Tasuta

Վարդան Ահրումյան

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

– Արհեստավորի որդու համար ստացած ուսումդ էլ շատ-շատ է:

– Հայրս էլ այդպես է ասում, – ասաց համեստ պատանին հեզությամբ, – բայց մորեղբայրս ինձ կանչում է:

– Մորեղբայրդ ի՞նչ գործի է Բաքվում:

– Մի նավթային հանքում գործակատար է: Ամեն շաբաթ ես մորս կողմից նամակ եմ գրում: Շատ հավանել է նամակներս, գրում է հորս, որ ինձ թույլ տա ուսումս շարունակելու:

– Ես էլ եմ Բաքու գնում, – մեջ մտավ գանգրահեր Լևոնը:

– Քեզ ո՞վ է տանում:

– Մենք ընտանիքով ենք գնում: Հայրս այնտեղ խանութ է բանալու:

– Դուք կարծում եք, ես այստե՞ղ պիտի մնամ, – ասաց քսու Մարտիրոսը, որ ոչ մի բանում չէր ուզում իր ընկերներից հետ մնալ:

– Պակասը դու էիր, – գոչեց Վարդանը, միանգամայն կատաղելով բոլոր ընկերների դեմ, որոնք կարծես խոսքը մեկ էին արել նրա հացը ձեռքից խլելու: – Մկիչ, ուրեմն, մենակ դո՞ւ ես մնում Զիլզիլում:

– Իսկի էլ չեմ մնա, ձեզնից պակա՞ս եմ, ինչ…

Հետո ընկերները խոսեցին իրենց ապագայի մասին, յուրաքանչյուրը հայտնեց իր փափագն ու ձգտումները:

Մինասն ասաց, թե կկամենար այնքան ուսում առնել, որ գիտնար, թե օրացույց կազմողները ինչպես են գուշակում լուսնի ու արեգակի խավարումը:

Լևոնը խոստովանեց, թե ինքն էլ առայժմ չգիտե, ինչ է ուզում լինել, բայց չէր կամենալ անհայտ մարդ մնալ:

Մկիչը փափագ հայտնեց մի օր գնալ Դաղստան, տեսնել Շամիլի ծննդավայրն և այն տեղերը, ուր նա կռվել էր ռուսների դեմ…

Մարտիրոսը ջերմ ցանկություն արտահայտեց մի օր ոստիկանապետ դառնալու:

Մարտին Բաղդանիչը, միշտ հիշելով Աթանեսի նվերները, մինչև վերջը մնաց հավատարիմ իր համակրության մեջ և Վարդանին տվեց ընտիր ուսումնավարտի վկայական: Չվշտացրեց և մյուս ուսումնավարտներին, յուրաքանչյուրին տալով լավ թվանշաններ: Վերջին օրը պատկառելի մանկավարժը մի խրատական ճառ ասաց.

– Աշխատեցեք մարդ դառնալ, – ավարտեց նա իր խոսքը, – որ երեսս պարզ անեք ձեր ծնողների մոտ: Չմոռանաք Մարտին Բաղղանիչին հաա՜, թե չէ աստված ձեզ կպատժի: Լավ իմացեք, որ ինչքան էլ մեծ մարդ դառնաք, պատճառն ես եմ: Քիչ բան չէր ձեր նման անասուններին մարդ շինելը: Դե, հայդա՜, գնացե՛ք, բարի ճանապարհ ու հաջողություն: Էհե՜, էհե՜, չեղավ, ա՜յ հենց իսկույն ցույց տվեցիք ձեր էշությունը: Հենց այդպես սուս ու փուս գնում եք էլի՞ … – Սմի՜ռնո, – աղաղակեց քիթը ծուռ Մկիչը, – կանգնեցեք շարքով: Այդպես: Գդակներդ վերցրեք: Այդպես: Մեկ, երկու, երեք, հուռռա՛, կեցցե՜ Մարտին Բաղդանիչը, հուռռ՜ռա, երեք անգամ… Դե բավակա՜ն է…

Եվ, կանգ առնելով տեսչի առջև ձեռը զինվորական ձևով պահեց քունքի մոտ և «մեկ, երկու, երեք» արտասանելով, հեռացավ: Նրան հետևեցին ընկերները, բարձրաձայն քրքջալով:

Մի շաբաթ անցած Վարդան Ահրումյանը ուղևորվեց Բաքու:

Կասպյան ծովի մի ծոցում, թիկունքը ժայռերին տված, կծկվել էր մի ավան, չոր ու ցամաք, ինչպես մեկը Սուրիո ծովափնյա գյուղերից:

Քաղաք էր կոչվում նա, այն էլ բազմադարյան պատմություն ունեցող քաղաք: Երբեմն մարդիկ նրան բերդ անունն էին տալիս, աչքի առջև ունենալով նրա կրկնաբոլոր բարձր քարե պարիսպները, որոնք իբր թե մի ժամանակ ծառայել էին որպես պատսպար երկրի արտաքին թշնամիների հարձակումների դեմ և որոնք այժմ միայն հնախույզների հետաքրքրությանն էին արժանանում: Փողոցները ծուռ ու մուռ, անսալահատակ, նեղ, այնքան նեղ, որ տեղ-տեղ երկու մարդ հազիվ կարող էին քովե քով անցնել առանց իրարու հրելու: Բուսականության կատարյալ բացակայություն, աղբյուրներ չկային, ջուրը ստացվում էր բակերում փորված հորերից, այն էլ մի ջուր, որ շատ չէր տարբերվում ծովի աղեջրից: Ամենուրեք աղբակույտեր, ուր որ մինչև իրիկուն կեր էին որոնում շներն ու կատուները: Գորշ էր ամեն ինչ, և՛ տները, և՛ մահմեդական մզկիթը, և՛ քրիստոնեական եկեղեցին, և բնակիչների դեմքերը: Կարծես մի ինչ-որ աներևույթ ձեռ քաղաքը սքողել էր դաժան տրտմության շղարշով:

Պարիսպներից դուրս կար մի ուրիշ քաղաք, նորը, ժամանակակիցը: Բաղկացած էր նա ընդամենը մի քանի հարյուր տներից: Այստեղ փողոցները համեմատաբար ավելի լայն էին, տներն ավելի մեծ, ոմանք նույնիսկ երկհարկանի: Սակայն պատկերը նույնն էր, ինչ որ բերդի ներսում, դարձյալ մաքրության ու բուսականության լիուլի բացակայություն: Քամի լինելիս քաղաքը ստանում էր հսկայական աղորիքի կերպարանք: Ավազյա փոշին բարձրանալով և օդը լցնելով, թափանցում էր ամենուրեք, սկսած տների ամենանվիրական անկյուններից մինչև մարդկանց ծոցն ու կոկորդը: Գուցե այս էր պատճառը, որ թշվառ բնակիչների մեծ մասը տառապում էր սուր աչքացավով ու կոկորդացավով: Եվ որովհետև այդ դաժան երկրում քամին մի առասպելական չարիք էր, որ պարբերաբար կրկնվում էր ամիսը մի քանի անգամ, երբեմն տևելով երկու-երեք օր, քաղաքի «հոգատար» իշխանությունը հնարել էր մի տարօրինակ միջոց չարիքի դեմ պաշտպանվելու համար: Տարվա չոր ամիսներին նա շաբաթը մի անգամ փողոցները թրջում էր սև նավթով: Մի բան, որ ավելի էր թանձրացնում քաղաքի մռայլությունը, տալով նրան սևազգեստ սգավորի տեսք:

Ծովը, որ իր կոչմամբ իբրև թե պիտի գեղեցկացներ տեսարանը և օդը մաքրեր, ինքը նույնպես դարձել էր ափերի մոտ ապականության վայր: Քամին հարավից փչելիս բերում էր նավերից թափվող սև նավթը հազար ու մի աղտեղությունների և Պարսկաստանից եկող հիվանդությունների հետ:

Քաղաքի միակ զբոսավայրը ծովափնյա փողոցն էր ու նրա ծայրում կուչ եկած փոքրիկ պարտեզը, որի վտիտ ծառերը հիշեցնում էին անոթությունից հյուծված մուրացիկների: Օրը մինչև երեկո այնտեղ դեգերում էին գործ գտնելու համար Անդրկովկասի զանազան կողմերից եկած գաղթականներ, պես-պես բախտախնդիրների, գողերի ու ավազակների հետ: Կային և այնպիսիները, որոնք պատրաստ էին որոշ վարձատրությամբ դաշույնի մի հարվածով օրը ցերեկով թռցնել մեկի կամ մյուսի գլուխը: Այդպիսիների ժամադրավայրն էր ծովափի մի անկյունում տեղավորված մի թրքական թեյարան, որի գոյությունը հայտնի էր ոստիկանությանը և որը ոչ մի իշխանությունից երկյուղ չուներ:

Ամառվա ամիսներին շաբաթը երկու երեկո պարտեզում նվագում էր սահմանապահ փոքրիկ ռազմանավի նավաստիներից բաղկացած մի երաժիշտախումբ: Դա էր ցերեկվա ծանր աշխատանքից ուժասպառ ու երեկոյան հեղձուցիչ տոթից տառապող քաղաքացիների միակ զբոսանքը: Այդ պարտեզն էր գլխավոր ժամադրավայրը Վոլգայի ափերից եկած հանրային կանանց և հարյուրավոր պատանիների ու երիտասարդների կործանիչ հիվանդությունների աղբյուրը:

Այս էր այն ժամանակվա Բաքուն, երբ Վարդան Ահրումյանն եկավ այնտեղ:

Սարգիս Հախվերդյանն արդեն բաց էր արել ծրագրած մաղազինը, և մոտ կես տարի էր նրա գործերը ստացել էին կանոնավոր ընթացք: Մաղազինը տեղավորված էր այնտեղ, ուր կանխավ որոշել էր ճարպիկ խանութպանը, այն է՝ ծովափնյա փողոցում, ուղիղ լավագույն նավահանգստի դեմ: Իր տեսակի մեջ նա միակն էր և առաջինը թե՛ ուտելիքների ու ըմպելիների բազմատեսակությամբ և թե՛ նրանց շնորհալի ճաշակով ու գրավիչ դասավորությամբ: Եվ որքան խանութն իր արտաքինով տարբերվում էր մյուս խանութներից, նույնքան և ինքը Սարգիս Հախվերդյանն էր տարբերվում մյուս խանութպաններից: Այցելելով լայնատարած Ռուսիայի գլխավոր քաղաքները, շփվելով իր երկրացիներից մի աստիճան ավելի քաղաքակիրթ վաճառականների, մանավանդ հրեաների ու գերմանացիների հետ, նա դիտել, ուսումնասիրել և յուրացրել էր շատ ձևեր, սովորություններ, որոնցից զուրկ էին նրա հայրենակիցները: Նա վաղուց արդեն ձգել էր հայրական չուխան, քոշերն ու փափախը, փոխարինելով նրանց եվրոպական բաճկոնով, կոշիկներով ու գլխարկով: Նա հեղաշրջել էր և՛ իր անունը: Այժմ նա այլևս Մարկոսի որդի Սարգիս Հախվերդյանը չէր, այլ Սերգեյ Մարկիչ Ակվերդով (իսկ և իսկ Ակվերդով և ոչ Ախվերդով): Նա իր հոգու խորքում շատ կվիրավորվեր, եթե մեկը նրան նախկին անանով կոչեր, ուր մնաց, եթե մեկը հանդգներ «քաչալ» մականունը ավելացնել նրա հոր անվանը, ինչպես այդ անում էին իր ծննդավայրում:

Առաջին իսկ օրը նա իր քեռորդուն խստիվ պատվիրեց դիմել իրեն ոչ «քեռի» ասելով, այլ Սերգեյ Մարկիչ: Եվ հաճոյակատար ու իր մորեղբոր քաղաքականությունը առայժմ բարձրագույն տիպար համարող Վարդան Ահրումյանը ուրախությամբ ընդունեց այդ պատվերը ու շատ հավանեց: Ավելի՜ն. նա իր մտքում դրականապես որոշեց նույնիսկ սեփական անունն ու ազգանունն էլ հեղաշրջել: Ոչ առայժմ, այլ մի կամ երկու տարուց հետո, երբ նրա բեղերը կբուսնեն:

