Tasuta

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

–Գնանք մեզ մոտ,– ասաց Պրոկոֆի Իվանովիչը:– Առավոտյան կգնաս:

–Շնորհակալություն,– թեթևակի գլուխ տալով ասացի ես,– մայրիկը տանը սպասում է:

–Ի միջի այլոց, ես մայրիկիդ երեկ տեսա շաբաթօրյակում,– վերարկուի օձիքը բարձրացնելով ասաց նա,– Շրջանային պետբանկում է , չէ՞, աշխատում մայրիկդ:

–Այո,– ես ուշադիր նայում էի Պրոկոֆի Իվանովիչին, սպասելով, թե էլ ինչ կասի նա: Իսկ նա ժպտաց, ասաց.

–Գիտե՞ս ես նրան ինչ ասացի: Ես գանգատվեցի քեզնից:

–Ճիշտ եք արել, Պրոկոֆի Իվանովիչ:

Ասացի, որ ես ձեզ վաղուց էի ճանաչում, բայց չգիտեի, որ այնպիսի աղջիկ ուեք: Լավ կոմերիտուհի է, ասացի, կարգապահ, պարտաճանաչ:

–Էլ էդպիսի բաներ չանեք, Պրոկոֆի Իվանովիչ,– ծիծաղելով ասացի ես:– Թե չէ նա ամենքին կսկսի պատմել՝ գիտեք ինչ չտեսնված աղջիկ ունեմ, և այլևս ինձ ճանապարհ չեն տա:

Պրոկոֆի Իվանովիչը ծիծաղեց իմ խոսքերի վրա և, թևանցուկ անելով ինձ, ասաց.

–Գնում ենք մեր տուն: Այստեղից Պերվոմայկա մենակ գնալ չի լինի:

–Իսկ ինչո՞ւ մենակ, ընկեր Պրիխոդկո,– շրջվելով մեր կողմը, ասաց խարտյաշ, կարճ կտրած մազերով մի աղջիկ՝ մոտ քսան-քսաներկու տարեկան :– Չէ՞ որ ես նույնպես Պերվոմայկայից եմ,– վերարկուի օձիքն ուղղելով ավելացրեց նա:

–Մի՞թե,– իբր զարմացած՝ ժպտաց Պրոկոֆի Իվանովիչը:– Դե, ուրեմն, ծանոթացեք:

– Ալեքսանդրա Եմելյանովնա,– աղջիկը հանեց ձեռնոցը, և ես իմ ափի մեջ մի կարճ պահ զգացի նրա փափուկ ու տաք մատները:– Շատ ուրախ եմ:

Ես ևս ներկայացա:

–Ես քեզ գիտեմ,– մտերմիկ տոնով, ժպտալով ասաց նա:– Քո մայրիկին նույնպես գիտեմ:

–Որտեղի՞ց,– հենց այնպես հարցրի ես:

–Չէ՞ որ Պերվոմայկայից եմ,– քնքուշ ժպտաց նա:– Բայց դու ինձ չես հիշի:

Ես նրան առաջին անգամ էի տեսնում: Գուցե առաջ էլ տեսել էի՝ չէի հիշում: Երբ մենք՝ նիստի բոլոր մասնակիցներս, մտանք Պրոկոֆի Իվանովիչի առանձնասենյակը, աղջիկը նստած էր այնտեղ, բազկաթոռում, և զրուցում էր Պրոկոֆի Իվանովիչի հետ: Չգիտեմ ինչու, ինձ թվաց, թե շրջանային «Սոցիալիստական հայրենիք» թերթի խմբագրությունից է. առաջ նույնպես պատահել էր, խմբագրությունից եկել էին, մասնակցել նիստերին, և հետո այդ նիստերի մասին գրել թերթում:

Պրոկոֆի Իվանովիչը դանդաղ շարժումներով հագնում էր ձեռնոցները:

–Ուրեմն ծանոթներ դուրս եկանք,– ժպտալով ասաց նա:– Կարող է նույնիսկ բարեկամներ եք և այդ մասին չգիտեք: Հարկավոր է պարզել:

Մենք ծիծաղեցինք:

–Դե,– ի նշան հրաժեշտի, Պրոկոֆի Իվանովիչը բարձրացրեց ձեռքը. քիչ հեռվում նրան սպասում էին:-Միասին գնացեք, իսկ սրանից հետո կաշխատենք նիստերը չձգձգել: Կամ քեզ շուտ կազատենք,– ժպտալով ավելացրեց նա:– Համաձա՞յն ես:

Պատասխանի փոխարեն ես նույնպես ժպտացի նրան:

–Ցտեսություն, աղջիկներ: Ալեքսանդրս Եմելյանովնա, մեկ-մեկ անցիր:

–Կանցնեմ, ցտեսություն,– ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան:– Իմ կողմից, խնդրում եմ, ողջույններ հաղորդեք Նաստյային:

–Շատ լավ: Շնորհակալություն:

Մի քանի քայլ լուռ գնացինք: Մեր ոտքերի տակ փշրվում էր սառած ձյունը: Լռությունը ձգվում էր, հարկավոր էր մի բան ասել, և ես ասացի.

–Նաստյան ո՞վ է:

–Նաստյա՞ն… – Ալեքսանդրա Եմելյանովնանքիչ լռեց, հետո միանգամից ասաց.– Պրոկոֆի Իվանովիչի քույրն է, իմ մոտիկ ընկերուհիներից: Կիևի բժշկական ինստիտուտում էր սովորում… Այսօր մոտն էի, երկար զրուցում էինք, վերհիշում անցածը:Հիշելու այնքան բան կա,– հառաչեց նա:– Ինչեր ասես, որ չէինք երազում մինչև պատերազմը: Էհ, ինչեր ասես, որ չէինք երազում: Եվ հիմա ի՞նչ է մնացել այդ երազներից՝ ոչինչ: Ամենուրեք սով, ռումբերի պայթյուններ, կոտորած, համակենտրոնացման ճամբարներ, ուր միլիոնավոր մարդիկ՝ փոքրիկ երեխաններից սկսած մինչև կանայք ու ծերունիները, խոշտանգվում են անգթորեն, ոև թղթերի հեղեղ,– սրանք են փոխարինում մեր թևավոր երազներին: Ու մինչև ե՞րբ այդպես՝ ոչ ոք չգիտի:

–Մերոնք կհաղթեն,– ասես նրան սփոփելու համար ասացի ես:– Անպայման կհաղթեն: Եվ այն էլ շուտով:

Ալեքսանդրա Եմելյանովնան նայեց ինձ, հետո գլուխն օրորելով դառը ժպտաց. լուսնալույսի տակ ես պարզ տեսա նրա ժպիտը:

–Կհաղթեն,– մտազբաղ ասաց նա, հետո վճռական ավելացրեց,– իհարկե, կհաղթեն: Սովետական զինվորին ոչ ոք չի կարող ծնկի բերել. ես դա հասկանում եմ: Մերոնք կհաղթեն, պարզ է, բայց դա ե՞րբ կլինի, գիտե՞ս:

–Ե՞րբ կլինի,– ակամա հարցրի ես:

–Պատերազմը շուտ չի վերջանա,– տխրությամբ, ցածր, ասես ինքն իրեն էր խոսում, ասաց նա, լռեց:

Տոփանված կածանը, թեքվելով դեպի ձախ, խառնվեց Պերվոմայկա տանող ճանապարհին, որ դարձյալ տոփանված էր, և մենք մտանք լայն ճանապարհ: Ուշ էր՝ ոչ մեքենա, ոչ մարդ:

Ալեքսանդրա Եմելյանովնան լուռ քայլում էր, մտքերի հետ էր, և հանկարծ ու անսպասելի նա կրկնեց.

–Պատերազմը շուտ չի վերջանա,– և սառը ավելացրեց:– Պատերազմը նոր է սկսվում:

Տեր աստված, ինչպիսի սարսափելի բառեր՝ պատերազմը նոր է սկսվում։ Ես ոչինչ չասեցի նրան։ Ծնկներիս մեջ ինչ-որ թուլություն զգացի և դրանից էր գուցե գայթեցի։

–Կամաց,-Ալեքսանդրա Եմելյանովնանարագ բռնեց թևս,-աշխատիր տոփանված տեղով գալ, ճանապարհից դուրս ձյունը շատ է խոր։

Մեր շուրջը տներ էին՝ հանգած ճրագներով, դատարկ փողոցներ էին, ուր քամին առաջ ու ետ էր քշում ձյունը, տխուր էր, լռություն, և այդ ճնշող լռությունը փարատելու համար էր երևի, Ալեքսանդրա Եմելյանովնան ասաց․

–Քանի՞ տարեկան ես, Մայա։

–Տասնվեց,-ասացի ես։-Ավելի շուտ՝ տասնվեց ու կես․ մայիսին եմ ծնվել։ Իսկ դու՞ք։

–Ես մեծ եմ, ժպտաց նա։– Արդեն քսանմեկ տարեկան եմ։

–Դա այնքան էլ շատ չէ,– ես նույնպես ժպտացի։

–Շատ չէ… Ես նույնպես տասնվեց տարեկանում դպրոցական կոմերիտկազմակերպության քարտուղար էի, և դա ե՜րբ էր, հա… Ասես տասը տարի է անցել։

–Ուրեմն դո՞ւք ևս քարտուղար եք եղել,– հարցրի ես։

–Այո։

– Որտե՞ղ։

–Պերվոմայկայի № 6 միջնակարգ դպրոցում։

–Մեր դպրոցու՞մ,-զարմացա ես։ Դուք մեր դպրոցում եք սովորել։

–Սկզբում այո։ Իսկ վերջին երեք տարիներին՝ Գորկու անվան դպրոցում։ Այնպես որ Պերվոմայկայի դպրոցը նաև մեր դպրոցն է,– ժպտաց նա։ Խնդրում եմ չմոռանալ։

–Դե պարզ է,-ներողամիտ ժպիտով ասացի ես։-Ներեցեք։ Իսկ հետո՞,– հարցրի նրան։

–Հետո՞… Հետո գնացի սովորելու։ Ոչ իսկույն, իհարկե, մի տարի աշխատեցի երրորդ ածխահանքում․գրադարանավարուհի էի։

–Կիևու՞մ եք սովորել։

–Իսկ ինչու հատկապես Կիևում։

–Չգիտեմ։ Նաստյայի հետ չէի՞ք սովորում՝ բժշկական ինստիտուտում։

–Աա՜… Ոչ։ Նաստյայի հետ մանկության ընկերուհիներ ենք, չէ՞ որ նրանք նույնպես Պերվոմայկայից են։ Ես Ռոստովում էի սովորում, համալսարանում, հետո փոխադրվեցի Խարկով։ Քիմիական բաժնում էի սովորում։-Ալեքսանդրա Եմելյանովնան որոշ ժամանակ լուռ քայլում էր, հետո փշրված ձայնով ասաց․– Բայց գերմանացիները Խարկովը նույնպես վերցրին։

Անցանք կոլխոզային շուկայի մոտով։ Շուկայի դատարկ ու երկար վաճառասեղանների վրայից, ուր նստել էր ձյան հաստ շերտը, քամին ձյունափոշի էր մաղում գետնին։

–Իսկ դու՞,-հանկարծ խոսեց Ալեքսանդրա Եմելյանովնան։-Դու ի՞նչ ես ուզում դառնալ, Մայա։

–Ես ուզում եմ մարդ դառնալ,-ժպտալով ասացի ես։

–Իսկ ավելի կոնկրե՞տ      ,-նրա աչքերը փայլեցին մի կարճ ակնթարթ։

–Առաջ շատ էի ուզում բժշկուհի դառնալ՝ վիրաբույժ։ Իսկ հիմա չեմ ուզում,-ասացի ես։– Սարսափելի է․ վիրադանակներ, արյուն- չեմ ուզում։ Բայց տեսնենք՝ մանկական բժիշկ՝ գուցե։ Ավելի շուտ՝ կուզենայի կառուցող ինժեներ դառնալ։ Միայն թե՝ պատերազմը շուտ վերջանար,– վերջում ասացի ես։-Պատերազմը վերջանա՝ հետո որոշելը հեշտ է։

–Այո,-թախծոտ ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան։– Միայն թե շուտ վերջանար,– և քիչ անց տխրությամբ ավելացրեց։-Արդեն երրորդ ամիսն է լուր չկաեղբարներիցս։

–Որտե՞ղ են նրանք,– զգույշ հարցրի ես։

–Որտե՞ղ պիտի լինեն՝ ռազմաճակատում։ Չորս եղբայրս էլ ռազմաճակատում են։ Այնպես եմ կարոտել նրանց։ Չես կարող պատկերացնել։ Չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե երբեք չեմ տեսնելու նրանց։

–Դուք այդ ինչեր եք ասում,– ինչքան կարելի է զվարթ ձայնով ասացի ես։

–Իսկ դու ճակատում ո՞վ ունես, Մայա,-հանկարծ հարցրեց նա, և ես մի տեսակ վատ զգացի, որ ռազմաճակատում կռվող հարազատ չունեմ, և, ասես արդարանալու համար էր, ասացի․

–Հայրս ղեկավար աշխատող է եղել Ռոստովի Նախիջևանում, սպիտակ գվարդիականները սպանել են։– Այդ պահին ես այնպես էի ուզում, որ ողջ լիներ հայրս ու հիմա կռվելիս լիներ գերմանացիների դեմ։

–Ե՞րբ,– ուշացումով հարցրեց Ալեքսանդրա Եմելյանովնան։

–Վաղուց։ Ես փոքր էի դեռ։

–Դուք Ռոստովի Նախիջևանո՞ւմ էիք ապրում։

–Այո։ Ռոստովի մոտ հայկական Ղրիմ գյուղ կա, ես այնտեղ եմ ծնվել։ Իմ պապն ու տատը հիմա էլ այնտեղ են ապրում։ Հորս      սպանությունից հետո փոխադրվեցինք Պերվոմայկա։ Արդեն տասներկուերորդ տարին է, ինչ այստեղ ենք ապրում։

–Իսկ հորդ հիշո՞ւմ ես, Մայա,-անսպասելի հարցրեց Ալեքսանդրա Եմելյանովնան։– Թե՞ մոռացել ես…

–Հիշում եմ,-ասացի ես։-Ինչպես հեռավոր երազի մեջ՝ տեսնում եմ ժպտացող դեմքը։ Միայն դեմքը՝ ուրիշ ոչինչ։ Հիշում եմ մերոնց՝ շրջապատված նրան։ Տատս շարունակ ծեծում էր ծնկները, նայում էր դեպի երկինք, ինչ-որ բան էր ասում, որ հիմա չեմ հիշում, ու նորից ծեծում էր ծնկները։ Մորս եմ հիշում։ Նա ընկել էր հորս դիակին և նրան չէին կարողանում բարձրացնել։ Հետո հորս տանում էին թաղելու։ Դա նույնպես հիշում եմ։ Բոլորը գնում էին ետևից, մայրս սև շորեր էր հագել, նրան տանում էին ձեռքերից բռնած, իսկ նա լաց էր լինում, օրորում էր գլուխը ու լաց էր լինում։ Մայրս մինչև հիմա էլ սև շորեր է հագնում…

–Մի՞թե,-զարմացավ Ալեքսանդրա Եմելյանովնան։

–Այո,-ասացի ես։-Հորս մահից հետո նա միայն սև շորեր է հագնում…

Հետո լուռ էինք։ Երկար ժամանակ լուռ էինք։ Առջևում, լուսնի       աղոտավուն լույսի տակ երևացին Պերվոմայկայի ցածր տնակները։ Ասես խոր քնի մեջ էր մեր ավանը՝ ոչ կրակ, ոչ լույս։ Միայն այստեղ-այնտեղ տանիքներից ծուխ էր ելնում։

Ալեքսանդրա Եմելյանովնայի հետ զրուցելով եկանք մինչև մեր փողոցը։

–Գնանք մեզ մոտ,-ասացի ես։

–Շնորհակալություն։ Մերոնք կարող են անհանգստանալ։ Ես գնամ։

–Իսկ հեռո՞ւ է ձեր տունը։

–Ոչ, բլրի ետևն է, հեղեղատից այն կողմ,-ասաց նա։-Հեռու չէ։ Բարի գիշեր։

–Բարի գիշեր,-ասացի ես, թեքվելով մեր բակի կողմը։

–Մենք դեռ կհանդիպենք,-շրջվելով՝ ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան։

–Իհարկե,-նույնպես ժպտալով՝ պատասխանեցի ես։– Նույն ավանում ենք ապրում։

Ես կանգնեցի ցանկապատի մոտ, մինչև նա գնաց, անցավ բլրի ետևը

…Բորյան նամակ էր գրել ինձ։ Գիրք էր բերել ինձ համար, իսկ գրքի մեջ՝ նամակ։ «Մեջը բան կա՝ կարդա,– շիկնելով ասաց նա գիրքը հանձնելիս։ – Ցտեսություն»։ Եվ ասես պիտի կանգնեցնեի՝ համարյա փախավ։ Երկար ժամանակ չէի համարձակվում բացել գիրքը։ Տանը ոչ ոք չկար, ես սրտի դողոցով բաց արեցի նամակը։ Այն գրված էր տետրի մի էջի վրա, մազագծերով, մաքուր։ «Իմ թանկագին Մայա,– դանդաղ սկսեցի ես, որպեսզի ուշ վերջանա նամակը։ Թուղթը դողում էր ձեռքիս մեջ։ – Ես այսօր ասեցի քեզ և հիմա նորից կրկնում եմ նույնը. այն, որ ես սիրում եմ քեզ և դարձյալ խնդրում եմ չծիծաղել, որ այսպիսի բան եմ գրում։ Ես չգիտեմ նույնիսկ, թե ինչ գրեմ և առհասարակ չգիտեմ, թե ինչ են գրում նման դեպքերում։ Ներիր, եթե ճիշտ չեմ գրում, միայն կասեմ, որ քեզ սիրելու եմ մինչև իմ կյանքի վերջը, և ուր էլ լինեմ՝ քո անունն է լինելու իմ շուրթերին։ Քո անունը, որ այսուհետև սրբություն է ինձ համար։ Քո նամակի պատասխանին անհամբեր սպասող՝ քո Բորյա։

 

23.11.41 թ.»։

Ես մի քանի անգամ կարդացի Բորյայի նամակը։ Ասես ինչ-որ բան բաց էի թողել. նորից ու նորից էի կարդում…

Մայա։

P. S. Բորյան, ինչպես միշտ, այսօր դպրոցի ճանապարհին կանգնած սպասում էր։ Դասարան չէր գնացել դեռ, պայուսակը ձեռքին էր։

–Բորյա, ողջույն,– հասնելով նրան, ասաց Ուլյան։– Ողջույն՝ ինչպես իմ, այնպես էլ Մայայի կողմից։

Բորյան ծիծաղեց։

–Իսկ Մայան, ի՞նչ է, լեզո՞ւ չունի,– հարցրեց նա։

–Մայան շփոթվում է,– նազկտանքով ժպտաց Ուլյանան։-Յուրաքանչյուր մարդ էլ, կարծում եմ, իրավունք ունի շփոթվելու։ Ճիշտ չե՞մ ասում։

–Ճիշտ ես ասում,– պատասխանեց Բորյան։

Բորյան նայեց ինձ իր շեղակի հայացքով, և մեր աչքերը հանդիպեցին։ Ես ժպտացի նրան։ Նա այնպես գեղեցիկ էր այսօր։ Ես առաջ անցա։ Ուլյան շշուկով ինչ-որ բան էր ասում Բորյային։ Միայն լսեցի. «Դե, իհարկե, սիրում է» և զգացի, որ իմ մասին է խոսքը։ Երկար ժամանակ լուռ ծիծաղում էի Ուլյայի ասացի վրա։

Մ.

P. S. Իվան Արսենտևիչը առավոտյան դասարան մտավ և ասաց, որ քիմիայի նոր ուսուցչուհի է եկել։ Մենք բոլորս ուրախացանք, որովհետև այս երեք ամիսների ընթացքում քիմիայի երկու ուսուցիչ էին եկել, մի քանի օր պարապել էին, մեկնել ռազմաճակատ։ Քիչ հետո դասամատյանը ձեռքին դասարան մտավ… Ալեքսանդրա Եմելյանովնան։ Աչքերիս չէի հավատում. իսկ ինչո՞ւ նա ինձ չէր ասել այդ մասին։ Մնացել էի կանգնած։

–Նստիր, Մայա,– ժպտալով ասաց նա և, դառնալով դասարանին, հանգիստ ձայնով ավելացրեց.– Այսօրվանից ես ձեզ քիմիա եմ դասավանդելու։ Իմ ազգանունը Դուբրովինա է։ Հույսով եմ, որ իրար կհասկանանք։

Իսկ դասամիջոցին ինձ ասաց.

