոս հողի տակ:

– Բայց Ռամանին անխոս չէ, հայրիկ: Նա արդեն սկսել է խոսել, գոնե նրա մասին խոսվում է: Այժմ բոլոր երկրագետներն ու ինժեներները միաձայն պնդում են, թե

Ռամանին անվիճելի նավթահող է: Կարդա ամեն օր տեղական լրագիրը, և դու էլ ինձ պես կհամոզվես:

– Աստված դեռ խելքս չի առել, որ մի լրագրի ցուցմունքով վարեմ իմ գործերը, – շարունակեց հակաճառել Աբրահամ աղան, – բայց ի՞նչ եմ ասում, եթե ինքս իմ աչքով տեսնեմ Ռամանիի մի հորից ֆանտան խփելիս, էլի ես նրա կողքին հոր չեմ փորի: Ուզում եմ ասել, որ նավթը մեր բանը չէ, ես նրա մեջ խեր չեմ տեսնում:

– Լսիր, հայրիկ, մի վաճառական, որ իր գործից դուրս բան չի տեսնում, միշտ կմնա խանութպան կամ չարչի: Բաքուն աճում, ընդարձակվում է օր օրի վրա: Դու տեսնում ես, որ մի ժամանակվա գողերի և մարդասպանների աքսորավայրը այսօր դարձել է նահանգական քաղաք: Ամեն օր աշխարհի բոլոր կողմերից այստեղ են բազմում հարյուր տեսակ ձեռնարկողներ, մասնագետներ, ոմանք փողով, ոմանք անփող և բոլորն էլ նավթի համար, բոլորն էլ հարստանալու հույսով: Զուր չէ, որ Բաքուն այժմ նոր Կալիֆորնիա է համարվում: Վերջապես, ես կարծում եմ, հայրիկ, Պետերբուրգից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Անգլիայից եկող մարդիկ մի քիչ ավելի բան գիտեն, քան մենք՝ այս խավար արևելքում ապրողներս: Ինչո՞ւ մի տասնութ տարեկան Վարդան Ահրումյան կամ Վասիլի Աֆանասևիչ Այրումով կարող է այս պարզ ճշմարտությունն ըմբռնել, իսկ մենք ոչ: Ինչո՞ւ նա պետք է մեզնից ավելի հեռատես լինի:

– Ես ձեռքդ մի ոսկի գործ եմ դրել, շարունակիր, իսկ այդ լակոտն իր ձեռք բերած նավթահողի վրա իր գերեզմանը կփորի, հավատա ինձ:

Այս վիճաբանության ներկա էր և տիկին Հռիփսիմեն, գեր ու կլոր դեմքով 45 տարեկան մի կին, որի հոգեկան պահանջներն ու բարոյական կերակուրը ամփոփված էին ընտանեկան հարկի տակ: Իր 26-ամյա ամուսնական կյանքում նա ճակատագրից միայն մի բան էր ակնկալել – բուսական կշտություն ու հանգստություն: Ամեն ինչ, որ կարող էր այս կամ այն կերպ ալեկոծել նրա հոգու ճահճային անգորրությունը, նրան պատճառում էր խորին մտահոգություն: Այդ տեսակ մտահոգության մեջ էր նա այն օրից, երբ Աբրահամ աղան իր բարեկամին կողոպտելուց հետո խայտառակությամբ դուրս վանեց նրան իր տնից:

– Թողեք, որ ես էլ իմն ասեմ, – մեջ մտավ տիկին Հռիփսիմեն ընդատելով իր որդու և ամուսնու վիճաբանությունը: – Ականջ դիր, Արշակ, ագահությունը լավ բան չէ: Նա մարդուն ստիպում է սխալներ անել և դրանով զրկում է նրան հոգեկան հանգստությունից: Բավականացիր նրանով, ինչ որ ճակատագիրը տալիս է քեզ և նոր փորձանք մի ստեղծիր մեզ համար: Ես ժամանակին մի անգամ այս բանն ասացի հորդ, նա բերանս փակեց, էլ չխոսեցի: Այն օրից ես մի տեսակ անհանգստություն ունեմ և օր չի անցնում, որ չմտածեմ, թե վաղ թե ուշ մեզ մի դժբախտություն է պատահելու:

– Լավ, հասկացա ինչ ես ուզում ասել, – ընդհատեց կնոջ խոսքը Աբրահամ աղան հրամայողական եղանակով: – Մի՛ մոռնար, որ այսօր իմ խանութի ճակատին քո անունն է դրված, ուրեմն դու էլ իմ մեղքի մեջ բաժին ունես, եթե, իհարկե, իմ արածը մեղք է:

– Ախ, աստված, շատ խնդրեցի, շատ աղաչեցի իմ անունը չգրել, դու չլսեցիր, ես ի՞նչ կարող էի անել: Բացի դրանից, ես մտածեցի՝ ինչ կա, քանի որ որդիներս այդ գործի մեջ են մտնում, թող ես էլ մտնեմ:

– Մայրիկ, – ասաց Արշակը, – մի՞թե քեզ համար անպատվություն է տեսնել անունդ մեր խանութի ճակատին:

– Ոչ, որդի, այդ չէ, դու միտքս լավ չհասկացար: Խոսքս, պատվի կամ անպատվության մասին չէ: Ես չգիտեմ ինչպես բացատրեմ միտքս: Ուզում եմ ասել, որ այն օրից, երբ հայրդ Աթանես Ահրումյանին իր տնից դուրս արավ դատարկ ձեռքով, և մարդը հանկարծամահ եղավ, ես մի տեսակ չար երազի մեջ եմ: Ինձ թվում է, որ էլի լավ կլիներ հորդ խանութի ճակատին միայն նրա անունը լիներ գրված և միայն ինքը լիներ պատասխանատու իր արածի համար:

– Բայց դու ի՞նչ պատասխանատվությունից ես վախենում, ասա, ի՞նչ, – գոչեց Աբրահամ աղան, ձեռը զարկելով սեղանին:

– Չգիտեմ, չեմ կարող ասել: Մի քիչ առաջ, երբ դու պատմում էիր Աթանեսի որդու չար աչքերի և նրա հայացքների մասին, երբ դու ասացիր «զգուշացեք, այդ տղայի մտքում չարություն կա մեր դեմ», ես սարսափեցի: Լավ է, եթե նա իր հոր վրեժը քեզնից առնի կամ ինձնից, բայց ո՛վ գիտի ինչ կարող է անել մեր զավակներին:

– Ոչինչ չի կարող անել, մայրիկ, – ասաց Արշակը, – նա մենակ է, իսկ մենք երեք եղբայրներ ենք:

– Մի՛ ասա, որդի, բավական է, որ նա ձեր երեքից մեկի վրա ձեռ բարձրացնի, դա կլինի իմ մահը:

– Մայրիկ, – մեջ մտավ Դանիելը, – ես Վարդան Ահրումյանին շատ լավ եմ ճանաչում: Նա այնքան երկչոտ է, որ կատվի հարձակումից էլ է վախենում: Ուսումնարանում մենք միշտ ծաղրում էինք նրան:

– Ես լսել եմ, որ Բաքվում կան սրիկաներ, որոնք մի հարյուր, երկու հարյուր ռուբլով պատրաստ են օրը ցերեկով ուզածդ թշնամուդ գլուխը կտրել: Ինձ այդ մասին մի քանի դեպքեր պատմել են:

– Ասենք այդ ճիշտ է, – համաձայնվեց Դանիելը, – այդ մարդասպանների տեղն էլ ինձ ցույց են տվել: Ասում են ոստիկանությունն էլ է վախենում և չի համարձակվում ձերբակալել նրանց:

– Բավական է, – գոչեց Արշակը, իր հոգու խորքում զգալով մի տեսակ երկյուղ, – մայր ու որդի արդեն սկսում եք ծիծաղելի դառնալ:

– Թող այդպես լինի, որդի, բայց վախը սրտիցս չես կարող դուրս բերել:

Եվ այսպես, տիկին Հռիփսիմեի անհանգստությունն առաջանում էր ոչ բարոյական սկզբունքից, այլ ֆիզիկական երկյուղից: Չլիներ այդ երկյուղը, մնացյալում նա իր պատվարժան ամուսնու համախոհն էր: Նա երբեք չէր կշտամբում նրան բարոյական տեսակետից: Աբրահամ աղան այդ բանը շատ լավ գիտեր, ուստի ավելորդ համարեց վիճաբանությունը շարունակել: Մի համակրական հայացք ձգելով իր քսանուվեցամյա ամուսնական կյանքի հավատարիմ ընկերուհու վրա, նա վեր կացավ և հանդարտ քայլերով անցավ ննջարան իր գիշերային հանգիստ քունը վայելելու ջերմեռանդ քրիստոնյայի սովորական աղոթքից հետո… Նրան հետևեց տիկին Հռիփսիմեն, իր զավակներին համբուրելուց և օրհնելուց հետո…

Այլ էր Արշակի տրամադրությունը: Կար մի շատ որոշ տրամագիծ նրա և ծնողների մտայնության և բարոյական ըմբռնումների կամ, ավելի ճիշտ հայր ու որդու հոգեբանությունների մեջ: Մինչ Աբրահամ աղան գործնականի տեսակետից կեղծ սնանկությունը իր հոգու խորքում համարում էր ճարպկության մի արտահայտություն, Արշակը այդ գործը համարում էր դատապարտելի նույն գործնականի տեսակետից: Այս առթիվ նա շատ էր վիճաբանել իր հոր ու հորեղբոր հետ: Նրա մտայնությամբ կեղծ սնանկությունը հնամաշ ու փչացած միջոց է, որ պետք է դեն շպրտվի, ինչպես մի կեղտոտ լաթ ժամանակակից վաճառականի կողմից: Այլ խոսքով, կեղծ սնանկությունը հիմարություն էր նրա համար, նույնը, ինչ որ մեկի գրպանից մի թաշկինակ դուրս բերելը լուրջ ու համարձակ գողի համար:

Արժե՞ր միթե երեսուն-քառասուն հազար ռուբլոլ համար ձեռներ կեղտոտել և վարկաբեկվել: Կարելի էր մի քանի տարի էլ սպասել և հետո վազել տասն անգամ ավելի խոշոր որսի հետևից: Այն ժամանակ գուցե Արշակը մի կերպ հաշտվեր հոր ու հորեղբոր արածի հետ: Իսկ ա՞յժմ, ինչ ողորմելի հետևանք, վարկաբեկման գնով վաստակված: Դա միևնույնն է, ինչ որ դուրս գալ ավազակության մեծ ճանապարհը ինչպես առյուծ և տուն վերադառնալ աղվեսի ավարով: Դեռ Մառոզովը ոչինչ, նա հեռու է, գուցե ժամանակը կարողանա ջնջել նրա անունը հասարակական կարծիքի դատարանում, բայց Աթանես Ահրումյանի անունը – երբե՛ք: Նա չի մոռացվի, և մարդիկ միշտ պիտի հիշեն նրա հուսահատական ճիչերը, նրա անեծքները, նրա հայհոյանքները, նրա կատաղի գրգիռը, նրա կաթվածահար լինելն ու մահը, վերջապես, նրա կնոջ ու զավակների հավիտենական անեծքն ու ատելությունը: Եվ այդ բոլորը – երեք-չորս հազար ռուբլու համար և այդ այն ժամանակ և այնտեղ, երբ և ուր մարդիկ սկսել են խոսել միլիոնների, տասնյակ հարյուրավոր միլիոնների անունով: Ո՛չ, ինչ ինչ ուզում է թող ասի Աբրահամ աղան, Արշակը չի կարող խելացի համարել նրա արածը և միշտ պիտի դատապարտի նրան իր մտքում: Մի՞թե նա որպես հայր չպիտի մտածեր, որ իր հիմարության պատասխանատվությունը ծանրանալու է իր զավակների և մանավանդ նրանց վաճառականական վարկի վրա:

Վաճառականական վա՜րկ…

Ամենից ավելի այս վերջին միտքն էր զբաղեցնում Արշակին, երբ նա իր մորը հարցրեց. «Մի՞թե անպատվություն է քեզ համար անունդ տեսնել մեր խանութի ճակատին», այդ պահին մտածում էր ոչ իր կամ իր մոր բարոյական համբավի, այլ միայն և միայն իր վաճառականական վարկի մասին: Առհասարակ պատվի մասին նա ուներ ուրույն գաղափար, այն է, թե վարկն ինքնըստինքյան պատիվ է և նա, ով վաճառականության մեջ վարկ ունի, ունի նաև պատիվ որպես մարդ: Նա շատ լավ գիտեր, որ գործնական աշխարհ մտնելով, իր հոր ազգանվան տակ, ուզե չուզե, նսեմացնելու է իր վարկը: Այս միտքն ուղղակի ալեկոծում էր նրա էությունը, երբեմն նրան քնից զրկելով, մանավանդ Բաքու տեղեփոխվելուց հետո: Գավառի խուլ անկյունից բերած նրա նեղ հասկացողությունը առևտրի ծավալի և ուժի վերաբերմամբ այստեղ օր օրի վրա հասունանում էր, լայնանում և ավելի ու ավելի պահանջկոտ դառնում: Խանութի պատերից դուրս բան չտեսած մանրավաճառին զմայլեցնում էր նավթային արդյունաբերության հեռանկարը: Լեռների սահմանափակ հորիզոնում ծնված ու սնվածին հարյուրավոր ծրագիրներ էր ներշնչում լայնածավալ ծովը, և նրա երիտասարդական ֆանտազիան չէր երկնչում ամենահամարձակից, ամենավտանգավորից: Այլևս արշինը իր խղճուկ չափով չէր կարող հագեցնել նրա շահելու, հարստանալու, մեծ կապիտալիստ դառնալու փափագն ու ախորժակը: Օրը մինչև երեկո չիթ ու կտավ չափելով ու կտրելով, նա իրան զգում էր ողորմելի ու կարեկցության արժանի վիճակում: Մկրատի ձայնը գրգռում էր նրան, ինչպես սղոցը ապակի կտրելիս մինչև կատաղություն: Պատահում էր, որ նա գնված ու թղթի մեջ փաթաթված կտորը ձգում էր գնողի առաջ այնպիսի արհամարհանքով և բիրտ ձևով, որ կարելի էր կարծել, թե գնողը հայհոյել կամ անիծել է նրան: Այնտեղ, ուր աջ ու ձախ, հայ ու թուրք, ռուս ու հրեա, բոլոր հասակների, բոլոր ազգերի ու ազգությունների մարդիկ խոսում էին խոշոր արդյունաբերության և գործարանային ձեռնարկությունների մասին, նա իրան զգում էր այնքան տկար, այնքան աննշան, որքան աղվեսը վագրերի ու առյուծների շրջանում: Ո՛չ, չպիտի մնալ այսպես, երկուսից մեկը կամ պիտի խառնվել ընդհանուր իրարանցման այդ նավթային ու բորսային, գործարանային ու բանկային թոհուբոհի մեջ կամ վերադառնալ Զիլզիլ և այնտեղ շարունակել հայրական գործը: Որքան ծիծաղելի ու ծաղրելի էր թվում նրան իր հոր աղայական դեմքի կուշտ ու ինքնագոհ արտահայտությունը, նույնքան պակասում էր նրա որդիական հարգանքն ու պատկառանքը: Ամեն անգամ երբ ծեքունին տերողորմյան ձեռին իր փառահեղ միրուքը շալակած հանդիսավոր քայլերով խանութ էր մտնում, որդին մտքում չարիմաստ ծիծաղելով ասում էր. «ահա, Շահին-շահը մտավ իր ապարանքը»:

Ծնողների ննջարան գնալուց հետո Արշակը դարձավ եղբորն ու ասաց.

– Եթե դու լինեիր Վարդան Ահրումյանի նման աչքաբաց, մենք, Դալբաշյան եղբայրներս, կարող էինք մեծ գործեր ձեռնարկել հակառակ մեր հոր կամքին:

– Օրինակ, ի՞նչ գործեր, – հարցրեց Դանիելը:

– Մի՞թե Բաքվում ներելի է այդպիսի հարց տալ: Հասկանալի է, որ խոսքս նավթի մասին է:

– Ես չեմ ուզում վաճառականությամբ պարապել:

– Նավթը վաճառականություն չէ, այլ արդյունաբերություն:

– Ի՛նչ տարբերություն կա մեկի և մյուսի մեջ:

– Այն տարբերությունը, ինչ որ ծառայի ու տիրոջ մեջ, մեկը խանութպանություն է, մյուսը կապիտալիզմ: Հասկանո՞ւմ ես, եթե ոչ, կամենաս, ես կբացատրեմ…

– Չեմ ուզում ոչ մի բացատրություն: Իմ հասկացողությամբ երկուսն էլ առևտուր է, իսկ ես զզվում եմ ամեն մի առևտրից:

– Մի՞թե, – գոչեց Արշակը բարկացկոտ հեգնանքով, – այդ ո՞ր ժամանակից:

– Այն օրից, երբ հայրիկը Աթանես Ահրումյանին դուրս վռնդեց մեր տնից, նրա փողերը ուտելով: Այսօր էլ այդ կողոպտված մարդու անեծքն ականջներումս է: Դռներից դուրս գալիս նա ասաց. Աբրահամ, դու իմ տունը քանդելով, քոնը շինեցիր, բայց շատ մի գոռոզանար, աստծու կրակը մի օր կթափվի քո զավակների գլխին: Այն օրից գիշեր չի անցնում, որ ես երազումս չտեսնեմ նրան այդ անեծքն արտասանելիս: Ես վախենում եմ, Արշակ, մեր հոր ժառանգությունը բավական սննդարար կերակուր է, բայց մեջը թույն կա:

Վերջին բառերն արտասանելով, Դանիելն իր խոշոր աչքերը իր տարիքին ոչ համապատասխան լայն ճակատի տակից հառեց ավագ եղբոր նիհար, նեղ ու երկայնաձև երեսին, որ գիտնա ինչ տպավորություն գործեցին նրա վրա: Արշակը, իր երկայն մատներով, հետ մղելով նեղ ճակատի վրա թափված նուրբ ու բարակ մազերը, ծիծաղեց, ցույց տալով իր երկայն ու խոշոր ատամները, որոնք նրա ցցուն դեմքին ձիու տեսք էին տալիս:

– Հիմար ես, ահա թե ինչ, – ասաց նա, ուղղելով մեջքը, որ նիհարության և հասակի բարձրության պատճառով մի քիչ կոր էր, – երազը միայն պառավ կանանց կարող է վախեցնել: Բայց թողնենք այդ հիմարությունները: Ասա խնդրեմ, ինչո՞վ ես ուզում պարապել, քանի որ վաճառականությունից զզվում ես:

– Չգիտեմ, չեմ կարող ասել, առայժմ այսքանն իմացիր, որ վաղվանից այլևս խանութ չեմ գալու:

– Ահա թե ինչ, – գոչեց Արշակը, ավելի ու ավելի զայրանալով, – ուրեմն դու վճռել ես ձրիակեր դառնալ, այո՞: Ուզում ես շլնքիս նստել, այո՞, ուզում ես, որ ես աշխատեմ, դու լափես, հե՞… Եթե այդպես է, այսօրվանից դու այլևս իմ եղբայրը չես, գնա, կորի ուր ուզում ես:

– Մի կատաղի, առանց այն էլ գնալու եմ:

– Բայց ո՞ւր, ո՞ւր…

– Չգիտեմ, երևի մի օր կգիտենաս, – արտասանեց Դանիելը իր տարիքին ոչ համապատասխան սառնասրտությամբ և անցավ առանձին սենյակը, ուր նա տեղավորվել էր իր կրտսեր եղբոր, Սամվելի հետ:

Այն բոլորն, ինչ որ նա ասաց այդ կարճ վիճաբանության ընթացքում, կատարյալ նորություն էր Արշակի համար և միանգամայն անսպասելի նորություն: Մինչև այդ երեկո նա բնավ չէր հետաքրքրվել Դանիելի տրամադրությամբ և առհասարակ չէր զբաղվել նրա հոգեբանությամբ: Նա ենթադրել էր, որ Դանիելն իր հոր կեղծ սնանկության վերաբերմամբ ավելի ներողամիտ է, քան ինքը, կամ կատարյալ հավանություն է տալիս նրան: Այժմ տեսնում էր, որ Դանիելը պարզապես պարսավում է իր հոր արարքը և այն էլ պարսավում է ոչ նրա նյութական արդյունքի փոքրության պատճառով, այլ ուղղակի բարոյական տեսակետից: Անհատական աշխարհայեցողությունների այդ խստորոշ տարբերությունը նորություն լինելով հանդերձ նվաստացուցիչ էր Արշակի համար: Եվ նա զգաց այս բանն ու ինքն իրան խոստովանեց: Հարկավոր էր մի տեսակ արդարացում իր համար, մի տեսակ հանգստություն հոգու խորքում վայրկենաբար առկայծյալ խղճի համար: Եվ նա գտավ այդ հանգստությունը, ինքն իրան ասելով. «Դանիելը պատանի է, նրա գլուխը դեռ տհաս է, կմեծանա, նա էլ ինձ պես կմտածե»:

Մի քանի օր անցած Դանիելը տնից փախավ, անհայտացավ: Մի շաբաթ նրան փնտրեցին, չգտան: