Tasuta

Վերք Հայաստանի

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

– Սվանղուլի խանը, յա Ջաֆար խանը, իմ փիրս ա, իմ տերս, իմ աղեն, – մեկ երևանցի հայ ասում ա քեզ, – գնանք նրանց տունը ու էնտեղանց գնանք, թամաշ անենք:

Ի՞նչ անես, մարդի փիրն աստված ա, ու իր տղամարդությունը, ամա սրանք փետի տակին են մեծացել, էսպես որ չասեն, բանը բան չի՛ դառնալ: էս անգամ էլ մեր երևանցու խոսքին անկաջ անենք ու գնանք, որ էս հանդեսը տեսնինք, թե չէ ժամանակն անց կկենա: Աչքդ սառչի ո՛չ. Սրտիդ ու բերնիդ հուպ տո՛ւր, որ չծիծաղիս, թե չէ գլուխդ կկտրեն, աղիքդ վեր կածեն: Քուչեք, փողոց, մեյդան, բազար, հայաթ, կտուր՝ մարդի ձեռիցը ղլվլում են: էս ո՛չինչ. կարելի ա քեֆ են անում. դու ո՛չ մեռնիս. – սև ըլի էնպես քեֆը, իրանց սպանում են. մեկը դոշին ա խփում, մեկը գլխին վեր հատում, մինը բողազը դուս ճոթռում, մյուսը միրուքն ու մազերը պռճոկում, սուգ անում, ոտ ու գլուխ քարերին ծեծում, վա՜յ, հարա՜յ, տալիս, գոոում, բղավում, է՛ս պատին, է՛ն պատին քոռի պես գլուխը խփում: Ախր ընչի՞ ընչի. էս ի՞նչ խաբար ա, դատաստանի օրը հո չի՛ հասել, ո՞վ ա սրանց տունը քանդել: Հլա համբերի՛ր մի քիչ, քո ցավը տանիմ, տոհաչություն ի՞նչ հարկավոր ա, լոբի հո չե՞ս կերել. մի քիչ ձենդ փորդ արա՛, հետո կիմանաս: Գնա՛նք մեչիդը, մեր երևանցին մեզ ձեռաց չի՛ թողալ, մի՛ վախենար:

Վա՜յ քո տղիս – տղա, էս ի՞նչ բան ա. տո՛, մի մտիկ արա՛, տո՛, է՛յ, քե՞զ չեմ ասում, շլնքիցդ հո ջաղացքար չի՛ կապած: էս մարդը գժվե՞լ ա, է՛ս ինչ մարաքյա ա: Կա՛ց, կա՛ց, մի մտիկ անենք, հետո քանի զորությունն իմանանք, մեզ ով ա հետ ածում, կրակ չի՛ վառվել հո ոտըներիս տակին, մի քիչ համբերենք:

Մեկ հաստափոր թուրք մեկ ղաբա միրուք, վրեն իծի քուրք, բալքի արջի ա, հլա քննելու վախտը չի՛, երեսը եղ քսած, մատները հինա դրած, կեղտոտ շորերով, վզին հո, աստված ո՛չ շհանց տա, տարով ջրի երեսը չի՛ տեսել, – մեկ եքա ձողի ջուխտ ձեռով ղայիմ բռնած, կոթը դոշին կպցրած, գլխին Ալու փանջեն (ձեռը) ցցած, լալով, սգալով, իրան կտրատելով, պատմություն, նաղլ անելով, մեկ սուրու խալխ հետը, ի միասին գլխըներին թակելով, նամազ անելով, չախսե՛-վախսե՛ ձեն տալով, թոզ, թոփրաղ կուլ տալով, շորըները վեր քաշած` կտմըներն առել, ղռերն են ընկել ու ուզում են մինչև Մեքքա մեկ գնան: Բանն էս ա, որ մեր բարեպաշտ ուխտավորը է՛նպես ա կրակվել, Էշխ ընկել ու յա ոտը քարին դեմ անում, յա գլուխը ետ քաշում, յա դոշը դեմ տալիս, քամակի վրա ծռվում, ձգվում, ոլորվում ու դեմն էլ վազում ու Ալու զորությունն ու հրաշքը գովում, որ տեսնողը հենց կիմանա, թե թոկ են դրել վիզն ու քաշում: Բայց ո՞վ չի գիտի, որ անիրավ չար սատանեն հենց բարեպաշտ ուխտավորների ճամփին ա թՈզ ու դուման անում, աչքըները հող ածում:

– Չրխ՛կ, թրխ՛կ…

Մեր տղա, հեռու կանգնի՛ր, մեր ուխտավորը մուրազին հասավ, սատանեն քոռանա, աչքդ հո ձենով չի՛ ընկել ա՜յ տնաշեն: Տո՛, մի մտիկ արա՛, տե՛ս, ի՞նչպես ա նա պատի տակին արինը սրբում, գլուխը կապում, է՜: Ախր պատի հետ հանաք անիլ` ո՞վ ա լսել: Դու էլ գլուխդ խփիր պատին, թե կարաս, տեսնիմ, արին դուս կգա՞, թե՞ մեկ անկաջ էլ կավելանա:

Տո՛, էս փոսիցն ո՞վ ա ձեն տալիս, բղղում, հարա՜յ, մադա՜թ անում, որ խալխը դեն կենան, ետ քաշվին: Տուն քանդվե՞ց, էս ի՞նչ խաբար ա: Տուն քանդվե՞ց… Տո՛, բաս տունը, որ լեզու չունի, էրդիկ է՞լ չունի, որ քոռըքոռ գնացողի հախիցը գա: Տան դարդը թողանք, քանդվեց, է՛լ կշինեն. բանն էս ա, որ մեկ ուխտավոր էլ մեկ հորից ա իր սև օրը լաց ըլում: Անջախ մի անջախ խալխը ետ քաշվեցին. հավատը սուրբ ա, աղոթքը` զորավոր, ո՛վ չհավատա, նա մնա պարտավոր, էլի մեր աղոթքի պարկը տեղիցը վեր կացավ թե չէ, ոտն ու գլուխը դզում, սրբում ա ու տնքալով, հազալով, ճրրալով, մրրալով, անկաջները թափեթափ տալով, ուսերը քաշելով` չուլ ու փալասը հավաքում, քափ ու քրտինք՝ երեսը, փրփուրը բերանը կոխած, աբեն մեկ կողմը, չալմեն մյուսը ցխակոլոլ ընկած, տլոտ քոշերը չխպչխպացնելով, ծլփծլփացնելով, ծլունգ ըլելով՝ իր կոտրած ձողին էլ ետ պաչում, սրբում ու էն հալին էլ ետ ճամփա ընկնում:

Քո տունը չքանդվի, էս ի՞նչ անսիրտ մարդիկ են, տո՛. գլուխ առնի՛նք, կորչի՛նք: Տո՛, մեկ ֆորթ որ ցխումը խրվում ա, պոչիցն էլա բռնում, քաշում են, որ հանեն, մեր համշարիքը բոլորեշուրջ կանգնել, փառք են տալիս աստուծո, որ իրանց կարդացողը էս փաոքին հասավ, էս դինումը պատժվեց, որ էն դինումը պսակվի: Խաչը տերը զորավոր կանի, բան չի՛ կա. մոտանաս ո՛չ, թե չէ մեծ թիքեդ անկաջդ կմնա: Իր հավատին պինդ մարդը գլխին քար էլ աղա, հենց կիմանա, թե դափ ու զուոնա ես ածում: Քո քիսիցն ի՞նչ ա գնում, որ գլուխ են ջարդում, դու քո գլխի դարդը քաշի՛ր. Վա՜յ նրան, որ գլուխը հաստ ա, ծուծը՝ բարակ:

Տո՛, ճանճերն էլ են էսօր գժվել, կատաղել, էսպես հրա՞շք կըլի: Շները հո, էլ ճամփա չեն տալիս, ընչի՞. – ո՛սկոր կա, ոսկո՛ր, խա՛նի խարաբ: Ճզվզոցն ընկել ա դուքան, բազար: Խորովածի, խաշլամի, փլավի, սանգակի (հաց) հոտը աշխարհ ա բռնել: Հլա մեկ մտիկ արա՛, քո աստվածը կսիրես, էս սիպտակամիրուք ծերերն էլ չեն ամաչում, որ իրանց տունը թողել են ու էս մեյդանումը որը սանգակն ա մեկ կտոր խորոված միջին դուրում արել, մշրում, որը շերեփով ա փորի կամքը կատարում, որն էլ մեկ թիքա ջիլ միս, կիսաեփ, էնպես ատամի տակն ա քցել, ծամում, ծամլամորում, եղը շորերին քսում, դմակը՝ միրքին. փորը նեքսևիցն ա ձեն տալիս, ղլվլացնում, բողազը մեկ կողմիցն ա իր գլուխը լալիս, բաց ու խուփ ըլում, աչքերումը հո, էլ լիս չի՛ մնաց, ամա նա հենց զոո ա անում ու թիքեն դարիվեր բոթում: Աստված բարի ճանապարհ տա՛ թե կերթա նեքսև. ես գիտեմ, թե ո՛ր էշը նախրումը կզռա: Տո՛, զռաց էլ, պրծավ էլ: Մհառլամ-բայրամը կերան, գնա՛նք, էս թամաշեն ուրիշ օր էլ կտեսնինք: Ձիուդ ղամշի՛ր, ղո՛ջա բաբա, ալլա՛հ սախլասն: Տո՛, նա իր փորի դարդն ա քաշում, քո ի՞նչ բանդ ա, գնա՛նք, նա քո դնչիդ չի՛ մռռալ, գնա՛նք:

Մեչդի մեջը մտնիլ կարելի չի՛, մարդի միս են ուտում, պետք է մոտիկ տների կամ մոլլեքանց օթախների կտրներիցը, խալխի հետ խառնվիլ ու հեռըվանց թամաշ անել: Լավ սիրտ պետք է, որ դիմանա, լավ աչք, որ տեսնի ու լաց չըլի: Մեչդի աղոթարանի առաջին մեծ բազմություն կա թոփ էլած. թե՛ նրանք, թե՛ մյուսները էնպես են լալիս ու դոշըներին վեր հատում, որ հենց իմանաս, թե Հուսեյնի նահատակության օրը է՛ս ա, որ էս ա: Ախունդը մեկ բարձր աթոռի վրա բազմել, մոլլեքը իր չորս կողմը բռնած՝ է՛նպես ա Ալու, Մահմադի ու Ալու որդի Հասան-Հուսեյնի պատմությունն անում, լալիս, իրան կտրատում, որ քարերն էլ ձեն են տալիս, մղկտում: Նրա առաջին մեկ քանի ջահել աղջըկերք` մազըները ցրված, խճճած, կեսն երեսներին, կեսը դոշըներին քցած, մեկ ղրաղում կուչ են էկել ու իրանց մոր հետ սուգ են անում: Մեկ քանի ջահել տղա էլ աղիողորմ ձենով իրանց խեղճ հոր մահվան սուգն են ետ ասում: Մեկ քանի ձիավոր էլ` թուրըները հանած, պլոկած, ձի չափ քցում, նրանց վրա վազում, որ նրանց սպանեն: Սրանք էլ եզըդեքանց օրինակն են, որ վրա պրծած գալիս են, որ իրանց խալիֆի հրամանը կատարեն: Ձիու վրա նստած՝ դես ու դեն են վազում ու կամենում են որպես թե Հուսեյնի ընտանիքը կամ սուրը քաշեն, կամ եսիր անեն: Բոլորն էլ խոսում են, բոլորն էլ է՛նպես կենդանի իրանց խաղը խաղում, որ տեսնողը հենց կիմանա, թե հենց է՛ս օր ա Հուսեյնը մեռել: Օրինակի խաթեր, մեկ քանի խոսք էստեղ գրենք, որ կարդացողն իմանա, թե ի՞նչպես են մեր համշարիքն իրանց սուգն ասում:

ՄՀԱՌԼԱՄԻ ՍՈԻԳԸ
Առաջին բոթաբեր
 
Աչքըս խավարի, լեզուս կարկամի,
Ոտներս կոտրվեր, ա՜խ, ջանըս դուս գար,
Որ սկի նաչարս ձեզ մոտ չգայի
Ու ձեզ չտայի էս դառը խաբար:
էլ ի՞նչ եք մնացել էստեղ լուռ նստած,
Ձեր արևն հանգավ, ձեր աստղը թռավ.
Ճար ունիք՝ տեսե՛ք, ի՞նչ եք շվարած,
Թև առե՛ք, թռե՛ք, թշնամին հասավ:
Էզիդ խալիֆեն Դամասկոսի մեջ
Չի՛ ուզում գլուխ տա մեր սուրբ իմամին.
Զորքն Էկավ անթիվ, չորս կողմներս բռնեց,
Կրակ է, տալիս մեզ չար հարամին:
Մեր քաջ արաբի ագգի էս յաղին
Շլինքը ծռեց, հրես մոտացավ.
Մեր զորքի տուտը Հալեբ հասցրին,
Իմամ Հուսեինն ղրղու չանգն ընկավ:
երկրորդ գուժկան
Հարա՜յ, մադա՜թ, վա՜յ թուր խփի սրտիս.
Ամա՜ն, Ֆաթմա ջան, քո գլխիդ ղուրբան.
Հասան, Հուսեյն վա՜յ, վա՜յ իմ արևիս,
Հասան, Հուսեյն վա՜յ… վա՜յ… վա՜յ, վա՜յ, ա՜խ, ջան:
Աչքըս դուս գա, վա՜յ… խանում ջան, վա՜յ…
Երեսիդ մեռնիմ, օ՜խ… ըմբրիդ ղուրբան, ա՜խ…
Երկի՛նք, քանդվիք, վա՜յ… մեր գլուխը տարան, վա՜յ…
Գլխիդ ճարը տե՛ս, ա՜խ… իմամին տարա՛ն, աստված ջան…
Վա՜յ, ես քոռանամ, վա՜յ… վա՜յ, ջանս դուս գա, վա՜յ…
Վա՜յ, օրս խավարի, վա՜յ… վա՜յ, գետին,
Պատռվի՛ր, վա՜յ…
Վա՜յ… ամա՜ն… մադա՜թ… հարա՜յ… ջան, ղուրբան…
Մերն ու դստերքը
Մերը
Ա՜խ, ի՞նչ եք ասում, էդ ի՞նչ եք պատմում,
Կրակ եք բերել, որ օջախս էրեք.
Լռվի էդ լեզուն, չորանա բերնումն.
Տունըս քանդեցին, ջիվա՛ն երեխեք:
Հոդ ըլի գլխիս, ըմբրիս, արևիս.
Վա՜յ, իմ անցկացրած, իմ սև օրերիս.
Վա՜յ, ես ի՞նչ կանեմ, ո՞ր ջուրն ես ընկնիմ,
Ո՞ւմ դռանը մնամ, ո՞ւմ ձեռին նայիմ.
Յարադանդ խռով, իմ բա՛խտ անիրավ.
Ոտս ընչի՛ չկոտրվեց, էս ի՞նչ եմ լսում.
Ա՛խ, իմ ծուխս հատավ, օրս խավարեցավ,
Ինձ ո՞վ անիծեց էս դառն աշխարքումն:
Քո սուրբ իմամի նամազիդ ղուրբան, վա՜յ…
Քո Ալու փանջի գլխին ես մատաղ, ամա՜ն…
Արդար պատկերիդ, ա՜խ, ես մեռնիմ, ջան…
Ջանս քեզ ղուրբան, աղա ջան…
Երեսս ոտիդ տակ փիանդազ, մադա՜թ…
Եթմներիդ գլխովն պտիտ կտամ, աղա՛ ջան…
Հասան, Հուսեյն՝ իմ սա՛ր, իմ գլուխ, ա՜խ…
Սրանց ի՞նչ ջուղաբ տամ, ջա՛նմ ջան, վա՜յ…
Ախր էս ի՞նչ բերիր Էսօր մեր գլխին, ա՛զիզ ջա՜ն…
Կրակ ածեցիր մեր սրտին, ջանին, թա՛ռլան ջան…
Ի՞նչ կըլեր, մեկ ձենդ էլա լսեի, ա՜խ…
Ի՞նչ կըլեր, մեկ երեսս երեսիդ դնեի, ա՜յ իմ օրս խավարի:
Ի՞նչ կըլեր, հոգիս ոտիդ տակին՝
Քո հոտն աոնեի, շունչս փչեի:
Ա՜յ իմ երկնքի հրեշտակ, իմամի որդի,
Երկրի թագավոր, աստուծո՛ սիրելի.
Մեկ թևդ երկնքումն, մեկ թևդ գետնում,
Սարերն էին թրիդ առաջին դողում:
Արարած աշխարհ ոտի տակ տվիր,
Բյուր ջամհաթ, օլքյա ձեռիդ տակը բերիր.
Ոտդ փոխելիս՝ դող էին ընկնում
Սարերն ու իրանց գլուխն քեզ ցածացնում:
Ծով, գետ ու ցամաք երբ քո ձենն առան,
Իրանց ոտովն, ա՜խ, քո դուռը էկան:
Աչքդ քցելիս՝ ամպերն Էն սհաթին
Թև էին առնում, գոռում, սասանում.
Ոտդ թափ տալիս՝ գետինն իր տակին
Լերդը պատռում էր, սասանած մնում:
Արեգակն իրա գլուխը քեզ տվեց,
Լուսինն իր մազերն ոտիդ տակն փռեց,
Երկինքն քեզ համար ծոցը բաց արեց,
Ամպերով տարավ ու մեզ որբ թողեց:
Էլ ո՞վ աշխարհիս տերություն կանի,
Էլ ո՞ւմ շվաքի տակին կհովանան:
Քյուլ աշխարհ, ջամհաթ քեզ կկարոտի,
Քո ձեռն էր պահում, Էդ ձեռիդ ղուրբան:
Քյաբ ու Մեքեն մեր գլխները ծեծում,
Ծով, ցամաք, աշխարհ քո սուգն են անում,
Հող տալիս գլխին, հիմիկ էրվում են,
Անունդ հիշելիս՝ մաշվում, տոչորվում:
Քո եթմների պետք է ձեռը բռնած՝
Գլուխս առնիմ, կորչիմ, ես խեղդվիմ.
Անտեր մնացինք՝ սրտըներս մեռած,
Էս դառն աշխարքումն էլ ի՞նչ օր կտեսնիմ:
Իմ տե՛ր, թագավոր, լուսին, արեգակ,
Իմ գլխի դու թագ, իմ հոգվույս ճրագ.
Ամենն փչացան, բայղուշս մնացի,
Որ իր սև օրը, ա՜խ, միշտ լաց ըլի:
Թե թուր կոխեմ սիրտս, սրանց ո՞վ պահի.
Թե լերդս ճոթռեմ, սրանք ի՞նչ անեն.
Ո՞վ սոսնց կաթ կտա, ո՞վ կմեծացնի,
Թե ծծերս էլ կտրեմ, սրանք ո՞ւր կորչին:
 
 
Աչքս լալուցը քոռացավ, մաշվեց,
Շատ սգալուցը ջիգյարս խորովվեց.
Ա՜խ, ի՞նչ կըլեր, որ մեկ երեսդ տեսնեի,
Հետո հազար թուր սիրտըս խրեի:
Ընկե՛ք իմ գլխիս, սարեր ու ձորեր,
Ինձ տակով արե՛ք, կերե՛ք, մաշեցե՛ք.
Թո՛ղ ես մեռնեի, չմնայի անտեր:
Ջա՛ն, դո՛ւս արի, ջա՛ն, դժոխք, ինձ կերե՛ք;
Անհեր իմ եթիմ դստե՛րք, խղճալի,
Ձեզ ո՞վ էլ դոշին, գոգումն կդնի,
Ա՜խ, ո՞վ էլ սիրով, ձեր խաթրն առնելով.
Ձեր դարդը կքաշի՝ ղուրբան ասելով:
Ո՞ւր ա Էն աչքը, որ ձեզ տեսնում էր,
Խնդում, զմայլում, ձեզանով փարվում.
Ո՞ւր, ա՜խ, էն ձեռքը, որ ձեզ գգվում էր,
Համբուրում, սիրում, ձեզ մխիթարում:
Ձեր ծովն հավիտյան ցամաքեցավ, վա՜յ…
Շլինքը ծուռը, ձեզ դարդավարամ
Թողեց ու գնաց, ձեռք վեր առավ, վա՜յ…
Ո՞ւր ա ձեր հերը, ո՞ւր էլ նրան ման գամ:
Սիրտս յարալու, կրակ է ընկել,
Ո՞ւր ա ձեր տերը, քա՛ղցր բալեք ջան.
Թախտը փուլ էկավ, ո՞ւր կտեսնիք էլ,
Որ քաղցր լեզվով ձեզ մեկ բարով տան:
Հուսեյն աղամ ջա՛ն, ջանս քեզ ղուրբան.
Մեր տունը քանդեցիր, մեր սիրտն էրեցիր.
Ո՞վ մեզ ճար կանի, գլխովդ տամ ման,
Ո՞ւմ դուռը գնանք, մեզ էլ տանեի՜ր…
Ադջկերք (դստերք)
Աթա՛մ, անա՛մ, վա՜յ… բաբա՛մ, ջա՛նմ, վա՜յ…
Հերներս ո՞ւր ա, վա՜յ… նա ե՞րբ կգա, վա՜յ…
Ո՞ւր է գնացել, վա՜յ… էլ ետ չի՛ զալ, վա՜յ…
Աթա՛մ, ջա՛նմ, վա՜յ… նանա՛մ, գյո՛զմ, վա՜յ…
Ա՜խ, լաց մի՛ ըլիլ, վա՜յ… Աչքիդ մեռնիմ, վա՜յ…
Մեզ տա՛ր, ջուրն ածի՛ր, մեզ եսիր տո՛ւր, վա՜յ…
Րիգունը կգա, օրը կբացվի,
Մեր դուռն բաց անող, ա՜խ, էլ ո՞վ կըլի,
Մեզ բարով տվող, ա՜խ, էլ ո՞վ կըլի:
Բաբա՛ ջան, վա՜յ… աղա՛ ջան, վա՜յ, վա՜յ…
Անա՛ ջան, վա՜յ… գյո՛զմ, ջա՛նմ վա՜յ…
Մեր ադեն, խալիֆեն էլ չի՜ գա՜լ…
Մեզ բարով, ա՜խ, սիրով էլ չի՜ տա՜լ…
Մեզանից խռովել ա, ձեռք վերցրե՜լ…
Մեր երեսն, մեր տունը չի՜ տեսնիլ…
Ախր ո՞ւր գնաց նա, մեկ բան էլ չասեց…
Ախր ի՞նչ արինք, որ մեզ դեն քցեց:
Մեր աչքը հանեիր, ախր ի՞նչ կըլեր,
Մեզ սաղ մորթեիր, քեզ ո՞վ բան կասեր.
Ղրղի ու ագռավ թո՛ղ մեր միսն ուտեր.
Մեզ սուր քաշեին, մեզ կրակ քցեին:
Ախր ի՞նչ կըլեր, դու Էն չար մարդին
Մեզ տայիր, որ, ա՜խ, տարավ մեր աղին.
Բաս նա էլ չի՞ գալ, մեզ աչքից քցի՞լ,
Բաս նա մեր դարդը իմանալ չուզի՞լ,
Բաս որ լաց ըլինք, սիրտը չի՞ ցավիլ,
Մեռած վեր ընկնինք, չի՞ գալ, մեզ օգնիլ,
Մեզ եսիր տանին, չի՞ պրծացնիլ:
Որդիքը, աղջկերքը ի միասին
Ախր ի՞նչ արինք նրան, որ Էսպես խռովեց,
Ընչո՞վ կոտրեցինք սիրտն, որ մեզ թողեց.
Էլի որ վազինք, ետևիցը հասնինք,
Ոտի տակն ընկնինք, սուրութմիշ ըլինք,
Փեշը համբուրենք, ոտները լիզենք,
Ծնկներն խտտենք, լանք ու վեր ընկնինք,
Ասենք՝ կմեռնինք, թե տուն չգաս, մեր շլինքն
Կտրի՛, դուս ճոթռի՛, էլ տուն մի՛ ղրկի,
Էստեղ սպանի՛, մեր հոգին հանի ,
Քեզ մատաղ կըլինք, ոտիդ հող կդառնանք,
Մեզ մի՛ կորցնի, գլխովդ ման տանք:
Բաս նրա սիրտը, ա՜խ, գութ չի՞ ընկնիլ.
Բաս մեր սուգն ու լացն նրան քյա՞ր չանիլ:
Կասենք՝ հետդ տա՛ր, ուր որ գնում ես.
Մերներս մեռավ, բաս դու ցավում չե՞ս.
Բաս ետ չի՞ դառնալ, սիրտը չի՞ ցավիլ,
Բաս մեզ չի՞ խտտիլ, հողից վեր քաշի՞լ,
Երեսներս սրբի՞լ, աչքներս պաչի՞լ,
Գոգին նստացնի՞լ, դոշին կպցնի՞»լ,
Ղանդ ու շաքար տալ, գուրգուրի՞լ, ասի՞լ.
«Գլխովդ ման տամ, երեսիդ մեռնիմ,
Էլ մի՛ լաց ըլիլ, քո չարը տանիմ.
Աղեն նոքարդ ա, քեզ ղուրբան ըլիմ,
Սիրտը քեզ կուտա, անումիդ ղուրբան.
Դուք որ լաց եք ըլում, ձեզ մատա՛ղ գնամ,
Աչքս փուշ ա ցցվում, ձեր փուշն աչքս ըլի»:
Բաս մեզ աղեն էլ չի՞ գալ… վա՜յ…
Բաս մեզ բարով էլ չի՞ տալ… վա՜յ…
Բաս ձեն տալիս՝ ջա՞ն չասիլ… վա՜յ…
Մեռնում ըլինք, լաց չի՞ ըլիլ… վա՜յ…
Սոված ըլինք, դա՞րդ չանիլ… վա՜յ…
Անումը տանք, տուն չի՞ գալ… վա՜յ…
Հետը վազինք, ետ չի՞ գալ… ա՜խ…
Բաս մեր աղեն ո՞վ կրլի… ա՜խ…
Բաս մեր տունը ո՞վ կպահի… ա՜խ…
Ո՞վ մեր դարդին դարման կըլի… ա՜խ…
Մեր հավարին ո՞վ կհասնի… ա՜խ…
Մեզ որ տանին, ո՞վ կփրկի… վա՜յ…
Չէ՛, մեր աղեն բարի ա,
Դուս ա գնացել, տուն կգա…
Նրա ջիգյարն ազիզ ա,
Նրա սիրտը մեզ վրա ա:
Նա մեզ աչքից ավելի
Ուզում, սիրում, պաշտում ա.
Նա մեզ անտեր չի՛ թողա,
Մի՛ դարդ անիր, ջան ա՛նա.
Քո ցավը տանինք, ա՜խ, ա՛նա,
Մեզ մի՛ սպանիր, մատաղ գնամ.
Մեզ տա՛ր, թաղի՛ր, քեզ ղուրբան,
Ա՜խ, անա ջան, շա՛նմ ջան:
Մենք ո՞ւր կորչինք, ա՛զիզ ջան,
Ո՞ւմ ասենք՝ լաց մի՛ ըլիլ.
Քեզ ղուրբան, հողդ ըլինք,
Երեսիդ մենք մեռնինք:
Ձենդ թո՛ղ չլսենք,
Լացդ չտեսնինք,
Քեզ տխուր չիմանանք,
Քեզ դարդոտ չգտնինք:
Ջուրն ածի՛ր, մեզ խեղդի՛ր.
Սուրը քաշի՛ր, մեզ սպանի՛ր.
Առաջ մեզ քո ձեռովն
Հողը դի՛ր, դու պրծի՛ր,
Հետո դու մեր կշտին,
Մեզ վրա լաց ըլի՛ր:
Անա՛ ջան, վա՜յ… հրես էկան, վա՜յ…
Մեզ կտանին, կսպանե՛ն… վա՜յ…
 

– Տարե՛ք, տարե՛ք, անա՛ ջան, բաբա՛ ջան, բա՛ջմ ջան, ղովո՛ւմ ջան… ալլա՜հ, ալլա՜հ… վա՜յ… ա՜խ… վա՜խ… մեռա՜… հասի՛ր, հասի՛ր… հարա՜յ… դա՜տ… բեդա՜տ… վա՜յ… վա՜յ… հը՜-հա՜, հը՜-հա՜. Հը՜-հը՜, հը՜-հը՜, հո՜… հը՜… հո՜ւ…

 

– Սասն քյա՛ս, վե՛ր ջանն, իմա՛մ ուշաղի, սանն նա՞ հադդն վար քի դհա ուզըն բիզդան դոնդարիսան, աղլիրսան, բաղրիրսան. Դո՛ւրն, դո՛ւրն, գեդա՜խ (Ձենդ կտրի՛ր, ջանդ տո՛ւր, իմա՛մի որդի, քո ի՞նչ հադդն ա, որ էլի երեսդ մեզանից քաշում ես, լալիս ես, ձեն տալիս):

6

Հենց էն ա, սուգը պրծնելով էր, որ բեղաֆիլ թամաշաչոց աչքը մեկ կողմով ընկավ, ու ամենն էլ սկսեցին փսփսալ, իրար երեսի մտիկ անիլ: Ուչթափալարի (երեք սարի) գլխին հանկարծ մեկ քանի ղարալթու երևացին, որ ո՛չ արախլվի (պարսիկ) նման էին, ո՛չ հասարակ ճամփորդի: Հենց իմանայիր, թե նրանք զու են բռնել, որ գան Երևան, չափմիշ անեն, տանին: Ձին քշելիս՝ սուր գդակների ծերերը բռանց էին երևում: էնպես գիտես, թե ամեն մեկի գլխից մեկ մեծ մահրամա կապած, ծերը մախսուս բաց թողած ըլի, որ քամու հետ խաղա, ու ամեն մեկը մեկ աժդհի նման էին աչքի առաջը գալիս, էնպես էր քամին նրանց ծոցը մտել, շորերը ետ տարել, ու չափ քցելիս՝ ձիու վրիցը դես ու դեն տանում, ֆռռացնում: էն էլ էր լավ պարզ երևում, որ էս էկողները ո՛չ թվանք ունեին, ո՛չ թուր, ո՛չ ջիրիդ: Հենց ձիանը բաց էին թողել ու իրար ետևից դարիվեր, դարիդուս իրանց քեֆին քշում: Տեսնողը մնում էր սառած, թե ի՞նչպես են նրանք սիրտ անում, էն սուր սարերի ծերիցը դարիվեր էնպես չափ քցում, որ մարդ ոտով էլ չի՛ կարող վազիլ, էնպես դիբ ա էն սարերը: Փոքր ժամանակից հետո բոլորն էլ գյում էլան ու ընկան Դալմեքանց ձորերի, բաղերի մեջը: Ամենն էլ ուզում էին իմանալ, թե էս զարմանալի ճամփորդները ո՞վ պետք է ըլեին: Կարծեմ, որ մինչև չասեմ, դու էլ չե՛ս իմանալ: Մեր երկրացոնց աչքը էնպես սուր ա, որ շատ հեռու տեղից ղարալթուն իր շարժմունքիցն են ճանաչում, բայց էս միջոցին, հենց բռնի՛ր, բոլորի աչքերն էլ կապվել էին: Ո՞վ ա գիտում, բալքի թե շատ էին լաց էլել:

Կես սհաթ չքաշեց, Գյոռխանեքանց կողմիցը վեղարների սուր-սուր ծերերը ափաշկարա ցույց տվին, որ Էն Ուչթափալարի ղոչաղ ձի խաղացողները մեր սուրբ Աթոռից Էկող եպիսկոպոս-վարդապետներն էին, որ էսպես հանդիսավոր օրերը միշտ պետք է գային, լավ-լավ փեշքաշներ բերեին, որ Երևանի սարդարի, խաների խաթրը առնեն, տոնըները շնորհավորեն ու իրանց ծառայությունը ցույց տան, որ նրանց աչքը մեր ազգի ու մեր աշխարքի վրա քաղցր ըլլի: Իրանք էլ ղորդ ա, խալաթ էին ստանում, էնպես ետ գնում, ամա մեկին տասը քթըներիցը, ջանըներիցը հանում էին, հետո, ու շատ անգամ շաբթով, էրկու-իրեք հարիր մարդով գնում էջմիածին, նստում, քեֆ անում, վարդապետներին մզում, քամում, էնպես դուս գալիս: Ցավն էս ա, որ սարդարը կամ Հասան խանը գալիս՝ բոլոր միաբանքը պետք է խաչով, խաչվառով, զանգակ տալով, շարական ասելով առաջ գնային ու նրանց տուն տանեին:

Քյահլան ձիանոնց վրա նստած մեր փառահեղ հոգևորականքը` փոքրավոր, տիրացու, թվանքչի ետևներին քցած, մեկի ձեռին գավազանը բարձր բռնած, մյուսները` որը առաջ էր վազում, որ ճամփա բաց անի, տեղ պատրաստի, որը աչքը իր մեծավորի աչքին քցած՝ մտիկ էր անում, որ նա աչքը թերթելիս իսկույն հրամանը կատարի: Կոնդի, Շհարի տերտերներն էլ, որ տիրացըվերով, խաչով, խաչվառով դուս էին էկել ու սաղ օրը բերդի մոտին չորացել, սպասում էին, որ նրանց առոք-փառոք տուն բերեն, էնքան ահ ու դող էին քաշել անց կենող անհավատների ձեռիցը, որ թուքըները բերնըներումը սառել էր: Ամեն անց կենող մեկ բան էր ասում. որը մատներն էր իրար վրա խաչաձև դնում, ափեղցփեղ գլխիցը դուս տալիս, բերանը հոտացնում, որը շարականի հանգով բան էր ասում, մռռում, տերտերների վրա ծիծաղում, որը դունչը ծռում, ձեն տալիս.

– Քեշիշ, բելա ի՞շ (տերտերն ու էսպես գո՞րծ):

Բազի թաջիր ու ախունդ էլ անց կենալիս հո, աստվա՛ծ ազատի, աչքերը առաջը քցած, նոթերը կիտած՝ էնպես մեկ խորթ ձևով տակնըհանց նրանց վրա քիթ ու պռունկը հավաքում, խոժոռած, քափը բերանը կոխած՝ մտիկ էր տալիս, որ թե ձեռին ճար ըլեր, կուզեր, որ հենց է՛ն րոպեին նրանց արինը ծծի, սաղ-սաղ ուտի: էս էր, որ հենց էսօր էլ Երևանումը, շատ եկեղեցու սրբերի՝ որի աչքերն ա հանած, որի բերանն ա քերած, որի կես երեսը պոկած, շատ եկեղեցու գլուխը քանդած, դռներն ու սեղանը խարաբա, շատի միջում ոչխարի տարթը մեկ գազ բարձրացել, բեմ ու դուռը ծածկել ա, ամեն ծունր դնողի յա մեջը մտնողի հոգին էրվում, խորովվում ա, որ միտք ա անում, թե որ անշունչ պատկերների, քարերի գլխին է՛ս օյինն են բերել տե՛ս թե կենդանի քրիստոնեից հալը ի՞նչ կըլեր: Անտեր երկրի, անօգնական ազգի կամ անճար մարդի ցավն ո՞վ կքաշի, թե ինքը չքաշի:

Եպիսկոպոսին տեսան թե չէ, խեղճ տերտերները դողդողալով՝ ամենը մեկ պուճախից դուս եկան, շուրջառները քցեցին, տիրացուքը շապիկը հագան, խաչվառները բարձրացրին, գդակները վերցրին, խոր-խոր գլուխ տվին, եպիսկոպոսն էլ մեկ ծանր-ծանր խաչակնքեց ու հետո, առոք-փառոք, շարական ասելով, երեսները դեպի Անապատը շուռ տվին, ուրտեղ որ Երևանու առաջնորդը նստում ա: Հայոց միջումը, ինչպես որ հայտնի ա, ամեն տեղ էս սովորությունը կա, որ նվիրակին յա եպիսկոպոսին էսպես պատվով ներս տանին: Շատ անգամ խալխն էլ ա առաջները դուս գալիս, փեշերը, աջը համբուրում, օրհնություն առնում ու էսպես ճամփից էկած, բեզարած, էկողին մեկ քանի վախտ էլ քաղաքիցը դուս կանգնացնում, որ, ինչ ա, իր մուրազն առնի, բայց, փառք աստուծո, որ էսպես անկարգ սովորությունները հմիկ քիչ-քիչ վերանում են, ու էլ էկողին չեն ինջմիշ անում:

Մեր եպիսկոպոսունքն էլ խոր հոգոց քաշելով` մեկ աչքըները քցեցին մեչըդի կողմն ա անսաս գնացին Անապատը, ուր քեդխուդեքը, իշխանք էկան, հավաքվեցան, ձեռըները համբուրեցին՝ գդակները վեր կալած, օթախը ներս գնացին. մեկ քանի աղքատ-ուղքուտ էլ տերտերների ու թվանքչոց հետ մնացին դռանը, ու փիլոնները կռնատակներին զրից էին անում, իրանց աղի հրամանին սպասում: Եպիսկոպոսունքը հենց ներս մտան, չաքմեքները հանեցին, շորըները փոխեցին, վեղարների ծերը ետ քաշեցին, խալըչի վրա նստեցին, բարձին թինկը տվին, իշխանաց որը երևելիքն էին, էս կողմն, էն կողմը պատի տակին չոքեցին, վարդապետ, տիրացու, փոքրավոր` աչքըները իրանց աղի աչքին քցած, ձեռըները դոշներին, առաջին կանգնած` իշխանների համար յա արաղ էին բերում, յա մազա թավազա անում: Ամենի աչքն էլ էկողների բերնի վրա էր, նրանք եռալիս իրանք էլ բարձր ու ցածր էին անում, նրանք երեսները շրջելիս` իրանք էլ հետըները շրջում, մեկ բառով՝ էնքան էր իշխանաց պատիվ տալը ու եպիսկոպոսաց ահարկությունը, որ հենց կիմանայիր, թե նրանց հոգին սրանց ձեռին ա:

– Հլա գալուստդ շնհավոր, հա՛յր սուրբ, մեր գլխին, մեր երեսին. աստված ձեզ մեր գլխիցը չի՛ պակսացնի: Մեր աչքը հենց միշտ ձեր ճամփին ա. աստված մեր սուրբ Աթոռը ղադմի հաստատ ու պայծառ պահի, – սկսեց իշխանների մեկը գլուխ տալով ու տեղը դրստելով` բերանը բաց անիլ: – Ծառա եմ աջիդ, ի՞նչպես ա մեր հոգևոր տիրոնջ քեֆը, ջանը սա՞ղ ա, դամաղը չա՞ղ ա, լավ դռի ա, թե ոտից-ձեռից ընկել ա: Աստված նրան իր թախտին հաստատ պահի, նրա սուրբ աղոթքը մեր գլխիցը անպակաս ըլի՛. քանի որ նրա շունչը կա, աստված մեր ռզղը միշտ կհասցնի: Մեկ Աթոռ ունինք, մեկ Հոգևոր տեր, էլ հո ուրիշ բան էս աշխարքումը չունի՞նք: Գիշեր-ցերեկ մեր խնդիրքն է՛ն ա, որ աստված մեր Աթոռը շեն ու պայծառ պահի, մեր հոգևոր տիրոնջ կյանքը երկար անի: Ինչ ունինք՝ ձերն ա. մեր որդիքն էլ, տեղն ընկած տեղը, ձեր ուղուրին կծախենք, թա՛ք ըլի՝ ձեր աչքը մեզ վրա քաղցր ըլի:

Օրհնյալ լինիք, աստված ձեր հավատն օրհնի, աստված Հայոց ազգը միշտ շեն ու պայծառ պահի, – պատասխանեց եպիսկոպոսը, – դուք որ կաք, Լուսավորիչ պապի գառներն եք, հալբաթ որ ձեր եղը պետք է ուտենք, ձեր կաթը՝ կթենք, ձեր բուրդը՝ խուզենք, շոր կարենք, թե չէ հո՝ մերն ա, էն սև քարը, ո՛չ թուր ունինք, որ չափմիշ անենք, ո՛չ իշխանություն, որ զոռով խլենք: Ինչ որ կտաք, մենք էլ պետք է աչքըներս խփենք, ձեռըներս դեմ անենք, էն առնինք, ձեզ օրհնող ըլինք, ընդով յոլա գնանք: Վաճառականություն ասես թե ռաչպարություն, ջուլհակություն թե բաղմանչություն, դուք էլ գիտեք, որ մեր ձեոիցը չի՛ գալ: Սևագլխի փիրն իրան խռով ըլի, ընչի՞ ա պետքը էս աշխարքումս, օղլուշաղի երես չի՛ տեսնում, մարդամեջ չի՛ դուս գալիս, ի՞նչ ա մեր կյանքը, մենք հո մարդի կարգում չենք: Դուք մե՞զ կտաք՝ աստված էլ ձեզ կտա, մենք էլ մեր մեղավոր բերնովը աստված կաղաղակենք գիշեր-ցերեկ, որ դուք միշտ բախտավոր ըլիք, ձեր մինը հազար ըլի, ու որդով, զավակով ծաղկիք, ծլիք, զորանաք:

– Հա՛յր սուրբ, գլխիդ ղուրբան, քո ոտի հողն եմ, լավ ես հրամանք անում, ամա ի՞նչ անես, որ ընչանք բանը բանին ա հասնում, դանակն ոսկորին դեմ ա ըլում, էլ հանիլ չի՛ կարելի, – էն դհիցը քյոնդալանա մեկը ձեն տվեց ու փափախը դզեց: – Մենք էլ լավ գիտենք, որ խաչն էլ ա մերը, ավետարանն էլ, մենք էլ գիտենք, որ տասներկու խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխն հայն ա, հայի ժամի արարողությունն ու շարականը, հայի մեռոնն ու Հավատամքը մեկ ազգ էլա չունի, ամա էս անօրենքները մեզ հավատից էլ են քցել, հալից էլ. մալ են տեսնում մեզանում, խլում են. աղջիկ են գտնում, քաշում են. մեզ կրակն են դրել, սաղ-սաղ էրում են, փոթոթում. թե մեկ խոսք էլ ասում ես հո, վա՜յ քո օրին, արևին, գլխիդ էնքան բռնցքում են (մուշտում), որ աչքդ բուռդ ա ընկնում: Տունդ էլ որ քանդեն, ձեն չպետք է տաս: Ախր որ մեր միսն էսպես գազանի պես ուտում են, սրա չարեն ի՞նչ կըլի: Տեղից վեր կենողը ոտը մեզ վրա ա բարձրացնում: Չի՞լում, որ մեկ օր գնանք, ջուրը թափինք, պրծնինք: Ախր էս հո օր չի՛, որ մենք քաշում ենք: Մնացել ենք եթմի պես շլինքներս ծռած. սրա վերջն ախր ի՞նչ պետք է ըլի, գիր չե՞ք բաց արել, ի՞նչ ա ասում. էս աշխարքս քանի՞ տարի էլ պտի մնա, վախտը հասել չի՞, որ մեկ Գաբրիելյան փողը փչեր, աշխարքս հայլու պես դզվեր, էնպես, որ մեկ պստիկ ասեղ էլ մեկ օրվան ճամփից էրևեր, աճուճ-պաճուճը, Եղիա մարգարեն գային, մարդիկ մեկ թզի չափ դառնային, մեր սուրբ էջմիածինը ու Երուսաղեմը մնային, մեր ազգը զորանար, էս անհավատ անօրենքները մի կորչեին, ջնջվեին, ու մենք սկսեինք երկնքի ու երկրի փառքը վայելիլ, ինչպես որ հրեշտակը երազումը մեր սուրբ Լուսավորչին պատմել ա: Մենք էլ ասողից ենք լսել, հո մեր գլխի՞ցը չենք ասում: Ախր աթադան, բաբադան էսպես ենք իմացել, թե աստված պետականը որ մեր սուրը Լուսավորչուն էնքան չարչարեց, տասնըչորս տանջանք տալ տվեց, տասնըչորս տարի Խոր Վիրապումը, ծառա եմ նրա սուրբ զորությունին (ասեց ու երեսին խաչ հանեց), պահեց, մե՛ր խաթեր էնպես արավ, որ մեր ազգն էլ տանջվի, չարչարվի, էլ էս աշխարքին թամահ չանի, որ աստուծո մոտ պարզերես գտնվի ու երկնային թագավորությունը վայելի: Ա՜խ, ի՞նչ կըլեր, որ էս օրը մի շուտով գար, մեր աչքն էլ մի լիս տեսներ, երկրի թագավորությունը մեր ընչի՞ն ա պետքը. երկնքումը պտի մեր աստղը բանի, որ ամեն ազգ էլ տեսնին ու մեզ էրնակ տան: Մեր գլխին՝ թագ, իրանցը բաց տեսնին ու ամաչին, փոշմանին, որ երկրիս մեծությանը էնքան եսիր էին էլել: Տերտերն «երն» էլ են գիր բաց անում, ղորդ ա, ամա շատը իրանցից են ասում, նրանց ասածը ո՞վ մեկ չվանի կդնի. սուրբ Աթոռն էնտեղ էլած տեղը մենք նրա՞նց մուննաթը պտի ընկնինք: Մեկ ջուղաբ տո՛ւր, է՜, ա՛ջիդ ղուրբան գնամ, ձեր ոտը շատ գիտի, քանց մեր գլուխը: Մենք որ կանք` սարի հայվանի պես առավոտները վեր ենք կենում, էրեսներս լվանում, խաչ հանում, մեկ քանի խոսք էլ գլխըներիցս դուս տալիս ու գնում մեր բանը: Գիրն էլ ա ձեր ձեռին, գրի բալանիքն էլ: Ձեր մեկ մազը աշխարքի բարեբար բան գիտի: Ասում են, թե ընչանք աշխարքս չվերջանա, մեր ազգին ո՛չ թագավորություն կըլի, ո՛չ թախտ, հենց էսպես պտի չարչարվինք՝ մենք դատենք, ուրիշներն ուտեն: Ղորդն ու սուտն աստված գիտի, պարտական մնա ասողն էլ, գրողն էլ: Ասում ա` մեկ գիժ մեկ կարաս կոտրեց, հարիր խելոք վրա թափեցին, չկարացին սաղացնիլ: Բանն ընկել ա բերնեբերան, ասածդ հո չե՛ս կարալ ետ ուտիլ: Մեր պապերիցը մեր անկաջն ա ընկել, մեզանից մեր որդիքը կիմանան: Վա՜յ հախին, վա՜յ նհախին: Լավ արիններս էլ եռ ա գալիս, լավ սիրտ էլ ունինք, տղամարդություն էլ, որ մեր դուշմանի հախիցը վեր գանք: Մեկ հայ, տեղն ընկած վախտը, լավ տասը թուրքի էլ տակն ա դնում ու միսըները բերանները տալիս: Ղորդ ա, նրանք պաս չեն պահում, միշտ եղ ու կարագ ուտում, ու մենք շատ վախտ, շաբթով, ամսով, հենց ցամաք հացով ու խոտով, բանջարով ենք յոլա գնում, ամա, ղուրբան ըլիմ մեր սուրբ մեռոնի ու Լուսավորչի լիս հավատին, նրանց զորությունը շա՜տ, շա՜տ ա: Փի՛ր ըլին մեր սրբերն ու մեր ամենափրկիչ սուրբ Գեղարդը. մեկ բան ըլելիս յա ղոնշուն դուս գնալիս` մեր մի հայը մեկ դագանակով էլ շատ անգամ տասը թուրքի գլուխը կջարդի, մեկ մատով որ խփի, տեղնուտեղը բանհոգի կըլին, հայի փիրն ու սոյը ա՛ստված օրհնի: Ամա ի՞նչ անենք, մեզ հրաման չկա թուր բանացնել: Քրիստոս ինքը Պետրոսի ձեռիցը թուրն առավ, որ հայ քրիստոնեն էլ թուր չի՛ վերցնի: Քրիստոնէի թուրը աղոթքն ա, ժամը, պատարագը, պասը, ծոմը, ողորմություն տալը: Ասիլը հեշտ ա, անիլը՝ դժար: Թող ժամ, պատարագն էլ ըլին, ո՞վ ասում՝ չըլի «ն» լեզուն քրքրվի ասողի, ամա թրի ու թվանքի փիրն օրհնած ա, թեկուզ բողազս էլ դուս կտրեն, ես դրուստն եմ ասում: Թուր որ չունիս՝ գլուխդ կտրում են, օղլուշաղդ քաշում, կերածդ հարամ անում, դատածդ խլում, քեզ էլ եսիր անում, աշխարքն Էսպես ա, ի՞նչ կարաս անիլ: Տու՛ր Էն աջը, որ բռնի Էն խաչը: Աղոթքն իր տեղը, թուրն` իրը: Աստված ղշին, հայվանին էլ յա՛ չանգ ա տվել, յա՛ պոզ, յա՛ ատամ, որ չանգռի, հարու տա, կծի, իր գլուխը պահի: Ես մեղա աստծու: Սիրտս էրվում ա, Էնդուր համար եմ ասում, թե չէ` ինձ նման շատերն էկել, ա՜խ, վա՜խ քաշել, իրանց սև օրը լաց էլել ու էլ ետ ա՜խ, վա՛խ քաշելով` հողը մտել, ես էլ նրանց մեկը. թե մենակ իմ դարդն ըլիմ քաշում, թո՛ղ աչքս հանեն: Թողություն արա՛, ծառա եմ սուրբ աջիդ, գիտում եմ, որ դուք էլ կցավիք, Էնդուր համար եմ ասում, թե չէ՝ մեկ պուճախ էլ ե՛ս կճարեմ, որ միջումը ձգվիմ. մեկ բուռը հող էլ հալբաթ կըլի, որ մեկ օր, աչքս խփելիս, երեսիս քցեն:

 

– Լա՛վ ես հրամայում, լա՛վ, ա՛ղա Պետրոս, – պատասխանեց սրբազանը, – ամա ի՞նչ անես, որ մենք Քրիստոսի ծառեն ենք և ո՛չ աշխարքի: Երկնքի որդին ենք և ո՛չ երկրի: Քրիստոս Տերն մեր, սի՛րելիք (երեսներին խաչակնքեցին), երկնի և երկրի արարիչը, եթե կամենար, որ իր սուրբ տնօրենությունը հեշտությամբ անց կենար, ու ինքը չչարչարվեր, չխաչվեր, էլ չէ՛ր գալ էս փուչ աշխարքը ու մարմին առնիլ որ մեզ ազատի: Մեկ որ հրամայել էր, ամեն բանը թամամ կըլեր: Ամա չէ՛, Ադամա մեղքը մնացել էր մեր վրա. մինչև էն մեղքը չջնջվեր, դժոխքը չքանդվեր, մեզ ազատություն չէ՛ր ըլիլ: Մենք սուրբ ավետարանի աշակերտն ենք, սուրբ ավազանի՝ որդիքը. էդպես մտքերը չար սատան են ա ձեր սիրտն ածում, որ գիշեր-ցերեկ մեր շվաքի ետևիցը ման ա գալիս: Ինքն՝ Տերն մեր, էկավ մեր մեջը, խոնարհեցավ, մեր մարմինն ու արինը առավ, մեր խաթեր խաչվեցավ, մեռավ, թաղվեցավ, որ մեզ, մեզ օրինակ ըլի, թե ով կամենում ա երկնային փառացը, Քրիստոսի սուրբ արքայությանը արժանանա, ընչանք չխաչվի, չչարչարվի, չտանջվի, իր գլուխը մահու չտա, աստուծո սուրբ տեսուն չի՛ կարող արժանանալ:

Ավետարանն ինքն ա ասում, «Որ ո՛չ առնու զխաչ և ո՛չ եկեսցէ, զկնի, որ ո՛չ թողցէ զհայր, զմայր, զկին, զորդիս և ո՛չ եկեսցէ զկնի իմ, նա չէ՛ ինձ արժանի եւ թէ՝ յարիցեն ագգ յազգի վերայ և թագավորութին ի թագավորութեան վերայ, նեղեսցեն, տանջեսցեն, հալածեսցեն զձեզ վասն իմ, այլ դուք ուրախ լերո՛ւք, զի վարձք ձեր բազում են յերկինս, և մազ մի ի գլխոյ ձերմէ ո՛չ կորիցէ առանց հօր իմոյ՝ որ յերկինս է: Այսպես հալածեցին զմարգարէս՝ որք առաջ քան զձեզ էին» և այլն: Տեսե՛ք, սի՛րելիք, էս էլ ավետարանի խոսքը. ինչ գրվածն ա, պտի կատարենք: Առաքյալք, մարգարեք, մարտիրոսք էսպես արին, իրանց արինը թափեցին, ինչպես ամեն օր լսում, կարդում ենք, որ այժմ աստուծո աջակողմյան դասումը նստած՝ իրանց վարձքն ստացել, փառավորվել, երկնային ուրախությունը վայելում են, մենք մեկ սհաթի հետ հավիտենական կյանքը պտի փոխե՞նք: էդ ո՞ր գիժը կանի: «Փառք աշխարհիս, իբրև զծաղիկ խոտոյ, այսօր է և ի վաղիւն ցամաքի»: Մեզ պես մեղավոր, անարժան մարդիկը պետք է աստծուն ընդիմանա՞նք: էդպես սարսափելի, չար միտքը ձեր սրտըներովն էլ չի՛ պտի անց կենա, ո՞ւր մնա՝ բերան բերեք յա լեզվով էլ ասեք: Ինչ աստուծո կամքն ա, էն պտի ըլի: Պողոս Առաքյալը չի՞ ասում, թե «Հնազանդ լերուք թագավորաց, զի՛յ Աստուծոյ են կարգեալ»: Պրծա՛նք, գնա՛ց: Ով այլ տեսակ կմտածի, անհավատ ա ու դժոխքի բաժին, մեր պարտականությունն ա, որ ասենք, ձերը՝ որ լսեք: Չե՛ք լսիլ, պարտականը դուք մնաք:

Բաս թե իմանաք` մե՛ր գլուխն ի՞նչ են բերում էս հավատի թշնամիքը, էն ժամանակը դուք ձերը կմոռանաք: Ամեն մեկ բեկ, մեկ խան սուրբ Աթոռը գալիս՝ մեզ կրակն ա դնում, էրում, շամփրի պես պտտում: Ո՛չ հաց ու ջուրն ա նրանց փորը կշտացնում, ո՛չ պատիվն ու փեշքաշները նրանց աչքը բռնում: Շաբթով նստում են մեզ վրա. ինչ որ ուզում են, տալիս ենք, էլի ռազի չե՛ն ըլում: Սարդարն ու Հասան խանը գալիս հո, երկինքը մեր գլխին փուլ ա գալիս, աշխարքն աշխարքով դիպչում. էլ շունը տերը չի՛ ճանաչում, էնքան գել են մեր գլխին թոփ ըլում: Քչիցը – քչիցը, ամեն մեկ գալիս, չորս-հինգ հարիր մարդ ետևիցն ընկած՝ տուն են թափում, ո՞ւմ առաջը բռնես: Խան, բեկ, ծառա, մեհտար, աշչի, ղուշչի, ղայլանչի, էրկու էնքան էլ ձի, ջորի, ուղտ, բարգ, բարխանա հետըները քցած՝ գալիս են, մտնում վանքը. դե արի՛, նրանց կառավարի՛: Ինչ օր որ նրանց ոտքը մեզ մոտ պետք է մտնի, հացըներս էլ ա հարամ ըլում, ժամըներս էլ: Սաղ օրը յա ժամի ծերին, յա ճամփի մեջտեղը, շոգում, անձրևում, թոզում պտի կանգնինք, մտիկ տանք, որ նրանք գան: Իրեք – չորս եպիսկոպոս պտին առաջը գնալ: Բոլոր միաբանությունը դուս ա գալիս, մեկ վերստաչափ. տեղ էլ գլխաբաց, խաչով, խաչվառով, շուրջառով, բուրվառով, խնկով, մմով առաջ գնում ու շարական ասելով, վազելով, ձիանոնց առաջին քափ ու քրտինքները կոխած՝ նրանց ներս բերում: Շատ անգամ, վանքի դուռը մտնելիս, պետք է զառ ճոթից, ղումաշից, Խասից փիանդազ քցած, որ էս անօրենների ոտը խերով ըլի, մեկ վնաս մեզ չհասնի, թե չէ ամենիս էլ կկոտորեն: Փիանդազը ֆառաշների փայն ա, դե արի՛, նրանց սիրտը շահի՛: էսպես՝ գալիս են, վանքը լցվում: Վեհարան, խցեր, Ղազարապատ` էլ տեղ չի՛ մնում, որ միջումը կուչ գանք: Հլա սարդարի, խաների սիրտը փեշքաշներով, փողով ենք առնում, ու կաթողիկոս, եպիսկոպոս գիշեր-ցերեկ գլխըներովը պտիտ գալիս: Ամա ինչ որ մեր խեղճ միաբանի ու նոքարների գլխին ա գալիս, քո դուշմանդ չտեսնի: Փետի, թրի առաջ արած, սաղ օրը ուշունց տալով, ծեծելով՝ հազար մեկ բան են ուզում: Յա ձիանոնց տեղն ու խոռակը լավ չի՛, յա իրանց սրտի ուզածը բանի պետքը չի՛: Մեր ձիանքն էլ են դուս անում, տավարն էլ: Խոզերին հո, վա՜յ նրանց օրին, որտեղ որ տեսնում են, թրատում, միջիցը կես են անում, ախր խոզի թշնամի են, բաս ի՞նչ կըլի: Մեր թխած հացը, էփած կերակուրը, մորթած միսը, ձեռը տված զատը հարամ ա ու հարամ: Իրանք են ամբարը մտնում, մառանը ընկնում, դռները կոտրատում, ու ինչ սիրտըներն ուզում ա, շատ փայը շաղ տալով, ոտի տակ քցելով, կոտրելով, ջարդելով, փչացնելով` իրանց ձեռովը դուս բերում, ուզածները շինում, էլի մեր յախիցը կպչում: