Tasuta

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

…Ասում են՝ ով լավ պատմում է սիրո մասին, ուրեմն, նա խորը չի սիրում։ Դրա համար էլ ես ոչինչ չեմ պատմի։ Ոչինչ չեմ պատմի այն մասին, թե այնուհետև ինչ ասաց Բորյան և ինչ ասացի ես։ Դա անկրկնելի և գեղեցիկ մի երազ էր, երազում ասված խոսքեր , որ երևի, մի անգամ է լինում մարդու կյանքում և, որպես անմոռաց ու քաղցր հուշ՝ հավիտյան մնում է նրա հոգու խորքում։

«Ճշմարտություն, և ոչինչ՝ բացի ճշմարտությունից»։ Ոչ։ Չեմ գրի։

…Արևն արդեն թեքվել էր դեպի մայրամուտ երբ մենք ճանապարվեցինք տուն։ Պերվոմայկայի սլացիկ բարդիները՝ տղա-աղջիկ, տներից էլ բարձր, երկնքի մուգ կապույտ ֆոնի վրա գրկախառնված օրորվում էին, թեքվում, ասես ծիծաղում էին, ու նորից մոտենում, փսփսում էին… Մենք շարունակ կանգնում, նայում էինք Կամենկայի կողմը, ուր մութն ընկնում էր արդեն, և թռչունները ձգել էին իրենց իրիկնային տխրամորմոք երգը։

«Սիրել խորապես՝ նշանակում է մոռանալ ինքդ քո մասին։ Ժան Ժ. Ռուսո»։ Ճիշտ է։

Մայա։

Երկուշաբթի, 31 մայիսի 42 թ.։ Առաջին քննություն։ Գրավոր շարադրություն՝ գրականությունից։ Ինչպիսի վախով ու կարոտով էինք սպասել այս օրվան, իսկ հիմա տխուր ենք։ Ուսուցիչները նույնպես։ Ռազմաճակատը մոտենում է։ Հրետանային որոտումներն արդեն պարզորոշ լսվում են։ Հատկապես գիշերները։ Ի՞նչ է լինելու… Սովինֆորմբյուրոն չի հաղորդել, ճիշտ է, բայց լուրեր կան, որ գերմանացիները գրավել են Ստալինոն։ Գուցե և հաղորդել է՝ չենք լսել։ Քննությունից հետո բոլորս անխոս ցրվեցինք։

–Լա՞վ ես գրել,– երկար լռությունից հետո հարցրեց Ուլյան։

–Չգիտեմ,– անուշադիր ասացի ես։ Հիմա դա ի՞նչ նշանակություն ունի։

–Ճիշտ որ,– հառաչանքով ասաց Ուլյան։– Իրոք նշանակություն չունի,– մտազբաղ ավելացրեց նա։

Մեր տան մոտ բաժանվեցինք։

–Ի՞նչ ես անում այսօր,– հարցրեց Ուլյան։– Արի տուն, միասին պարապենք։ Գոնե տխուր չի լինի։ Կգաս։

– Այո,– անտրամադիր ասացի ես։

Գնացի։ Բայց համարյա չպարապեցինք։ Շարունակ պատերազմի մասին էինք խոսում։ Հետո եկավ Բորյան։ Նա ինձ ճանապարհեց տուն։ Լուսնյակ գիշեր էր, հեռավոր որոտներից անընդհատ ցնցվում էր գետինը։

Երեքշաբթի, 22 հունիսի 42 թ.։ Վերջին քննությունն էր այսօր, ավարտեցինք տասերորդը։ Իվան Արսենտևիչը շնորհավորեց բոլորիս։

-Ձեզ հաջողություն եմ ցանկանում,– ասաց նա տխուր ձայնով։– Եվ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ միջնակարգն ավարտելու առթիվ։ Դպրոցն ավարտելը՝ դա պակաս կարևոր իրադարձությում չէ մարդու կյանքում, իսկ դպրոցն ավարտել պատերազմի այս դաժան օրերին՝ դա արդեն միանգամայն առանձնահատուկ իրադարձություն է։ Պատերազմը կավարտվի, և դուք կգնաք սովորելու մեր երկրի բուհերում… Եվ որտեղ էլ որ լինեք՝ բարձր պահեցեք մեր դպրոցի անունը, եղեք կարգապահ ու խելոք եղեք պատրաստ մեր սուրբ հայրենիքի կանչին…

Նա խոսում էր փշրված ձայնով, մի անգամ նույնիսկ չժպտած։ Մի՞թե այդպես են շնորհավորում նորավարտներին։ Միշտ ժպտերես Իվան Արսենտևիչի դեմքին այսօր ժպիտ չերևած։ Նա փորձում էր ժպտալ՝ չէր ստացվում։

Սեմյոն Միտրոֆանովիչը, ձեռնափայտին հենված, կանգնել էր մի կողմ և տխուր նայում էր մեզ։ «Բոլորը ընդունվում են դպրոց,– մտածեցի ես,– մեծանում են , ավարտում դպրոցը, գնում, իսկ նա գնալով ավելի է ծերանում…»։ Մեր դասարանից Նիկոլայ Ժուկովն ու Անատոլի Նիկոլաևը արդեն ռազնաճակատում են։ Մայիսի սկզբին են մեկնել։ Մյուս տղաները մեկնում են այսօր։ Նրանց ուղարկում են Վորոշիլովգրադ, զինվորական հատուկ կուրսեր։

Հետո գնացինք զինկոմիսարիատ՝ տղաներին ճանապարհելու։ Ի՞նչ կուրսեր են ուղարկում նրանց , ի՞նչ գծով- ոչ ոք չգիտեր։

–Եթե չեն ասում, նշանակում է ռադիոհեռագրիչների գաղտնի կուրսեր է,-ցածր ասաց Բորյան։– Երկու-երեք ամիս կսովորենք ու այնտեղից ճակատ։

Զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկար։ Մեր դասարսնի համարյա բոլոր տղաները գնում են՝ տասներկու հոգի։ Ամբողջ Պերվոմայկան միանգամից դատարկվում է ասես։

–Արդեն քանի ամիս է սպասում ենք, որ մեզ էլ զորակոչեն, քանի անգամ ենք խնդրել, իսկ հիմա չեմ ուզում գնալ։

Ես նայեցի Բորյային։

–Ինչո՞ւ։

–Առանց քեզ ինչպե՞ս պիտի ապրեմ,-ցածր ասաց նա, ձեռքը սահեցնելով իմ դեմքի վրայով, ինչպես այն ժամանակ, Կամենկայի մոտ, անտառում։-Այսինքն, առանց քեզ չէ՝ դու միշտ ինձ հետ կլինես, իմ հոգու խորքում,– ժպտաց Բորյան ։– Հետո էլ արանքում գալու ենք , Վորոշիլովգրադից այստեղ ի՞նչ կա․․․

Ինչ-որ ցուցակ ձեռքին՝ մի սերժանտ բարձրացավ բակում կանգնած բեռնատարներից մեկի թափքը։

–Գնում ենք արդեն ,– ասաց Բորյան ,-հիմա կկանչի։

Սերժանտը սկսեց կարդալ ցուցակը։ Բորյայի անունն էլ կարդաց։

–Դե,– արտասանեց Բորյան , թեթևակի հպվելով ինձ ,– չտխրես։

–Ես աչքերս կփակեմ, որ չտեսնեմ, թե ինչպես ե գնում ,– ասացի ես։-Որպեսզի ինձ թվա, թե չես գնացել։

Նա ժպտաց ։

–Արագ, արագ,– թափքի վրայից ասաց սերժանտը, նայելով մեր կողմը։

« Հիմարիկ,-մտքում ասացի ես սերժանտին,-ինչ ես քեզ երևակայում»։

–Կգրեմ։ Հենց որ տեղ հասանք՝ կգրեմ։-Բորյան ետ գնաց (նա շարունակ փորձում էր ժպտալ) և միանգամից շրջվելով, բարձրացավ թափք։

Բեռնատարը շարժվեց։ Մենք քիչ գնացինք մեքենայի ետևից, հետո կանգնեցինք և այդպես, փոշու մեջ կանգնած, երկար թափահարում էինք ձեռքներս, մինչև բեռնատարը գնաց, ծածկվեց բլրի ետևում։ Բեռնատարի փոշին դանդաղ հալվում էր ոլորանի վրա։

–Ինչո՞ւ հատկապես այսօր,– հանկարծ ասաց Ուլյան։– Ինչո՞ւ այսօր ավարտեցինք տասերորդը և ինչո՞ւ այսօր մեկնեցին տղաները։ Մի ուրիշ օր լիներ գոնե։

–Ի՞նչ տարբերություն,– ասացի ես։

–Չգիտեմ,– մտածկոտ ասաց Ուլյան։-Վատ օր է այսօր։ Անցյալ տարի նույն այս օրը սկսվեց պատերազմը։ Հունիսի քսաներկուսին։

Մենք լուռ քայլեցինք մինչև տուն։

Առանց տղաների, իրոք, դատարկ էր թվում Պերվմայկան։

Մայա։

Երկուշաբթի, 5 հուլիսի 42 թ Այսօր առավոտյան լսեցինք սովինֆորմբյուրոյի հաղորդագրությունը․ հուլիսի 4-ին, ինն ամսվա պաշարումից հետո, մեր զորքերը թողեցին Սևաստոպոլ քաղաքը․ Այնտեղ, Սևաստոպոլում էր կռվում մեր դասարանցի Նիկոլայ Ժուկովը։

Անտանելի շոգ օր էր։

Մայա։

Շաբաթ, 17 հուլիսի 42 թ։ Արևը մայր է մտել։ Մութ է։ Դրսից կանչեցին։ Ես հոգնած բարձրացա տեղից, դուրս եկա պատշգամբ։

–Ուլյա՞,– զարմացա ես։

Ցանկապատից այն կողմ, բարձրակրունկ կոշիկներով, ծաղկավոր

շրջազգեստը հագին կանգնել էր Ուլյան։ «Ի՞նչ է պատահել»։

–Ներս արի, ի՞նչ ես կանգնել,– ասացի ես։

Մի ժամ չկար, ինչ դաշտից տուն էինք եկել․ ամբողջ օրը Կրասնյանկայի կոլտնտեսականների հետ կարտոֆիլ էինք փխրեցնում այնտեղ և ոչ դաշտում, ոչ էլ ճանապարհին, Ուլյան ինձ ոչինչ չէր ասել, ու հիմա․․․

–Դուրս եկ,– ցածրաձայն ասաց նա։ – Բան ունեմ ասելու։

Բարակ կածանը մարգերի միջով գնում էր դեպի այգու դռնակը։ Ես թեթևաքայլ հասա այգու դռնակին։

–Ի՞նչ է պատահել։

–Հասունության ատեստատները եկել են։ Գնում ենք դպրոց ստանալու։

–Ո՞վ ասաց։

–Իվան Արսենտևիչն ասաց՝ երեկ առավոտյան։

–Երեկ առավոտյա՞ն,– զարմացա ես։-Իսկ ինձ ինչո՞ւ ոչինչ չես ասել։

–Մոռացել էի։– Ուլյան ուզում էր անտարբեր ձևանալ, բայց չստացվեց․ նրա աչքերը մատնում էին։

–Ճիշտն ասա,– համառեցի ես։

–Սպասում էի տղաները գան՝ նոր ասեի։

–Ի՞նչ տղաներ։-Ես ոչինչ չէի հասկանում։

–Մեր տղաները՝ Բորյան, Տոլիկը, Դեմյան Ֆոմինը, մեր դասարանի մյուս տղաները։ Երեկ հեռագրել էի Վորոշիլովգրադ։

–Եվ հետո՞,– անհամբեր ասացի ես։

–Մի վախենա, եկել է,– գրկելով ինձ, ասաց Ուլյան։-Թող չպայթի քո փխրուն սրտիկը։ Դպրոցում քեզ է սպասում։ Առավոտյան նորից կգան։

–Ուլկա, դու․․․ ես չգիտեմ,– ես խոսք չգտա ասելու։ Ես ուզում էի նրան համբուրել այդ լուրի համար, գրկել ու երկար համբուրել, բայց դրա փոխարեն ես նրան ասացի․– Դու անխիղճ աղջիկ ես, Ուլյաշա, ես քեզ երբեք չեմ ների դրա համար․․․ Դու դեռ կտեսնես․․․

Ուլյան, իհարկե, ծիծաղեց իմ խոսքերի վրա, ասաց՝ չեմ հավատում, հետո մտանք տուն, ես փոխեցի շորերս, և մենք գնացինք դպրոց։

Բորյան, իրոք, սպասում էր։ Ասես մի տարի չէի տեսել, շփոթվեցի, երբ նա տղաների խմբից անջատվեց և եկավ իմ կողմը։

․․․Մինչև ուշ երեկո դպրոցում էինք։ Իվան Արսենտևիչը հանձնեց ատեստատները, հետո Տոլյան հարմոն նվագեց։ Նրա նվագի տավ պարեցինք։ Գենադի Պոչեպցովը ուզում էր պարի հրավիրել ինձ։ Թեկուզ Բորյայից բացի ոչ ոքի հետ չէի ուզում պարել, բայց անհարմար էր մերժել, բարձրացա տեղից և․․․ Բորյան բռնեց թևս։ Գենադին շփոթված ժպտաց․ «Ես խանդոտ չեմ,– պարի ժամանակ շշնջում էր Բորյան։– Ես բոլորովին խանդոտ չեմ, խանդի մեջ ավելի շատ եսասիրություն կա, քան սեր, ես դա հասկանում եմ, բայց չեմ կարող, չգիտեմ, սիրտս կպայթի, եթե մեկը ահա այսպես բռնի քո բաց թևը, ձեռքով գրկի մեջքդ, այդպես նայի աչքերիդ, շուրթերիդ, ահա խոսում եմ այդ մասին, և գլուխս պտտվում է, դու ներիր ինձ․․․»։ Հաճելի էր լսել։ Իսկ տուն գալիս նա դարձյալ խռովեց․ (Վիտյա Պրոկովինի համար)։ Վիտյան ինչ-որ բան էր ուզում ասել, խմբից քիչ ետ մնացինք։ Սկզբում ինձ թվում էր, թե նրան մայրիկն է ուղարկել իմ ետևից, բայց նա ասաց , որ բանակ է գնում , եկել է հրաժեշտ տալու։

Բորյան շարունակ մեր կողմն էր նայում, հետո հանկարծ թողեց, գնաց։ «Միևնույն է, առավոտյան շուտ է գալու»,– մտածեցի ես , ժպտալով նայելով նրա ետևից։

Մայա։

Մայան աչքերը բարձրացրեց, բաց լուսամուտից նայեց դուրս։ Անձրևը դադարել էր, ծառերի վրա՝ տերևիներից, կախվել էին անձրևաջրի թափանցիկ կաթիլները։

Իսկ աղջիկները չէին երևում դեռ։ Նա վերցրեց գրիչը, ավելացրեց․

P. S. Ամբողջ գիշերը ինչ-որ տեղ որոտում էին հրանոթները, իսկ առավոտյան Բորյան, իրոք, եկավ։

Արևը չէր ելել դեռ: Այդպես էլ գիտեի, որ կգա: «Ներիր ասաց, երեկոյան ճիշտ չվարվեցի»: Տղաները հեռվում կանգնած սպասում էին:

Ես ժպտացի:

– Գնում ենք, – ասաց Բորյան, նայելով գետնին,– երեկոյան վեցին Վորոշիլովգրադում պիտի լինենեք:

Ես դուրս եկա ճանապարհելու:

– Ուլյան գիտի՞, որ գնում եք, – ասացի ես, ծածուկ նայելով Տոլյային: Ես վաղուց գիտեյի, որ Տոլյան անտարբեր չէ Ուլյայի նկատմամբ:

–Իհարկե, – արագ ասաց Բորյան: -Այնտեղից ենք գալիս: Նա քիչ հետո կգա քեզ մոտ: Ինքն ասաց:

Մինչև փողոցի ծայրը գնացի նրանց հետ:

– Երևի, էլի կգամ, – կամացուկ ասաց Բորյան:

–Ե՞րբ, – հարցրի ես:

–Եկող շաբթին երևի: – Նա երկար նայում էր ինձ: – Կգանք ձեզ տեսնելու ու նորից կգնանք: Քեզ ու Ուլյանին այսինքն: Տոլյայի հետ պայմանավորվել ենք արդեն:

–Պետք չէ, -ասացի ես, նայելով նրան: -Լսու՞մ ես, Բորկա, պետք չԷ:

–Ոչ, կգամ,– առարկություն չվերցնող տոնով ասաց նա: – Անպայման կգամ: Մի՞թե դու չես կարոտում, – հանկարծ հարցրեց նա:

– Կարոտում եմ, – խոստովանեցի ես, գլուխս սեղմելով նրա ուսին: – Իհարկե կարոտում եմ …

Ես երկար ժամանակ մնացի այդպես, նրան ամուր հպված, իսկ հետո, թեթևակի հրելով նրան, ասեցի.

– Գնա, տղաները սպասում են։

 

Նա գնում ու ետ էր նայում: Անընդհատ շրջվում ու ետ էր նայում…

P. S. Գնացինք Վիտյային ճանապարհելու: Բաժանվելիս նույնիսկ չժպտաց մի անգամ: Նա բռնել էր բեռնատարի թափքակողից ու շարունակ նայում էր իմ կողմը: Մի՞թե ես, իրոք մեղավոր եմ նրա առաջ: Ես Բորյային եմ սիրում: Եվ Վիտյայի առջև ուրիշ մեղք չունեմ դրանից բացի: Հիմա էլ, այս պահին, իմ աչքի առաջ է Վիտյան: Տխրությամբ ու թախիծով լի նրա հայացքը չեմ մոռանա երբեք…

–Մայեչկա, ոնց որ քեզ են կանչում,-մյուս սենյակից ասաց

Մայան արագ փակեց օրագիրը, դուրս եկավ պատշգամբ: Աղջիկներն էին՝ Ուլյան, Նինա Մինաևան, Շուրան, Զինան, Լիլիան, Անգելինան, Նինա Գերասիմովան, Վերա Պոկրովինան և, իհարկե, Ալեքսանդրա Եմելյանովնան: Նրանք կանգնել էին բլրի վրա, տներից այն կողմ, բլրի վրա թեթև քամի էր, քամին փողփողում էր նրանց չթե շրջազգեստները, մազերը շարունակ թափում էր ճակատներին, իսկ նրանք ուշադրություն չէին դարձնում, կանգնել էին բլրի վրա ու ձեռքով էին անում:

– Հիմա գալիս եմ,– ձեռքն օդում ճոճեց Մաշան:– Մի քիչ սպասեք:

– Շուտ արա, թե չէ նկատողությունն արդեն պատրաստ է, – հեռվից կանչեց Ուլյան:

Քանի օր էր Աննա Փեհլիվանովան հիվանդ պառկած էր, աշխատանքի չէր գնում: Բայց այսօր որոշել էր աշխատանքի դուրս գալ:

–Սպասիր, միասին դուրս գանք, – մայրը որոնեց, գտավ դռան բանալին:

–Դու ու՞ր ես գալիս, մամանյա,– մի պահ կանգ առնելով և նայելով մորը՝ հարցրեց Մայան: – Գոնե երկու օր էլ պառկեիր:

– Հեշտ է ասելը՝ երկու օր էլ պառկեիր: Իսկ այնտեղ, աստված գիտի, թե ինչ է կատարվում: Մի հասարակ գրիպի համար արդեն մի շաբաթ է տանն եմ:

– Քեզ է թվում՝ հասարակ է: Գրիպը բոլորովին էլ հասարակ հիվանդություն չէ, մամանյա: Ինքդ հո գիտես, թե ինչպիսի հետևանքներ է տալիս:

– Իհարկե, գիտեմ, – գորովանքով նայելով աղջկան, ասաց մայրը: – Շատ վատ հետևանքներ է տալիս: – Մոր կկոցված աչքերը ժպտում էին:

– Հիմա էլ ծիծաղու՞մ ես, մամանյա: – Իբր նեղացած՝ Մայան իջավ բակ: – Իսկ եթե հանակարծ նորից հիվանդանա՞ս,– շրջվելով հարցրեց նա:

– Չեմ հիվանդանա, – կողպելով դուռը ասաց Աննա Փեհլիվանովան և, բանալին դնելով պայուսակում, Մայայի ետևից գնաց դեպի ելքի դուռը:

Անձրևից հետո տաք արև էր:

– Տես ինչ հիանալի եղանակ է Մայա, – ծածկելով այգու դռնակը, ասաց մայրը: – Իսկ դու ինձ ասում ես՝ կհիվանդանաս:

Մայան թևանցուկ արեց մորը, և նրանք քայլեցին ճանապարհի կողմը:

Աղջիկները վերևից, բլրի կողմից, աղմկելով իջան ճանապարհի վրա:

– Ահա և մենք, – դեռ հեռվից ժպտաց Ուլյան: – Բարև ձեզ Աննա Վասիլևնա:

– Շատ բարև, -պատասխանեց Աննան: -Ինչպե՞ս ես, Ուլեչկա:

– Շնորհակալություն, Աննա Վասիլևնա, լավ եմ:

–Դու՞ք ինչպես եք, Ալեքսանդրա, -Աննա Վասիլևնան ժպտուն նայեց Ալեքսանդրա Եմելյանովնային: – Աղջիկները ինչպե՞ս են պահում ձեզ:

– Առանց նրանց գժվել կարելի է, Աննա Վասիլևնա, -ժպտադեմ ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան, գորովագին նայելով Մայային:

– Իսկ գիտե՞ք թե ինչ մտածեցինք մենք, Աննա Վասիլևնա, երբ դուք դուրս եկաք այգուց,– առաջ գալով ասաց Ուլյան՝ չարաճճիորեն նայելով Աննա Վասիլևնային: – Այսինքն, երբ դուք և Մայան գալիս էիք մեր կողմը:

–Ի՞նչ մտածեցիք,– հետաքրքրասիրությամբ հարցրեց Աննա Փեհլիվանովնան, ուշադիր նայելով և սպասելով թե՛ ինչ կասի նա:

–Մենք մտածեցինք, որ դուք և Մայան բոլորովին նման չեք մոր ու աղջկա, – ասաց Ուլյան ժպտալով: – Դուք ավելի շուտ քույրեր կսազեք: Բայց ոչ մայր ու աղջիկ, ազնիվ խոսք:

– Ուլեչկա, մամանյայիս աչքով չտաս,– ժպտաց Մայան: – Դու շատ չար աչք ունես, ես դա գիտեմ. դառնությունս փորձ ունի:

Բոլորը ծիծաղեցին:

– Աննա Վասիլևնա,– ծիծաղի միջից ասաց Ոլյան:– Տեսնու՞մ եք ինչեր է ասում ձեր հավերժահարս Մայեչկան:

–Լավ հավերժահարս է,– նայելով աղջկան ու փակ շուրթերով ժպտալով ասաց Աննա Փեհլիվանովան: – Մազերն էլ կտրել է: Իսկապես հավերժահարս է :

–Դե դա ոչինչ, Աննա Վասիլևնա,– Մայային աչքով անելով, կրկին խոսեց Ուլյան:– Հասունության ատեստատ է ստացել, մի բանով պիտի՞ երևա, թե՞ չէ: Հետո էլ գրազի հարց էր: Բորկա Գլավանի հետ գրազ էր եկել, որ ատեստատը ստանալուն պես մազերը կտրելու է : Նա ասում էր՝ չես կարող կտրել, մայրիկիցդ կվախենաս, Մայան էլ թե՝ կկտրեմ: Ու կտրեց:

Աննա Փահլիվանովնան օրօրեց գլուխը, շարունակելով ժպտալ:

– Որ Բորկայի հետ է գրազ եկել՝ կարելի է,– հանգիստ ու հանդարտիկ արտասանեց Մայան: – Բորկան մամանյայիս դու է գալիս:

– Իսկ քե՞զ, – մուգ շականակագույն աչքերը չարաճճի կկոցելով ասաց բարակիրան Շուրա Բոնդարաևան, – Քե՞զ դուր չի գալիս, գնչուհիկ…

– Ոչ, – ծիծաղեց Մայան: Հասել էին դեպի Կրասնոդոն և Կրասնյանկա գյուղի դաշտերը գնացող ճանապարհների խաչմերուկին:

– Դե գնացեք, – ասաց Աննան Փեհլիվանովան, – Ցտեսոտթյուն: Մեր ճամփաներն այստեղ բաժանվում են: Ես գնեւմ եմ բանակ… Գետում չուշանաք, զգույշ եղեք:

– Մի անհանգստացեք, Աննա Վասիլևնա, իսկ Մայային աչքի լույսի պես կպահենք, որպեսզի չգողանան տղաները: Աննա Փեհլիվանովան ժպտաց, իսկ աղջիկները ճռվողելով թեքվեցին ներքև, դեղնած արտերի վար իջնող ճանապարհի կողմը, և քիչ հետո Աննա արդեն հեռվից էր լսում նրանց ձայնը.

Կորել է բարձր արտերի մեջ

Աղքատիկ գյուղը մեր…

Հուլիս ամիսն էր, արեգակը մխրճվել էր երկնքի խորքը, տաք էր, և Պերվոմայկայի աղջիկները արևի միջով գնում էին Կրասնյանկայի կոլտնտեսություն՝ բերքահավաքին օգնելու:

– Կու-կու, կու-կու,– ընդհատումներով կանչում էր կկուն: Շարունակ ներքևից Կամենկայի անտառներից լսվում էր նրա թախծոտ ձայնը՝ կու-կու, կու-կու, կու-կու:

Հուլիս ամիսն, տաք էր, չորացած ծաղիկների ու հնձած խոտերի բուրմունք կար օդում, աղջիկները երգելով գնում էին, իսկ հեռվում, ինչ-որ տեղ Վորոշիլովգրադի մոտերքում մերթ ընդ մերթ որոտումներ էին լսվում, որից ցնցվում էր գետինը:

Մայան շարունակ նայում էր Կամենկայի կողմը, նայում էր անձկությամբ, անհուն կարոտով, նա նույնիսկ ցանկացավ ցույց տալ Ուլյային, ցանկացավ ասել. «Նայիր, Ուլկա, ահա այնտեղ, տեսնոու՞մ ես այն խիտ ու սլացիկ ծառերը, որոնց կատարները այնպիսի հանդարտ ու մեղմորեն օրօրվում են, այդ ծառերի տակ Բորյան համբուրեց ինձ»: Բայց ոչինչ չասաց այդ մասին, որովհետև Զինա Վիրիկովան հանկարծ ու անսպասելի ասաց.

– Մերոնք գուցե թողել են Վոլոշիլովգրադը, իսկ մենք ոչինչ չգիտենք:

– Ինչպե՞ս, – հանկարծակի կանգ առնելով, հարցրեց Մայան: -Ո՞վ ասաց քեզ:

– Ինչու՞ պիտի սպասեմ, որ ուրիշներն ասեն, երբ ինքս էլ շատ լավ գիտեմ, ու, փառք աստծո, շատ լավ էլ հասկանում եմ, թե ինչն ինչոց է, – կարճ ու շեկ մազերը ետ գցելով ասաց Վիրիկովան: – Ինձ պետք էլ չէ, որ ուրիշներն ասեն: Ես նրանցից չեմ, ովքեր առաջնորդվում են ուրիշների ասածով: Ես իմ սեփական խելքն ունեմ, իսկ ուրիշների իմացածը թող իրենց մնա: Պա՞րզ է:

– Չէ, չէ, ո՞վ ասաց քեզ, – դարձյալ հարցրեց Մայան:

Աղջիկները կանգնել, սպասողական նայում էին Վիրիկովային:

–Ճիշտ, գուցե մի բա՞ն գիտես, – երկչոտ ասաց Շուրա Բոնդարևան: – Գուցե գիտես, բայց մեզ չես ասում:

– Ոչինչ չգիտեմ, – սուր ուսերը վեր նետեց Վիրիկովան՝ փոխնիփոխ նայելով աղջիկներին: -Եվ ոչ ոք էլ ոչինչ չի ասել ինձ, ի՞նչ եք կպել: Պարզապես ինձ թվում է, որ մերոնք թողել են Վորոշիլովգրադը, իսկ մեզ ոչինչ չեն ասում:

– Գժվե՞լ ես, ինչ է, – աշխատլով ձայնը չբարձրացնել, խստությամբ ասաց Մայան: – Եթե թողնելու լինեն, նախօրոք կասեն մեզ: Իսկ ինչու՞ անցյալ տարի ասեցին: Երբ թշնամին մոտեցավ մեր մարզին, իսկույն եկավ հրահանգը՝ էվակուացման մասին: Այն ժամանակ, ճիշտ է, մերոնք կանգնեցրին գերմանացիներին, բայց հրահանգ հո եղա՞վ:

– Դա անցյալ տարի էր, – նետեց Վիրիկովան:

– Այո, անցյալ տարի էր, դա այն ժամանակ էր, երբ կորավ քո կոմերիըական տոմսը:

– Հետո՞, – մարտահրավեր նետեց Զինա Վիրիկովան:

– Հետո այն, որ քեզանից ավելորդ բաներ մի հորինիր: Եթե չեն ասում ուրեմն այդպես է պետք:

– Իսկ եթե, այնուամենայիվ, չե՞ն ասում, – հեգնական ժպտաց Զինա Վիրիկովան: – Իսկ եթե թողել են, բայց թաքցնու՞մ են: Չի՞ կարող պատահել:

– Ոչ, -կտրուկ ասաց Մայան, սեղմելով իր կամակոր շուրթերը: – Չի կարող պատահել:

– Չի կարող պատահել, – ծաղրեց Վիրիկովան՝ այնքան նմանեցնելով Մայային, որ բորոլ աղջիկները ծիծաղեցին: – Ինչու՞ ճշմարտությունը չեն ասում, օրինակ, ինչու՞ են թաքցնում: Ամբողջ ձմեռը սառնամանիքին, պաշտպանական խրամատներ փորելու էին քշում Վերին Կուրմոյարսկի ստանցիան, իսկ ու՞մ են պետք այդ խրամատները: Իբր գերմանացիները այդ խրամատներից կվախենան, չեն մտնի Կրասնոդոն ու Պերվոմայկա: Վախեցան և այն էլ ինչպե՞ս, – կեղծ ծիծաղեց նա:

– Կամ պատերազմի մասին… Ասում էին հին սահմանից դեսը չեն թողնի: Շուտով գլխավոր ուժերը կռվի մեջ կմտնեն, ասում էին, և գերմանացիները մի գլուխ կփախչեն: Իսկ նրանք ոչ թե փախան , այլ, ինչպես հայտնի է բոլորիդ, մի քանի ամսում գրավեցին Ռուսաստանի կեսը: Եվ հիմա էլ մեծ հաջողությամբ առաջ են գնում, -հանգիտս ավելացրեց Զինա Վիրիկովան հաղթական նայելով Մայային:

– Դու այդ ինչպե՞ս ես խոսում Վիրիկովա, – ամբողջովին վարդագունելով արտասանեց Մայան: Չե որ դու կոմերիտուհի ես, տոմս ունես, չէ՞ որ դպրոցում պիոներական ջոկատավար ես եղել: Դու այդ ինչե՞ր ես ասում, Վիրիկովա: Եվ ինչպե՞ս չես ամաչում:

– Իսկ ինչու՞ պիտի ամաչեմ, – շինծու զարմանքով բարձրացնելով ուսերը ասաց Վիրիկովա: – Ամաչել՝ ճշմարիտ խոսքերի համա՞ր՝ չեմ հասկանում: Ես, դժբախտաբար, ճշմարտությունը գերադասում եմ ստից, հիմա էլ դարձյալ ասում եմ ճշմարտությունը, ինչպես դեռ հնուց ի վեր հայտնի է, միշտ էլ սրերով է ընդունվում. ես դա գիտեմ: Եվ բոլորովին էլ չեմ նեղվում: Զարմանալի կլիներ, եթե ուրիշ կերպ խոսեիր դու, – դարձավ նա Մայային: – Բայց դու խոսեցիր ճիշտ այպես, ինչպես ես էի կռահում: Եվ չմոռացար իմ կոմերիտական տոմսը: Այստեղ զարմանալու ոչինչ չկա, որովհետև դեռ անցյալ տարի աշնանն էիր ուզում ինձ հեռացնել կոմերիտմիությունից, բայց ինձ ոչ թե հեռացրին, այլ նոր տոմս տվին՝ կարմիր կազմով:

– Եվ իզուր,– շպրտեց Մայան

– Ես կարող եմ հենց վաղը բերել և տալ քեզ, – հանգիստ ասաց Վիրիկովան: – Դրանից, ինչպես ասում են, իմ աշխատավարձը ոչ ավելանում է, ոչ պակասում: Ես առանց կոմերիտական տոմսի էլ կապրեմ, դու քո մասին մտածիր:

– Դե վերջ տվեք,-հանկարծ ասաց Ալեքսանդրա Եմելյանովան, որը մինչ այդ լուռ քայլում էր առջևից: – Խոսելու բան չունե՞ք, ինչ է , – և քնքշությամբ վերցնելով Մամայի թևը, ցածր ավելացրեց. – ի՞նչ ես գլուխ դրել…

Վիրիկովան բարձր ու հիստերիկ ծիծաղեց:

–Տեսնո՞ւմ եք ինչպիսին է ձեր Մայան, ԱլեքսանդրավԵմելյանովնս,– ասաց նա, շարունակելով ծիծաղել։– Ես կատակում եմ, իսկ նա լուրջ է ընդունում։

–Ախր դու ի՞նչպես կարող ես կատակել, Վերիկովա,– ասաց Ուլյան։-Նախ դու կատակ ասաց բանը չես հասկանում, հետո, էլ ախր, դու ոտից գլուխ կատակ ես։ Եվ հազիվ թե կարողանաս կատակել։

Ճանապարհը Պերվոմայկայից մինչև Կրասնյանկայի դաշտերը բավականին հեռու էր, սկզբի օրերին շատ էր դժվար, դաշտում հոգնում էին, ճանապարհին, տուն գնալիս, հոգնում էին, Կրասնյանկայի կոլտնտեսության նախագահն ասում էր՝ մնացեք գյուղում, շաբաթը մի անգամ կգնաք- կգաք, բայց չուզեցին, և հիմա ամեն առավոտ, արևը հազիվ ելած, ճանապարհվում էին դաշտ և վերադառնում մութ երեկոյան՝ աստղերի հետ։ Առաջվա հոգնությունը չկար այլևս. ընտելացել էին։

Նեղ ճանապարհը ոլոր- մոլոր գնում էր, մտնում էր անտառ, դուրս էր գալիս, գլխիվայր իջնում էր ձորակները և նորից բարձրանում էր, գնում էր բացատներով, բլրալանջերով, հնձած արտերի միջով, իսկ Կրասնյանկայի դաշտերը չկային դեռ։

Աղջիկներն արդեն մոռացել էին քիչ առաջվա խոսքակռիվը, էլի երգում են. «Օ, ո՞ւր է նա, այն սառը գիշերը՝ փայլուն, պայծառ աստղերով »,– էլի չորացած ծաղիկների բուրմունք կար օդում, հնձած արտերի վրա քարացել, կախվել էին տատրակները, էլի գետինը ցնցվում էր, երբ հեռվում խուլ դղրդյուն էր լսվում։

Առջևից Մայան էր գնում։ Արևի տակ պսպղում էին ուսերին թափված կարճ ու թուխ մազերը, իսկ նա քայլում էր գեղեցիկ գլուխը բարձր բռնած, խրոխտ՝ սիրահարված արևին, չոր ծաղիկների այդ բուրմունքին, թփերի մեջ գեղգեղող թռչուներին ու հնձած արտերի վրա քարացած տատրակներին։

–Աղջիկներ,– հանկարծ զրնգուն ձայնով ասաց Մայան։– Նայեցեք տատրակներին։– Մայայի շուրթերը կիսաբաց էին, երևում էին ձյունասպիտակ, կիսախոնավ ատամները. այդ պահին նա այնպես գեղեցիկ էր. և ճիշտ էին աղջիկները, երբ ասում էին, թե Ալեքսանդրա Եմելյանովնան աղջկավարի սիրահարված է Մայային։ Նա հիմա իրոք սիրահարվածի պես էր նայում նրան։– Չէ, չէ, մի նայեցեք, աղջիկներ, ոնց որ օդից կախված լինեն։ Ո՜ւխ, ինչ լավ է…

Աղջիկները կանգնել, նայում էին մաքուր երկնքում կախված տատրակներին, իսկ հեռվում նորից խուլ որոտումներ էին լսվում, և ինչպես երկրաշարժի ժամանակ՝ գետինը դողում էր: Ուլյան երկար նայում էր, հետո խորը հառաչելով, անսպասելի ասաց.

– Ավարտել ենք միջնակարգը ու չգիտենք ինչ անենք… Այդ հրեշները որտեղի՞ց եկան ամեն ինչ տակնուվրա արեցին:

Բոլորն էլ միանգամից տխրեցին:

– Ինչպես եկել են, այնպես էլ կգնան, – թախծոտ ասաց Մայան, առանց հայացքը կտրելու երկնքից: Նրա կկոցված աչքերը երազկոտ էին, հեռվում ինչ-որ տեղ, կապույտ երկնքի կապույտ երազների մեջ:

–Ամեն ինչ լավ կլինի,– շարունակեց Մայան: – Կգնանք ինստիտուտ, ուսանողական տոմսեր կստանանք… Ուլյաշկա Գրմովան կսիրահարվի իր պես գեղեցիկ մի տղայի, ժպտալով նայելով Ուլյային, ավելացրեց նա: – Անչափ գեղեցիկ մի տղայի, իհարկե, նույնպես ուսանող…

– Եվ այդ տղան կլինի օդաչու, անունը Բորյա,– ձայնը Մայայի ձայնին նմանեցնելով ասաց Ուլյան: – Եվ այդ օդաչուն երկնքից ցած կիջնի, կբռնի Վիտյա Պոկրովինի ձեռքից ու կասի՝ դու ո՞վ ես, ի՞նչ ես և ինչացու՞ ես, որ Մայա Փեհլիվանովային սեր ես խոստովանում, մի՞թե դու չգիտես, որ նրան ես միայն իրավունք ունեմ սիրելու, որովհետև ես օդաչու եմ, երկնքում, ամենաբարձյալի մոտ… Հիմա չտանե՞մ քեզ երկինք ու նետեմ այնտեղից ներքև, դեպի անդունդն անհատակ…

Աղջիկներն, իհարկե գիտեին, որ Բորիս Գլավանը սիրահարված է Մայային, թեպետ այդ մասին Մայայի մոտ չէին խոսում երբեք, գիտեին նաև, որ Բորյան օդաչու դառնալու մեծ երազանք ունի, և հիմա աչքերում զսպված ծիծաղ՝ մեկ Վիտյա Պոկրովինի քրոջը՝ Վերային էին նայում, մեկ՝ Ուլյային, Վերան նույնպես ժպտում էր:

 

– Հե՞տո, – իբր վիրավորված, բայց ժպտադեմ ասաց Մայան:

– Իսկ Վիտյան կասի՝ ես մենակ չեմ, նրան շատերն են սիրում, որովհետև գեղեցիկ է, գեղեցիկ է, բայց անմեղ է, լոկ աչքերն են մեղավոր… Իսկ Բորյան, – ձայնը բարձրացնելով ասաց Ուլյան: – Իմ խանդոտ Բորյան, իմ Օթելլոն կասի.

Իմ այնքան սիրած թաշկինակը, որ ես քեզ տվի,

Դու պարգևել ես նույնը Կասսիոյին…

Շուրա Բոնդարյովան, շինծու զարմանքով սեղմելով շուրթերը, նայեց Ուլյային իր կլորացած աչքերով, երկարաձիգ սուլեց և խաղի մեջ մտնելով քնքշաձայն ասաց.

Ոչ, կյանքս վկա, ոչ, հոգիս վկա:

Կանչել տուր մարդուն և հարցում արա…

Ուլյան աչքով արեց աղջիկներին ու կեղծ վշտակցեց.

–Դե խեղճ Մայան ի՞նչ անի, քանի՞ կտոր դառնա:

– Հազար կտոր եմ դառնալու, քեզ ի՞նչ, – ժպտալով ասաց Մայան: – Բորյան ինձ ոչինչ չի ասել. -կարմրելով ասաց նա, Ուլյային փախցնելով հայացքը: – Մի հնարիր:

– Սովորում է, հետո կասի, – արագ վար բերեց Ուլյան: – Շուտով կուրսերդ կավարտի, իսկ մինչ այդ կվերջանա պատերազմը: Կգա և, սիրուց արբած սիրտը կբացի քո առջև: Գեղեցիկ տղա է , իրավունք ունի քեզ սիրելու… Մեր մեջ ասաց, դու էլ անտարբեր չես…

– Հնարիր ինչքան ուզում ես: Միևնույն է՝ չեմ լսում: – Եվ այդպես, ձեռքի ափերը ականջներին, նա նայեց Ուլյային՝ աչքերով, շուրթերով ու այտերի աննկատ փոսիկներով անընդհատ ժպտալով, և ավելացրեց.– Իսկ ինչ մնում է Վիտյա Պոկրովինին, ապա կասեմ քեզ, սիրելիդ իմ Ուլյաշա Գրումովա, որ այդպիսի բաների մասին ես չեմ մտածում: Ես նրան որպես լավ ընկերոջ եմ սիրում: Հասկացա՞ր:

– Դա հասկացա… իսկ Ռոստովի բժշկական ինստիտուտի այն ուսանող՞ը: Նա, որ մինչև ականջներ ծայրերը սիրահարվել էր քեզ և մի քանի անգամ մորն ուղարկեց ձեր տուն: Այդ մասին ի՞նչ կարող ես ասել, սքանչելիդ իմ գնչուհիկ։-Ուլյան աչքերը կկոցելով ժպտաց: – Ասում են գիշերները քնի մեջ երբեմն տալի ես նրա անունը: Ճի՞շտ է դա:

– Դու անամոթի մեկն ես, Ուլյա, – շուրթերը կծելով ասաց Մայան, շառագունելով. նրա գեղեցիկ ռունգերը թեթև դողացին,– Դու… Դու այդ ինչե՞ր ես հնարում… Աղջիկները ծիծաղեցին: Ուլյան կարկաչում էր գլուխը ետ գցած:

_ Ամոթ է, ամոթ է, – ծիծաղի միջից ասում էր նա Մայային,– Քեզ նման աղջիկը չի բարկանա, ազնիվ խոսք, կոմերիտշրջկոմի բյուրոյի անդամին վայել չէ դա: Այ, այ, այ…

–Դե լավ, Ուլյաշա,– չդիմացավ Ալեքսանդրա Եմելյանովնան։– Ի՞նչ ես ուզում նրանից։

– Խնդրեմ, սա էլ մեկ, – ասաց Ուլյան, և բոլորը նորից ծիծաղեցին: _ Միայն այն տարբերւթյամբ, իհարկե, որ Ալեքսանդրա Եմելյանովնան Մայային սիրում է որպես չքնաղ դիցուհու…

Մայան նույնպես ծիծաղում էր:

– Ես եմ գիժը, որ գլուխ եմ դնում քեզ հետ, -ասաց Մայան, ուզում էր ինչ-որ բան ավելացնել, բայց Ուլյան ըհդհատեց:

– Աղջիկներ, նայեցեք,– վախեցած ասաց նա: – Նայեցեք… ինքնաթիռները… այնքան ցածր, չե՞ք տեսնում… մեկ, երկու, երեք…

– Ու՞ր է ես չեմ տեսնում…

– Ես նույնպես րեմ տեսնում… Ահա… մեկ, երկու…

– Իսկ ինչու՞ ես չեմ տեսնում… Տեսա… Աստված իմ, քանի՞սն են…

– Դեպի մեզ են գալիս…

Հեռվում, սպիտակության աստիճան շիկացած օդի մեջ, տափաստանի վրա, երևացին գերմանակն կործանիչները: Հուլիսյան երկնքի վիթխարի մղեղը ճեղքելով, ալյումինե հարթ մասերի փայլատակումներով, տափաստանի վրայով սրընթաց գալիս էր մեսսերշմիդտների եռյակը:

Հետզհետե օդը ցնցվում էր նրանց հռնդյունից, աղջիկները՝ գունատ ու վախվորած, հայացքները երկնքին, պտտվեցին ինքնաթիռների հետ, իսկ ինքնաթիռները եկան, շարժիչների երկաթե դղրդոցը գետնին տալով՝ անցան նրանց վրայով, գնացին դեպի Պերվոմայկա ու Կրասնոդոն:

– Աստված իմ, ու՞ր գնացին,– սարսափահար ու դողացող ծայնով ասաց Լիլիա Իվանիխինան՝ լցվող աչքերը անօգնական պտտվելով աղջիկների վրա:

– Ռոստովի վրա են գնում, – ցածր ասաց Շուրա Բոնդարևան:

–Ռոստովը նրանց ձեռքին է, – ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան, շարունակելով նայել հեռացող կործանիչների ետևից: – Ինչու՞ պետի Ռոստովի վրա գնան: Կրասնոդոնի վրա գնացին:

– Ի՞նչ է լինելու, աստված իմ, ի՞նչ է լինելու,– լացակումած ասաց Լիլիան: – Հիմա ի՞նչ ենք անելու:

Մայան շրջվեց նրա կողմը, ուզում էր պատասխանել, բայց չհասցրեց. Նրա շուրթերը մոտեցան իրար, սեղմվեցին. Նրա աչքերը, սարսափից ավելի խոշորացած, նայում էին հեռու, դեպի տափաստանի խորքը:

– Էլի են գալիս, – հազիվ լսելի շշնջաց նա, զգալով, որ ծնկները թուլացել, դողում են։

Թև-թևի, արևի տակ փայլփլելով, շարժիչների մոտեցող ու հեռացող միալար հռնդյունով, այնտեղ, տափաստանի վրա, ցածր, երևաց գերմանակն կործանիչների՝ նոր եռյակը: Իսկ այդ եռյակի ետևից, դարձյալ թև-թևի, մի ուրիշ եռյակ էր գալիս:

Մոտեցող հռնդյունից ցնցվում էր օդը, գետինը դողում էր, կանգնել էին աղջիկներն անշարժ, քարացած, նրանք չէին կարող նկատել, ծառերի արանքից նրանք նույնիսկ կործանիչների պեկսիգլասե թափանցիկ կափարիչների տակ տեսան օդաչուների գլուխները՝ ձվաձև սաղավարտներով:

Ինքնքթիռներն անցան նրանց վրայով, աղջիկները դեռ նայում էին հեռացող ինքնաթիռների ետևից, ոչ ոք չէր խոսում, և հանկարծ, այդ պահին մի խուլ պայթյուն լսվեց, որից ալիքվեց օդը, գետինը ցնցվեց, ծառերից աղջիկների վրա՝ ինչպես շաղաթղթիկներ, թափվեցին չորացած տերևները:

– Ռումբ գցեցին, – չոր շուրթերը հազիվ շարժելով ասաց Ուլյան: Նա չէր ավարտել խոսքը, մի ուրիշ պայթյուն լսվեց՝ ավելի ուժեղ ու սարսափելի, թվաց, թե գետինը գնաց նրանց ոտքերի տակ:

– Դաշտ չենք գնում, տուն, ետ տուն ենք գնում,– ասաց Մայան և ասես նրա խոսքին էին սպասում, աղջիկները, միանգամից շրջվելով, իրենց եկած նեղ ճանապարհներով վազեին դեպի ետ, դեպի Պերվոմայկա:

Ասես խոր քնի մեջ էր Պերվոմայկան. փողոցները լուռ էին, տները լուռ էին, մարդ չկար ասես տներում, հուլիսյան այդ լռության մեջ, ուր տապից ծառերի վրա տերևներն անգամ չէին շարժվում, շներն անգամ ծուլանում էին հաչել, ճիճիներն էին միայն երգում անընդհատ ու ձանձրալի, այդ խոր ու քար լռության մեջ հանկարծ մի չարագուշակ ձայն լսվեց, – ո՞վ էր՝ ոչ ոք այդպես էլ չիմացավ, ասես հրամանով՝ մարդիկ թափվեցին փողոցները, աղմուկ, լաց, ճիչ ու աղաղակ, և այդ ճիչ ու աղաղակի, այդ ժխորի մեջ մի բառ էր միայն լսվում պարզ ու որոշակի՝ գերմանացիները: Գերմանացիներն ուր որ է՝ կմտնեն Պերվոմայկա, գերմանացիները, գերմանացիները, գերմանացիները… Իրարանցման, խուճապի մեջ էր Պերվոմայկան՝ բռնված նահանջի ու շտապ էվակուացիայի հուզումով, ծերունիները այս ու այն կողմ էին վազում, արագ լծում էին ձիակառքերը, տներից ինչ-որ բաներ էին հանում, լցնում էին ձիակառքերի ու սայլերի մեջ, հրահանգներ էին տալիս կանանց, կանայք խփում էին ծնկներին, չկարողանավով զսպել իրենց թափվող արցունքները, երեխաները լաց էին լինում՝ ոչինչ չհասկանալով այս ամենից, և նրանց ուշադրություն դարձնող չկար…

Աղջիկները դուրս եկան անտառապատ ձորակից՝ արդեն հոգնած, ուժասպառ, ինչպես ափի մեջ, երևում էր Պերվոմայկան՝ ցաք ու ցրիվ փռված ցածրավայրերում բլբակների վրա: Պերվոմայկան դատարկվում էր: Բոլոր ճանապարհները՝ թե Կրասնոդոնի Վորոշիլովգրադի կողմից եկող և թե Պերվոմայկայից դեպի արևելք, դեպի Լիխայա ու Մորոզովսկ գնացող այդ բոլոր ճանապարհները լիքն էին մարդկանցով, բեռնատար ու սանիտարական մեքենաներով, տանկերով, սայլերով ու ձիակառքերով, անասունների նախիրներով…

–Նահանջում են, – հանկարծ արտասովոր կամացուկ հառաչեց Մայան հոգու ամենախորքից բյուղների պես ջինջ արցունքները գլորվեցին նրա թուխ դեմքի վրայով:

–Իսկ մեզ ոչինչ չեն ասել, – նրա կողքին շշնջաց Ալեքսանդրա Եմելյանովան:

–Որ ասում էի Վորոշիլովգրադը հանձնել են, չէիք հավատում… – Զինա Վիրիկովան էր:

Ոչ ոք չարձագանքեց:

–Մեր հողը, մեր քաղաքներն ու գյուղերը թողած նահանջում են, – կամացուկ շշնջաց Ուլյան: – Իսկ ինչու՞ էին թաքցնում, ինչու՞ էին մեզ ասում: Գնանք կոմերիտշրջկոմ, – ավելացրեց Ուլյան, ամբողջ իրանով շրջվելով աղջիկների կողմը: – Չի կարող պատահել, որ նրանք մոռացած լինեն մեզ՝ Պերվոմայկայի կոմերիտականներին:

–Գնանք, – ցրված ասաց Մայան, դեռևս շարունակելով նայել ճանապարհով ու ճանապարհներից դուրս, բանջարանոցներով, պարտեզներով, ուղղակի տափաստանի միջով քայլող մարդկանց:

Նա աղջիկներից առաջինը կտրեց անցավ հեղեղատը՝ առանց ետ նայելու, առանց իմանալու՝ գալի՞ս են իր ետևից, թե՞ ոչ, նա տների առանքով, կարճ ճանապարհով վազելով գնաց փոշու մեջ կորած Լենինգրադյան փողոցով, թեքվեց ձախ, դեպի Կրասնոդոն, նրան ընդառաջ տանում էին ձիակառքեր ու սայլեր՝ մինչև ճաղերի ծայրերը բեռնված կապոցներով ու պարկերով, փախչում էին ընտանիքներ, մանկատներ ու մանկապարտեզներ, հոսպիտալներ՝ ծանր վիրավորներով, զինվորներով լի բեռնատարները ազդանշաններ էին տալիս, հետո շրջվում, գնում էին տափաստանի միջով, և նրանց անվադողերի տակից փոշու ամպեր էին ժայթքում, սայլերի ու ձեռնասալյակների մեջ, կապոցների վրա նստած երեխաները լաց էին լինում, ճանապարհների եզրով վազող նախիրը բառաչում էր…

Ամբոխի մեջ ինչ-որ մեկը ամուր բռնեց նրա թևը: « Իսկ ու՞ր է մեր Շուրան…», – հարցրեց նա: Մայան չէր լսում ասես, ասես չէր զգում, որ բռնել են թևը, ուզում էր ճեղքել հոսանքը, առաջ անցնել: «Չե՞ս լսում, Մայա, քեզ հետ եմ»: Եվ Մայան նոր միայն շրջվեց, տեսավ նրան՝ Շուրա Բոնդարևայի փոքր եղբորը՝ Վասյային: Միշտ անհոգ ու աշխույժ Վասյան հիմա կանգնել էր նրա առջև գունատ ու աներևակայելիորեն վախեցած դեմքով, քրտնքի մեջ կորած:

–Ու՞ր է մեր Շուրան, – կրկին հարցրեց նա, ձեռքի ափով սրբելով երեսն ի վար առատորեն հոսող քրտինքը: – Ես ուզում էի վազելով գալ դաշտ, ես գիտեի որտեղ եք աշխատում, բայց չհասցրի, որովհետև ինձ ուղարկեցին Պոպավկա՝ ձիու հետևից. մորաքույրս այնտեղ է ապրում, և ես մինչև գնացի այնտեղ, եկա՝ իրարանցումը սկսվեց: Ես ձիակառքը քշած գալիս էի, ինքնաթիռներն անցան իմ վրայից, ցածր էին թռչում, բայց չկրակեցին, թվում էր կկրակեն, բայց չկրակեցին, ես ձիու մասին էի մտածում, ասում էի ձիուն կխփեն, բայց չկրակեցին, ռումբ նույնպես չգցեցին, իրար ետևից անցան Կրասնոդոնի վրայով , Ռոստովի վրա էին գնում: