Tasuta

Փոքրիկ հսկիչը

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

_Սահակ, այդ մակարոնները ճիշտ չեք դրել, վերջը կամ քո կամ էլ Ռուբոյի վրա են թափվելու։

Արաքսին իջել էր նկուղ։ Բացի իր կատարած աշխատանքից նաև ստուգում էր իրենց արածը։ Հայրը դրել նրան մականուն «փոքրիկ հսկիչ»։ Ու հիմա փոքրիկ հսկիչը իջել նկուղ, որ բարձրացնի իրենց մեղքերը։

_Մի անհանգստանա Արաքս… ոչինչ չի՛ լինի,_կանչեց ինքը վերևից։

_Ինչպե՜ս թե չի լինի։ Այնքան եք իրար վրա շարել, որ Էյֆելյան աշտարակն է դարձել։ Քիչ է հարյուր հատ դրել եք իրար վրա, այն էլ վերև զոռով եք հասել ու ծուռն եք դրել։ Աշտարակը ծռվել է…

Սահակը չհամբերեց իջավ ներքև։

_Նայեմ…

Արաքսին կանգնել էր պատի մոտ վերև խոյացած մակարոնեղենի շարքերի մոտ։ Իսկապես ստացվել էր բազմահարկանի շինություն, բայց այդ տուփերը ներքև գլորվելու միտք չունեին։

Օրիորդը ձեռքին բռնած թուղթ ու գրիչ սպասում էր իրեն։ Սահակը մոտեցավ։

_Արաքս չափազանցնում ես… ոչինչ չի լինի…

_Սահակ հետո հաճույքով ասելու եմ. «Ես հո ասում էի»։

_Ահա, նայի՛ր…

Սահակը մի քանի անգամ խփեց գլխից վերև գտնվող տուփին։

_Տեսնու՞մ ես,_ժպտաց օրիորդին,_ոչինչ չեղավ…

Բայց չհասցրեց խոսքը վերջացնել, ինչպես տուփերը թափվեցին ներքև։ Արաքսին ճչաց, վայր գցեց թուղթն ու գրիչը, ծածկեց գլուխը ու սեղմվեց պատին։ Տուփերի շարքը թեքվեց նրա կողմ։

«Թափվելու է սրա վրա»։ Սահակը ճարպկորեն ցատկեց շարքի ու աղջկա միջև։ Տուփերը դղրդոցով ընկան Սահակի ու Արաքսիի վրա։ Երիտասարդը ձեռքերը հենեց պատին, այնպես որ օրիորդը մնաց իր ու պատի միջև։ Սահակը փակեց աչքերը որ չզգա տուփերի պատճառած ցավը։ Քիչ է մի շարքը փուլ եկավ իրենց վրա, մյուսն էլ լցվեց առաջինի վրա։ Նրանց ծանրության տակ Սահակը հազիվ էր մնում։ Առջևում կուչ եկած օրիորդը կպել էր պատին ու աշխատում չդիպչել իրեն։ Նա ամուր կկոցել էր աչքերը։ Երբեք չէր տեսել այսպես մոտիկից։ Ի՜նչ կարմիր շրթունքներ ունի այս մեկը։

_Արաքս, ինչպե՞ս ես։

Օրիորդը վախվխորելով բացեց աչքերը։

_Լավ, մերսի։ Դու՞…

_Մերսի՜… ե՞ս,_Սահակի ծիծաղը եկավ, թուլացավ ու տուփերը տեղաշարժվեցին։ Ծանրությունից Սահակը մի քայլ առաջ եկավ։ Զգաց Արաքսի տաք շնչառությունը։ Տեսավ ինչպես կարմրեցին նրա այտերը։ Այո՛, ծանր բեռը իր մարմնի ու գլխի վրա, չէր խանգարում նկատել այս ամենը։ Ու գուցե այս ամենը ավելի շատ էր գրավել իր ուշադրությունը քան վզի ցավը։