Առայժմ նա նշանակված էր որպես երկրորդ գործակատար: Նրա պաշտոնն էր վաճառված ապրանքը գեղեցիկ փաթաթել թղթի մեջ և գնողին մատուցանել ժպտալով և ասելով. «համեցեք, պարոն» կամ «համեցեք, տիկին»: Այո, անպատճառ ժպտալով: Ժպիտը քաղաքավարության նշան է:

Բոլոր հրեաները ժպտում են: Հայերը քաղաքավարություն չգիտեն: Նրանք հաճախորդներին ընդունում են թթված դեմքով:

– Կարծես, քացախ են խմել, կամ փորները ցավում է, – շարունակեց Ակվերդովը: – Քո հորից դու լավ բան չէիր կարող սովորել: Զուր չէին նրան խոզ անվանում, չար մարդ էր, ամենքին հայհոյում էր, ոչ ոքի չէր սիրում, ոչ ոք էլ իրեն չէր սիրում: Ինչո՞ւ Աբրահամը խաբեց նրան և չխղճահարվեց, որովհետև գիտեր, որ ոչ ոք քո հորը չի խղճալ, ընդհակառակը, շատերը կուրախանան էլ: Խելոք մարդը իր թշնամու հետ էլ պետք է լավ վարվի: Մի հրեա բարեկամ ինձ ասում էր. «Եթե ուզում ես թշնամուդ պատժել, առաջ բարեկամացիր նրա հետ երեսանց, ճանաչիր նրա թույլ կողմերը, իմացիր նրա գաղտնիքները, հետո մրցիր, կամ կռվիր նրա հետ»: Կյանքը կռիվ է, ոչ ոք չի կարող իր թշնամուն հաղթել առանց նրան լավ ճանաչելու: Այդ հրեան շատ խելոք բաներ է սովորեցրել ինձ էլ, ուրիշներին էլ: Նա ասում էր. «Ավելի լավ է աղվես լինել, քան գայլ: Շոյիր, շողոքորթիր մարդկանց, ատամներդ մի ցույց տար, բայց սուր ու պատրաստ պահիր»: Նա շատ բաներ էր ասում: Միտս է, մի անգամ նա ասաց, թե Եգիպտոսում մարդիկ մի ժամանակ օձին աստված են համարել ու պաշտել: Ինչո՞ւ: Հիմար անասուննե՞ր էին: Ոչ, երևի մի բան գիտեին:

Վարդան Ահրումյանը լուռ և ուշադիր լսում էր մորեղբորը և նրա յուրաքանչյուր բառը որպես իմաստություն իմաստությանց դրոշմում էր իր մտքի մեջ: Նա իր խնամակալին համարում էր բոլոր ուսմունքների և բոլոր տեսակի հմտությունների շտեմարան և հավատում էր նրան անվերապահորեն:

Միևնույն ժամանակ, նրա պատանի միտքը գործում էր և՛ ինքնուրույնաբար ու շատ ավելի, քան կարող էր երևակայել նրա խնամակալը: Նախ և առաջ նա սկսեց մտածել իր ներկա վիճակի մասին: Ի՞նչ է նա այժմ, ի՞նչ դիրք ունի իր մորեղբոր մոտ: Հասարակ գործակատարի: Այո, բայց մի՞թե դա նվաստացուցիչ ու վիրավորական չէ մի մարդու համար, որի հայրը շատ ու շատ ավելի առաջ է եղել ինքնագլուխ վաճառական, քան Սերգեյ Մարկիչ Ակվերդովը, այդ նախկին աննշան օղեվաճառը: Չէ՞ որ նա էլ ունի իր բաժինը առևտրի մեջ հորից ժառանգած և մորեղբորը հանձնված գումարով: Ինչո՞ւ նրա անունն ու ազգանունն էլ չպտի փայլի մաղազինի ճակատին ոսկեզօծ տառերով այն երկայն ու լայն ցուցանակի վրա: Նա կամեցավ այդ մասին ակնարկել մորեղբորը, բայց առայժմ վաղաժամ և անհարմար համարեց և որոշեց խնդիրը հետաձգել ապագային:

– Օրը մինչև երեկո ապրանք փաթաթելով և խանութի մյուս գործերը կատարելով, Վարդանը միաժամանակ չէր դադարում դիտել, ուսումնասիրել իր միջավայրը և միջավայրից դուրս: Շուտով նա նկատեց, որ իր մորեղբոր դիրքը վաճառական աշխարհում շատ էլ փայլուններից չէ, չնայելով նրա հոխորտանքներին ու ինքնագոհությանը: Նա նկատեց, որ այդ դիրքը վար է նույնիսկ աջ ու ձախի մի քանի թուրք խանութպանների դիրքից, որոնց առևտրի առարկաներն էին շաքար, բրինձ ու չոր մրգեղեն: Այդ մարդիկ ապրանքը Պարսկաստանից և Ռուսաստանից ստանում էին հարյուրավոր ու հազարավոր պարկերով ու արկղներով, մինչդեռ իրանք… ոչ, շատ փոքր, շատ աննշան է Սերգեյ Մարկիչ Ակվերդովի առևտրի ծավալը: Նա ամեն օր տեսնում էր դատարկվող ու լեցվող նավերը և երևակայում էր, թե մի օր ինքն էլ կարող է նավատեր լինել, եթե բախտը բերի: Եվ մտածում էր՝ ինչո՞ւ բախտը չպետք է բերի, եթե մարդ կարողանա նրան ճանկել իր «խելքով ու եռանդով»: Առաջին գործակատար Ջումշուդ Բարսեղյանը հաճախ պատմում էր նրան, թե այսինչ նավատերը աոաջ եղել է սայլապան, այնինչը՝ հասարակ նավաստի կամ խոհարար: Պատմում էր նրան, թե ոմանք այդ նավաստիներից զբաղված են մաքսանենգությամբ և գաղտնի ապրանք են բերում Պարսկաստանից, կաշառելով մաքսատան պաշտոնյաներին: Եվ, լսելով այդ պատմությունները, Վարդանն օր օրի վրա ավելի ու ավելի էր հափշտակվում արագ և դյուրին հարստանալու ցանկությամբ:

 

– Բայց այդ բոլորը ոչինչ, – ասաց Ջումշուդը իր մի քանի պատմվածքներից հետո, – նավթն է գլխավորը, ահա ինչով կարող ես շուտ հարստանալ:

Մինչ այդ Վարդանը լսել էր նավթի մասին, գիտեր, որ կան հանքեր ու գործարաններ, բայց չէր տեսել և չգիտեր, թե ինչ բան են դրանք: Եվ ահա մի կիրակի օր Ջումշուդը առաջարկեց նրան նախ գնալ տեսնելու գործարանները, ապա մի ուրիշ կիրակի օր էլ հանքերը: Վարդանն ուրախությամբ համաձայնվեց:

Այն ժամանակները հանքեր կամ գործարաններ գնալը կապված էր դժվարությունների ու անախորժությունների հետ: Ոչ երկաթուղի կար դեպի հանքերը և ոչ ձիաքարշ կամ տրամվայ դեպի գործարանները: Երթևեկությունը կամ կառքով էր կամ սայլով: Կառքը թանկ էր, սայլը անհարմար ու ծիծաղելի: Երկու հսկայական անիվների մեջ տեղավորված մի արկղ – այս էր սայլ կոչվածը: Նրա վրա նստողը պիտի փոքր վարժված լիներ լարախաղության, որպեսզի չթռչկոտեր ու վար չընկներ:

Վարդանը բարվոք համարեց ոտքով գնալ, և երկու գործակատարները մի կիրակի առավոտ ուղևորվեցին սև քաղաք – այսպես էր կոչվում գործարանների համախումբը: Ճամփան քաղաքի ծայրից մինչև այնտեղ մի երկար ծովափնյա դաշտ էր ավազային, լպրծուն, նավթային ճահիճների: Տեղ-տեղ նա նույնիսկ անանցնելի էր: Զարմանալի է բնության խաղը: Քաղաքը բուսականությունից զուրկ, իսկ այդտեղ երևում էին թզենիներ և նռնենիներ, բայց մի վիճակում, որ տեսնողին արգահատություն էին ներշնչում: Բուները խրված ավազի մեջ, ճյուղերը մուրով ծածկված, այնուամենայնիվ նրանք յուրաքանչյուր գարուն նորեն ծաղկում էին, որպեսզի ամառվա կեսին չհասած թառամեն:

Ջումշուդը տանելով Վարդանին առաջին պատահած գործարանը, ցույց տվեց և բացատրեց, թե ինչպես են սև նավթից ճերմակը պատրաստում: Նա ինքը շատ բան չգիտեր, բայց գիտցածն էլ բավական էր Վարդանի պրպտող միտքը մի փոքր լուսաբանելու համար: Նա ասում էր, թե այժմ սև նավթից ճերմակը պատրաստելուց հետո գործարանատերերը մթերքի երկու երրորդականը դեն են թափում որպես անպետք բան և այրում են, թե դա տգիտություն է, թե կգա ժամանակ, երբ այդ մնացորդն էլ բանի պետք կգա, թե դա ահագին հարստություն է, որ այժմ զուր փչացվում է:

– Դու ի՞նչ գիտես, թե այդպես պիտի լինի, – հարցրեց Վարդանը:

– Լրագրում եմ կարդացել, – պատասխանեց Ջումշուդը հպարտությամբ: – Գիտես, դու էլ լավ կանես, եթե ամեն օր կարդաս այդ լրագիրը: Նա նոր է սկսել հրատարակվել: Ասում են նրա խմբագիրը Պետերբուրգից եկած մի գիտնական է: Կարդա՛, փառք աստուծո, ռուսերեն ինձնից լավ գիտես, կարդա՛ ու բան սովորիր:

Այդ օրը երեկոյան Վարդանն արժանացավ իր մորեղբոր հանդիմանությանը: Ներել չէր կարող, որ իր քեռորդին գործարանների նավթի ու մուրի մեջ կեղտոտել է իր ամառային սպիտակ հագուստը:

– Ի՜նչ գործ ունես նավթի հետ, որ գնում ես: Մեր գործը մեր առևտուրն է, նավթից ի՞նչ խեր կա, բացի կեղտոտվելուց:

Վարդանը մտքով համաձայն չէր իր քեռու կարծիքին: Նա բնազդաբար զգում էր, որ նավթի հետ գործ ունենալը ավելի շահավետ է և ավելի պատվաբեր: Արդեն հանքատերերի և գործարանատերերի սեփական կառք ունենալը նրա համար կենդանի ապացույց էր, որ լավ է լինել արդյունաբերող կամ գործարանատեր, քան խանութպան:

Մի ուրիշ կիրակի Վարդանը մորեղբորից թաքուն, դարձյալ Ջումշուդի ուղեկցությամբ, գնաց հանքերը: Այդ անգամ ճամփան երկար էր: Ջումշուդը առաջարկեց կառքով գնալ և հանձն առավ իր գրպանից վճարել կառքի վարձը: Նա իր հաշիվն ուներ – լավ գիտնալով, որ վաղը մյուս օրը Վարդանը դառնալու է իր տերը, որոշել էր կանխավ կաշառել նրան: Բայց Վարդանն իր մտքում այլ կերպ բացատրեց իր պաշտոնակցի առատաձեռնությունը: Նա մտածեց, որ ամսական քսանուհինգ ռուբլի ստացող մի գործակատար չի կարող հեշտությամբ տասը ռուբլի կառքի տալ, եթե նա մի ուրիշ եկամուտ չունի: «Երևի գողանում է», ասաց ինքն իրան և որոշեց այսուհետև հսկել Ջումշուդին խանութում: Մարդկանց անկեղծությանը և ազնվությանը կասկածով վերաբերվելու սովորությունը նա իր հորից էր ժառանգել: Բայց Ջումշուդը պակաս խորամանկ և պակաս դիտող չէր քան Վարդանը: Նա, հինգ տարով ավելի մեծ լինելով, ավելի լավ էր ճանաչում մարդկանց: Ահա ինչու նա իսկույն գուշակեց Վարդանի միտքը և որոշեց այսուհետև զգաստ լինել: «Այս աղան, ասաց նա իր մտքում, սուր աչքեր ունի, կարող է ինձ գողության մեջ բռնել»: Ւսկապես իրանց մտայնությամբ նրանք համանման տիպեր էին, բայց արտաքինի մեջ կար ահագին տարբերություն: Տարիքով պակաս՝ հասակով Վարդանը ավելի բարձր էր: Նրա դեմքն առողջ էր, այտերը կարմիր, մազերը դեղնագույն, աչքերը խոշոր, կոպերը մի տեսակ ուռած, ատամները ցցված, շրթունքները հաստ ու հյութալի: Ջումշուդը փոքրահասակ էր, նիհար, խիստ սևահեր, փոքրիկ կանաչ-դեղնագույն աչքերը խորը թաղված: Վարդանի ձևերը, շարժումները, քայլվածքը խոշոր էին, ձայնը բարձր ու համարձակ և միշտ մի տեսակ հրամայողական: Տեղը եկած ժամանակ նա գիտեր գոռալ, հայհոյել հորը պես, թեև ոչ նրա չափ տեղի ու անտեղի: Ջումշուդը զգաստ էր, ավելի լռակյաց, քան շատախոս, նրա ձևերը մեղմ էին, քայլվածքը մանր, անլսելի, ձայնը բարակ, մի տեսակ կանացի, բայց հանդարտ: Նա չգիտեր գոռալ, բարկանում էր հազվագյուտ դեպքերում, այն էլ այն ժամանակ, երբ շոշափում էին նրա ծնողների պատիվը:

Այն ժամանակ նավթային հանքերի ծավալը շատ փոքր էր: Մի քանի տասնյակ հորեր Բալախանիում և մի քանի հատ էչ Սաբունչիում, ահա բոլորը: Այն պահին, երբ Վարդանն ու Ջումշուդը եկան, Բալախանիում մի շատրվան էր խփում քառասուն մետր խորությունից: Նրա տերերը, մի քանի հաստափոր և հաստապարանոց հայեր, հավաքված մտածում էին ինչպես անեն, շատրվանը փակեն, որ դադարի: Բանն այն է, որ նավթը, կատաղի զորությամբ երկրի խորքից դուրս հոսելով, ապականում ու փչացնում էր երկրի երեսը, որ պատկանում էր գյուղացիներին: Նրանք բողոքում էին, որ իրենց ցորենի ու գարու արտերը և արոտատեղերը հեղեղվում են ու վնասվում: Նրանք սպառնում էին դիմել խիստ միջոցների – վնասարարների դեմ և սպառնում էին դաշույններով ու հրացաններով: Այս առիթով արդեն մի քանի սպանություններ կատարվել էին: Հայ հանքատերերը սարսափի մեջ էին: Նրանց հրամանով, մշակները փորձեցին շատրվանն այրել, չհաջողվեց:

– Հիմարներ են, – շշնջաց Ջումշուդը Վարդանի ականջին: – Չէ՞ին կարող մի օր առաջ ամբարներ փորել, որ այդ թանկագին հեղուկն այնտեղ թափվի:

– Ավանակներ են, – ավելի կտրուկ բնորոշեց Վարդանը: Նա հիացած էր շատրվանով և մտքում հաշվում էր, թե որքան հարստություն է զուր տեղը կորչում: Եվ համեմատելով այդ հարստությունը մորեղբոր խանութի ու կարողության հետ, ծիծաղելի էր թվում Սերգեյ Մարկիչ Ակվերդովի հոխորտանքը, թե ինքը մեծ վաճառական է և մեծ գործեր ունի:

Նա քաղաք վերադարձավ խորը տպավորությամբ: Ճամփին Ջումշուդը նրան բացատրում էր, թե ինչ ահագին գանձեր կան «այս օրհնված հողի» տակ: Նա սպառում էր ամբողջ գիտությունը նավթի մասին, ա յսինքն բոլորը ինչ որ կարողացել էր Պետերբուրգից եկած գիտնականի լրագրում:

– Տեսնո՞ւմ ես այդ մեծ դաշտն իր բլուրներով, – ցույց տվեց նա հեռվից Ափշերոնյան թերակղզին մինչև ծովը, – բոլորը նավթի ամբարներ են: Մինչև անգամ ծովի տակ էլ նավթ կա: Դու չե ս հավատում, զարմանո՞ւմ ես, ապացո՞ւյց ես ուզում: Ահա քեզ: Տեսնո՞ւմ ես այն կղզին, Նարգին է նրա անունը: Նրանից մի փոքր այն կողմ ծովի տակից գազ է դուրս գալիս: Աչքովս եմ տեսել: Մի օր, երբ փոխարքան եկել էր Բաքու, գազը վառեցին և մի հրաշալի հրավառություն գոյացավ: Երեք գիշեր ծովը լուսավորվել էր ցերեկվա պես: Հետո քամին փչեց, ալիքներ բարձրացան, գազը հանգավ:

Վարդանը լսում էր և մտածում: Նրա դեռահաս գլխի մեջ զարմանալի արագությամբ նավթը վերածվում էր ոսկու, և միլիոնները պտույտ էին գործում ինչպես կատաղի դիվահարներ: Ամենավառվռուն բանաստեղծի երևակայությունը չէր կարող այնպես բորբոքվել բնության գեղեցկությունից, որքան նրա երևակայությունը այդ չոր ու ցամաք ավազոտ դաշտերից ու բլուրներից, որոնց խղճուկ բուսականությունը վաղաժամ թառամել ու խանձվել էր կիզիչ արեգակից և մշտական քամիներից: Ինչո՞ւ ձեռք չբերել գեթ մի կտոր այդ ստորերկրյա գանձերից, մի աննշան հողամաս: Ով գիտե վաղը, մյուս օրը որքան պիտի բարձրանան գները:

– Ո՞ւմ են պատկանում այդ հողերը, – հետաքրքրվեց տասնյոթ տարեկան պատանին հիսնամյա փորձառու սպեկուլյանտի անհամբերությամբ:

– Մի մասը պատկանում է թուրք բեգերին ու գյուղացիներին, մնացածը պետական հողեր են:

– Գյուղացիները ծախո՞ւմ են իրենց հողերը:

– Իհա՛րկե, մանավանդ ազնվականները:

– Քանո՞վ:

– Նայելով տեղին, Բալախանիի, Սաբունչու մոտերքը համեմատաբար թանկ են, իսկ մյուս տեղերը շատ աժան…

Վարդանը լռեց և ոչ մի նոր հարց չտվեց: Մնացածը նա հետո կիմանա ուրիշից: Թող Ջումշուդը չգիտենա, թե ինչ ծրագրներ է հղում նրա միտքը: Տասնյոթ տարեկան պատանին արդեն իր հորից էր սովորել գնահատել գաղտնապահությունը գործնական կյանքում: Բացի այդ նա մի ուրիշ բան էլ էր լսել իր հանգուցյալից: «Խելոքի հետ քիչ խոսիր, որ հիմարությունդ չերևա, հիմարի հետ իսկի մի խոսի, որ խելքդ չպակասի»:

Երեկոյան նա չկարողացավ իրեն զսպել և մորեղբորը հայտնեց հանքերից ստացած իր խորը տպավորությունը:

– Ոչինչ, վատ չես արել, որ գնացել ես ու տեսել, – ասաց Սերգեյ Մարկիչը հեգնանքով, – բայց հույս ունեմ, որ ինձ խորհուրդ չես տալ հանքատեր դառնալու:

– Իսկ և իսկ հենց այդ էի ուզում ասել, Սերգեյ Մարկիչ, լավ կլինի եթե մենք էլ մի կտոր նավթահող գնենք:

– Մենք էլ, մենք էլ, – գոչեց Սերգեյ Մարկիչը բարձրաձայն ծիծաղելով, – ուրեմն, ընկերովի, հա՞, քեզ հետ, հա՞:

– Այո:

– Հետո՞ :

– Հետո վիշկա կդնենք, հոր կփորենք, ֆանտան կունենանք, – պատասխանեց Վարդանը ամենայն լրջությամբ:

– Լավ, քիչ խոսիր, դու երեխա ես, ոչինչ չգիտես: Աշխարհը ես եմ տեսել, խորհուրդը դու ես տալիս: Ես ձեռքիցս իմ ոսկի գործը բաց չեմ թողնի: Ինչի՞ս է հարկավոր քո նավթը: Որ փողոցները թափենք, և իմ ամառվա սպիտակ պանտալոնը այսպես սևացնի՞, թող, ի սեր աստծո՜: Սպասիր, առաջիկա հունվարից մագազինը երկու անգամ մեծացնելու եմ, արդեն կողքի խանութն էլ վարձել եմ, շուտով կդատարկեմ: Ցուցանակն էլ փոխելու եմ, այսուհետև պիտի լինի մեծ տառերով գրված Гастрономический магазин Сергея Маркича Акведова и компании, և կոմպանի – հասկանո՞ւմ ես:

– Ո՞վ է լինելու քո կոմպանիան:

– Դու:

Վարդանը ուրախացավ, բայց ոչ այնքան, որչափ մորեղբայրն էր սպասում:

Նա մի քիչ մտածեց և ասաց.

– Շնորհակալ եմ, բայց ինչո՞ւ իմ անունն էլ չլինի ցուցանակի վրա:

– Շատ ես շտապում, տղաս, այդ լավ չէ: Դու դեռ անչափահաս ես: Օրենքով իրավունք չունես նոտարական պայմանագրություն ստորագրելու: Սպասիր մի երեք, չորս տարի էլ:

Չորս տարի: Այդ շատ երկար ժամանակամիջոց է, Վարդանը համբերել չի կարող: Նա ուզում էր իր անունը խավարից դուրս բերել և լույս աշխարհ գցել: Ժամանակը անցնում է, իսկ նա դեռ գործակատար, դա նվաստացուցիչ է, վիրավորական է: Ի՞նչ կմտածեն Աբրահամ աղայի որդիները, որոնք Բաքու գալով, քաղաքի կենտրոնում մետաքսեղենի և այլ թանկարժեք կտորեղենի խանութ են բաց արել և իրենց անուն ու ազգանունով առևտուր են անում: Իսկ նրա դպրոցական ընկերնե՞րը: Մինասը գնացել է էջմիածին և նոր բացված Ճեմարան մտել. ով գիտե վաղը նրանից ինչ դուրս կգա. կարելի է մի մեծ մարդ, քիթը ծուռ Մկիչ Չախմախչյանը գնացել է Թիֆլիզ և զինվորական դպրոց մտել, նա էլ մի մարդ կդառնա, Մարտիրոսը ծառայում է ոստիկանատանը և արդեն իր ֆուրաշկին չինովնիկի նշան է դրել և պատահելիս մի տեսակ արհամարհանքով է վերաբերվում: Մի խոսքով, ամենքը առաջ են գնում, իսկ նա գործակատար, այն էլ «բաղկալի» խանութում, չէ՞ որ այդ ոսկի տառերով մաղազինը վերջ ի վերջո բաղկալություն է: Եվ ամենից ավելի Վարդանին գրգռում էին Աբրահամ աղայի որդիները: Ամեն անգամ նա թքում էր նրանց խանութի առջևով անցնելիս: Ոչ, այդպես շարունակել չի կարելի:

Վարդանը վճռեց մի տարի էլ սպասել, միայն մի տարի, ոչ ավելի և տարին չլրացած նորից կրկնեց իր պահանջը դառնալ մորեղբոր լիազոր ընկերը, իր անունն ու ազգանունը դնելով ցուցանակի վրա:

– Բայց դու չես կարող ինձի հավասար ընկեր լինել, – հակառակեց Սերգեյ Մարկիչը:

– Ինչո՞ւ:

– Որովհետև գործի մեջ քու ունեցած կապիտալը երեք անգամ պակաս է իմ կապիտալից:

– Այն ժամանակ եկ բաժանենք, ես ինձ համար առանձին գործ կսկսեմ:

Սերգեյ Մարկիչը բարձրաձայն ծիծաղեց, գոչելով.

– Դո՞ւ, առանձի՞ն, լակոտ: Վարդանը վիրավորվեց:

– Սերգեյ Մարկիչ, – ասաց նա, հազիվ կարողանալով զսպել իր կատաղությունը, – դու քանի անգամ ասել ես ինձ, որ իմ հասակումն ես վաճառականություն սկսել, ինչո՞ւ ես ինձ լակոտ անվանում:

Սերգեյ Մարկիչը զղջաց: Նա չէր կամենա իր քրոջ որդու սիրտը կոտրել: Հոգու խորքում նա շատ բարձր էր գնահատում Վարդանի առևտրական ձիրքերը, նրա վարվողությունը գնողների հետ, նրա հաշվեգիտությունը, նրա եռանդն ու աշխատասիրությունը: Նա չէր կամենա մի այդպիսի հազվագյուտ օգնականից զրկվել:

– Լավ, – ասաց նա ձեռը դնելով Վարդանի ուսին, – թող այս տարին վերջանա, առաջիկա հունվարից ցուցանակը կփոխենք, բայց պետք է անունդ էլ փոխենք: Ես չեմ համաձայնվի իմ մագազինի ճակատին Վարդան անունը գրել: Ինձ այնպես է թվում, որ այդ տտեպած անունը կարող է դժբախտություն բերել: Երևի զուր չեն ասում՝ «Հայը թակի Վարդանին, թուրքը թակի Վարդանին»:

– Ես այդ մասին արդեն մտածել եմ, այսուհետև ես կլինեմ Վլաս Աֆանասևիչ Այրումով:

 

– Ոչ, ոչ, այդ Վլասն էլ բանի պետք չէ, կառապանի անուն է: Ավելի լավ է Վասիլի Աֆանասևիչ:

– Համաձայն եմ, թող այդպես լինի:

Եվ այդ օրից Վարդան Ահրումյանը դարձավ Վասիլի Աֆանասևիչ Այրումով:

Քաղաքի միակ հրապարակի վրա մի շարք խանութների մեջ կար մեկը, որի ցուցանակը կրում էր հետևյալ խորագիրը. «Մանուֆակտուրային ապրանքների վաճառում, Ռիպսիմե Արաքելովնա Դալբաշյանի և որդիների»: Անցորդներից շատ քչերն էին կարդում այդ ցուցանակը, և նրանք, որոնք կարդում էին, տարակուսանքով երերում էին իրենց գլուխը, մտածելով՝ «այո, դա նա է»:

Այն պահից, երբ Աբրահամ և Իսրայել Դալբաշյանները իրենց սնանկ հայտարարելով, հաշիվները Մառոզովի և Աթանես Ահրումյանի հետ մաքրեցին ռուբլուն քսան կոպեկի վճարումով, որոշեցին խանութը փակել և իրարուց բաժանվել: Իսրայելը վերցրեց թաքցրած ապրանքի կեսը և իր ընտանիքի հետ գնաց Ռոստով-Դոնի վրա, հուսալով այնտեղ շարունակել իր գործը, իսկ Աբրահամ աղան իր ընտանիքով տեղափոխվեց Բաքու, նույնպես տանելով հետը իր բաժին ապրանքը: Կողոպուտը կիսելիս մի քիչ կռվեցին, բայց վերջը հաշտվեցին և համբուրվելով բաժանվեցին:

Դեռ սնանկ հայտարարելուց առաջ Աբրահամ աղան զգաստություն էր ունեցել իր կարողությունը փոխադրել կնոջ՝ Հռիփսիմեի անունով: Նա նույնպես վճռել էր նույն մանուֆակտուրային գործը շարունակել Բաքվում, իհարկե, այս անգամ ապրանք վերցնելով ոչ Մառոզովից, այլ մի ուրիշ ֆաբրիկանտից: Որպես վարկաբեկված առևտրական՝ բնական է, որ օրենքով չուներ իրավունք վաճառականությամբ պարապելու, ուստի խելացի և անվտանգ համարեց մեջտեղ բերել իր կնոջ և զավակների անունը: Նա շատ լավ գիտեր, որ պատվարժան կողակիցը, այդ գրեթե անգրագետ կինը չունի ոչ վաճառականի ձիրք կամ հոտառություն և ոչ նույնիսկ դրամական հաշիվների մասին որևէ հասկացողություն, բայց գիտեր նաև, որ իր ավագ որդին, 25 տարեկան Արշակը իրենից ոչ պակաս ճարպիկ է և գործը կարող է վարել ամենայն հմտությամբ և հաջողությամբ: Երկրորդ որդու՝ տակավին անչափահոս Դանիելի վրա նա առանձին հույս չուներ, համարելով նրան շատ փափկասիրտ, թուլամորթ և անհոգ: Բացի այդ նա նոր ավարտել էր Զիլզիլ քաղաքի երկդասյան դպրոցը: Գալով երրորդ որդուն, ինը տարեկան Սամվելին, Աբրահամ աղան զիջելով Արշակի թախանձանքին որոշել էր նրան տալ նոր բացված ռեալական դպրոցը:

«Միջնակարգն ավարտելուց հետո, – ասել էր Արշակը, – մենք նրան կուղարկենք Մոսկվա կամ Գերմանիա բարձր ուսում ստանալու: Թող մեր երեքից գոնե մեկը լուսավորվի»:

Աբրահամ աղան ոչ շատ ծեր էր և ոչ էլ այնքան հոգնած, որպեսզի կարենար ձեռները ծալած անգործ նստել: Նրա համար անգործությունը մի տեսակ հիվանդություն էր, որից ազատվելու համար օրը մի քանի անգամ մտնում էո կնոջ ու որդիների խանութը: Գալիս էր նա այնտեղ «տերողորմյան» ձեռքումը, հանդարտ քայլերով, նստում էր մի անկյունում, ինչպես մի օտար մարդ, մտքում հաշվում էր գնողների թիվը և նրանց գնած ապրանքների արժեքը և մերթ գոհ ու մերթ դժգոհ դեմքով հեռանում էր, որպեսզի մի ժամից հետո նորից գար: Այդպես է անում որձ ագռավը, երբ նրա ձագերը կեր ունեն:

Զիլզիլ քաղաքից հեռանալուց հետո Աբրահամ աղայի արտաքինը միանգամայն փոխվել էր:

Այլևս նա իր բեղերը չէր ներկում հինայով, չէր սրում դեպի վեր, որպես ջահելության և համարձակության սիմվոլ և ոչ էլ երեսն էր սափրում: Օր օրի վրա աճում էր նրա միրուքը: Այժմ նա իջել էր մինչև կուրծքը:

Ճիպ-ճերմակ փառահեղ լավաշի չափ լայն միրուքը, որ շատերին էր շփոթեցնում ու պատկառանք ներշնչում:

Այժմ նրա քայլվածքն ավելի ծանրաբարո, ավելի աղայական էր, քան առաջ,երբ նա դեռ չէր կողոպտել իր բարեկամին և չէր սպանել նրան: Նա պակաս փոփոխություն չէր մտցրել և իր հագուստի մեջ: Նա թևավոր երկայն չուխան տերևանման թևերով թողել էր: Արխալուղի վրա հագնում էր լայն սերթուկ, որի կոճակները կապում էր մինչև կոկորդը, բողոքական քարոզչի պես: Ավելի ճիշտ նա կնմանվեր հրեա ռաբբի, թե քունքերի մազերն երկարացներ: Նա դեն էր գցել ասիական սև մորթե գդակը և գլխին դնում էր ռուսական սև «ֆուրաշկա» ճիշտ մոսկովյան հին տիպի վաճառականների պես:

Նա չմուշկների փոխարեն հագնում էր եվրոպական կոշիկներ երկու մատնաչափ հաստ ներբաններով:

Կիրակի օրերը նա ամենայն ճշտապահությամբ եկեղեցի էր գնում, մնում էր այնտեղ մինչև պատարագի վերջը: «Ողջույնի» ժամանակ նա էր մոտենում պատարագիչ քահանային և նա էր ստանում օրհնությունը: Եկեղեցուց դուրս գալով նա մուրացկանների ձեռն էր դնում մի պղնձե դրամ և սպասում էր, որ ավագ քահանան կամ հաջորդը եկեղեցուց դուրս գա և խոսե նրա հետ մի քանի րոպե, հետո, եթե տրամադրությունը լավ է, ճաշի հրավիրի նրան:

Նայելով Աբրահամ աղայի հանգիստ, անվրդով, կարելի է ասել բիբլիական կերպարանքին, շատերն էին կարծում, թե չկա և չի կարող լինել ավելի ուղղամիտ, ավելի ազնիվ, ավելի բարեսիրտ մարդ, քան այդ կեղծիքն ու խաբեբայությունը, քան այդ կարծրացյալ սիրտը, ապականյալ հոգին: Ինքն Աբրահամ աղան զգում էր իր արտաքինի պատկառելիությունը և մարդկանց հետ զրույց անելիս առանց մեծ ջանքի կարողանում էր իր ձայնին, ձևերին, ու շարժումներին տալ համապատասխան ռիթմ: Եվ ոչ մի տաղանդավոր դերասան չէր կարող բեմի վրա իր դերը կատարել այնպիսի վարպետությամբ, որպես այդ մարդը կյանքի մեջ: Գայլ էր ոչխարի մորթով, բառիս իսկական իմաստով, միայն կուշտ գայլ:

Ճշմարիտ է, մեկ-մեկ Աթանես Ահրումյանի հանկարծահաս մահը մտաբերելիս, Աբրահամ աղայի տրամադրությունը դառնանում էր և դեմքը մի քիչ այլայլվում, բայց ի՞նչ նշանակություն ունի ամառվա կիզիչ արևի համար անցողիկ ամպի մի կտոր: Բավական էր, որ նա մտքում կրկներ իր սովորական մեղեդին – «այս փուչ աշխարհում ո՞վ չի զրկում սրան կամ նրան» – և իսկույն նորեն վերադառնում էր նրա հոգու անդորրությունը:

Մի անգամ Աբրահամ աղան, ծովափում զբոսնելիս, հանդիպեց յուր ողբացյալ բարեկամի որդուն, Վարդան Ահրումյանին և ճանաչեց: Մի վայրկյան նրա մեջ ցանկություն ծագեց բարևել նրան, հետը խոսել, «հայրաբար» հարցնել նրա առողջության, նրա մոր, նրա գործերի մասին, բայց Վարդանն այնպիսի մի կատաղի դեմք ցույց տվեց, որ մարդու լեզուն կաշկանդվեց: Բացի այդ, նա ամենայն պարզությամբ լսեց Վարդանի մի ծայր աստիճան լկտի հայհոյանքը՝ «քո սպիտակած միրուքը ես կներկեմ իմ…» և այլն… Մի ուրիշ օր Աբրահամ աղան դարձյաղ հանդիպեց իր ոխերիմ թշնամուն, այս անգամ հասարակական պարտեզում և իր մորեղբոր հետ: Նա կամեցավ մի կերպ խույս տալ, չհաջողվեց: Վարդանը նրա մոտով անցնելիս արտասանեց մի ուրիշ նույնչափ կեղտոտ հայհոյանք:

Աբրահամ աղային թվաց, որ նա մինչև անգամ կամեցավ հարձակվել իր վրա, բայց մորեղբայրը չթողեց: Այնուհետև նա սկսեց լրջորեն վախենալ Վարդանից և որոշեց երբեք չզբոսնել այն վայրերում, ուր կարող էր հանդիպել նրան: Բայց և այնպես թշնամու կատաղի հայացքն ու նրա անպատկառ հայհոյանքը նրա հանգստությունը մի աստիճան ավրել էին և նա այժմ կամա-ակամա մտածում էր իր անցյալ վարմունքի մասին, իր բարեկամի վերաբերմամբ: Սակայն սխալ կլիներ կարծել, թե դա մի տեսակ զղջում էր կամ խղճի արթնացում: Քավլիցի: Արդեն ժամանակը կատարել էր իր գործը, առ միշտ սպանելով նրա սրտում զղջման զգացումը: Այժմ նրա տեղը գրավեց ֆիզիկական երկյուղը: Ո՞վ գիտե ինչ վտանգավոր միջոցների կարող է դիմել այդ տղան իր հանգուցյալ հոր մահվան վրեժը լուծելու համար: Քի՞չ են պատահել նման դեպքեր, երբ մարդիկ այդ հասակում մի չնչին բանի համար դիմել են նույնիսկ զենքի օգնության: