Tasuta

Ամբոխները խելագարված

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

VI

 
Կռվում էին։ Սուրում էր մի իրիկնային մարմանդ քամի։
Դեմը քաղաքն էր տարածվել՝ հազարամյա մի թշնամի։
Սֆինքսի պես հսկայական, շեկ ծծերը դրած հողին՝
Նա կտրել էր արևակամ ամբոխների կարմիր ուղին։ —
Ու կայարանը՝ հաղթանդամ իրիկնային կարմիր մուժում,
Հաղթ նստել էր նրա առաջ, որպես նրան հսկող մի շուն։
Հաղթ նստել էր նրա առաջ ու տիրուհու կամքին գերի՝
Երթն էր հսկում գետնատարած, երկաթագիծ ուղիների։
Ու գծերի մոտ երկաթե, դեպի հյուսիս, դեպի առաջ՝
Ձգվել էին ալիքաձև խրամատներ գետնատարած։
Թշնամին էր պահվել նրանց ալիքաձև գետնափորում
Ու մատներով արյունոտած դեմը փռված դաշտն էր փորում:
Մտել էր ջերմ կուրծքը հողի՛, հողի սրտում դարան մտած
Կրակում էր գաղտագողի, նենգ ձեռքերով արյունոտած։
Կռվում էին՝ մոտենալով, մոտենալով հետզհետե։
Պայթում էին զրընգալով հրանոթները երկաթե։ —
Ե՛րգ էր կարծես կռիվը այդ, որ զնգում էր մայրամուտում
Նայես՝ թռավ մի հրանոթ ու թունդ պայթեց խրամատում…
 

VII

 
Կռվում էին, ու կռվելով անցնում էին նրանք առաջ։
Ու դաշտերում իրիկնային մահն էր քրքջում համատարած
Երգում էր նա՝ երգը խառնած հրանոթի զրնգունին, —
Անցնում էին նրանք առաջ ու կրակված կռվում էին։
Ե՛րգ էր սիրտը ամեն մեկի, երգ էր հայացքը կրակոտ.
Վառվում էր սիրտը ամենքի, որպես կարմիր մի առավոտ
Ե՛րգ էր կարծես արևը հին՝ իրիկնային լույսով վառված
Եվ երգելով կռվում էին ամբոխները խելագարված…
 

VIII

 
Եվ երգում էր մեկը՝ հզոր, հուժկու ձայնով ահեղագոչ,
Գո՜վքն էր երգում կռվի ելած, արիացած իր ընկերոջ։ —
Որպես բազե՝ երգը նրա սլանում էր հեռու, հեռու —
Եվ երգելով կռվում էր նա՝ լուսաժպիտ ու ահարկու։
Երգում էր նա։ Մայր էր մտնում արևը հին՝ կարմիր քուրա։
Եվ դաշտերում իրիկնային – զանգ էր կարծես ձայնը նրա։
Զա՜նգ էր կարծես, զանգում էր զիլ, որ ողջ աշխարհը իմանա —
Բորբ կարոտով անծայրածիր, կրակելով երգում էր նա։ —