Tasuta

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

Դե մնացեք բարով, աղջիկներ,

Մեզ հեռավոր ճամփան է կանչում…

Աղջիկները միացան: Տղաները նույնպես սկսեցին երգել: Անատոլի Պոպովը ձգեց հարմոնը:

Դուք առանց մեզ, աղջիկներ, չտխրեք,

Հաղթանակով մենք նորից ետ կգանք…

Այստեղ-այնտեղ, ասես վախվորելով, վառվեցին ավանի աղոտ ճրագները. մթության մեջ նկարվեցին բաց դռները, դռների մեջ կանգնած ներքնաշորերով մարդիկ: Նրանք վաղուց երգի ձայն չէին լսել, և այն էլ այսքան ուշ: Տղաներն ու աղջիկները ավելի բարձրացրին իրենց ձայնը.

Դե մնացեք բարով, աղջիկներ,

Արշալույսին մենք գնում ենք ճակատ…

-Մայա,– թեթևակի բռնելով նրա նրա արմունկը, կամացուկ, քնքշաձայն ասաց Վիտալի Պոկրովինը:– Մի րոպեով, եթե կարելի է…

–Վիտյա՞,– զարմացավ Մայան:– Դու այս ո՞րտեղ էիր, չեմ նկատել:

–Իհարկե, չես նկատի,– դանդաղ ժպտալով ասաց Վիտյան:– Որովհետև չես ուզում նկատել:

–Չէ՝ ճիշտ:

–Այստեղ, ցանկապատի մոտ կանգնած էի:

–Գուցե մայրի՞կս է ուղարկել:

–Ոչ, ինքս եմ եկել: Քրոջս՝ Վերային ուղարկեցի ձեր տուն, եկավ ասաց դպրոցում ես: Ես էլ եկա:

–Վաղո՞ւց ես սպասում:

–Չէ, նոր եմ եկել:

Խմբից քիչ ետ էին մնացել: Բորիս Գլավանը շարունակ շրջվում, նայում էր նրանց կողմը: Հետո, հանկարծ դառնալով Ուլյային, արագ ասաց:

–Բարի գիշեր, ես գնացի:

–Ո՞ւր,– զարմացավ Ուլյանան: Բայց Բորյան տների արանքով ձգվող նեղ փողոցում էր արդեն:

–Առավոտյան կգամ, շուտ ենք գնալու,– հեռվից ասաց նա:

Մայան ժպտալով նայեց Ուլյանային:

–Ախ, աստված իմ,– ժպտալով ձեռքերը տարածեց Ուլյան,– էս խանդոտ երեխոց վերջն ի՞նչ է լինելու:

Իսկ երգը՝ ճակատ մեկնող տղաների մասին, շարունակվում էր տարածվել քնած Պերվոմայկայի վրա:

Դե, մնացեք բարով, աղջիկներ,

Մեզհեռավոր ճամփան է կանչում…

-Իսկ ի՞նչ է պատահել,– ցածր հարցրեց Մայան:

Վիտյան մի պահ լուռ էր, հետո միանգամից ասաց.

–Վաղը գնում եմ:– Ասես ծանր բեռից ազատված՝ նա խորը շունչ քաշեց:– Բանակ եմ գնում:

–Բանա՞կ:

–Այո: Թույլատրել են,– հպարտությամբ ասաց Վիտյան:– Չէին ուզում, հետո մի գնդապետ ասաց՝ վերցրեք: Վերցրին, առավոտյան գնում եմ: Եթե գնդապետը չլիներ, չէին թողնելու:

Մայան նայում էր նրան. ախր, նա բոլորովին երեխա էր, երեխայի պես մազափպւնջը ճակատին՝ իսկական երեխա. մի՞թե կարող է կռվել:

–Քեզ համար եմ կռվելու,– հանկարծակի ու վճռական ասաց Վիտյան՝ փախցնելով ճայացքը:– Ու եթե չգամ, եթե մեռնեմ՝ իմացիր, որ քեզ համար էր,– դողացող ձայնով ավելացրեց նա:– Ես ճիշտ եմ ասում:

Խմբից քիչ ետ, կողք-կողքի քայլում էին, և Մայան չգիտեր, չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ. նա ինչ-որ բանում իրեն մեղավոր էր զգում Վիտյայի առջև, իսկ հատկապես ինչո՞ւմ՝ չէր կարողանում ըմբռնել:

–Ե՞րբ ես գնում,– մի բան ասաց լինելու համար հարցրեց նա:

–Վաղը,– Վիտյան և քայլում, և կողքանց նայում էր նրն:– Առավոտյան ժամը իննին: Գուցե և տասին՝ չգիտեմ: Իննին այնտեղ՝ զինկոմիսարիատում պիտի լինենք:

–Իսկ տա՞նը,– նորից մի բան ասաց լինելու համար հարցրեց Մայան:

–Տանն ի՞նչ:

–Տանն ո՞վ է մնում:

–Պարզ է՝ մայրիկն ու Վերան: Մեկ-մեկ անցիր նրանց մոտ, եթե կարելի է, խնդրում եմ…

–Շատ լավ, Վիտյա: Կանցնեմ: Իսկ հայրիկից նամակ չկա՞:

–Հայրիկի՞ց…-Վիտյան կծեց ներքևի շրթունքը, այդպես մի կարճ դադար մնաց և միանգամից ու խոր թառանչով ասաց.– Հայրիկը չկա, զոհվել է:

–Ինչպե՞ս:

–Սև թուղթը ստացել ենք: Տանը չգիտեն, ես եմ ստացել: Չեմ ասել ոչ ոքի:

Լռություն: Երկինքը հանկարծակի մթնեց. Լուսինը մայր էր մտել: Մայան նայեց երկնքին և, չգիտես ինչու, հորիզոնից հորիզին ընկած մութ երկինքը նրան անսկիզբ ու անեզր մի սև թուղթ թվաց՝ փռված աշխարհի վրա: Նա երկար այդ մասին էր մտածում:

–Ինձ նամակ կգրես, Վիտյա,– անսպասելի ասաց Մայան:

–Լավ,– շողացող աչքերով նայելով Մայային, ասաց Վիտյան:– Իսկ դու կպատասխանե՜ս:

–Իհարկե:

–Ուրեմն հիշելո՞ւ ես ինձ,– զգացմունքով ու ասես չհավատալով, հարցրեց Վիտյան,– Մի՞թե հիշելու ես:

–Դե իհարկե,– ժպտալու փորձ արեց Մայան:– Չէ որ մենք հարևաններ ենք:

–Որպես հարևա՞ն ես հիշելու, ուրեմն,– ընկճված ասաց Վիտյան:

–Այո…– Մայան շփոթվեց նրա հայացքից. նա չէր ուզում Վիտյային վիրավորել:– Եվ որպես հարևան, և որպես ընկեր,– Ավելացրեց Մայան:– Ուլյա,-կանչեց նա,– աղջիկներ:

Երգը վերջացել էր, աղջիկները տաք վեճի մեջ էին, թե իմացած երգերից որը երգեն: Նրանք ետ շրջվեցին:

–Վաղը Վիտյան բանակ է գնում, նայելով մեկ Վիտյային, մեկ՝ նրանց, ասաց Մայան:– Գնա՞նք ճանապարհելու:

–Գնանք,– ասաց Ուլյան:-Անպայման: Ժամը քանիսի՞ն է, Վիտյա:

Վիտյան ասաց ժամը:

–Բոլորս գնում ենք ճանապարհելու: Մի քիչ կուշանանք աշխատանքից: Կարելի է, չէ՞, ընկեր քարտուղար:– Ուլյան ծիծաղով լի աչքերը հառեց Մայային. մթան մեջ բոցկլտում էին նրա սև, խոշոր աչքերը:

Անկարելի ոչինչ չկա քեզ համար, իմ գեղեցկուհի Ուլկա,– հանդիսավորությամբ ասաց Մայան:

Բոլորը ծիծաղեցին:

Աննա Փահլիվանովան թփերի արանքով ըմկած նեղ, տոփանված կածանով գնաց, բաց արեց այգու դռնակը, դուրս եկավ փողոց: Փողոցի մյուս ծայրից գալիս էր աղջիկների խումբը: «Վերջապես»,– հանգիստ շունչ քաշեց նա: Առաջ Աննան երբեք չէր անհանգստանում, երբ Մայան ուշամում էր: Նրա համար Մայան փոքր երեխա էր դեռ: «Ընկերուհիների մոտ կլինի»,– ասում էր ինքն իրեն: Եվ հանկարծ Մայան նրա աչքին միանգամից մեծացավ, դարձավ հասուն աղջիկ: Նա նույնիսկ զարմացավ, այդ ե՞րբ այդպես մեծացավ Մայան: Անցյալ տարի էր դա, տարեվերջի ավարտական հանդեսին. Մայան մեծ հուզմունքով էր սպասում այդ օրվան: Ընկերուհիները՝Ուլյան, Լինան, Շուրան, Մարինան, Լիլիան, Նինան հաճախակի էին հավաքվում, միասին երգում ու արտասանում. շարունակ լսում էր նրանց զրնգուն ծիծաղը: Աննան շատ էր ուզում, որ Մայան ամենից լավ լինի հագնված: «Թող չասեն, թե հայր չունի, թող ամենևին չըմկճվի»,– այդպես էր մտածում մայրը: Հատկապես այդ երևույթի առթիվ, Աննան Մայայի համարկապույտ կտորից գեղեցիկ շրջազգեստ կարել տվեց, չնայած Մայան չէր ուզում, նա ուզում էր, որ մայրն իր համար կարի այդ շրջազգեստը… Աննան մի կերպ համոզեց նրան, և, երբՄայան հագավ շրջազգեստը՝ ձյունաճերմակ ժանյակավոր օձիքով, Աննան հիացմունքից խոսք չգտավ ասելու: Նա աղջկա մազերի մեջ կովկասյան երիցուկ ամրացրեց, Մայան նայեց իրեն հայելու մեջ և ծիծաղեց. «Այնպես շքեղ եմ հագնվել, կարծես հարս գնալիս լինեմ,– ասաց նա,-ես այսպես չեմ ուզում, շատ է աչքի զարնում»: Մայան հանեց այդ շրջազգեստն ու հագավ իր ամենօրյա կապույտ բրդյա հագուստը: Երեկոն Գորկու անվան ակումբում էր: Մայան շարունակ բեմի վրա էր՝ իր կապույտ շրջազգեստով: Ամեն կողմից հիացմունքով հարցնում էին. «Ո՞ւմն է այս գեղեցիկ աղջիկը»: «Այսի՜նչ լավիկն է»: Հետո, մի քանի օր անց, իրենց տուն եկավ Կրասնոդոնի շրջսովետի աշխատակցուհի Գալինա Նեստերովան: «Աննա Վասիլևնա, եկել եմ աղջկադ տեսնելու,– ասաց նա:– Տղաս Ռոստովի բժշկական ինստիտուտում է սովորոմ և ուղղակի սքանչացած է նրանով»: Զարմացավ: «Աղջիկը ո՞րն է,– ժպտաց Աննան:– Երեխա է դեռ»: Երբ Մայան դպրոցից եկավ, Աննան սկսեց ուշադիր ու թաքուն նայել նրան: Ասես առաջին անգամ էր տեսնում. շարունակ նայում էր: Նրա աչքին Մայան ավելի սլացիկ թվաց, քան առաջ: Նրա աչքերը՝ շողարձակող ու խոշոր, դիմագծերը՝ նուրբ ու գրավիչ, նրա փարթամ ու թխավուն մազերը, նռան պես կարմիր ու լիքը շուրթերը- մայրը աչքը չէր կարողանում կտրել նրանից. հմայված նայում էր: «Մամ, ինչո՞ւ ես այդքան նայում,– աչքերի թեք նայվածքով, ժպտալով հարցրեց Մայան:– Շարունակ նայում ես»: Իսկ մայրն ասես չէր լսում: «Հորն է քաշել,– սրտի նվազումով մտածում էր նա:– Լրիվ նա է: Նույնիսկ աչքերի այդ թեք նայվածքը, թեթև ժպիտը՝ շուրթերի ծայրերին: Մազերի գույնը, հոնքերը՝ թանձր ու թուխ, նուրբ կտրվածքով իջնող կամակոր շուրթերը…» Այդ օրվանից նա այլևս Մայային մենակ ոչ մի տեղ չէր թողնում: Եթե դասից քիչ ուշանում էր՝ հազար անգամ ներս ու դուրս էր անում, փողոցում կանգնում, սպասում էր:

–Աննա Վասիլևնա,– հեռվից կանչեց Ուլյան:– Ձեր հավերժահարսին բերում ենք՝ հասունության ատեստատով:

Աննան լայն ժպտալով առաջ գնաց:

–Մամանյա, շնորհավորիր աղջկադ:-Մայան վազելով եկավ, ընկավ մոր գիրկը:

–Շնորհավորում եմ, շնորհավորում եմ,– համբուրելով աղջկան, շարունակ կրկնում էր Աննա Փեհլիվանովան:– Խելոք աղջիկ դառնաս:

–Ուրեմն խելո՞ք չեմ, մամ,– իբր նեղացած՝ Մայան երեխայի պես ուռցրեց շուրթերը:

Է՛լ ավելի խելոքանաս: Բոլորիդ էլ շնորհավորում եմ, աղջիկներ: Երջանիկ լինեք, տա աստված՝ պատերազմը շուտ ավարտվի, գնաք համալսարան, ինստիտուտ ընդունվեք:

–Տեսնո՞ւմ եք ինչ մամանյա ունեմ,– ամուր սեղմվելով մորը՝ հպարտացավ Մայան:– Դիրեկտորից լավ ելույթ ունեցավ:

Ծիծաղելով հրաժեշտ տվեցին իրար:

–Մայեչկա, չմոռանաս,– հեռվից կանչեց Ուլյանան:– Առավոտյան վեցին:

–Չեմ մոռանա…

Պարզկա առավոտ էր: Զինկոմիսարիատի բակում, զինվորների պես շարքով կանգնած բարդիները թեթև քամուց դանդաղ օրորվում էին. Հրաժեշտ էին տալիս ասես ճակատ մեկնողներին:

Բեռնատարներն իրար ետևից դուրս էին գալիս զինկոմիսարիատի բակից: Վիտյան վերջին մեքենայում էր: Նա այդպես էլ մնաց աղջիկների հիշողության մեջ՝ աջ ձեռքով բեռնատարի թափկակողից բռնած՝ տխուր աչքերով: Աղջիկներն ու տղաները օդում թափահարում էին ձեռքերը, իսկ Վիտյան միայն նայում էր: Մի անգամ նույնիսկ ձեռքը չբարձրացրեց: Միայն նայում էր թափքից: Բեռնատարը ցնցվելով գնում էր, հեռանում էր, իսկ նա նայում էր:

Դեռ նայում էր:

–Նա ինչո՞ւ էր այդպես նայում,– ցածր հարցրեց Ուլյանան:

–Չգիտեմ:-Մայան դեռ նայում էր ճանապարհին. մեքենաները գնալով փոքրանում էին: Քիչ հետո այլևս չէին երևում:

Փոշին հալվում էր ճանապարհի վրա:

Ինչպե՞ս էր բացել պատշգամբի ճռճռան դռնակը, ինչպե՞ս էր ներս մտել,– մայրը չէր նկատել, և հիմա Մայան կանգնել էր դռների մեջ, մազերը կարճ կտրած, նայում էր մորը ու ծիծաղում էր: Մայրը սկզբում չնկատեց, որ նա կտրել է մազերը:

–Ինչո՞ւ ես ծիծաղում,-երբ հանդիմանում էր, կեղծ լրջությամբ հարցրեց մայրը:– Ի՞նչ է պատահել քեզ:

–Մազերս,– ժպտաց Մայան:– Չե՞ս տեսմում, մամանյա:

Մայրը նոր միայն տեսավ. Զարմացական նայում էր նրան ու չգիտեր ինչ ասեր:

–Դու գժվե՞լ ես, Մայա,– վերջապես ասաց նա:– Դու այդ ի՞նչ ես արել:

–Է, դե ոչինչ, մամանյա, մի բարկանա, կտրել եմ՝ նորից կգան, ինչ կա որ…-Եվ Մայան այնպես էր ժպտում, և նրա ժպիտը այնպես մտերմիկ ու քաշող էր: – Գրազ եկա՝ կտրեցի:

–Չգիտեմ:– Մայրն օրորում էր գլուխը, փակ շուրթերով ժպտում:-Հիմա ի՞նչ անեմ քեզ հետ…Դա էլ նո՞ր բան ես սովորել՝ մամանյա, մամանյաս ո՞րն է:

–Պետրոս առաջինը իր մորը մամանյա էր կոչում: Չե՞ս հիշում, երբ մայրը վախճանվում է, նա գալիս է կնոջ՝ Նատաշայի մոտ, և ասում է. «Մեղք էր մամանյան, Նատաշա»: Մի՞թե չես հիշում,– վարակող ժպիտը աչքերում խաղացնելով ասաց Մայան:– Նույնիսկ Պետրոս Առաջինն իրմորը«մամանյա» էր էր կանչում, իսկ դու ինչո՞ւ չես ուզում, որ ես քեզ այդպես կանչեմ:-Մայան թեթև գրկեց մորը, այտը սեղմեց նրա այտին՝ քնքուշ, տաք:– Դու իմ անգին, իմ սիրելի ու աննման, անզուգական ու չքնաղ, անփոխարինելի մամանյան ես:

 

–Դե, լավ, թող գժություններդ:

–Ախր դու չես բարկանում, ես դա գիտեմ, դու ինձ սիրում ես: Եվ չես արգելում, որ աշխատանքից դուրս աղջիկների հետ մի քիչ լողանամ Կամենկայում: Կարելի է, չէ՞, մամ, շատ չենք լողանա՝ մի քիչ, կես ժամ:

–Խորամանկ ես բայց. աղջիկների հետ պայմանավորվել ու նոր հարցնում է ինձ: Միայն շատ չմնաք, լսո՞ւմ ես:

–Շատ լավ, մամանյա:

–Էլի՞ մամանյա: Իսկ ո՞ւր են աղջիկները:

–Քիչ հետո կգան: Գնացին նախաճաշելու:

Մայան նախաճաշեց՝ կանաչի, մի քիչ չոր հաց, երեք-չորս եփած կարտոֆիլ, ուզում էր դուրս գալ փողոց, տեսնելու՝ աղջիկները չկա՞ն դեռ, անձրև սկսեց: Երկինքը քիչ առաջ մաքուր էր, ամպի կտոր չկար, քամի էր միայն, և հանկարծ՝ անձրև:

Անձրևի խոշոր կաթիլներից ցանկապատի վրա ցատկոտում էին դդումի լայն տերևները, լցվում անձրևաջրով, թեքվումմի կողմի վրա, Մայան բաց արեց լուսամուտները: Թարմ ու սուր օդը՝ անձրևահոտի հետ, ներս խուժեց սենյակ:

Սև կազմով նրա օրագիրը դրված էր սեղանին՝ լուսամուտից ոչ հեռու: Թեթև հովը ասես փորձում էր շրջել օրագրի առաջին էջը, չէր ստացվում: Առաջին էջը դանդաղ շրջվեց: Մայան ակամա կարդաց սկզբի տողը՝ «Ուրբաթ, 24 հոկտեմբերի 41 թ.: Ես չգնացինրա մոտ»: Նա աթոռը մոտ քաշեց:Դրսում անձրևը համառորեն ծեծում էր դդումի լայն տերևները, երկինքը որոտում էր: «Ես չգնացի նրա մոտ,– շարունակեց կարդալ Մայան:– Եթե մայրիկը չլիներ… և քամին, որ այնպես ուժգին սկսեց փչել երեկոյան դիմաց: Ծառերը թեքվում էին մինչև գետին, օրորվում: Դեղին, կարմրավուն, ոսկեգույն տերևները պոկվում էին ծառերից, պտտվում-պտտվում էին՝ ալարելով, հանդարտ, ասես երկմտում էին՝ ըմկնե՞լ ցած, թե՞ ոչ, ու նոր նստում էին գետնին: Հետո քամին գալարվում, մի ոտի վրա պտտվում էր փողոցում, քշում, տանում էր տերևները:

Իսկ Բորյան սպասում էր, իհարկե: Ես մայրիկին հո չէ՞ի կարող ասել, թե Բորյայի մոտ եմ գնում: Ես մայրիկին ասացի գնում եմ Ուլյայի մոտ՝ գիրք կա վերցնելու:

–Ի՞նչ գիրք է,– ուշադիր նայելով ինձ, հարցրեց նա:

–Ֆիզիկայի դասագիրքս:– ասացի ես:– Անցյալ ուրբաթ էր տարել, մոռացել, թողել է տանը:

–Վաղը դաս ունե՞ք ֆիզիկայից:– Մայրիկը նայեց գրասեղանի դիմաց, պատին փակցված դասացուցակին:

–Ոչ, Բայց… ասել եմ գալու եմ տանեմ,– շփոթվելով ու փախցնելով հայացքս, ասացի ես:– Երևի սպասում է:

Մայրիկը ոչինչ չասաց, բայց ինձ թվաց, թնա հասկացավ, որ ես ճիշտ չեմ ասում: Կյանքում առաջին անգամ ես ճշմարտությունը թաքցրի մայրիկից, մինչև այդ չէր եղել, երբեք չէր եղել, որ սուտ որևէ բան ասեի նրան, և հիմա ամբողջ դեմքս վառվում էր ամոթից: Ես ուզում էի ներողություն խնդրել, բայց նա ասաց.

–Ոչինչ, վաղը ցերեկով կվերցնես: Հիմա ուշ է, քամի:

–Լավ,– չհամարձակվելով նայել նրան, ասացի ես:

Իսկ Բորյան սպասում էր ինձ ավանային գրադարանի մոտ: Նա ինձ ի՞նչ պիտի ասի, հետաքրքիր է: Եվ ինչո՞ւ դպրոցում չասաց: «Երեկոյան իասեմ,– հայացքը գետնին, դողացող ձայնով ասաց նա:– Խնդրում եմ, կգա՞ս»:

–Ոչ,– ասացի ես:

Դասերն արդեն վերջացել էին, աղջիկները՝ Նինա Գերասիմովան, Շուրա Բոնդարևան, Նինա Մինաևան, Ուլյան, Լիլիա Իվանիխինան, Զինա Վիրիկովան, Անգելինա Սամոշինան քիչ հեռվում կանգնած սպասում էին. երկրորդ օրն էր ինչավանային ակումբում ցուցադրում էին «Իշխանուհի Մերի» կինոնկարը, իսկ մենք չէինք տեսել: Աղջիկների հետ որոշել էինք գնալ, իսկ նա կանգնել էր իմ դիմաց, նայում էր ինձ, հառաչում:

–Չեմ կարող,– նորից ասացի ես, մտքում ծիծաղելով նրա կաշկանդվածության վրա. ախր առաջ նա այդպիսին չէր. համարձակ էր:

–Ինչո՞ւ,– կամացուկ հարցրեց Բորյան:

–Որովհետև…չեմ ուզում,– ճիգ գործադրելով ասացի ես:– Ախր ի՞նչ պիտի ասեք:

–Այստեղ չեմ կարող: Չգիտեմ, չեմ կարող,– կրկնեց Բորյան:– Այստեղ դժվար է: Իսկ երեկոյան կասեմ: Խնդրում եմ: Մի՞թե այդքան դժվար է քեզ համար: Մի քանի րոպեով գոնե:

–Չգիտեմ,– ասացի ես:

–Ես կսպասեմ գրադարանի մոտ: Ժամը ութին:– Նրա դեմքը վառվում էր. ես դա տեսնում էի: Չգիտեմ ինչու, հաճելի էր տեսնել, թե խոսելիս նա ինչպես էր հուզվում ու կարմրում:

Իսկ քամին գնալով ուժեղանում էր. թվում էր հիմա կպոկի տանիքը:

–Գիշերս ձյուն է գալու,– ասաց մայրիկը

Ես ժպտացի, որովհետև երկնքում ամպի ծվեն անգամ չկար, մաքուր-մաքուր էր՝ հորիզոնից-հորիզոն կապույտ, իսկ նա ասում էր գիշերս ձյուն է գալու:

Բայց ձյունը իրոք եկավ: Առավոտյան դեռ գալիս էր: Ամբողջ Պերվոմայկան կորել էր ձյան հաստ շերտի տակ, և ձյունը՝ սպիտակ, շողշողուն՝ աչք էր կուրացնում: Միակ սև բանը ավանի վրա՝ երդիկներից ելնող ծուխն է, որ այնպես դանդաղ ու ծուլորեն բարձրանում, երկար օրորվում է տանիքների վրա: Իսկ ձյունը դեռ գալիս է, ճերմակ ամպերից, ինչպես մահացած թիթեռներ՝ անկյանք, թևերը փակ, թափվում են ճերմակ փաթիլները, շեղակի խփում պատուհաններին, արցունքի պես խոշոր ու թափանցիկ՝ սահում ապակու վրայով:

–Մենակ ո՞նց ես գնալու մինչև դպրոց:– Մայրիկն է:-Մի մետր ձյուն է նստել: Ո՞ւզում ես գամ հետդ:

–Ոչ մամ,– դռների մեջ ասում եմ ես: – Ես ինքս,-,– հետո ժպտալով ավելացնում եմ: Ամեն մարդ ինքը պիտի հարթի իր ճանապարհը:

Ճռ-ռ, ճռ-ռ, ճռ-ռ, տոփանվում է ձյունըոտքերիս տակ: Ձյունը՝ կաթի պես ճերմակ, ճերմակ ու փափուկ: Ձյունափոշին ցածր սահում է ձյան վրայով. քամի է ու ձյուն: Ճռ-ռ, ճռ-ռ… Իսկ նա ի՞նչ էր ուզում ասել: Եվ ինչո՞ւ հատկապես հիմա. առաջ ինչո՞ւ չէր ասում: Չէ՞ որ առաջ նույնպես խոսում էր ինձ հետ: Ամիսուկես առաջ, երբ դեռ նոր էր եկել մեր դպրոցը՝ անթացուպերով, վիրավոր, կոմերիտական տոմսը բերեց կնիքելու:– «Դո՞ւք եք դպրոցի կոմերիտկազմակերպության քարտուղարը»,– հարցրեց նա:

–Այո,– անվրդով ասացի ես:

–Տարօրինակ է,– ժպտաց նա:

–Ինչո՞ւ:– Ես զարմացած նայեցի նրան:

–Չգիտեմ… Իմ կարծիքով, սխալ է, երբ գեղեցիկ աղջիկներին առաջ են քաշում:

Ես ժպտացի:

–Ձեր դպրոցո՞ւմ էլ այդպես էր:

–Ի՞նչ դպրոց… նա քիչ մտածեց, ասաց.– Ես ռազմաճակատից եմ վերադարձել:

Ես իհարկե, գիտեի դա, բայց ասացի.

–Մի՞թե:

–Այո: Իսկ դուք, ի՞նչ է, չգիտեի՞ք:

–Ոչ,– մի պահ նայելով նրան, ասացի ես:–Չգիտեի:

–Դե, ուրեմն ծանոթանանք,– ժպտաց նա:– Կրտսեր լեյտենանտ, մոլդավ ժողովրդի անվեհեր որդի Բորիս Գլավան: Ավելի շուտ՝ Բորյա: Բորյա՝ այսպես լավ է:

–Իսկ գերմանացիների հանդիպե՞լ եք,– կատակով հարցրի ես:

–Դե, իհարկե,– անհոգ ծիծաղեց նա:-Ինչքան ասեք: Մենք մեր խրամատից կանչում էինք, Կեստեր, այնտեղ, մրանց խրամատից մեկը երկարում էր գլուխը. «Ո՞վ է ինձ հարցնում»: Դախկ՝ կրակում էինք, ու այդպես շարունակ: Հետո նրանք էին կանչում՝ Իվան. ձայն չէինք հանում: Նիկոլայ. ձայն չէինք հանում: Քիչ անցնում էր, նորից, առանց խրամատից բարձրանալու, մեկն ու մեկս կանչում էր. «Ո՞վ էր ինձ հարցնում»: Նրանց խրամատից մեկը բարձրացնում էր գլուխը՝ «Ես»: Դախկ՝ կրակում էինք: Լավ է, չէ՞:

–Շատ,– ծիծաղեցի ես:

–Հետո Նիկոլաև քաղաքի մոտ ես վիրավորվեցի, իսկ մեր գունդը շրջափակման մեջ ընկավ,– հանկարծ տխրելով ու ցածրացնելով ձայնը, ասաց Բորյան:– Ինձ հաջողվեց դուրս գալ շրջափակումից:

Բորյան Ուլյայի հետ նույն նստարանին էր նստում: Մինչ այդ Ուլյան ինձ պատմել էր, որ նա Բեսարաբիայից է, ծնողներն արդեն երկրորդ տարին է այստեղ՝ Պերվոմայկայում են ապրում: Բորյան սովորել է Բուխարեստում, այնուհետև Սորոկինի մանկավարժական ուսումնարանում, բայց չէր հասցրել ավարտել:

–Կամավոր եմ բանակ մեկնել,– հպարտությամբ ասաց Բորյան:

Դրանից հետո մենք իրար բարևում էինք, երբեմն, դասերի ժամանակ, ես ինձ վրա զգում էի նրա հայացքը, մի թեթև շրջվում էի նրա կողմը թե չէ՝ արագ փախցնում էր հայացքը: Մի անգամ ինձ ճանապարհեց տուն: Մինչև տուն քայլում էր կողքիս ու ոչինչ չէր ասում: Մեր տան մոտ բաժանվելիս, ասաց. «Շնորհակալություն, Մայա»:

–Ինչի՞ համար,– զարմացա ես:

–Չգիտեմ,– աչքերը գետնին՝ ասաց նա:

–Խնդրեմ,– ծիծաղեցի ես:– Ցտեսություն:

Տուն մտնելիս ես ետ նայրցի. նա դեռ կանգնած էր փողոցում և նայում էր մեր տան կողը: Եվ այդքանից հետո, երեկ… «Խնդրում եմ, կգա՞ս»:

Ճռ-ռ, ճռ-ռ… ճռճռում, տոփանվում է ձյունը ոտքերիս տակ:

Դպրոցի բակում ձնագնդի են խաղում արդեն: Դեռ հեռվից նկատեցի Բորյային: Կանգնել էր նա միջանցքի լուսամուտի առջև, մեջքով հենված պատին, և կիսաթեքված նայում էր դուրսը: Կանգնել էր նա խռովկան երեխայի պես, շուրթերը ուռցրած:

Թափ տվեցի ոտքերիս ձյունը, անցա նրա մոտով: Ես ձևացրի, որ չեմ տեսնում, անցա նրանից՝ ուժով պահելով ծիծաղս: Մի րոպե չանցած, ներս մտավ, գլուխը քաշ գնաց՝ նստեց նստարանին, Ուլյայի մոտ:

Զգում էի՝ երբեմն թաքուն նայում էր իմ կողմը:

–Երեկ գնացի՞ր,– դասամիջոցին հարցրեց Ուլյան:

Աղջիկներից միայն նա գիտեր, որ Բորյան խնդրել էր ինձ երեկոյան գնալ գրադարանի մոտ:

–Հնարավոր չէր, Ուլյաշկա, ցածր ասացի ես:

–Դե, մեղք է, գոնե մոտեցիր, մի բան ասա:

–Ի՞նչ ասեմ,– ժպտացի ես:

Ու ոչինչ էլ չասեցի: Իսկ դասերի վերջում, տուն գնալիս, ես էլ չգիտեմ ինչու, Բորյայի ջգրու Վերա Պոկրովինային ասացի.

–Եղբորդ՝ Վիտյային, ասա թող գա սահնակ քշենք: Ասա սպասելու եմ:

Ետմիջորեին Վիտյան ու Վերան եկան մեր տուն, և մենք գնացինք Կամենկա՝ սահնակ քաշելու: Ճանապարհին, ու այնտեղ, Կամենկայի մոտ սահնակ քշելիս, Վիտյան շարունակ ինձ էր նայում, ժպտում:

–Վերան եկավ ասաց. չհավատացի,– ժպտալով ասում էր Վիտյան:– Ասում եմ՝ չի կարող պատահել: Երդվում է: Ճիշտ եմ ասում, չէ՞, Վերա. չի հավատում: Ասում եմ: Մայան հենց այդպե՞ս էլ ասաց. թող Վիտյան գա գնանք սահնակ քշելու: Ասում է՝ այո: Ճիշտ եմ ասում, չէ՞, Վերա, այդպես էր: Չէի հավատում, իսկ հիմա տեսնում եմ, որ ճիշտ է: Ուրեմն ասել ես: Շնորհակալություն,– թեթևակի հպվելով ինձ, կամացուկ շշնջաց Վիտյան:– Ես այնպես ուրախ եմ, չես կարող պատկերացնել: Եվ ի՞նչ լավ է, որ այս ձյունը եկավ: Գիտե՞ս սա ինձ համար ինչպիսի ձյուն է, Մայա:

–Ինչպիսի՞ ձյուն է,– ակամա հարցրի ես:

–Երջանկաբեր ձյուն է: Իսկ քեզ համա՞ր:

Ես չգիտեի ինչ պատասխանել, որովհետև նա ինձ հետ խոսում էր, իսկ ես շարունակ մտածում էի Բորյայի մասին:

–Չգիտեմ,– կարճ դադարից հետո ասացի ես, դեմքս դարձնելով դեպի երկինք. ձյան մանր ու սառը փաթիլները խփում էին դեմքիս. հաճելի էր: Ես Վիտյային չէի նայում: Ես նայում էի ճերմակ երկնքին. ճերմակ ամպերից, ինչպես հեքիաթում, ճերմակ ձյուն էր թափվում:

Մայա»:

Երկուշաբթի, 10 նոյեմբերի 41 թ. :Առավոտ կանուխ ձյուն եկավ, հետո երկինքը պարզեց, լցվեց կապույտով: Արևը դուրս եկավ Հյուսիսային Դոնեց գետի կողմից, և նրա շողերի տակ ադամանդի պես սկսեց պսպղալ ձյունը: Բայց մի կարճ ժամանակ միայն: Հետո երկինքը գունատվեց, պատվեց անթափանց մշուշով և նորից սկսեց ձյուն տեղալ:

Բակերից կածաններ են ելնում, գնում են ձյան միջով, գնում են դեպի դպրոց, ավանային սովետ, դեպի շուկա, խանութ, դեպի քարածխի հանքերը: Ձյան միջով մարդիկ գնում են աշխատանքի: Գնում են գլխիկոր, առաջ թեքված, ասես ծանր բեռ կա նրանց ուսերին:

Արդեն քանի օր է ձյուն է գալիս: Գիշեր-ցերեկ ձյուն է գալիս և թվում է վերջ չպիտի լինի: Ծանր ձյան տակ այգում ճղատվել են ծառերը, փողոցներում հեռագրասյուները թեքվել են կողքի. հեռագրալարերի վրա թիզաչափ ձյուն կա նստած:

Ավանային խանութի մոտ հացի հերթ է: Հերթում կանգնածների վրա ձյուն է մաղում: Ձյունը նստում է նրանց սառած ուսերին, գլուխների վրա, և հեռվից ասես մարդիկ չեն, ասես քարեր են ձյան տակ կանգնած:

Մինչև գոտկատեղ հասնող ձյան միջով ընկած արահետը գնում է դեպի դպրոց: Եվ ինչքան մոտենում է դպրոցին, այնքան լայնանում է ոտնահետքերից տոփանված արահետը:

Առաջին զանգը վաղուց են տվել: Հնչում է երկրորդը: Զանգի սառած ղողանջից դպրոցի բակում բարդիներից ձյուն է թափվում: Առջևից քայլողների մեջ ես տեսնում եմ Բորյային: Ձեռնափայտին հենվելով, դանդաղ, կաղալով գնում է: Չի շտապում: Ետևից հասնողներին ճանապարհ է տալիս: Հավանաբար, նկատել էր ինձ: Այն երեկոյից հետո, ինչ ես չգնացի գրադարանի մոտ՝ ժամադրության, նա այլևս չի խոսում ինձ հետ: Ցույց է տալիս, թե անտարբեր է իմ նկատմամբ: Բայց Ուլյան ասում է, որ նա ինձ շատ է խանդում: Դա ես նույնպես նկատել եմ. երբ տղաներից որևէ մեկի հետ մի րոպե անգամ կանգնում եմ, նա հարյուր անգամ անցնում է իմ կողքից. չի կարողանում հանգիստ նստել տեղը: «Լավ չես անում,– ասում է Ուլյան:– Խոսիր հետը»: Դե, իհարկե, նկատել է: Ես հասել եմ նրան, դանդաղ քայլում եմ նրա հետևից: Չի ուզում ելնել կածանից, որպեսզի ճանապարհ տա ինձ, ինչպես մյուսներին: «Բարև, Բորյա»,– ասում եմ ես և լռության այն կարճ պահին, մինչև նա կշրջվեր իմ կողմը, ես լսում եմ ասես, թե ինչպես է արագ խփում սիրտս: Եվ հանկարծ հիշում ու ամոթ եմ զգում, որ շարունակ՝ տանը թե դպրոցում, նրա մասին եմ մտածում: Եվ մի պահ ինձ այնպես է թվում, թե նա գիտի այդ մասին և դրա համար է, որ շրջվել ու այնպես լայն ժպտում է:

–Իսկ ո՞ւր է պայուսակդ,– հենց այնպես ասացի ես:

–Տարել եմ դասարան: Մի՞թե նորություն է դա:

–Ի՞նչը,– հարցրի ես:

Այն, որ ես շատ շուտ եմ գալիս դպրոց: Առաջին զանգից էլ շուտ: Հետո դուրս եմ գալիս ու սպասում եմ քեզ: Մի՞թե չես նկատել:

–Ոչ,– ասացի ես,– չեմ նկատել:

–Ամեն օր: Իսկ դու, ուրեմն, չես նկատել:– Նրա դեմքը ցրտից շառագունած էր, շուրթերը՝ վառ կարմիր, սև աչքերը թախծոտ ժպտում էին: Ասես առաջին անգամ էի տեսնում նրան՝ բարձրահասակ, կրծքային թավ ձայնով. երկար նայում էի:

–Սրանից հետո ուշադիր կլինեմ,– ժպտացի ես, իսկ քիչ անց ասացի:– Եվ ներիր այն բանի համար: Ես ուզում էի գալ, բայց չստացվեց: Ներո՞ւմ ես:

–Իհարկե,– Բորյան արագ բռնեց ձեռքս, արագ էլ բաց թողեց: Նրա մատները սառն էին: Ասես ձյան մեջից էր հանել:

–Իհարկե, ներում եմ,– անթարթ նայելով ինձ, հազիվ լսելի շշնջաց նա: Նրա գեղեցիկ, տամկացած սև աչքերը լայն բացվել էին իրենցից հանկարծակի հորդած ուժեղ լույսից: Նա ինձ նայում էր կախարդվածի նման՝ ինչպես հավատացյալը սրբապատկերին: Մենք կանգնել էինք դեմ-դիմաց, մեզ տեսնում էին, իհարկե, անհարմար էր, և ես ասացի.

–Մինչև զանգը քանի՞ րոպե է մնացել:

Չգիտեմ:– Բորյան դեռ նայում էր ինձ, հետո թույլ ժպտալով ասաց,– ուրեմն, ուզում էիր գալ: Իսկ ես կարծում էի՝ նստել ես ձեր տանը ու ծիծաղում ես ինձ վրա:

 

–Ինչո՞ւ:

–Չգիտեմ, ինձ այդպես է թվում:

«Գիժ,– մտքում ասացի նրան,– ես ինչպե՞ս կարող եմ ծիծաղել քեզ վրա. ես շարունակ քո մասին եմ մտածում»:

–Գնանք,– հայացքս գետնին, ցածրասացի ես . զգացի, որ ձայնս թրթռած:-Գնանք, զանգը հիմա կտան:

Բորյան, խոնարհ երեխայի պես, քայլեց իմ կողքից: Նա շարունակ գետնին էր նայում: Միջանցք մտնելիս միայն բարձրացրեց աչքերը և, դեռևս բաց չթողնելով միջանցքի դռան պղնձե բռնակը, դողացող ձայնով ասաց.

–Մայա, մինչև հիմա ես չգիտեի, թե ինչ է երջանկությունը: Իսկ հիմա գիտեմ: Եվ ինչպե՞ս եմ մինչ. Հիմա ապրել առանց երջանկության՝ չեմ կարողանում հասկանալ:

Նա քիչ լռեց, կուրծքը նկատելի բարձրանում-իջնում էր: Ես կանգնել էի նրա դիմաց ու չէի կարողանում տեղից շարժվել. ուժ չունեի:

–Ես սիրում եմ քեզ,– հանկարծ ասաց Բորյան, ու ես ապշահարված նայեցի նրան: Նրա աչքերը տամկավուն փայլով շողացին:– Այո,– դողացող շուրթերով շշնջաց նա:– Եվ եթե այլևս չլինեմ՝ հոգ չէ, ես երջանիկ եմ: Ավել ինձ ոչինչ պետք չէ. ես այդ էի ուզում ասել քեզ այն երեկո: Իսկ հիմա գնա, ես դրսում քիչ կսպասեմ: Դու գնա:

Ես դանդաղ բարձրացա աստիճաններով: Երջանկությունից շունչս հատվում էր, ծնկներս դողում էին, թվում էր հիմա կընկնեմ: Եվ հազիվ էի ինձ պահում, որ լաց չլինեմ, ինչ-որ բան խանգարում էր, որ լավ՝ հոնգուր-հոնգուր , ինչպես երեխա ժամանակ , լամ ու հանգստանամ: Ասես երազի մեջ էի, ուզում էի փակել աչքերս, որպեսզի չհատվի այդ երազը:

Դանդաղ, ձեռքս սանդղաստիճանների ողորկ բազրիքի վրայով սահեցնելով, բարձրանում էի երկրորդ հարկ, աչքիս առջև շարունակ Բորյան էր, նրա այլայլված դեմքը, դողացող շուրթերը… իմ ականջում, ինչպես անուշ ղողանջ, դեռ հնչում էր նրա ձայնը. «Ես սիրում եմ քեզ»: «Ես սիրում եմ քեզ»:«Ես սիրում եմ քեզ»: Անդադար ղողանջում էր: «Ես էլ քեզ եմ սիրում,– մտովի ասացի նրան,– միայն թե այդ մասին քեզ երբեք չեմ ասի»:

Լուսամուտի սառը ապակիների միջով արևը ներս էր հորդում միջանցք: Լուսամուտի մոտ, արևի մեջ, կանգնել էր Ուլյան, նայում էր ինձ ու ժպտում: Նա, իհարկե, վաղուց էր այստեղ կանգնած. ես դա հասկացա:

–Արդեն խոսո՞ւմ եք,– նրա աչքերը, այտերը, շուրթերը ծիծաղում էին:

–Այո,– ցածր ասացի ես՝ ակամայից ժպտալով:

Ուլյան միջանցքով քայլում էր իմ կողքից և շարունակ ժպտում էր:

–Փեհլիվանովա,– դասարան մտնելիս՝ իմ ետևից կանչեց ինչ-որ մեկը: Ես ետ շրջվեցի. պատմության ուսուցչուհի Պրոսկովյա Սուլթանբեյն էր՝ բարի դիմագծերովմի կին՝ ցածրահասակ, թխավուն ու սաթի պես սև մազերով, որոնց մեջ, սակայն, արդեն երևում էր հատուկենտ սպիտակը: Նա ինձ ձեռքով իր մոտ կանչեց: Երկրորդ տարին է, ինչ Պրոսկովյա Վասիլևնան մեզ չի դասավանդում, բայց, ամեն անգամ հանդիպելիս, կանգնեցնում, խոսում է ինձ հետ: Նախանցյալ տարի էր, ութերորդում, երբ նա, մատյանը ձեռքին, դասարան մտավ: դասի ժամանակ, նկատում էի, երբեմն նայում էր իմ կողմը: «Մենք քեզ հետ հայրենակիցնե՞ր ենք»,– դասամիջոցին հարցրեց նա, ժպտալով նայելով ինձ: «Ես հայուհի եմ»,– ասացի ես: «Իսկ ես հույն եմ»,– ասաց Պրոսկովյա Վասիլևնան, դարձյալ շարունակելով ժպտալ: «Ոչ, ես հայուհի եմ»,– նրա հայացքից շփոթվելով, կրկնեցի ես, իսկ նա ծիծաղեց, ասաց. «Միևնույն է, մենք հայրենակիցներ ենք»: Եվ ահա, այդ օրվանից ի վեր, ամեն անգամ հանդիպելիս, նա ժպտալով ասում է. «Ինչպե՞ս ես, հայրենակցուհի»:

Ես պայուսակս տվեցի Ուլյային . գնացի դեպի Պրոսկովյա Վասիլևնան:

–Ինչպե՞ս ես, հայրենակցուհի,– ժպիտն աչքերում հարցրեց նա:

–Շնորհակալություն, Պրոսկովյա Վասիլևնա, լավ եմ,– ես սպասեցի, թե նա ինչ կասի:

–Դիրեկտորն է կանչում,– ցածր ասաց Պրոսկովյա Վասիլևնան: Նա բացեց ուսուցչանոցի դուռը, ուզում էր ներս մտնել:

–Ո՞վ.– մի տեսակ վախվորած հարցրի ես:

–Իվան Արսենտևիչը: Նա իր առանձնասենյակում քեզ է սպասում:

Անցա ուսուցչանոցով, կմացուկ բացեցի Իվան Արսենտևիչի առանձնասենյակի դուռը:

–Ներս արի, Մայեչկա, մի քաշվիր:– Նա բարձրացավ տեղից, ձեռքին թերթ կար, մի կողմ դրեց:– Առաջ եկ, ի՞նչ ես կանգնել: Նստիր:– Նա ձեռքով ցույց տվեց բազմոցը, կրկին նստեց: Մտախոհ ինչ-որ կետի էր նայում:

Նստեցի բազմոցի ծայրին: Լռություն էր: Չգիտեմ ինչու, սիրտս արագ խփում էր:

Դրսում, պատուհանից այն կողմ, դպրոցամերձ հողամասն էր, ուր խնձորի ծառերը սնկերի պես կպել էին գետնին: Ծառերին նստած ձյունըշողշողում էր արևի տակ:

–Գիտես ինչի՞ համար եմ կանչել, Մայա,– հանկարծակի հարցրեց Իվան Արսենտևիչը:

–Ոչ, Իվան Արսենտևիչ,– կիսաբարձրանալով ու դարձյալ նստելով, ասացի ես, հարցական նայելով նրան:

–Ես էլ չգիտեմ,– նա նորից ելավ տեղից, սկսեց քայլել առանձնասենյակում, հետո ասաց,– այն չորս կոմերիտականների համար եմ կանչել, որոնք կորցրել են տոմսերը: Ինչպե՞ս էր նրանց անուն- ազգանունները:

–Զինա Վիրիկովա, Վարյա Իգնատովա, Գենադի Պոչեպցով և Վալենտինա Տարանինա,– թվեցի ես:

–Դրանց համար եմ կանչել:– Իվան Արսենտևիչը կանգնել էր պատուհանի առջև, խոսում էր առանց իմ կողմը նայելու:– Այո, դրանց համար: Ամբողջ Պերվոմայկայում խայտառակեցին մեզ: Բայց, արդյոք, նրանք դիտավորյա՞լ են կորցրել իրենց կոմերիտական տոմսերը,– կարճ դադարից ավելացրեց նա:– Ահա թե ինչն է մտատանջում ինձ: Դիտավորյա՞լ են կորցրել, թե՞…

–Իհարկե, դիտավորյալ,– արագ ասացի ես:– Միթե՞ պարզ չէ, Իվան Արսենտևիչ, նրանք, ճշմարիտ է, խայտառակել են մեզ, գցել մեր դպրոցի անունը, բայց փաստ է. նրանք տոմսերը կորցրել են այն ժամանակ, երբ գերմանացիները ընդուպ մոտեցել էին մեր՝ Վորոշիլովգրադի մարզին: Իսկ եթե բանակը չկասեցնե՞ր թշնամու առաջխաղացումը: Եթե թշնամին իսկապես գրավե՞ր մեր մարզը: Մի՞թե հասկանալի չէ. այն ժամանակ նրանք գերմանացիներին կասեին, որ իրեք կոմերիտականներ չեն եղել: Եվ, եթե մենք վերահաշվառում չկատարեինք, երևի, իրեք չասեին էլ, որ կորցրել են տոմսերը: Նրանք վախկոտներ են և պետք է հեռացվեն կոմերիտմիության շարքերից: Դպրոցական կոմերիտկազմակերպության ընդհանոր ժողովն արդեն որոշել է. դուք այդ մասին գիտեք:

–Այդ բոլորն, իհարկե, ճիշտ է,– շրջվելով իմ կողմը, դանդաղ ասաց Իվան Արսենտևիչը:– Ես հասկանում եմ, բայց պետք է մտածել նաև դպրոցի մասին. դպրոցի անունն է շոշափվում: Քիչ առաջ կոմերիտշրջկոմի առաջին քարտուղար Պրակոֆի Իվանովիչը զանգեց, ընկեր Պրիխոդկոն: Այդ հարցով էր զանգում: Քսաներեքին, ասում է, ժամը երկուսն անց կեսին կոմերիտշրջկոմի բյուրեի նիստ է, ձեր հարցն ենք քննում: Հենց այդպես էլ ասաց. «Ձեր հարցն ենք քննում»: Տեսնո՞ւմ ես ինչպես են նայում վերևում: Դրա համար էլ կանչեցի քեզ, որպեսզի որպեսզի տեսնենք, թե ինչ կարելի է անել:– Իվան Արսենտևիչը ծանր գնաց, նստեց իր տեղը:– Արդեն երրորդ տարին է դպրոցական սկզբնական կոմերիտկազմակերպության քարտուղարն ես, մինչ այդ դրուժինայի խորհրդի նախագահ ես եղել, ավագ ջոկատավար, և մենք միշտ գոհ ենք եղել քեզանից ու հիմա էլ գոհ ենք. դա բոլորը գիտեն: Ամբողջ Պերվոմայկա հանքավանից միայն դու ես կոմերիտշրջկոմի բյուրոյի անդամ ու, երբ շատ մտածում եմ, տեսնում եմ, որ քեզ համար ևս լավ չէ միանգամից չորս հոգու հեռացնել կոմերիտմիությունից. ի՞նչ կասեն մարդիկ: Երեկ այդ Պոչեպցովի հայրն էր եկել ինձ մոտ, Գրոմովը, ասում է, իբր, Գենադին վաղուց էր կորցրել տոմսը, դեռևս օգոստոսի սկզբին, երբ խոսք անգամ չկար դեռ, թե գերմանացիները կարող են մոտենալ մեր մարզին: Գենադին, ասում է, այդ մասին վաղուց է հայտնել կոմերիտշրջկոմին:

–Իսկ ինչո՞ւ ինձ ոչինչ չի ասել,– մտազբաղ ու ցածր ասացի ես, ինչ-որ հեռավոր ու վատ բան նախազգալով:

–Չգիտեմ,– ուսերը թոթվեց Իվան Արսենտևիչը:– Համենայն դեպս, կոմերիտշրջկոմում ստուգիր, գուցե ճիշտ է: Վիրիկովային նույնպես կարելի է պահել, պիոներական ջոկատավար է, ես Պրոկոֆի Իվանովիչին ասացի, դու էլ ասա, գուցե հաշվի առնեն: Այդ երկուսին կարելի է նկատողություն տալ և վերջ: Մի խոսքով, մտածիր, տես ինչ կարելի է անել: Չմոռանաս, Պրոկոֆի Իվանովիչըխնդրեց, մինչև այդ անցնել իր մոտ,– վերջում ասաց Իվան Արսենտևիչը:– Դե գնա:

Ասես ինչ-որ հանցանք էի գործել, ուսուցչանոցից դուրս եկա կաս-կարմիր: Ամբողջ դեմքս վառվում էր:

Ուլյան միջանցքում կանգնած սպասում էր:

–Ի՞նչ է պատահել,– արագ մոտենալով, հարցրեց նա:

–Քսաներեքին կոմերիտշրջկոմի բյուրոյի նիստ է, կանչել են:

–Օհո՝ հատուկ հրավեր,– շինծու զարմանքով ու դերասանավարի արտասանեց Ուլյան՝ ծիծաղկուն աչքերով նայելով ինձ,– սիրտ գժվեցնող խոստումներ՝ շքամուտքի մոտ, փաթիլ-փաթիլ ձյան տակ, հատուկ հրավեր կոմերիտշրջկոմ՝ սիրտդ ո՞նց է դիմանում այդ երջանկությանը…

Իմ չքնաղ, իմ խելագար, սքանչելի Ուլյան երբեք չի կորցնում իրեն:

Մայա:

Երկուշաբթի, 25 նոյեմբերի 41 թ.Կոմերիտշրջկոմի բյուրոյի նիստը ուշ վերջացավ: Լուսնյակն արդեն դուրս էր եկել, ցրտի մեջ կանգնած մերկ ծառերիերկար ստվերները ձյուների վրա դանդաղ գնում-գալիս էին: Հոգնածությունի՞ց էր, ամոթի՞ց, որ նրանք կորցրել էին իրենց տոմսերը, թե՞ այն բանից, որ ելույթս մի տեսակ ասես երևեցնելու համար էր և այնպես ցուցադրական հնչեց,– չգիտեմ, գլուխս գվվում էր. Իրոք, ծիծաղելի էին իմ բառերը. «Նրանք պետք է իրեց գլուխները կորցնեին, այլ ոչ թե կոմերիտական տոմսը: Դուրս կոմերիտմիության շարքերից»: Եվ հատկապես այդ վերջին բառերը՝ «դուրս կոմերիտմիության շարքերից»: Դրա համար էր գուցե, որ Պրակոֆի Իվանովիչը մանր ժպտում էր: Իսկ մի՞թե ճիշտ չեմ ասել ես: Մի՞թե նրանք իրավունք ունեն մնալու կոմերիտմիության մեջ: Գլխահակ նստել էի, ասես ոչ թե նրանք՝ ես էի կորցրել տոմսս, և չէի համարձակվում բարձրացնել աչքերս: Ինձ շարունակ թվում էր, թե Պրոկոֆի Իվանովիչը ժպտում է, և ժպտում է հատկապես ինձ վրա, բայց նիստից հետո, դռների մոտ, նա մտերմորեն բռնեց թևս, կամացուկ ասաց. «Ապրես»: Եվ դարձյալ ժպտում էր: Իսկ գուցե՞ ցուցադրական չէր, գուցե դա միայն ի՞նձ էր թվում: Իսկ նրանք՝ Գենադին, Վարյան, Զինան ու Վալյան այնպես էին կանգնել, կարծես ոչինչ էլ չէր եղել. միայն Զինան էր շարունակ արտասվում: Ստացվեց այնպես, ինչպես Իվան Արսենտևիչն էր ասում: Զինա Վիրիկովային ու Գենադի Պոչեպցովին չհեռացրին կոմերիտմիությունից, միայն նկատողություն հայտարարեցին՝ մտցնելով անձնական քարտի մեջ, իսկ Վարյային ու Վալյա Տարարինային հեռացրին: Այն, որ Վիրիկովան երկու տարի պիոներ-ջոկատավար է դպրոցում, հաշվի առա. «Ես անմեղ եմ,– շարունակ կրկնում էր նա ու շարունակ արտասվում էր:– Ես դիտմամբ չեմ կորցրել, ազնիվ կոմերիտական»: Գենա Պոչեպցովին պահեցին նամակի համար: Շրջկոմում, իրոք, ստացվել էր նրա նամակը: Ծրարի վրա պարզ չէր երևում փոստի կնիքը, իսկ Գենան պնդում էր, որ ինքը իբր նամակը շատ վաղուց է ուղարկել: Մի խոսքով, նիստը բավականին ուշ վերջացավ, Գենադին աղջիկների հետ արդեն գնացել էին, ես մի պահ մենակ կանգնեցի կոմերիտշրջկոմի դռների մոտ, չգիտեի ինչ անել: