Tasuta

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

Միջադադար։ Բոլորը լուռ նայում էին Մայային, ասես կարևոր լուր էին սպասում նրանից։ Բժիշկը նույնպես նայեց, բայց մի փոքր պահ միայն , հետո շրջեց հայացքը և ասես      ոչ թե Մայայի, այլ նրա վրայով ինչ-որ երրորդի հետ էր խոսում , կիսաձայն ասաց․

–Մենք նրան հողին հանձնեցինք։

–Ինչպե՞ս, – ձեռքերը ակամա կրծքին դնելով, հարցրեց Մայան ՝ անմիջաբար հասկանալով, թե ում մասին է խոսքը, և չթարթող աչքերով նայեց ծերունուն՝ դեռևս չհավատալով լսածին։

–Լույսը չէր բացվել դեռ։ Քույրն ասաց կանչում է,– ցածրաձայն պատմեց ծերունին ։– Գունատ էր։ Ես մեռնում եմ, բժիշկ, ասաց, բոլոր մեռնողներին թվում է, թե չեն մեռնելու, կարծում են դեռ ինչ-որ հրաշք է լինելու, իսկ ես գիտեմ, որ հրաշք չի լինելու․․․Ոչ մի հրաշք․ չեմ տեսնելու մորս, իմ Դաղստանը, մեր Թել գյուղը․․․ Ես մեռնում եմ ․․․ և խնդրում եմ ձեզ, բժիշկ , ասաց (և դա նրա վերջին խոսքն էր), մորս հաղորդեցեք, որ ես, իբրև, անհետ կորել եմ։ Նա էլ ոչ ոք չունի․․․

Ծերունի բժիշկը մատների ծայրերով սրբեց աչքերը ։ Իսկ Մայան կանգնել էր քարացած և նայում էր բժշկի գունատ դեմքին։ Նա չէր կարողանում ուրիշ կողմ նայել, վախենում էր հանդիպել Նրա թարմ շիրմաբլրին։ Նրա ականջում, ինչպես, թույլ ղողանջ՝ խոտերի մեջ հնչում էր բահերի թախծոտ զնգոցը՝ սպիտակ կեչիներից այն կողմ, վաղորդյան նոսր մշուշի մեջ։

Լուսաբացը Ալեքսանդրա Եմելյանովնային գտավ արդեն տափաստանում , ճանապարհից դուրս։ Եվ ի՜նչ գեղեցիկ էր այդ լուսացող երկինքը անծիր տափաստանի վրա։ Ալքսանդրան կանգ առավ մի պահ, նայեց ետ, հրդեհի պես վառվող հորիզոնին, և ինչ-որ կարոտագին ու թախծական բանից սիրտը նվաղուն խփեց։

Աշխարհը արթնանում էր քնից։

Հեռվում, տափաստանի խորքում, ուռենիների մի շարք, ինչ-որ գետակի հետ ոլորվելով գնում, կորչում էր մշուշի մեջ։ Այստեղ –այնտեղ , դարձյալ տափաստանի խորքում, հերձաքարով ծածկված սպիտակ շենքեր էին երևում՝ ամայի բակերով, ստանիցաներ էին երևում, որոնց երդիկներից ծուխ չէր ելնում․․․ Այդ ստանիցաներից դեպի տափաստան ձգվող ճանապարհներին մարդկանց խմբեր էին երևում՝ սայլերով և առանց սայլերի ։

Ալեքսանդրան այդպես մնաց երկար, ասես երկընտրանքի մեջ էր՝ ո՞ր կողմը գնալ, նայեց հասած, համարյա ձեռք չտված ոսկյա արտերին, որ այնպես տարուբերվում, սվսվում էին առավոտվա սյուքից, հայացքը գնաց ձորակների վրայով, որոնք հատակներին ցողից արծաթազօծվել էր բաց կանաչը, լսեց լորի կաղկղան արտեզրին ինչ-որ տեղ։ «Մի՞թե այս բոլորը մնալու է նրանց, – դառնությամբ շշնջաց Ալեքսանդրան։– Տեր աստված, մի՞թե հնարավոր է դա»։ Նրա դեմքի վրա, շուրթերի անկյուններում ու նուրբ կտրվածքի ռունգերում դրոշմվել էին անհայտ ուժի գծագրությունները։ Նա նորից սկսեց քայլել անեզրական տափաստանի միջով․․․

Հուլիսյան արեգակի հրաշեկ սկուտեղից բոց էր թափվում տափաստանում մի քանի կիլոմետր ձգված զինվորականների ու քաղաքացիական մարդկանց երկարաձիգ շարքերի վրա։

Նրանք քայլում էին արևի տակ խաշվելով, հոգնատանջ, անքնությունից ուռած աչքերով, հենց այդպես, երթի ժամանակ նիրհում էին, կերակրում էին երեխաներին, ծանոթություններ հաստատում, եղած ու չեղած բաներ էին պատմում ռազմաճակատից, սակավ հանդիպող ջրհորերի ու գետակների մոտ ջրում էին ձիերին, կոլտնտեսային դաշտերից ու բանջարանոցներից վարունգ ու պոմիդոր էին քաղում, կարտոֆիլ էին հանում ու խորովում հարդից ու ստանցիաների ցանկապատներից վառած խարույկների մոխրի մեջ․․․

Երեկոյան դեմ ետևից արդեն հասնում էին հրանոթային կրակոցների խուլ ձայները։ Գիշերն այդ ձայներն ավելի մոտեցան, նույնիսկ լսվում էին գնդացրային կրակահերթերը։ Մերթ այստեղ, մերթ այնտեղ հանկարծակի բռնկվում էր երկինքը և հրդեհների հրացոլքներից նի կարճ ակնթարթ լուսավորվում էր մութ տափաստանը։

Իսկ առավոտյան, ինչ-որ այրված ստանցիայի մոտ, նրանց կանգնեցրին, և նրանք բոլորովին առաջ չէին կարողանում շարժվել․ առջևում զորամասեր էին անցնում։ Եվ այստեղ, հեեց ձիակառքի վրայից, խճուղով քայլող ավտոմատավորների ինչ-որ վաշտի մեջ Մայան տեսավ իրենց տանն ապրող լեյտենանտ Վլադիմիր Իգնատևիչ Բեսսոնովին։ Նա թռավ կառքից և հևիհև, գայթելով վազեց վաշտի ետևից ։

–Վլադիմիր Իգնատևիչ, Վոլոդյա,– կանչում էր նա , -շարունակելով վազել ։-Վոլոդյա․․․

Այնտեղ , վաշտում, ետ նայեցին։ Վլադիմիր Իգնատևիչը ակմա կանգ առավ՝ դեռս չհավատալով աչքերին։ Նա արագ ընդառաջ վազեց Մայային ։

–Ահա և մենք հանդիպեցինք,– ասաց Մայան՝ մանրիկ շնչելու և արտաշնչելու արանքում։-Իսկ դուք ասում էիք, կհանդիպենք տասը տարի հետո։

–Այո։ Ես բոլորովին չէի սպասում ,– հուզմունքով արտասանեց Վլադիմիր Իգնատևիչը, նայելով նրան հիացմունքով ու կարոտով, և չհամարձակվելով անգամ մեկնել ձեռքը ։– Տեր աստված, մի՞թե այդ դուք եք․․․ Ես այնքան եմ մտածել ձեր մասին։ Եվ ահա, թե որտեղ հանդիպեցինք։

Նրանք անթարթ նայեցին իրար ։

–Իսկ ո՞ւր է ձեր մայրիկը։ Ինչպե՞ս է նա,– կարճ դադարից հետո հարցրեց Վլադիմիր Իգնատևիչը, թեպետ բոլորովին ուրիշ բան էր մտածում այդ պահին։

–Նա նույնպես այստեղ է,– ետ նայելով ասաց Մայան։– Գնում ենք դեպի Կամենսկ։ Իսկ հետո ավելի դեն՝ դեպի Սարատով կամ Կույբիշև։

–Դեպի Կամե՞նսկ,– հարցրեց Վլադիմիր Իգնատևիչը, ինքնաբերաբար բռնելով Մայայի արմունկը։– Հարկավոր չէ,– շտապողական ասաց նա։– Դուք պետք է շուռ գաք դեպի հարավ։ Եվ ինչքան կարելի է, շուտ։ Ես սա ասելու իրավունք չունեի, չի կարելի, բայց ձեզ չասել՝ չեմ կարող, որովհետև դուք ինձ համար ․․․ Ես դա ինչպես բացատրեմ ձեզ, որ հասկանաք․․․ Դուք ինձ համար թանկ եք․․․– շփոթված ժպտաց նա։-Շատ եք թանկ և միշտ թանկ եք եղել․․․

Վլադիմիր Իգնատևիչը փուտկոտ նայեց հեռացող վաշտի ետևից։

–Գնացեք դեպի հարավ՝ Լիխայա։ Միայն դեպի հարավ,– ձեռքերը շարժելով շարունակեց նա։– Իսկ Կամենսկ պետք չէ, որովհետև գերմանացիները անցել են Դոնեցը և ուր որ է՝ կվերցնեն Կամենսկը ։ Այժմ մարտերը Բելոկալիտվեսկայայի մոտ են տեղի ունենում։ Մենք գնում ենք այնտեղ՝ նրանց առաջխաղացումը կասեցնելու։

Մայան լուռ էր։ Ասես այն, ինչ ասվեց հիմա, իրեն չէր վերաբերում։ Նա հոգնել էր։

–Ես սխալ էի, երբ ասում էի, թե կհանդիպենք տասը տարի հետո ,– խոսեց Վլադիմիր Իգնատևիչը անհանգիստ նայելով հեռացող վաշտի ետևից ։– Ես շատ եմ ուզում, որ այն, ինչ մտածում եմ հիմա, նույնպես սխալ կլինի։

–Իսկ ի՞նչ եք մտածում հիմա ,– ակամա հարցրեց Մայան։

–Ես մտածում եմ այն մասին, որ ձեզ այլևս չեմ տեսնելու։ Ե դա հաստատ է,– դառնաժպիտ ասաց նա։– Բայց ես ձեզ չեմ մոռանա։ Որովետև չի կարելի ձեզ մոռանալ։

Մայան հանկարծակի ու սոսկումով նայեց նրան․ այդ խոսքերը նա երեկ ուրիշից լսեց՝ սայլում պառկած վիրավոր զինվորից, և նա չկա այլևս, նա մեռավ․․․ Եվ նա այնքան ջահել ու գեղեցիկ էր, և նրա մայրը հավիտյան մնաց որբ, որովհետև որդուց բացի նա էլ ոչ ոք չունի։

–Դուք ճիշտ չեք,– ջանալով հանգիստ խոսել, ասաց Մայան։– Ես համոզված եմ, որ մենք կհանդիպենք, և այն էլ շուտով․․․

–Ես ձեզ հասկանում եմ, դուք, իհարկե, այն չեք ասում, ինչ մտածում եք,– թախծոտ ասաց նա։– Թող այդպես լինի։ Առանց նման խոսքերի գուցե և հնարավոր չլինի այս դժվար օրերին․․․ Ինչ արած, շնորհակալ եմ․․․ Եվ մնացեք բարով․․․– Եվ սեղմելով Մայայի ձեռքը , նա շրջվեց ու դղրդացնելով զինվորի իր ծանր սապոգները, փոշու միջով քայլեց հեռացող վաշտի ետևից։

Նա գնում ու շարունակ ետ էր նայում։

Ետմիջորեին թափառախումբը նորից սկսեց շարժվել․ զորամասերը արդեն անցել էին։ Փախստականներն այժմ գնում էին միայն դեպի հարավ։

Սակայն երկար գնալ չհաջողվեց․ Նովոշախտինսկի մոտ մոտոցիկլ նստած գերմանացիները հասան նրանց։

–Գերմանացիները ,– դողացող ձայնով ասաց ինչ-որ մեկը՝ սարսափահար հայացքը դեպի ետ, և նրա ասածը վայրկենապես ձայնձնվեց շարքերի մեջ, ինչպես հրամանով՝ բոլորը կանգ առան, և նույնպես նայում էին ետ, դեպի այն բլուրը, որ հենց նոր էին անցել։

Բլրալանջն ի վար, փոշու ամպեր բարձրացնելով, տասնյակ մոտոցիկլետներ իջնում էին դեպի ձորակ, դեպի փախստականները։

–Վերջացավ,– փշրված ձայնով ասաց Միխայիլը, դանդաղ իջնելով կառքից։ Կինը՝ Անաստասիա Դմիտրիևնան, հանկարծ լաց եղավ՝ փոքրիկ Նիկոլայի գլւխը սեղմելով կրծքին, սակայն Միխայիլը դրան ուշադրություն չդարձրեց, և լայն բացված աչքերով նայում էր մոտեցող գերմանացիներին։

«Ահա և նրանք՝ արիական ցեղի բարբարոսները»,– թուլացող սրտով շշնջաց Մայան։ Նա լուռ նայում էր բլրալանջն ի վար հեղեղի պես իջնող մոտոցիկլներին։

Գերմանացիները սլացան թափառախմբերի երկու կողմերով, կտրեցին փախստականների առջևը և, կանգնեցնելով մոտոցիկլետները, գոռում-գոչյունով թափվեցին ամբոխի վրա և սկսեցին կողոպտել նրանց։ Եվ այն , ինչ տեսավ Մայան, ինչ տեղի ունեցավ հետո, մնաց հիշողության մեջ։ Այնտեղ, շարքերի մեջ մի զիլ ծկլթոց եղավ ։ Ինչ-որ մեկը ճչաց հուսակտուր, անզգա նետվեց գետնին։

–Ի՞նչ արեցին, ի՞նչ պատահեց այնտեղ,– անհամբեր ու վախեցած հարցրեց Անաստասիա Դմիտրիևնան ։

–Օյ, սրիկաներ, օյ մարդակերներ,– սիրտ ծակող ցավից կնճռոտելով դեմքը , ասաց Միխայիլը՝ գլուխն օրորելով։– Ուզում էին կողոպտել, իսկ նա չէր թողնում։ Գրկից խլեցին երեխային և ոտքերից բռնելով խփեցին սայլանիվին։ Օյ մարդակերներ, ավազակներ․․․

Կինն այնտեղ ընդոստ վեր թռավ տեղից, Մայան տեսնում էր դա, և կպավ մարդասպանի ավտոմատից։ Սա չէր սպասում, անակնկալի գալով՝ դեն հրեց կնոջը և կրակեց ուղիղ նրա կրծքին։ Կինն ինքնաբերաբար ձեռքերը տարավ կրծքին, մատների արանքով հոսեց արյունը, մի քայլ առաջ եկավ, մի քայլ ևս, ծնկները ծալվեցին, ընկավ որդու մոտ, գլւխը սեղմեց նրա տաք մարմնին, հանգավ․․․

–Հրեշներ,– հեկեկաց Մայան և երեսը ծածկեց ձեռքերով։– Գարշելի արարածներ։– Եվ նա դեռ լալիս էր , դեռ ձեռքերը չէր բարձրացրել դեմքից՝ մոտեցող աղմուկ լսեց։ Այդ նրանք էին՝ գերմանացիները, և ձայներն էլ մարդու չէին ասես՝ կատաղած շան հաչոցներ էին։ Մայան ետ տարավ ձեռքերը, շրջվեց։ Սաղավարտ հագած գերմանացիները տակնուվրա էին անում կառքը։ Հանեցին մոր թևի ժամացույցն ու Միխայիլի գիրզե սապոգները, ինչ-որ բաներ վերցրին նրանց ճամպրուկներից, իսկ իր ճամպրուկից վերցրին ամառային չթե անթև շրջազգեստը, փոքրիկ մկրատը, սանրը, երկու քորոց․․․ Մայան, ասես չհավատալով տեսածին, ապշահար, չթարթող աչքերով երկար նայում էր նրանց ու ոչինչ չէր կարողանում ասել։

–Ռուս շվայն, կապուտ,– գոռում էին սաղավարտավորները, հափշտակած իրերը խցկելով պարկերի մեջ ։-Դուք անկուլտուրական ժողովուրդ, վայրենի խոզեր, մենք ձեզ սովորեցնենք․․․

Ավելի քան երկու շաբաթ, գիշեր ու ցերեկ ամայի տափաստանում, բաց երկնքի տակ մնացին նրանք՝ Պերոմայկայի ու շրջակա ստանցիաների, խուտորների ու գյուղերի, Ստալինոյի ու Վորոշիլովգրադի մարզերի փախստականները։ Օգոստոսի սկզբին եկավ Նովոշախտինսկի գերմնական պարետի հրամանը՝ ուրիշ տեղերից եկած մարդիկ վերադառնան իրենց բնակավայրերը։

–Նորից ետ, դեպի տուն՝ ֆաշիստների մոտ,– հոգնաբեկ ասաց Միխայիլը։ Ձիերը լծելիս նրա ձեռքերը դողում էին։

Ամբողջ գիշերը մանր անձրև էր տեղացել, և հիմա, չնայած արևին գետինը խոնավ էր, կանաչները թաց։ Երիցուկի բյուրծաղկաթերթերից արցունքների պես կախվել էին անձրևակաթիլները, և դրանց մեջ, ինչպես արևի տակ թափված ապակու փշրանքների մեջ, արտացոլվել էր արևը։ Անթիվ, անհամար ծաղկաթերթեր, անթիվ, անհամար արցունքներ․․․

 

Մայան դուրս եկավ ծառերի արանքից, ուր գիշերը պատսպարվել էին անձրևից, և քայլեց դեպի կառքը․․․ Նա հանկարծակի կանգ առավ, զգալով, որ ամբոխի միջից մեկը սևեռուն նայում էր իրեն։ Մայան ետ շրջվեց ու մնաց այդպես կանգնած․ ոչ այնքան հեռու կանգնել էր Ալեքսանդրա Եմելյանովնան՝ մի քանի օրվա մեջ նիհարած, ոտաբոբիկ․․․ Նա ժպտում էր՝ անուժ պահելու արցունքները։

–Ալեքսանդրա Եմելյանովնա,– արցունքներից խեղդվելով, շշնջաց Մայան, կարոտանքով նայելով ընկերուհուն։– Սաշենկա․․․

Նրանք գնացին իրար ընդառաջ։ Կագ առան՝ դեռևս չհավատալով իրենց աչքերին։

–Տեր աստված, մի՞թե դու ես ,– շշնջաց Ալեքսանդրա Եմելյանովնան, նույպես արցունքներից խեղդվելով, կծելով շուրթերը։– Ես այնքան եմ որոնել քեզ, քանի օր է շարունակ քայլում եմ․ ես այլևս ուժ չունեմ Մայա․․․

–Սաշենկա,– խանդաղատանքով ու ջերմեռանդ արտաբերեց Մայան, պոռթկուն շարժումով գրկելով նրան։– Տասնյակ կիլոմետր ոտքով եկել ես իմ ետևից ․․․ Ինչո՞ւ էիր տանջում քեզ․․․

–Իսկ դու ասացիր կսպասես,– իբր կշտամբանքով շշնջաց Ալեքսանդրա Եմելյանովնան , -և ընկերուհու հանդեպ ունեցած սիրուց նվաղեց նրա սիրտը ։– Եկա տեսա տանը չես ․․․ Խելագարվել կարելի էր․․․

–Այդպես ստացվեց․․․ Դու ինձ ներիր, Սաշենկա․․․ Կառքն արդեն պատրաստ էր, ինձ էին սպասում։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես ստացվեց ,– արագ –արագ ասում էր Մայան , – ես քեզ հայտնելու հնարավորություն չունեցա, ներիր ․․․ Իսկ հիմա ետ ենք գնում, Պերվոմայկա․․․

Աննա Փեհլիվանովան արցունքների միջից ժպտալով նայում էր նրանց։

Նրանք Պերվոմայկա հասան օգոստոսի կեսերին, ցերեկը։

Հեղձուկ ու տխուր օր էր։ Արևը բարձրից, երկնքի խորքից անաստվածորեն այրում էր; Ոչ ձայն, ոչ ճպտուն։ Արտասավոր լուռ էր Պերվոմայկան, և շուրջը՝ ողջ տափաստանը։

Մայան նստել էր պատուհանի առջև, քիչ առաջ խոնարհված, նայում էր տնամերձի կողմը , ուր մայրը առաջ ու ետ էր քայլում։ Ինչ-որ խոսում էր։ Ինչ էր խոսում նա՝ ներսում չէր լսվում։

Մայան բաց արեց պատուհանի փեղկը ու լսեց, թե ինչպես կամացուկ թխկաց բակի դռնակը և ինչ-որ մեկի թեթև, փոքրիկ ոտքերը վազեցին բակի միջով, բարձրացան պատշգամբ։ Դուռն առանց թակելու բացվեց, և Ուլյան, ոսկեզօծուն մազերը կրծքից ետ գցելով, վազեց դեպի Մայան ։

–Իմ փախստական աղջիկ ,– ծիծաղելով ու լաց լինելով արտասանեց Ուլյան՝ աչքերը փակ, շնչահեղձ լինելով։– Դու իմ խելառ գնչուհիկ, սրտաբուխ շշնջաց նա՝ փուտկոտ ու ջերմությամբ փաթաթվելով Մայային ու նրա հետ պտտվելով սենյակում։– Ես հենց նոր իմացա, որ եկել ես, Վասյա Բոնդարևը ասաց, և պատկերացնել չես կարող, քիչ մնաց դուրս թռչեր սիրտս․․․

–Վասյա՞ն,– զարմանքով ընդատեց Մայան։– Նա որտեղի՞ց իմացավ։

–Չգիտեմ,– ասաց Ուլյան արագ շնչելով,– հենց որ ասաց, բակում լվացք էի փռում, թողի ու մի գլուխ վազեցի քեզ մոտ։ Ասես մի տարի է չէի տեսել քեզ, այնպես էի կարոտել։ Եվ ահա տեսա։ Դե պատմիր,– նստելով Մայայի դիմաց, ցածրիկ աթոռակին, ասաց Ուլյան, սպասողական նայելով նրան։

–Ի՞նչ պատմեմ,– դառնաժպիտ ասաց Մայան։– Մի՞թե հնարավոր է մի բան պատմել։ Ավելի ճիշտ՝ մի՞թե հնարավոր է բոլորը պատմել։ Սարսաելի է, Ուլյա,– հանկարծակի ցածրացնելով ձայնը, աաց Մայան, ծանր օրորելով գլուխը։ – Ամեն ինչ սարսափելի էր ։– Ավելի լավ է՝ դու պատմիր ․ ի՞նչ լուր կա տղաներից, որտե՞ղ են նրանք։

–Տղաները եկել են։ Երեկ չէ մյուս օրն են եկել։ Նիհար, սևացած։ Ընկել էին շրջափակման մեջ, հետո հաջողվել է փախչել։ Այնպիսի բաներ են պատմում ․․․ Հրեշներ են դրանք՝ այդ գերմանացիները։ Ճիտ եմ ասում։

–Բորյան ինչպե՞ս է, – ուշացումով հարցրեց Մայան, չհամարձակվելով նայել Ուլյային։

–Լավ է։ Բոլորն էլ լավ են։ Նա քեզ համար շատ էր անհանգստանում։

–Ճի՞շտ,– թույլ ժպտաց Մայան, թեթակի կարմրելով։

–Այո, – ջերմագութ վրա բերեց Ուլյան ։ – Եվ, չնայած գերմանական նոր կարգի համաձայն արգելվում է երեկոյան հինգից հետո փողոց դուրս գալ, երեկ ուշ երեկոյան ինքը և Տոլյան եկան ինձ մոտ։ Երկար զրուցում էինք ։ Նա շարունակ քո մասին էր խոսում։

–Ո՞ւր են հիմա նրանք ։

–Տեղ են գնացել։ Չգտեմ ինչու՝ չասացին թե ուր։ Բորյան ասաց՝ մի երկու օր կուշանանք։ Կարևոր գործ կա, ասաց։

–Իսկ մենք չկարողացանք անցնել Դոնեցը,– անսպասելի ասաց Մայան։ – Գերմանացիները հասան մեզ․․․ Եվ ահա մենք վերադարձել ենք ։

–Համարյա բոլորն են եկել,– չգիտես հուսադրելո՞ւ, թե՞ հենց այնպես, մի բան ասած լինելու համար, աաց Ուլյան։ – Պերվոմայկայից ինչքան գնացող է եղել՝ վերադարձել են։ Մեր դասարանից դու էիր մնացել, և ահա դու էլ ես եկել։ Քիչ հետո կգան աղջիկները, նրանք, երևի, չգիտեն դեռ։ Ալեքսանդրա Եմելյանովնան նույնպես չգիտի հավանաբար, հարկավոր է հայտնել, թե չէ կնեղանա։

Մայան ժպտաց․

–Մենք միասին վերադարձանք այսօր։

–Ինչպե՞ս ,– հարցրեց Ուլյան և զարմանքից աչքերն ավելի խոշորացան։ – Նա չէր մեկնել, նա այստեղ էր․․․

–Նովոշախտինսկի մոտ գտավ մեզ ,– հպարտությամբ ասաց Մայան, շողացող աչքերը դարձնելով Ուլյային։– Իմ ետևից էր եկել՝ սմքած, արյունած ոտքերով։ Հազիվ էր կանգնած մնում։

–Ես նախանձում եմ քեզ, Մայեչկա,– ասաց Ուլյան՝ արագ թարթելով աչքերը։– Այդպիսի մի ընկերուհի ունենայի․․․ կյանքս անգամ չէի խնայի նրա համար։ Իսկ Ալեքսանդրա Եմելյանովնան ․․․ Ես նրան առաջ էլ հարգում էի, բայց հիմա իմ աչքում նա կրկնակի բարձրացավ։ Ինչպիսի ազնիվ հոգի․․․ Չէ, նախանձում եմ քեզ, Մայեչկա, ինչ ուզում ես ասա։

–Իսկ մի՞թե Վալյա Ֆիլատովան վատ ընկերուհի է։

–Դու գիտես, որ մանկությունից սկսած մենք նրա հետ մտերիմներ էինք,– մտախհ ասաց Ուլյան ։– Այս բոլոր տարիներին մենք իրար հետ կիսել ենք մեր վիշտն ու ուրախությունը, շարունակ միասին ենք եղել և, պատկերացնել չես կարող , առանց նրան ապրած իմ մի օրը տանջանք է եղել ինձ համար։ Ես Վալյային հիմա էլ աշխարհի չափ սիրում եմ, բայց, ինչպես ասեմ քեզ, տարբեր մարդիկ ենք մենք, Մայա։ Բոլորովին տարբեր։ Դժվարության դեպքում նա չի դիմանա․ ես դա հաստատ գիտեմ։ Ես հիմա էլ սիրում եմ նրան, և գուցե դա սեր էլ չէ արդեն, գուցե պարզապես խղճում եմ նրան, չգիտեմ․․․Իսկ Ալեքսանդրա Եմելյանովնան ․․․ Նա քեզ հետ կգա մինչև աշխարհի վերջը։

–Որովհետև գիտի՝ ես մինչև աշխարհի վերջը չեմ գնա,– ծիծաղեց Մայան։

–Եթե նույնիսկ գնաս՝ կգա։ Մի՞թե կասկածում ես։

–Իհարկե, չեմ կասկածում,– ասաց Մայան սիրով, ջերմությամբ։– Կատակում եմ։

–Իսկ Վալյան․․․ այո, ես նրան հիմա ավելի շատ եմ խղճում,– շարունակեց Ուլյան ։– Ես սա արդեն լրիվ համոզվածությամբ եմ ասում, և, եթե տեսնեիր՝ ինչպես էր լաց լինում նա այսօր․․․ Երբեք չեմ մոռանա։ Երբեք ․․․ կանչող կար, դուրս եկա տեսա ինքն է։ Կանգնել է ցանկապատի մոտ, ցանկապատից բռնած ու լաց է լինում, «Ի՞նչ է պատահել», – հարցնում եմ։ Իսկ նա ողջ մարմնով դողում է։ «Ինձ քշում են Գերմանիա,– ասում է։– Անձնագիրս վերցրին, կարգադրեցին ոչ մի տեղ չգնալ, ասացին շուտով ծանուցագիր կլինի»։ «Ինչո՞ւ էիր գնացել », – ասում եմ։ Իսկ նա՝ «Վախից գնացի․․․» Կարդացել է գերմանական պարետի հրամանը՝ բորսա գնալու և գրանցվելու մասին, և իսկույն ներկայացնել։

–Ի՞նչ բորսա ,– չհասկացավ Մայան։

–Աշխատանքաին բորսա,– հանգիստ ասաց Ուլյան, թոթվելով ուսերը։ – Երիտասարդներին ուզում են քշել Գերմանիա։ Մի՞թե չես լսել։

–Ոչ ։

–Բոլորին հավաքագրում են։

–Ես չեմ գնա,– ընդոստ ելնելով տեղից ասաց Մայան՝ հուզված քայլելով սենյակում։-Ոչ մի դեպքում։ Թող տեղնուտեղը գնդակահարեն, բայց չեմ գնա։ Քեզ նույնպե՞ս կանչել են։

–Հրամանը բոլորի համար է։

–Եվ հետո՞։

–Իվան Արսենտևիչից տեղեկանք եմ վերցրել, որ իբր գերմաներեն լեզու եմ դասավանդում դպրոցում։ Քեզ համար էլ կվերցնենք։ Հենց վաղը կգնանք նրա մոտ։ Նա մեզ կօգնի։ Նա բոլորիս կօգնի։ Իսկ Զոյա Ալեքսեևան, Մայա, գերմաներենի մեր ուսուցչուհին, պարզվում է, հոյակապ մարդ է։ Ճշմարիտ է ասված, որ դժբախտության ժամանակ մարդ հեշտ է ճանաչվում։ Նրան հրավիրել են քաղվարչություն՝ աշխատելու, իսկ նա հրաժարվել է։ Եվ գիտե՞ս ինչ է ասում․ «Ես չեմ գնա, ասոմ է, նրանց մոտ աշխատելու։ Մեր՝ սովետական մարդկանց պետք է կանչեն, ծեծեն, իսկ ես պարտավոր եմ նրանց համար թարգմանել այն բոլորը, ինչ կասեն մեր մարդիկ․․․ Չեմ գնա երբեք»։ Ահա թե ումից պետք է օրինակ վերցրել, Մայա․․․ Իմ թղթերը նույնպես պատրաստ են՝ ինձ Գերմանիա՝ տաժանակիր աշխատանքի ուղարկելու համար։ «Բավարիա» կոչվող հավաքագրման հանձնաժողով կա, այդ հանձնաժողովը հատուկ քարտեր է լրացնում, բժշկական քննության է ենթարկում, իսկ հետո վերցնում են անձնագիրը, վկայական են տալիս, որ իրենց լեզվով կոչվում է «աուսվայս» և հրամայում են սպասել՝ մինչև կանչեն։ Շուտով, երևի կկանչեն ինձ։ Բայց չեմ գնա։

–Պատկերացնո՞ւմ ես, Ուլյա, մեզ պետք է քշեն Գերմանիա,– որոշ լռությունից հետո ցածրաձայն ասաց Մայան, բա պատուհանից նայելով դուրս։ – Մեզ պետք է քշեն Գերմանիա,– շարունակեց նա մտածուն,– մենք այնտեղ գործարաններում զենք կպատրաստենք, իսկ այստեղ նրանք այդ զենքով կսպանեն մերոնց․․․ Մի՞թե դա լինելու բան է, Ուլյա։

–Ոչ,– վճռական արտասանեց Ուլյան, նունպես ելնելով տեղից ։– Չպետք է թույլ տալ,– կիսաձայն ավելացրեց նա, մոտենալով Մայային, այտը սեղմելով նրա ուսին։– Մենք չպետք է թողնենք․․․ Ես երկար եմ մտածել, բայց չեմ կարողացել մի ելք գտնել։ Եվ եթե դու իմանայիր, թե ինչեր են արել նրանք այստեղ, Մայա, եթե միայն իմանայիր։ Ախր, սկզբում շատ էին նրանք։ Շարունակ գալիս էին ու գալիս։ Տուն չկար , ուր գերմանացիներ չլինեին։ Ձեր տանն էլ կային։ Եվ ինչ էին անում նրանք։ Անխնա կտրում էին ծառերը, որովհետև, նրանց կարծիքով, այդ ծառերի ետևում կարող էին թաքնվել պարտիզանները, բակերում ինչ կար՝ մորթում էին, վառում էին ցանկապատները, թալանում էին բնակչությանը՝ չխորշելով անգամ վերցնել ամենաանշան ու կեղտոտ բաներ, ծեծում էին, գնդակահարում առանց պատճառի։ Հիշո՞ւմ ես մեր դպրոցի պահակ Սեմյոն Միտրոֆանովիչին․․․ Նրան հենց առաջին օրը, ժողովրդի աչքի առաջ կախեցին դպրոցի դարպասից։ Գերմանացիները ցանկացել էին մտնել դպրոց, իսկ նա սկսել էր կրակել երկրորդ հարկից։ Մի քանի հոգու սպանել էր, իսկ հետո, երբ վերջացել էր փամփուշտը, կաղալով դուրս էր եկել դպրոցից։ Նրան կախեցին դպրոցի առաջ։ Ամողջ երկու օր կախված մնաց․ գերմանացի սպաները կախաղանի մոտ նկարվում էին։ Չեմ մոռանա երբեք, Մայա, մինչև մահ ու գերեզման չեմ մոռանա դրանց արարքները։ Եվ ո՞վ պիտի անմեղ զոհերի վրեժը լուծի նրանցից ․․․ Ես հիմա էլ շարունակ այդ մասին եմ մտածում։ Բայց ի՞նչ կարելի է անել՝ չգիտեմ։

Երկուսն էլ երկար ժամանակ լուռ էին։

–Եկել է վճռական ժամը,-Ուլյա ,– վերջապես խոսեց Մայան և նրա ձայնը դողդոջեց։– Եվ մենք պետք է պայքարի ելնենք, որովհետև ավելի լավ է մեռնել կանգնած, քան ծնկի գալ թշնամու առջև։ Պետք է պայքարել, նահանջի ճանապարհ չկա և չի կարող լինել։ Ինչքան ենք լսել ու կարդացել հերոսության մասին, հերոսական գործեր երազել, և ահա եկել է ժամը՝ հաստատելու, որ զուր չէին մեզ այնքան վստահում որ մենք անսասան կանգնած ենք հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Մենք կհաղթենք,– արդեն հաստատուն ձայնով շարունակեց Մայան։ -Դժվար հաղթանակ կլինի դա, պարզ է, անասելի դժվար հաղթանակ կլինի, կգա այդ օրը։ Մենք գերմանացիներին ջարդեցինք Չուդ լճում, կջարդենք նաև հիմա։ Պատմությունը չի հիշում, որ ռուսական հողը գրավված լինի երբևիցե, իսկ հիմա՝ առավել ևս։ Հիշո՞ւմ ես Տարաս Բուլբայի խոսքը՝ աշխարհում չկա այն ուժը, որ կոտրի ռուսական ոգին։ Չկա, Ուլեչկա,– կրծքային հուզված ձայնով ասաց Մայան։– Մենք կհաղթենք, կվերադառնան մերոնք, կհարցնեն՝ ի՞նչ եք արել՝ ոչինչ։ Հապաղել՝ ոչ մի դեպքում, պետք է գործել, Ուլյա, պետք է մի բան անել։ Ինձ թվում է, շատերը կգան մեր ետևից։

–Իհարկե, կգան, – փութկոտ ավելացրեց Ուլյան:

–Եվ չի կարող, որ ընդհատակում մարդ չլինի թողնված: Գուցե հետագայում կարողանանք կապ հաստատել նրանց հետ: Մի խոսքով, ամեն ինչի սկիզբն է դժվար:

–Ու՞մ հետ կարելի է խոսել, – հարցրեց Ուլյան՝ իր սև ու խոշոր աչքերով կողքանց նայելով Մայային: – Ովքե՞ր կգան մեր ետևից քո կարծիքով…

–Իմ կարծիքով… տղաներից Անատոլին, Բորյան, Վիկտոր Պետրովը, Դեմյան Ֆոմինը… Դիմկան թեպետև փոքր է, բայց շատ է խիզախ… Նրա հետ մարդ չի տխրի:

–Գենադի Լուկաշովը, Անատոլի Նիկոլաևը, – այնուհետև թվեց Ուլյան, – Նիկոլայ Ժուկովն ու Անատոլի Նիկոլաևը, որոնք դուրս գալով շրջափակումից, վերադարձել են Պերվոմայակ, Վլադիմիր Ռադոզինը…

–Եվգենի Շեպիլյովն ու Վասյա Բոնդարևը, – ավելացրեց Մայան: – Իսկ աղջիկների՞ց:

–Աղջիկներից առաջին հերթին ես և դու, – ժպտաց Ուլյան, – Շուրա Բոնդարևան, Նինա Գերասիմովնան, հետո Նինա Մինաևան, Անգելինա Սամոշինան, Ալեքսանդրա Եմելյանովնան, որովհետև, պարզ է, որտեղ դու՝ այնտեղ էլ նա, – դարձյալ ժպտաց Ուլյան սիրալիր նայելով ընկերուհուն: – Նա հենց միայն խանդից կգա:

–Լավ, լավ՝ հետո՞, – ժպտաց Մայան: – Է՞լ ով:

–Լիլիա Իվանիխինան, քույրը՝ Տոնյան…

–Ինչպե՞ս թե… մի՞թե Տոնյան այստեղ է:

–Այո, վերադարձել է: Անհայտ կորել էր ճակատում: Ումանի մոտ, և հիմա վերադարձել է: Եվ պատկերացնել չես կարող Լեհաստանից մինչև այստեղ ոտքով: Պարզվում է՝ համակենտրոնացման ճամբարում է եղել: Այնտեղից է փախել… Որ տեսնես չես ճանաչի:

–Իսկ ինչո՞ւ չէիր ասում: Տա՞նը կլինի հիմա:

–Այո: Աղջիկներն էլ, երևի, այնտեղ են: Ուզո՞ւմ ես գնանք:

–Իհարկե, ուզում եմ: Դեռ հարցնում է …

Նրանք դուրս եկան պատշգամբ: Մայան հայացքով փնտրեց մորը:

–Աննա Վասիլևնա, բարև ձեզ, – նկատելով Աննա Փեհլիվանովային, ժպտահայաց ասաց Ուլյան, պատշգամբի բազրիքի վրայով թեքվելով առաջ: – Ինչպե՞ս եք:

–Ինչպես տեսնում եք, – ընկճված ու մտացրիվ պատասխանեց Աննա Փեհլիվանովան: – հրեշները ամբողջ այգին քարուքանդ են արել, կարտոֆիլը հանել ոչինչ չեն թողել:

Կարճ լռություն տիրեց:

–Մամ Ուլյայի հետ գնում ենք Իվանիխինների մոտ,– ասաց Մայան, դանդաղ իջնելով փայտե աստիճաններով, – Տոնյան եկել է, գնում եմ տեսնելու:

–Գնա, – ասաց Աննա քիչ մտածելուց հետո: – Աշխատիր չուշանալ:

-Զբոսայգով գնանք, – առաջարկեց Ուլյան, երբ նրանք դուրս եկան փողոց: – Ավելի քիչ կհանդիպենք դրանց:

–Ո՞մ, – չհասկացավ Մայան:

–Չե՞ս տեսնում, – հայացքով ցույց տալով փողոցի ծայրում կանգնած գերմանացիներին, ցածր ասաց Ուլյան:

 

Իվանիխինների տունը ավանի կենտրոնում էր, դպրոցից ոչ հեռու, և Ուլյան ու Մայան, կտրելով փողոցը, տների արանքով ընկած նեղ ճանապարհով գնացին զբոսայգու կողմը:

–Ես դրանց՝ այդ ծախու արարածներին տանել չեմ կարողանում, – նորից խոսեց Ուլյան, արագ շնչելով, – Նրանք հենց առաջին օրը վազեցին գերմանացիների մոտ և առաջարկեցին իրենց ծառայությունը: Եվ այժմ, գիտե՞ս, Կրասնոդոնում գերմանական ժանդարմերիա կա, ինչպես նաև ոստիկանություն՝ տեղական դավաճաններից: Մայրդ կոմունի՞ստ է;

–Այո,– գլխով արեց Մայան՝ կռահելով, թե Ուլյան ինչու հարցրեց դա:

–Նրանք առաջինը կոմունիստներին են մատնում, – պարզաբանեց Ուլյան: – Կոմերիտաններին նունպես մատնում են. Հարկավոր է զգույշ լինել: – Ուլյան մի կարճ պահ դարձյալ լուռ էր, հետո ասաց. – Չես կարող պատկերացնել, թե ինչ միամիտն էի առաջ. Ինձ թվում էր, թե մեր Պերվոմայկայում ոչ ոք չի գնա գերմանացիներին ծառայելու: Չեն գնա, մտածում էի, մեզ մոտ դավաճաններ չեն լինի: Բայց եղան…

Ուլյան չէր ավարտել խոսքը, առջևում, ծառերի ետևում մի դուռ ճռռաց, լսվեցին աստիճաններով իջնող ոտնաձայներ: Ոտնաձայները անցան բակով, և մի գերմանացի զինվորական հմազգեստով, շեկ մազերով ու գիրուկ՝ դուրս գալով այնտեղից, կանգնեց դարպասի մոտ՝ համարյա փակելով նեղ ճանապարհը: Անբնականորեն կարմիր դեմքով ու ինքնագոհ՝ նա նայում էր աղջիկներին՝ մի ձեռքով հանգիստ կոճկելով վերնաշապիկը:

–Որտեղի՞ց լույս եկավ այս հրեշը, – շշուկով արտաբերեց Ուլյան՝ դանդաղեցնելով քայլերը:

–Ոնց որ խմած է, – ակամա Ուլյային թևանցուկ անելով, կիսաձայն ասաց Մայան, նույնպես դանդաղեցնելով քայլերը:

–Գնանք, այդ տխմարը կկարծի՝ վախենում ենք, – հազիվ զսպելով իրեն, ասաց Ուլյան:

– Ուխ, թշվառական, գերմանացի է հերիք չէ, խմած է:

–Կամաց:

–Արի, արի, – ինչպե երեխայի ցուցամատով կանչեց գերմանացին՝ ապշորեն ժպտալով: – Էս ինչ լավ դնչիկներ… Արի, ես ձեզ չուտեմ, ես ձեզ մի քիչ ուտեմ…

Նա մեջքով ընկավ ցանկապատին, որից ցանկապատը ետ գնաց, և ժպիտը բերանից կախ՝ սպասեց մինչև աղջիկները մոտենան:

Իսկ աղջիկները թեթևաքայլ եկան ու ասես չկար նա՝ անտարբեր անցան:

– Կանգնել, – ծանրորեն ելնելով թեք ընկած ցանկապատից, արտասանեց հարբած զինվորականը՝ շարունակ ժպտալով: – Ցու միր, ցու միր, խիլֆե… Ես փոքրիկ հարց տամ… Մի րոպե կանգնել…

Աղջիկները կանգ առան:

–Ես փոքրիկ հարց տամ, – կրկնեց նա՝ տեղում օրօրվելով: – Մի դնչիկ հիմա ասաց իսկական սատանա ինձ… Լավ խոսք…

–Այո, այո, – գլխի ընկավ Ուլյան: – Շատ լավ խոսք է՝ ձեզ սազական: Միայն ոչ թե իսկական սատանա, այլ իսկական դև:

Գերմանացին ծիծաղեց և դարձյալ ինչ-որ բան էր ուզում հարցնել, սակայն աղջիկները վազելով գնացին նեղ ճանապարհով և քիչ անց դուրս եկան զբոսայգի:

–Ահա թե ինչպես են ապրում նրանք մեզ մոտ, – վերջապես խոսեց Ուլյան պորը հառաչելով:

– Գիտե՞ս ում տնից դուրս եկավ:

Մայան չպատասխանեց: Նա տխրությամբ, լռին նայում էր շուրջը. Ամառային կինոթատրոնի դռները պոկված էին, պատերը քանդված, այնտեղ, ուր շատրվաններ էր ու կիսամերկ կնոջ արձանը՝ դեմքը դեպի ծագող արևը, գիպսի կտորներ էին թափված: Զբոսայգուց համարյա ոչինչ չեր մանցել. Գետնին ընկած ծառերի արդեն չորացող սաղարթների միջից անընդմեջ, տխուր կանչում էին ճռիկները:

– Նեմչինովայի տնից դուրս եկավ, – նորից խոսեց Ուլյան, կծելով շուրթերը: – Իսկ մենք մեր ուսուցիչների մեջ, երևի, ամենից շատ նրան էինք սիրում; Եվ նրան չսիրել հնարավոր էլ չէր. Նա այնպես գեղեցիկ էր… Իսկ նրա արձաթե նուրբ ձայնը, շուրթերի հմայուն շարժումը, ժպիտը… Եվ առարկան էլ լավ գիտեր. հիշու՞մ ես ինչպես էր գերմաներեն խոսում: Ասես այնտեղ, Գերմանիայում էր անցկացրել ողջ կյանքը: Զոյա Ալեքսեևնան հրաժարվել է, իսկ նա հենց առաջին օրը գնաց գերմանացիների մոտ և առաջարկեց իր ծառայությունը:

–Մի՞թե, – ուշացած ու մտամփոփ հարցրեց Մայան:

–Այո, – հաստատուն ասաց Ուլյան: – Աշխատանքային բորսայում քարտուղար է: Ես այդ մասին սկզբում չգիտեի: Եվ լավ էր, որ ինձ զսպեսի, թե չէ՝ ով գիտե ինչ կլիներ: Մորաքրոջս մոտից էի գալիս, Կոքսուգոլ ավանից, ճանապարհին պատահեցինք: Զինա Վիրիկովայի մոր հետ կանգնած զրուցում էին: Նրանք սկզբում ինձ չէին նկատել, նա ինչ-որ բան էր պատմում, Զինայի մայրը բարձր ծիծաղում էր: Հենց որ տեսան լռեցին: Ուզում էի անցնել, կանգնեցրեց: Հետո որոշ ժամանակ միասինլուռ քայլում էինք: Ցանցաղամբյուղ կար ձեքռին, մեջը երկու բոքոն հաց, երշիկ, ճարպ, գինի, ասես դիտավորյալ չէր փաթաթել, որպեսզի մարդիկ տեսնեն: Ինչպե՞ս, ասում է, ի՞նչ ես անում, ի՞նչ ես մտածում նոր կարգերի մասին: Եվ հանկարծ «Լսիր, Ուլյա, ասում է, ես միշտ էլ խորին հարգանք եմ տածել քո հանդեպ և ուզում եմ սրտաբաց լինել քեզ հետ: Սովետները այլևս չեն վերադառնա այստեղ, արի մտածենք՝ ինչպես ապրել այսուհետև: Գերմանական իշխանությունը տեղական բնակչության աջակցության կարիքը զգում է: Հին կազակները հեծելազորային ջոկատներ են կազմում: Հարկավոր է, որ երիտասարդները ես օգնեն»: Մնացել էի շշմած: Թքե՞լ նրա երեսին, մտածում էի, ասե՞լ , որ ծախու արարած է, որ մի կես լիտր պրովանսական ձեթի համար կարող է ծախել հայրենիքը… Բայց լավ էր, որ ոչինչ չասացի, որովհետև նա արդեն կապված էր գաղտնի ոստիկանության հետ: Ես դա հետո իմացա:

–Իսկ հետո՞, – հարցրեց Մայան, հետզհետե մռայլվելով: Նա շարունակ գետնին էր նայում:

–Ես նրան չէի պատասխանում, իսկ նա կարծում էր՝ տատանվում եմ: Ի՞նչ ես մտածու, ասում է, հո միշտ ծնողներիդ շլնքին չես նստելու, ընդհակառակը՝ հարկավոր է օգնել նրանց: Ես դարձյալ լուռ էի, չնայած փոթորկվում էր հոգիս, և, ինչքան կարող էի, հանգիստ ասացի. «Շնորհակալություն, Օլգա Կոնստանտինովնա, ես կմտածեմ»: Եվ հեռացա, որպեսզի նա ոչինչ չհարցնի այլևս:

Լուռ քայլեցին մի քիչ:

–Ես այդ մասին պատմեցի տղաներին, – ասաց Ուլյան՝ դանդաղ արտաբերելով բառերը: – Եվ չգիտել նրանցից ով էր գրություն փակցրել Նեմչինովայի դռանը՝ «Ծախու արարած, երբ մերոնք գան՝ առաջինը ձեզ են կախելու»: Վախից երեք օր բորսա չէր գնացել:

Մայան ծիծաղեց:

–Հետաքրքիր է՝ ո՞վ է գրել, – հարցրեց նա՝ ուշադիր նայելով Ուլյային:

–Չգիտեմ, – ասաց Ուլյան խուսափողական թոթվելով ուսերը: – Երևի պարտիզանները:

Մայան ուշադիր նայեց Ուլյային, ժպտաց:

Առջևում երևաց Իվանիխինների տնակը:

Դուռը Լիլյան բաց արեց և, չնայած հենց նոր լսել էր, որ Մայան վերադարձել է, զարմացած ձեռքերը ուրախ խփեց իրար:

–Օյ, այս ու՞մ եմ տեսնում,– բերանը բաց, անձայն ծիծաղեց Լիլիան, աչքերը մի կիսավայրկյան խփելով: – Այս ու՞մ եմ տեսնում, – նա հապճեպ շարժումով գրկեց Մայային, սեղմեց նրան: – Տոյնյան շարունակ քո մասին է հարցնում,– ետ քաշվելով ասաց Լիլիան՝ դեռևս գրկից բաց չթողնելով Մայային: – Մտեք, աղջիկներն էլ տանն են: Մենք հենց ուզում էինք գալ քեզ մոտ, Տոնյան ճամբարից բաներ էր պատմում, և մենք բոլորս լսում էինք, և պատկերացնել չես կարող, թե նա ինչպես է ազատվել այդ դժոխքից: Դա պարզապես հրաշքի նման բան է եղել, որովհետև, ինչպես Տոնյան է պատմում, այնտեղից ոչ ոք չի ազատվում…

Ուլյան ու Մայան ներս մտան սեյակ, և, դեռ չընտելացած սենյակի մթությանը,

աղջիկները թափվեցին Մայայի վրա․ պտտում էին նրան սենյակում, համբուրում․․․

–Սպասեք, մի րոպե սպասեք,– արագ թարթելով աչքերը ասում էր Մայան ։– Ես ոչինչ չեմ տեսնում։

Նրա աչքերը հետզհետե ընտելացան սենյակի լույսին, և նա տեսավ Տոնյային՝ մահճակալի մոտ կանգնած, նիհար։ Տոնյան ընդառաջ եկավ։

–Լրիվ փոխվել եմ, չէ՞,– կամացուկ ասաց նա՝ փորձելով ժպտալ։– Եթե ուրիշ տեղ տեսնեիր՝ հավանաբար, չճանաչեիր, չէ՞․․․

–Կճանաչեի,– ցածր ասաց Մայան, շփոթված նայելով Տոնյայի գունատ դեմքին և նույնպես փորձելով ժպտալ ։– Ես քեզ կճանաչեի,– դողդոջ ձայնով արտաբերեց Մայան և լուռ, պոռթկուն շարժումով գրկեց Տոնյային ու երկար ժամանակ մնաց այդպես՝ նրա սիրունիկ դեմքը իր կրծքին սեղմած։ Նրա արցունքները արդեն հոսում էին, և նա չէր կարողանում դրանք զսպել։ Եվ նա այդ կարճ ակնթարթում, ինչպես հեռավոր երազի մեջ, արցունքների միջից տեսավ Տոնյային, հիշեց, թե ինչպես էին ամառները աղջիկների հետ միասին գնում Պոպովկա՝ պիոներական ճամբար, ինպես էին այնտեղ երջանիկ ու անհոգ երգում խարույկի մոտ, լուսնալույսի տակ՝ կիթառի մեղմիկ նվագակցությամբ, իսկ ցերեկները լողանում էին Դոնեցում, վազվզում անտառներում, ծաղիկներ քաղում․․․ Բայց դա ուրիշ աշխարհ էր, այդ աշխարհը չկա էլ, իսկ այս աշխարհը, որի մեջ նրանք ապրում էին, սարափելի էր։

Մայան բարձրացրեց գլուխը և խզված ձայնով ասաց․

–Դե պատմիր ․․․

Աղջիկներն արդեն շարվել էին մահճակալների երկարությամբ՝ ինչպես քիչ առաջ, Լիզան աթոռակներ բերեց Մայայի և Ուլյայի համար։ Բոլորը նայեցին Տոնյային՝ սպասելով նրա պատմությունը։ Տոնյան նստեց աղջիկների խմբի կենտրոնում և պատմեց հանդարտ, ցածր ձանով․

–Ումանից մեզ քշեցին Զվենիգորոդ՝ ռազմագերիների համակենտրոնացման ճամբար։ Այնտեղ, փշալարերով պատված բարաքներում մեզ պահեցին երկու ամիս, հետո գարշահոտ բարաքներից բոլորիս դուրս տարան բակ, շարք կանգնեցրին։ Ո՞ւր են տանում, մտածում ենք։ Իսկ նրանք մեզ քշում են կայարան։ «Շնելլեր, շնելլեր․․․»,– ավտոմատի կոթով հրում են, ռետինե ձողիկներով խփում ետ մնացողներին։ Ես գրկում եմ Շուրիկին, որպեսզի ետ չմնա։ (Մենք նրա հետ շատ էինք մտերիմ,– ասաց Տոնյան՝ մի ակնթարթ նայելով Մայային․ նա այդ տղայի՝ Շուրիկ Իվանովի մասին պատմել էր արդեն աղջիկներին։– Սպիտակ դեմքով ու գորշաշեկ մազերով տղա էր՝ հինգ տարեկան։ Կանգում էր մոտդ գլուխը կախ, բայց երբ բարձրացնում էր աչքերը, նրանցում այնպիսի մի վճիտ դյուրահավատություն էր փայլում, որ սիրտդ ճմլվում էր անզորությունից ու ցավից) ։ Կայարանում մեզ նորից հաշվեցին, լցրին վանդակապատ վագոնները, պինդ փակեցին դռները՝ դեպի արևմուտք։ Անցնում ենք Վիսլան, Տերասպոլը, յոթ օր ու գիշեր քաղցած ու ծարավ մեզ տանում են, իսկ թե ուր են տանում՝ չգիտենք։ Երբեմն կանգնում ենք, վագոններից թափում են մահացածներին։