–Մայա, դասերի վերջում չե՞ս սպասի միասին տուն գնանք։

–Իհարկե, կսպասեմ,– ուրախությամբ ասացի ես։

Հետո մենք միասին տուն եկանք։ Երկար զրուցում էինք։ Բաժանվելիս ասաց…

–Խնդրում եմ ինձ անունով կոչել և դուք-ով չխոսել հետս… չէ՞ որ ես քեզանից այնքան էլ մեծ չեմ,– ժպտալով ավելացրեց նա, հիշելով այն օրվա մեր խոսակցությունը։

–Շատ լավ,– ասացի ես։

Այնպես հաճելի է նրա հետ։

Մ․

Կիրակի, 14 դեկտեմբերի 41 թ։ Սկզբում օրը պարզ էր, չոր քամի էր փչում միայն և թվում էր դարձյալ ձյուն է գալիս։ Բայց ձյուն չեկավ, քամին միանգամից կտրվեց, և տները, այգիներն ու փողոցները կորան մառախուղի մեջ։ Հետո երկինքը նորից բացվեց, սոսկ այստեղ-այնտեղ, երկնքի հեռու խորքում, գորշավուն ամպեր էին լողում։

Ես դուրս եկաԱլեքսանդրա Եմելյանովնային ուղեկցելու։ (Երեկ մանկխորհի նիստ էր դպրոցում, նիստից հետո նա մեր տուն էր եկել, որպեսզի միասին գնանք իրենց մոտ, բայց մայրիկը չթողեց։ Ուշ է՝ ասաց, մնացեք մեզ մոտ․ ես ձերոնց իմաց կտամ)։

–Հաջորդ մանկխորհի նիստը ե՞րբ է, Ալեքսանդրա Եմելյանովնա,-դրսում հարցրի ես։

–Դարձյալ՝ Ալեքսանդրա Եմելյանովնա,-նեղացավ նա։-Տես, Մայեչկա, կնեղանամ։

–Լավ՝ Սաշա։ Սաշենկա՝ այդպես լա՞վ է։

–Իհարկե։

–Դե լավ, խոստանում եմ, սրանից հետո այդպես եմ կոչելու՝ Սաշենկա․ ինձ նույնպես դուր է գալիս։

–Փառք աստծո,-ժպտած նա։

–Ե՞րբ է մանկխորհի հաջորդ նիստը,-կրկին հարցրի ես։

–Ի՞նչ ես անում,-սպասողական, աչքերի մեջ ժպիտ՝ Ալեքսանդրա Եմելյանովնան նայում էր ինձ։

–Որպեսզի դարձյալ մեզ մոտ մնաք,-ժպտալով ասացի ես։

–Երբ ուզես,– ասաց նա։– Ուզած օրը կարելի է մանկխորհի նիստ հրավիրել։ Միայն թե այս անգամ դու ես գալու մեր տուն։

–Խնդրեմ,– ասացի ես։-Ես միշտ պատրաստ եմ։

Նա ծիծաղեց և ասաց․

–Ցտեսություն։ Մինչև վաղը։

–Ցտեսություն։– Ես ուզում էի բակ մտնել, փողոցի մյուս ծայրից երևացին մեր դասարանցի տղաները։ «Զինկոմիսարիատից են գալիս»-մտածեցի ես։ Արդեն քանի անգամ է գնում են ու ոչինչ չի ստացվում։ Սպասեք՝ ասում են։ Իսկ այն ժամանակ, երբ պատերազմը նոր էր սկսվել դեռ, մեզ թվում էր, թե հեշտ կլինի կամավոր մեկնել ռազմաճակատ։ Շրջանային զինկոմիսարիատում ու կոմերիտշրջկոմում շարունակ հերթեր էին, միայն հուլիսի սկզբին մեզ հաջողվեց մտնել կոմերիտշրջկոմի առաջին քարտուղար Պրոկոֆի Իվանովիչի մոտ, բայց իզուր։ «Աղջիկներին չենք վերցնում,– ասաց նա։ – Տղաներին նույնպեսուղարկել չենք կարող․ ռազմաճակատի համար նրանք փոքր են դեռ»։ Դա, իհարկե, անչափ վշտացրեց մեզ, որովհետև մենք՝ ամբողջ դասարանով, ուզում էինք մեկնել ռազմաճակատ, և, համոզված էինք, որ մեզ չեն մերժի։ «Դուք այստեղ, թիկունքում ևս կարող եք օգնել ռազմաճակատին,– վերջում ասաց Պրակոֆի Իվանովիչը։– Մենք ձեզ կուղարկենք մոտակա կոլտնտեսությունները՝ բերքահավաքին օգնելու»։ Մինչև սեպտեմբերի վերջը օգնեցինք Կրասնյանկա գյուղի կոլտնտեսությանը, իսկ հետո դպրոցում սկսվեցին պարապմունքները, և մենք նորից վերադարձանք Պերվոմայկա։ Համարյա օրումեջ, կամ երկու-երեք օրը մի անգամ, դասերից հետո, ինչպես նաև կիրակի օրերին, կուսշրջկոմի հրահանգիչ Եվգենի Յակովլևիչ Մաշկովի գլխավորությամբ հակատանկային խրամատներ էինք փորում Վերին Կուրմոյարսկի ստանցիայի մոտ։ Ամբողջ Պերվոմայկան՝ մեծից մինչև փոքրը, հակատանկային խրամատներ էին փորում։ Իսկ հիմա ձյուն է, միայն տղամարդիկ են գնում խրամատներ փորելու․ որին ես գիտեի կոմերիտշրջկոմի նիստերից։

Տղաները շրջապատեցին ինձ։

–Մայա, ծանոթացիր Վիկտորի հետ, -ասաց Տոլյա Պոպովը։-Մեր լավագույն ընկերներից է։

–Իսկ մենք ծանոթ ենք,-ասացի ես։

–Եվ այն էլ վաղուց,– ժպտաց Վիկտորը։

–Այդ մեկը մենք չգիտեինք,– կեղծ լրջությամբ ավելացրեց Տոլյան։

–Իսկ այս ո՞ւր եք հավաքվել այսպես,-հարցրի ես, նայելով նրանց բոլորին ու ակամա ժպտալով Բորյային։– Եթե, իհարկե, գաղտնիք չէ։

–Խրամատ էինք փորում, իսկ հիմա մաքուր օդ ենք շնչում, շեկ մազերը գլխի թեթև շարժումով ճակատից ետ գցելով, ասաց Վասյա Բոնդարևը։– Լավ օդ է՝ կիլոգրամը զրո կոպեկ։

–Կարող եք միանալ, եթե դեմ չեք,– ժպտաց Տոլյա Պոպովը։-Դե՞մ չեք։

–Իհարկե, դեմ չեմ,– ուրախ ասացի ես։ Ինչպես կարող եմ մերժել այսպիսի տղաներին… Իսկ զինկոմիսարիատում ի՞նչ ասացին,-ինձ համար ևս անսպասելի՝ հանկարծ հարցրի ես։

–Սպասեք՝ ասում են,– դժգոհ ասաց Վիկտոր Պոպովը։– Սպասեք, ինքներս կկանչենք, ասում են։ Մինչև երբ սպասենք՝ հայտնի չէ։

–Դե, եթե ասում են սպասեք, ուրեմն պետք է սպասել՝ ի՞նչ արած,– սփոփելու համար ասացի ես։ -Նրանք, հավանաբար, մեզանից ավելի լավ գիտեն, թե ինչ պետք է անել։

Մի կարճ պահ բոլորը լուռ էին:

–Հետո պատերազմը կվերջանա, իսկ մենք ոչինչ չենք արել, -լռությունը խախտեց Անատոլի Պոպովը: -Նստել ու սպասել, թե երբ կվերջանա պատերազմը՝ շշմել կարելի է: Իսկ պատերազմը չի վերջանում, ընդհակառակը՝ գնալով բորբոքվում է:

–Իսկ եթե գնանք ու միանանք մեր բանակի՞ն,-չարաճճի աչքերը խաղացնելով, ասաց փոքրիկ Դեմյանը:-Գնանք գտնենք:

–Իսկ որտե՞ղ է բանակը,– ասաց Բորյան, որ մինչ այդ լուռ էր, մի կողմ կանգնած:

Դեմյանը Բորյայի ծաղրանքը չհասկացավ:

–Ի՞նչ իմանամ- ուսերը թոթվեց նա:-Որտե՞ղ պիտի լինի՝ ռազմաճակատում: Ռազմաճակատը հեռու է:

–Որոշված է,– կկոցելով աչքերը՝ ժպտաց Բորյան:-Գնում ենք գերմանացիների դեմ կռվելու: Դիմկայի հրամանատարությամբ:

–Ինձ համար մեկ է, թե ում հրամանատարությամբ կկռվենք,– առանց Բորյային նայելու, նեղացած ասաց Դեմյանը: -Միայն կկռվենք, ոտից-գլուխ ջարդենք անարգ թշնամուն:

Բոլորը ծիծաղեցին:

Հետո կանչեցինք Անգելինային, Լիլիային, Նինա Մինաեվային, Նինա Գերասիմովային, Վասյա Բոնդարևը կանչեց քրոջը՝ Շուրային, և բոլորս միասին գնացինք Ուլյայի ետևից՝ հեղեղատից այն կողմ:

Մինչև ուշ ձնագնդի էինք խաղում: Վիկտոր Տրետյակեվիչը նույնպես մեզ հետ էր: Թափառում էինք խմբով: Իսկ ձյունը գալիս էր ու գալիս: Մեր թարթիչներին անգամ ձյուն էր նստել: (Համեմատաբար միակ ուրախ օրը վերջին ամիսների ընթացքում): Հետո Բորյան եկավ ինձ ճանապարհելու: Արդեն մութ-մութ էր, նա շարունակ ուզում էր թևանցուկ անել ու չէր համարձակվում: Ես դա զգում էի: «Չե՞ս մրսում», – շարունակ հարցնում էր նա, կողքանց նայելով ինձ: «Ոչ», – ասում էի ես, թեպետ իսկականից մրսում էի. Սառը քամի էր փչում: Իսկ մեր տան մոտ, բաժանվելիս, հարցրեց.

–Ուզու՞մ ես, որ ես բանակ գնամ:

Այդ մասին առաջ երբեք չէի մտածել, չգիտեի ինչ պատասխանել:

_Ինչու՞ ես լռում, – կարճ դադարից հետո հարցրեց նա:

–Այդ մասին երբեք չեմ մտածել, – ասացի ես:

–Ինչու՞:

–Չգիտեմ:

–Իսկ հիմա՞:

–Հիմա ինչ՞:

–Կուզենայի՞ր որ ես բանակ գնայի:

–…Կուզենայի, եթե ինձ էլ վերցնեին, – ասացի ես: -Միասին կկռվեինք: Բայց մեզ չեն վերցնում:

–Այո, աղջիկներին չեն վերցնում, մտախոհ ասաց Բորյան:

–Եթե բուժքույրերի դասընթացներն ավարտած լինեի, կվերցնեին: Մեր դասարանցի Լիլիա Իվանիխինայի քույրը՝ Տոնյան ավարտել է այդ դասընթացները և հիմա սանհրահանգչուհի է ռազմաճակատում՝ Վիտեբսկի մոտ: Ի միջի այլոց, մենք նրա հետ շատ մոտիկ ընկերուհիներ էինք:

–Վիրավոր չլինեի, ես էլ հիմա ռազմաճակատում կլինեի, – ասաց Բորյան մտախոհ: -Իսկ հիմա չեն վերցնում… դեռ չես ապաքինվել՝ ասում են իրավունք չունենք։ Այնպես կուզենայի ճակատում լինել… այստեղ ոչինչ անել չեմ կարողանում. տղաները խրամատ են փորում, իսկ ես կանգնում եմ նրանց մոտ․ տանը նստել չի լինում. քիչ է մնում պայթի սիրտս…

Քամին ձյունը քշում, կիտում էր ցանկապատի երկարությամբ։ Ես ետ նայեցի. չէր երևում՝ վառվո՞ւմ է մեր լամպը, թե՞ ոչ. պատուհանները քողարկված էին։

–Եթե վիրավոր չլինեիր, երևի չհանդիպեինք,– ասացի ես նայելով Բորյային։

–Ինչո՞ւ,– զարմացավ նա։

– Ո՞րտեղ պիտի հանդիպեինք։

–Չէ՞ որ, միևնույն է, ես պիտի գայի Պերվոմայկա, իմ ծնողներն այստեղ են ապրում։ Պատերազմից հետո գալու էի։

– Շքանշաններով, մեդալներով,– ժպտացի ես,– որպես հերոս։

– Չէ մի՝ հերոս։– Բորյան ժպտաց։– Հո բոլորը հերոս չեն դառնում։

–Դու կդառնայիր։ Եթե հերոսի շքանշան չունենայիր, չէի խոսի քեզ հետ։

– Իսկ հիմա ինչո՞ւ ես խոսում,– ինքնաբավականությամբ ժպտաց Բորյան։

– Հենց այնպես,– ասացի ես։– Խոսեցնում ես՝ խոսում եմ։

Բորյան ծիծաղեց։

–Դե ես գնամ,– ասացի ես։– Բարի գիշեր։

–Ի՞նչ է, ցուրտ է,– հարցրեց Բորյան, հանկարծակի բռնելով ձեռքերս։– Բեր տաքացնեմ։

– Եվ ցուրտ է, և ուշ է արդեն,– առանց ձեռքերս նրանց ափերից հանելու, ասացի ես,– մայրիկը սպասում է։

– Չէ, երևի մրսում ես։ Ես հիմա կտաքացնեմ։– Նա արագ, շտապողական սկսեց շնչով տաքացնել մատներս։– Այս ինչքան սառն են,– շշնջաց խզված ձայնով։– Ես հիմա կտաքացնեմ քո մատները… Սառն են, բոլորովին սառն են քո մատները, Մայա,– մրմնջաց նա։-Դու այս ինչ գեղեցիկ մատներ ունես… հիմա կտաքացնեմ… Արդեն չես մրսում, չէ…

– Ոչ, չեմ մրսում,– ինքս էլ չիմանալով, թե ինչ է կատարվում ինձ հետ, դողացով ձայնով ասացի ես, ձգտելով մատներս հանել նրա ափերից։

–Հիմա արդեն տաքանում են,– մատներիս վրա արագ շնչելով արտասանեց Բորյան։– Հիմա արդեն սառը չեն, հիմա էլ չեն մրսի… որովհետև ես, ահա տաքացնում եմ… և եթե պատահի, եթե ինձանից բացի մեկ ուրիշի հետ խոսես, Մայա, ես չգիտեմ, դու չես պատկերացնում…

Եվ հանկարծ ես ընդոստ ետ քաշեցի ձեռքերս…

–Ոչ,– հուզված արտաբերեցի ես, մատներիս վրա դեռևս զգալով նրա շեւրթերի տաք հպումը։– Պետք չէ… բարի գիշեր…

Ես վազեցի տուն. Իսկ նա երկար ժամանակ կանգնած էր դեռ մեր տան մոտ, մթան մեջ։

Տարօրինակ, արտասավոր, գեղեցիկ ու զարմանալի օր էր այսօր։

Մայա։

Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի 1941 թ.։ Բոլոր տները մութ, բոլոր տներում՝ ճրագները մարած, ոչ բաժակների զնգոց, ոչ ուրախ կենացներ,– նոր տարի է։ Դրսում ցուրտ է, երեսուն աստիճան սառնամանիք, քամին ոռնում, կախկանձում է, ծեծում դուռ ու պատուհան։

Պատերազն է, սառնամանիք ու նոր տարի։ Ե՞րբ կվերջանա պատերազմը՝ ոչ ոք չգիտի։ Նոր տարի… Գոնե այս նոր տարում ավարտվեր պատերազմը, նորից սկսվեր նախկին կյանքը։ Նախկին խաղաղ ու երջանիկ կյանքը։ Ես ակամա հիշեցի, թե անցյալ տարի ինչպես դիմավորեցինք նոր տարին։ Ախ, մի՞թե եղել են այդպիսի երջանիկ օրեր։ Ինչպես էինք ուրախանում, ինրպես էինք երգում և ինչպես էինք սպասում նոր տարվա հանդեսին։ Մայրիկը հատկապես այդ օրվա համար կապույտ մետաքսի շրջազգեստ էր կարել, թեև ես բողոքում էի, որ նա իր համար կարեր։ Ես հագա այդ զգեստը, դրեցի սպիտակ ժանյակավոր օձիքս, որ Աշխեն հորաքույրս էր ուղարկել Ռոստովից, հետո մայրիկը մազերիս մեջ կովկասյան երիցուկ ամրացրեց։ Նայեցի հայելու մեջ, ծիծաղեցի։

–Ես այսպես չեմ ուզում, մամ,– ասացի ես։– Այնպես շքեղ ես հագցրել, ասես հարս եմ գնում, շատ է աչքի զարնում, չեմ հագնի։

– Թող մնա,– ասաց մայրիկը, հպարտությամբ ու գորովանքով նայելով ինձ։– Ես ուզում եմ, որ իմ աղջիկը բոլորից գեղեցիկ լինի հագնված։

–Մարդուն շորը չէ, որ գեղեցկացնում է, մամանյա,– ժպտալով ասացի ես, հանեցի այդ զգեստը և հագա իմ սիրած կապույտ բրդյա շրջազգեստը։

Մայրիկն, իհարկե, նեղացավ, բայց ես գրկեցի նրան և այնպես գրկած, այտս-այտին, ասացի, «Մյուս անգամ կհագնեմ, մի նեղացիր, մամանյա»։ Մայրիկը ժպտաց, ասաց. «Դու սատանային անգամ կգժվացնես»։ Հետո մենք միասին, թևանցուկ գնացինք Գորկու անվան ակումբը։ Ի՜նչ գեղեցիկ, ի՜ նչ սքանչելի էր այդ օրը։ Երբեք չպիտի մոռանամ։ Եվ հիմա թվում է, թե վաղո՜ւց- վաղուց էր դա, մի քանի տարի առաջ…

Քամին ուժգին ծեծեց տան դուռը, փախավ։

Ավանային խանութը առավոտյան հաց է ստանալու։ Մարդիկ հերթ են կանգնել ցրտի մեջ։ Մայրիկն էլ այնտեղ է։ Վառարանում հոգնած մարմրում է կրակը։ Տխուր է։ Տխուր է։ Տխուր է։

Մայա

Չորեքշաբթի, 14 հունվարի 42 թ. Օրերը տխուր են նորից, իրար միանման, ձանձրալի, նորից ձյուն է գալիս։

Այգում, ցրտի մեջ անշարժ կանգնել են մերկ ծառերը։ Ծառերի ճղներին փափուկ թխվածքի պես ծանրացել են շողշողուն ձյան հաստ շերտերը։ Փլվում է շերտը, ճյուղը շտկվում, սկսում է ճոճվել։

 

Ձյան խոշոր փաթիլները նոսր մշուշի միջից գալիս, պտտվում են ծառերի վրա, օրորվելով, դանդաղ գնում են դեպի ցած։

Ես երկար, երկար նայում եմ անշտապ ընկնող փաթիլներին և ինձ հեռավոր ու կարոտալի մի աշխարհ է երևում այնտեղ, հեռվում, յոթը սարից, յոթը ձորից անդին՝ անպատերազմ ու արևոտ մի աշխարհ, մի անծանոթ երջանկություն։

Թանձր փաթիլներով առատ ձյուն է գալիս։ Եկավ Բորյան։ Նրա սև երկար թարթիչներին ձյուն էր նստել։

–Եկել եմ նոր տարիդ շնորհավորելու,-ասաց նա։

–Ի՞նչ նոր տարի,-սկզբում չհասկացա ես։

–Հին տոմարով նոր տարի է այսօր,-ասաց Բորյան։-Եկել եմ շնորհավորելու։

Որպս նվեր՝ նա ինձ համար բերել էր Հյուգոյի «Իննսուներեքը»։ Հունվարի մեկին նվիրել էր «Մարդը, որ ծիծաղում է» վեպը, իսկ հիմա «Իննսուներեքը»։

–Շնորհակալություն, Բորկա,– զգացված ասացի ես,– հենց այսօր կսկսեմ կարդալ։

Ես նրան տուն չհրավիրեցի, որովհետև մայրիկն արդեն աշխատանքից վերադարձել, տանն էր։ «Վաղը դպրոցում կհանդիպենք»,– ասացի ես։ Երևի վիրավորվեց, որ տուն չհրավիրեցի։

Մայա։

Ուրբաթ, 30 հունվարի։ Արդեն երկրորդ շաբաթն է մեզ մոտ, սովետական բանակի մի լեյտենանտ է ապրում՝ Վլադիմիր Իգնատևիչ Բեսսոնովը։ Բարակ- բարակ, սլացիկ, նուրբ ու դալուկ դեմքի տիրական արտահայտությամբ՝ նա ամեն առավոտ զինվորական բլուզով ու երկար շինելով՝ ձգված ու ճկուն, դուրս է գալիս տնից և վերադառնում է ուշ երեկոյան։

Առաջին անգամ, երբ նա մեր տուն եկավ և ասաց, որ մեզ մոտ պիտի մնա, մենք մի քիչ զարմացանք։

Այդպիսի հրահանգ կար՝ բնակչությունը պարտավոր է գիշերելու տեղ տալ ռազմաճակատ մեկնող սովետական սպաներին։ Հրսհսնգ կար, բայց այդպես էլ մեզ մոտ՝ Պերվոմայկա, ոչ ոք չէր գալիս։ Երևի նրա համար, որ Պերվոմայկան Կրասնոդոնից բավականին հեռու է՝ երկու- երեք կիլոմետր։ Եվ հանկարծ՝ այն էլ մութ երեկոյան…

–Ես մի քանի օր կմնամ ձեզ մոտ,– ասաց նա, փոքրիկ ճամպրուկը դնելով գետնին, դռան մոտ։

Խոհանոցին կից փոքրիկ սենյակը, ուր ես ապրում էի, մայրիկի հետ կարգի բերեցինք, փոխեցինք տեղաշորը և, երբ ամեն ինչ պատրաստ էր, ես ասացի լեյտենանտին։

–Ընկեր լեյտենատ, ձեր սեյակը պատրաստ է։

Նա սեղանի մոտ կանգնած մեկ- մեկ նայում էր գրքերս, շրջվեց, գլուխ տվեց և թույլ ժպտաց.

–Ոչ թե ընկեր լեյտենանտ, այլ՝ Վլադիմիր Իգնատևիչ, կամ պարզապես՝ Վոլոդյա,– և ուշադիր նայելով ինձ, ավելացրեց.-Ներեցեք, ես ահագին նեղություն եմ տալիս ձեզ։

Ես շփոթվեցի նրա հայացքից և ոչինչ չգտա ասելու։

Իսկ երեկ, կեսօրից հետո, եկավ գունատ (ես դպրոցից վերադարձել էի արդեն), երկար չեմ կարողանում մի տեղ նստել։

–Գերմանացիները վերցրել են Վոլոկոլամսկը,– տրտմորեն ասաց նա։

Մենք լուռ էինք, սպասում էինք, թե նա էլ ինչ կասի։

–Կինս ու աղջիկս այնտեղ են,– քիչ անց փշրված ձայնով ասաց նա։-Չեն հասցրել էվակուացվել։

Իսկ հետո.

–Ես երևի մի քիչ երկար մնամ ձեզ մոտ,– մտացրիվ նայելով մեկ մայրիկին, մեկ ինձ, մեղավոր ասաց նա։– Այդպես ստացվեց։

– Մնացեք ինչքան պետք է,– ասաց մայրիկը։

–Շնորհակալություն,– նա գնաց իր սենյակը և քիչ անց վերադարձավ՝ «Պրավդա»– ի համարներից մեկը ձեռքին։– Մոսկվայից ոչ հեռու, Պետրիչե գյուղի մոտ, – ցածր ձայնով ասաց նա՝ թերթը դնելով սեղանին,– գերմանացիները կախաղան են հանել տասնյոթամյա մի աղջկա՝ Տանյա անունով։ Նրան բռնել են գերմանական զինապահեստը վառելիս և ինչքան էլ չարչարել, խոշտանգել են՝ ոչինչ չի խոստովանել։ Այստեղ այդ մասին է գրված․ «Պրավդա»-ի հունվարի 27-ի համարն է, կարդացեք։

Եվ թերթը կարդալիս, և հետո, երբ գնում էի ավանային ակումբ՝ միտինգի, ուր ելույթ ունեցավ նաև Վլադիմիր Իգնատևիչը, ու հետո՝ վերադարձի ճանսպարհին, հետո՝ տանը, երբ մայրիկի հետ միասին ծանրոց էինք պատրաստում՝ ռազնաճակատ ուղարկելու համար, հետո՝ երեկոյան, երբ իջեցրել էինք ճրագի պատրույքը և տունը լցվել էր կիսախավարով,– ես շարունակ մտածում էի կոմերիտուհի Տանյայի մասին։ Նա շարունակ իմ աչքի առաջ էր, նրան խոշտանգում էին, կիսամերկ ու ոտաբոբիկ ժամերով կանգնեցնեւմ էին սառնամանիքի մեջ, շիկացած երկաթով դաղում էին մարմինը, իսկ նա ոչինչ չէր ասում, լուռ էր։ Նրան տանում էին դեպի կախաղան, անբողջ գյուղը լալիս էր, իսկ նա դարձյալ լուռ էր, միայն կծում էր շուրթերը, և նրա աչքերում արտասուք չկար։

Ես շարունակ նրա մասին էի մտածում։

–Կարդացի՞ք,– առավոտյան հարցրեց Վլադիմիր Իգնատևիչը։

–Այո,– ասացի ես։– Կարդացի։ Ուղղակի հերոսուհի։ Զոհվել է, բայց դե ինչ գործ է կատարել,– ավելացրի ես, թերթը վերադարձնելով նրան։-Ոչինր, որ մարդ այդպես մեռնի։ Իմ կարծիքով, դա նույնիսկ մահ չէ, իմ կարծիքով, դա անմահություն է։

Վլադիմիր Իգնատևիչը նայում էր ինձ, հետո ցածրաձայն ասաց.

–Այո,– քիչ լռեց ու հետո ցածրաձայն ասաց.-Այո։-Եվ կրկին երկար նայում էր ինձ։-Իսկ ի՞նչ կանեիք դուք,-վերջապես հարցրեց նա։– Նրա տեղ դուք լինեիք եթե, ի՞նչ կանեիք։

Հարցն անսպասելի էր, ես որոշ ժամանակ լուռ մտածում էի, իսկ հետո ասացի.

–Պարզ է, ես կվարվեի նրա պես. ես ոչինչ չէի խոստովանի։

Վլադիմիր Իգնատևիչի աչքերում ու այտերի վրա հազիվ նշմարելի ժպիտ երևաց։

–Դուք ինձ չե՞ք հավատում,– հարցրի ես։

–Հավատում եմ,– արագ ասաց նա՝ մի կարճ պահ ուղիղ նայելով իմ աչքերին։– Ես ձեզ հավատում եմ։

Լռություն։

–Վլադիմիր Իգնատևիչ, իսկ դուք չէի՞ք գա մեր դպրոցը՝ հանդիպման։ Ձեր ելույթը երեկ ինձ շատ դուր եկավ… Ես աշակերտներին հավաքեմ։ Ուզում եք երկար դասամիջոցին, ուզում եք՝ դասերից հետո։ Ես նրանց կկարդամ թերթի հոդվածը՝ Տանյայի մասին, իսկ դուք կպատմեք, թե ինչ է կատարվում ռազմաճակատում…

–Իսկ ձեր դասերը ե՞րբ են վերջանում,– երկար մտածելուց հետո հարցրեց նա։

–Մեկ անց կեսին։

–Կգամ,– ասաց նա։։– Կպատմեմ Խալխին-գոլի դեպքերի մասին։ Մի քիչ էլ ռազմաճակատից կխոսեմ։ Հո դե՞մ չեմ։

–Չէ, ինչ եք ասում,– ոգևորված ասացի ես։– Դուք մասնակցե՞լ եք, ուրեմն, Խալխին-գոլի ճակատամարտին։

–Իհարկե,-ժպտաց նա։-Նույնիսկ վիրավորվել եմ։ Այն էլ երկու անգամ։

Մայա։

P. S. Հանդիպումը սրտառուչ էր, իսկ վերջեւմ, հանդիպումից հետո, Բորյան դպրոցի բակում մոտեցավ ինձ։ Մռայլ, գլխահակ կանգնել է ու ոչինչ չի ասում։ Գետնին է նայում։

–Ի՞նչ է պատահել,– կամացուկ, որպեսզի ոչ ոք չլսի, հարցրի ես։

Չի խոսում. գետնին է նայում դարձյալ։

–Ձեր տա՞նն է ապրում,– վերջապես հարցրեց նա։

–Ո՞վ,-իբր չհասկացա ես։

–Այդ լեյտենանտը,– առանց աչքերը բարձրացնելու, խռպոտ հարցրեց Բորյան։

–Այո,-իբր ոչինչ չկռահելով, ասացի ես։– Ես էի խնդրել, որ գա հանդիպման։ Չմերժեց։

–Չմերժեց,– Բորյան փայլկտացող աչքերով նայեց ինձ։– Ինչո՞ւ չմերժեց։

–Չգիտեմ,-ուժով զսպելով ծիծաղս, ասացի ես։-Սքանչելի տղա է։

–Այո՞… Դե լավ, ես գնացի,– անսպասելի ասաց նա։– Առանց ինձ էլ, տեսնում եմ, տխուր չէ քեզ համար։– Նա արագ թեքվեց, և, աշխատելով չկաղալ՝ գնաց դեպի հեղեղատ տանող ճանապարհով։

Աղջիկներն ու տղաները հեռվում շրջապատել էին Վլադիմիր Իգնատևիչին. տաք զրույցի էին բռնվել նրա հետ, և ինձ թվաց, թե ոչ եք չէր լսում մեզ։ Բայց քիչ անց, դպրոցի բակից դուրս գալիս, Ուլյան, սեղմվելով ինձ, ծիծաղելով ասաց.

–Նա, ի՞նչ է, չգիտե՞ր։

–Ի՞նչը,-հարցրի ես։

–Լեյտենանտի մասին։ Չգիտե՞ր, որ ձեր տանն է ապրում։

–Իհարկե, գիտեր։ Առաջին օրն եմ ասել։

–Էլ ինչի՞ էր աքլորանում։ Պարզ է, խանդում է։ Որտեղ սեր՝ այնտեղ էլ խանդ. ուշադրություն մի դարձրու։

Հեռվում, դեպի հեղեղատ իջնող բլրակի վրա, դեռ երևում էր Բորյան։ Ես երկար ժպտում էի Բորյայի ետևից։

Մայա։

P. S.– Այն տղան ինչո՞ւ էր բացակայել,– քիչ առաջ հարցրեց Վլադիմիր Իգնատևիչը։

Ես զարմացած նայեցի նրան. «Նա որտեղի՞ց գիտի»։

–Ի՞նչ տղա,– ասացի ես։

–Ցերեկը։ Դպրոցի բակում։

–Չգիտեմ,– ասացի ես կարմրելով։

–Դուք նայում էիք նրա ետևից և շարունակ ժպտում էիք,– հանգիստ ավելացրեց նա։

–Դո՞ւր եկավ ձեզ մեր դպրոցը,– խոսակցությունը փոխելու համար հարցրի ես։

–Այո,– պատասխանեց Վլադիմիր Իգնատևիչը,– դուք գեղեցիկ էիք ժպտում,– ավելացրեց նա, ուշադիր նայելով ինձ։– Ես դա կհիշեմ։ Եվ գիտե՞ք,-հանկարծ ասաց նա՝ շփոթված ժպտալով։– Դուք ինձ շատ եք հարազատ, ներեցեք անկեղծության համար, որովհետև, իմ կարծիքով, երբեմն չափից դուրս անկեղծությունն էլ կեղծավորություն է։ Բայց, հուսով եմ, որ դուք իմ մասին այդպես չեք մտածում։ Երբ առաջին անգամ եկա ձեզ մոտ և տեսա ձեզ, չգիտեմ ինչու, ինձ թվաց, թե ես վաղուց գիտեմ ձեզ։ Այնպես հարազատ թվացիք ինձ։ Իսկ հիմա՝ առավել ևս․.. Ես աղջիկ ունեմ՝ անունը Մարինա, դուք այդ մասին գիտեք, և ես այնպես եմ ուզում, որ նման լինի նա ձեզ։ Ես նրան չեմ տեսել, թեպետ արդեն երեք տարեկան է, և շատ եմ ուզում, որ նման լինի ձեզ։ Իսկ ես կհիշեմ ձեզ։

–Ե՞րբ,– չգիտեմ ինչու, ակամա հարցրի ես։

–Ռազմաճակատում։ Կան բաներ՝ մի խոսք, մի հայացք, թեթև մի ժպիտ, և այլն, որ հիշվում են մարդու ամբողջ կյանքում, մինչև նրա կյանքի վերջը։ Ես ձեր ժպիտը կհիշեմ միշտ…

Ես երկար ժամանակ ոչինչ չէի գտնում ասելու։

Մայա։

Շաբաթ, 21 փետրվարի 1942 թ. Բանակից վերադարձել է Սեմյոն Միտրոֆանովիչը։ Մեր դպրոցի նախկին պահակը։ Այսինքն, մոտ երկու ամիս առաջ էր վերադարձել, բայց դպրոց չէր գալիս, տանը պառկած էր։ Մենք՝ համարյա ամբողջ դասարանով, երկու անգամ գնացել էինք նրան տեսության, և նա այնպես էր ուրախացել… Նա պատերազմի հենց առաջին օրն էր գնացել զինկոմիսարիատ, սակայն նրան չէն վերցրել։ Սեմյոն Միտրոֆանովիչը նամակ էր գրել Բուդյոննուն, բողոքել։ Ու նոր միայն վերցրել էին։ Եվ հիմա վերադարձել է նա՝ նիհար, մի քանի տեղից վիրավոր։ Բայց առաջվա Սեմյոն Միտրոֆանովիչն է՝ առույգ, թախծոտ ժպիտը դեմքին։ Առաջվա պես կատակը անպակաս է նրա խոսքից։

Ձեռնափայտի օգնությամբ , կաղալով ու երբեմն մատներով սղալելով երկար բեղերը, քայլում է նա միջանցքով, իսկ երեխաները գնում են նրա ետևից, ռազմաճակատից հարցեր տալիս։ Եվ նա պատմում է՝ խոսքը համեմելով կատակներով։