Tasuta

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

Հիմնականում մեռնում են երեխաներն ու ծերերը։ Կանգառներում, չնայած գերմանացիների արգելքներին, լեհերը վանդակների արանքներից ուտելիք էին գցում վագոն։ Խնձոր, հաց, երշիկ։ Սփոփիչ խոսքեր էին ասում։ Յոթերորդ օրը, գիշերվա կեսին, մեր գնացքը հասավ կրկնափշալարերով պատված ինչ-որ ճամբար։ Անաստղ գիշեր էր։ Շենքեր էին երևում՝ լայն խողովակներով, որոնցից կծու, թանձր ծուխ էր ելնում, իսկ երբեմն նաև կրակի լեզվակներ։ Օդը մի տեսակ ներծծված էր քաղցրավուն այրվածահոտով։ Մեզ սկզբում թվաց, թե պաշտպանողական նշանակության ֆաբրիկա են բերել, փշալարերի երկարությամբ էլեկտրական լամպեր էին վառվում։ Բայց մենք սխալվում էինք, մեզ բերել էին Օսվենցիմ՝ համակենտրոնացման ճամբար։

–Ես լսել եմ այդ ճամբարի մասին,– ասաց Շուրա Բոնդարևան արագ թարթելով աչքերն ու փոխնիփոխ նայելով աղջիկներին։ – Ռադիոն հաղորդել է, լսել եմ։ «Խոսում է Եվրոպայի դժոխք- Օսվենցիմը», «Խոսում է Եվրոպայի դժոխք- Օսվենցիմը»– այսպես են սկսվում հաղորդումները։ Ես լսել եմ․․․

Տոնյան նայեց Շուրային, սակայն ոչինչ չասաց, նրա թախծոտ աչքերը նայում էին նրան , բայց չէին տեսնում ասես։ Նա մտքերի հետ էր։

–Մեզ աշխատեցնում էին դաշտերում, կերարում էին թեփով լի վռիկ-ապուրով, եթե ոչ՝ կարտոֆիլի կամ գոնգեղի քչեփով, պահում էին դարձյալ բարաքներում,– ասաց Տոնյան մտածկոտ ու տխրաձայն։– Իսկ բարաքները շատ էին՝ տասնյակ հազարավոր կալանավորներով՝ Ֆրանսիայից, Լեհաստանից, Հարավսլավիայից, Սովետական Միությունից ու այլ երկրներից։ Քնում էինք եռհարկ նեղ տախտակամածների վրա, իրար սեղմված, որովհետև բարաքներում տեղ չկար, իկ ամեն օր նոր տրանսպորտ էր գալիս կալանավորներով։ Առավոտները բարաքներից հանում էին մեռածներին ու նրանց, ովքեր անզգա ընկած էին և, ինչպես փայտը անտառում, դարսակներով շարում էին բարաքների մոտ, իսկ այնտեղից, հատւկ մեքենաներ կային՝ խաչով, այդ մեքենաներով տանում էին դիակիզարան՝ այրելու․․ Քանի կենդանի եմ, երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի օր Շուրիկը ձգեց թևս ու կամացուկ ասաց ․– Տոնյա մամա, ուզո՞ւմ եք Բրյանսկի պարտիզանների երգը ձեզ համար երգեմ․․․ Մեր բարաքում երեխաներն ինձ այդպես էին կոչում՝ «Տոնյա մամա»։– Երգիր,– կամացուկ ասացի ես։ «Մթին անտառում ջահել պարտիզանն էր թաքնվել ջոկատով»,– Շուրիկը երգում էր շշուկով, ձայնը թրթռում էր․

․․․Աշնան անձրևի տակ կսպասենք թշնամուն,

Կխեղդենք մենք ֆաշիստ-հրեշին։

Լուսամուտի մոտ մեզ չեն սպասում

Ոչ կին , ոչ էլ քույր,

Մեր մայրը սեղան չի գցի մեզ համար ։

Մեր տները վառել են, հարազատները մեր չկան,

Լոկ քամին է ոռնում ավերակներում։

Այդ քամին հարազատ թռչում է այնտեղ,

Երկրի վրայով ավերված՝

Արցունքներն է հաշվում

Եվ վերքերը անթիվ, անհամար․․․

Դե, ելիր, պարտիզան, ելիր դու անվախ,

Վրեժը լուծիր թշնամուց․․․

Շուրիկի աչքերը վառվում էին։ Ասեա ոչ թե փոքրիկ կալանավոր էր երգում, այլ ժողովրդական մի ահեղ վրիժառու։ Նրա փոքրիկ կուրծքը բարձրանում-իջնում էր։ «Նրանք իմ մորն ու քույրիկիս սպանեցին,– թրթռացող ձայնով ասաց նա ։– Բայց իմ պապան նրանց ցույց կտա։ Իմ պապան պարտիզան է»։ Մարմինս փշաքաղվեց նրա այդ խոսքերից։ «Իհարկե,– ասացի ես՝ նրան սեղմելով կրծքիս։– Մենք դեռ ցույց կտանք նրանց ։ Քնիր»։ Ինձ թվաց, թե նա քնել է, բայց քիչ անց լսեցի նրա զսպված փղձկոցը։ «Ի՞նչ է պատահել, Շուրիկ ,– հարցնում եմ,– ինչո՞ւ ես լալիս»։ «Ես գոնե մի փոքրիկ կտոր հաց եմ ուզում »,– ասաց նա։ Իսկ մի շաբաթ անց, աղջիկներ, ճամբարային բժիշկ Յոզեֆ Մենդելի կարգադրությամբ մեր բարաքից տարան Շուրիկին։ «Ո՞ւր են տանում»,– հարցրեց ։ Ես ոչինչ չկարողացա պատասխանել։ Նա վերջին անգամ սեղմվեց ինձ, գնաց։ Ճամբարային բժիշկ Մենգելը կարբոլաթթվային սրսկումներ էր կատարում երեխաների վրա, և նրանք դանդաղ, ցավց գալարվելով մահանում էին։ Մենք այդ մասին գիտեինք, և ես համոզված էի, որ Շուրիկին տարան Մենգելի կարգադրությամբ։ Մի քանի օր անց յոթերորդ բարաքի մոտ դիակները հավաքելիս մենք գտանք Շուրիկին։ Ցավից ու սարսափից այլանդակվել էր դեմքը։ Ես նրան կրծքի վրա դաջված համարից ճանաչեցի՝ 20022։ Մինչև հիմա էլ հիշում են։

Տոնյան պատմեց, թե ինչպես էին էսէսականները ծեծում կալանավորներին, կատաղած գամփռները բաց թողնում նրանց վրա, և թե ինչպես մի անգամ, երբ անցնում էին Վիշկովիցե գյուղով , մի փոքրիկ աղջիկ՝ չորս –հինգ տարեկան, վազեց դեպի իրենց խումբը՝ ձախ ձեռքը կրծքին սեղմած, աջում՝ ինչ-որ փաթեթ։ Նա փաթեթն արագ տվեց Տոնյային և դեռ չէր հասցրել ետ շրջվել, գերմանուհի վերահսկիչ Խասսեն ռետինե մտրակով խփեց նրա դեմքին։ Աղջիկը ճչաց ու ետ ցատկեց, փոքրիկ ձեռքը սեղմած կրծքին, և նրա մատների արանքից ծորում էր արյունը։

–Աշխարհում վատ մարդիկ շատ կան,– շարունակեց Տոնյան՝ նույն հանդարտ ու ցածր ձայնով։– Բայց լավերը ավելի շատ են։ Եվ եթե այդպես չլիներ, աշխարհը կկործանվեր։ Այո, լավերը շատ են,– կրկնեց նա հաստատուն ձայնով։– Մի գերմանուհի կար մեզ հետ՝ նույնպես կալանավոր՝ Գերտա Շնեյդեր։ Նա էլ մեզ նման իր բաժին հարյուրհիսուն գրամ հացի մի մասը տալիս էր երեխաներին։ Մեր բարաքի մոտ մի ուրիշ բարաք էլ կար՝ համար 25։ Այդտեղ մահվան դատապարտված կալանավորներն էին։ Նանք ոչինչ չէին տալիս՝ ոչ ջուր, ոչ ուտելիք։ Եվ ահա մի անգամ, այդ բարաքի մոտով անցնելիս, վանդակների արանքից տասը –տասներկու տարեկան մի աղջիկ մեզ խնդրեց մի կտոր ձյուն տալ իրեն։ Գերտան չդիմացավ, մի բուռ ձյուն գցեց նրան։ Աղջիկը ձյունը իսկույն բաժանեց ընկերուհիների մեջ, իսկ վերակացուհի Մարիա Մանդելը վազեվազ մոտեցավ Գերտային և սկսեց հարվածել մտրակներով։ Գերտան ձեռքերով պաշտպանում էր գլուխը, հետո ընկավ, իսկ Մանդելը շարունակում էր խփել նրան։ Ինչքան շատ էր խփում, այնքան գազազում էր Մանդելը։ Արյունը լճանում էր ձյան վրա։ «Վերջ»,– ասաց Մենդելը և հրամայեց մեզ քայլել ու ետ չնայել։ Մենք քայլում էինք Օսվենցիմից դեպի Բժեզինկա՝ աշխատանքի, ու երգում էինք «Կապույտ դրագոնները»։ «Հեռու է ճանապարհը մինչև հայրենիք, հեռու է, հեռու ․․․»։ Շարքի մեջ քայլում ու երգում էինք, իսկ իրականում լաց էինք լինում։ Ինչ-որ գնացք էր անցնում անտառներով (այնտեղ երկաթուղի կար), գնացքը տխուր կանչում էր, և ասես հեռու հայրենիքից էր, մեզ էին կանչում, և ես այնպես էի կարոտում մեր Պերվոմայկան, աչքիս առջևով գալիս անցնում էին մեր հանդերը, մեր հանդերի միջով ձգվող ճանապարհները, մեր Կամենկան, ուր ամառները լողանում էինք, մեր Դոնեցը, բոլորիդ հիշում էի, ու չէի կարողանում լաց լինել․ Մանդելը հետևում էր։ «Կրկներգ»,– ասում էր նա, և մենք նորից երգում էինք․ «Հեռու է ճանապարհը մինչև հայրենիք, հեռու է, հեռու …»

Կամացուկ, հանդատ պատմում էր Տոնյան, նրա ձայնը դողում էր, արցունքները խեղդում էին, բայց նա շարունակում էր պատմել, ասես վրեժի էր կանչում ընկերուհիներին։

–Մարտ ամսի սկզբին տրանսպորտ եկավ Սովետական Միությունից։ Շարք կանգնեցրին բոլորին, վերցրին, ինչ կար ձեռքներին, հետո սկսեցին առանձնացնել՝ երիտասարդներին մի կողմ, վիրավորներին, ծերերին ու երեխաներին մի կողմ։ Նրանց մեջ երիտասարդ մի կին կար՝ գրկին երեքամյա մի գեղեցիկ աղջիկ՝ գանգուր մազերով, մազերին՝ կապույտ վարդակապ։ Նրան ուզում էին վերցնել մոր ձեռքից, մայրը չէր տալիս, և չդողաց դահիճ Թաուբերի ձեռքը․ երկու կրակոց՝ մայրն ու աղջիկը ընկան։ Հետո նրանց՝ ծերերին, վիրավորներին ու երեխաներին քշեցին դիակիզարան։ Մեզ նրանցից փշալարն էր բաժանում և փշալարերի երկարությամբ փորված փոսը, բայց նրանք մեզ ճանաչեցին․ մեր բարաքների վրա գրված էր R, այսիքն՝ ռուսներ։ Նրանք գնում ու նայում էին մեր կողմը։ Վիրավորերից մեկը խնդրեց երգել «Կատյուշան», ինչպե՞ս մերժել դատապարտվածների խնդրանքը, որոնք անցնում էին վերջին ճանապարհը մինչև գազախցեր․․․

Այնուհետև Տոնյան պատմեց, թե ինչպես մարտի տասնութի մութ երեկոյան, աշխատանքից վերադառնալիս, Սոլո գետի մոտ վարար անձրև սկսվեց և իրեն ու մի ուրիշ աղջկա՝ Լյուբա Մաքսիմովային, հաջողվեց թաքնվել անտառում, բայց իրենք միասին գնալ չեն կարող, բաժանվեցին, որովհետև միասին հնարավոր չէր, կբռնեին, և ինքը հազարավոր կիլոմետր անցավ ոտքով ու հասավ Պերվոմայկա․․․ Եվ նա այնքան էր փոխվել մի քանի ամսվա ընթացքում, որ այստեղ, Պերվոմայկայում, հարազատ մայրը՝ Օլգա Դմիտրիևնան անգամ չճանաչեց նրան, իսկ հետո, երբ ճանաչեց, սկսեց լաց լինել ու անիծել գազան թշնամուն և ինքը Տոնյան ու քույրերը՝ Լիլիան ու Նինան, երկար ժամանակ չէին կարողանում հանգստացնել նրան։

Պատմեց Տոնյան, հետո հանարծ շուրթերը դողացին, և նա արագ շրջվեց, գլուխը թաղեց բարձերի մեջ ու նույնպես լաց եղավ։ Աղջիկներն իսկույն խմբվեցին նրա շուրջը, սկսեցին հանգստանալ։

Հետո բոլորը լռել էին, ոչ ոք չէր համարձակվում խախտել լռությունը։ Տոնյան գլուխը հանդարտ բարձրացրեց բարձերից և աչքերը հատակին, տխրւթյամբ ասաց․

–Չկա սարսափելի ոչինչ, քան այն, որ մարդ կորցնում է ազատությունը։

–Ճիշտ է,– մարող շշուկով խոսեց Ուլյան ։– Դրանից սարսափելի, իրոք, ոչինչ չկա։ Եվ, զարմանալի է, մարդ իրեն մի տեսակ օտար է զգում իր հայրենի երկրում, տանը։ Հիմա այդ զգացումը քիչ թեթևացել է, իսկ առաջ, այսինքն առաջին օրերին, երբ նրանք նոր էին մտել Կրասնոդոն ու Պերվոմայկա, ես չէի կարողանում փողոց ելնել, ամաչում, վիրավորանք էի զգում, թե ինձ, թե մեր մարդկանց համար։ Օրերով նստում էի տանը։

–Բայց չէ՞ որ սա ժամանակավոր է,– ընկերուհիներին սիրտ տալու նպատակով ցածր ասաց Շուրա Բոնդարևան։– Կանցնի վատ երազի նման։

–Մենք դժվարությամբ ենք ձեռք բերել մեր ազատությունը,– ասաց Մայան՝ մի կարճ ակնթարթ մտազբաղ նայելով Շուրային։ – Մենք այն ձեռք ենք բերել զրկանքի ու արյան գնով, և դրա համար էլ թանկ է մեզ համար։ Մենք մեր տանը օտար ենք զգում մեզ․ ճիշտ է ասում Ուլյան։ Բայց ի՞նչ կարելի է անել՝ ահա թե ինչի մասին պետք է մտածել։ Մի՞թե համբերել ու սպասել։ Եվ մի՞թե հնարավոր է համբերել, երբ ամենուր նույնն է՝ քաղց, ստորացում, կոտորած։ Այն, ինչ հիմա պատմեց Տոնյան, և այն, ինչ ես տեսա փախուստի ժամանակ ու վերադարձի ճանապարհին, և առհասարակ այն բոլորը, ինչ անում են նրանք՝ այդ զազրելի հրոսակները,– սարսափելի է։ Մեր ողջ երկիրը բռնված է դաժան ու արյունահեղ պատերազմի կրակներով։ Այդ անհավասար պայքարում, այդ դաժան մենամարտում ոչ ոք չի կարող և իրավունք չունի հեռու կանգնելու պայքարից։ Որովհետև միայն նա իրավունք ունի ազատ ապրելու, ով ամեն օր ու ամեն ժամ պայքարում է ազատության համար։ Մենք պետք է ատենք մեր հայրենի երկրի թշնամիներին, որոնք ուխտադրուժ կերպով հարձակվեցին մեր ծաղկուն հայրենիքի վրա և այժմ ավերում են մեր քաղաքներն ու գյուղերը, վառում են ցորենի արտերը, սպանում անմեղ մարդկանց։ Մեր հայրերի ու մայրերի, եղբայրների ու քույրերի, մեր ընկերների վրեժը պետք է առնենք մենք։ Մենք պետք է պայքարենք,– հուզմունքով արտասանեց Մայան։– Թող Զոյա Կոսմոդեմյանովսկայի սխրագործությունը օրինակ ծառայի մեզ համար։ Մենք պետք է պայքարենք,– կրկնեց նա հաստատուն ձայնով։– Պայքարենք՝ ինչով կարող ենք։ Քիչ առաջ Ուլյայի հետ այդ մասին էինք խոսում։ Ինձ թվում է, մեր մեջ քիչ չեն այնպիսի կոմերիտականները, որոնք կուզենային պայքարել։ Մարդու համար ամենաթանկ բանը կյանքն է։ Հիշո՞ւմ եք Կորչագինի խոսքերը։ Այդ կյանքը մի անգամ է տրվում մարդուն և, իրոք, պետք է այնպես ապրել, որպեսզի տանջալից ցավ չզգանք աննպատակ անցած օրերի համար, որպեսզի ամոթը չայրի ստոր ու գծուծ անցյալի համար, և որպեսզի մեռնելիս կարողանանք ասել՝ ողջ կյանքս ու ամբողջ ուժերս տվել եմ աշխարհում ամենահիանալի բանին՝ մարդկության ազատագրման պայքարին։ Մենք շատ բան կարող ենք անել։

 

–Թռուցիկներ կտարածենք,– ասաց Ուլյան՝ շողարձակող աչքերով նայելով աղջիկներին։– Գերմանացիներն անխնա կողոպտում են բնակչությանը, խլում են հացը, անասունները և այդ բոլորը ուղարկում են Գերմանիա։ Հացահատիկով լի ինքնաթիռները շարունակ թռչում են Պերվոմայկայի վրայով, ուր մարդիկ տառապում են քաղցից։

–Էվակուացիայից վերադառնալուն պես իսկույն դուրս եկա փողոց՝ իմանալու մեր ընկերներից ո՞վ կա ավանում,– բարակ իրանը թեքելով առաջ,– ասաց Նինա Գերասիմովան։– Գնացի շուկա․․․ չկար այլևս առաջվա շուկան․․․ Մարդիկ լուռ էին, մռայլ․․․ Կարտոֆիլը ծախում էին հատով, ձավարը՝ գդալով։ Սալը՝ բարակ շերտիկներով։ Գները պարզապես առասպելական էին։ Մի կիլո ձիու միսն արժեր հարյուր ռուբլի, միջին չափսի մի հասարակ ճակնդեղը՝ քսան ռուբլի։ Սարսափելի է․․․

–Հարկավոր է թռուցիկներ տարածել մոտիկ գյուղերում, որպեսզի մարդիկ թաքցնեն հացահատիկը,– խոսեց Մայան։– Մերոնք չգիտեն, թե ինչ է կատարվում ճակատում, իսկ գերմանացիները տարածում են, թե իբր Լենինգրադը վերցրել են, ընկեր Ստալինը իբր թողել է Մոսկվան։ Մի խոսքով, անելիք՝ ինչքան ասեք։

–Հնար լիներ՝ գնայինք միանայինք մեր զորքերին,– ասաց Շուրա Բոնդարևան։– Նրանց հետ գայինք ազատեինք մեր Պերվոմայկան։

–Ինձ թվում է ոչ մի տեղ գնալ պետք չէ, – հանգիստ ասաց Մայան: – Կմնանք այստեղ, պարտիզանական ջոկատ կստեղծենք, կամ էլ կոմերիտական ընհատակյա կազմակերպություն, և կսկսենք գործել:

–Գործել հարկավոր է- ասաց Տոնյան, որ մինչ այդ լուռ նայում էր Մայային: – Նույնիսկ Օսվենցիմի պայմաններում ընդհատակյա կազմակերպություն կար… իսկ այստեղ… Այստեղ ոչ թե հարկավոր է գործել, այլ անհրաժեշտ է գործել… Ես սիրով կմասնակցեմ ընդհատակյա կազմակերպության բոլոր գործողություններին: Եվ ամեն ինչ պետք է արվի գաղտնաբար:

–Այո, իհարկե, – արագ ասաց Մայան՝ գորովագին նայելով Տոնյային: – Ամեն ինչ գաղտնի: Դրա համար էլ ասում ենք ընդհատակյա կազմակերպություն:

–Կազմակերպության մեջ կընդգրկենք միայն նրանց, ում լավ ենք ճանաչում, ում վստահում ենք, – ասաց Մայան, և նրա հայացքը դանդաղ սահեց աղջիկների վրայով: – Մեր ընկերախմբի բոլոր անդամները համարյա այստեղ են՝ բացառությամբ Ալեքսանդրա Եմելյանովնայի, Նինա Գերասիմովայի և Նինա Մինաևայի:

–Խնդրում եմ ինձ ևս ընդունել կոմերիտական ընդհատակյա կազմակերպության շարքերը, -տեղից ելնելով՝ հանդիսավոր արտասանեց Անգելինա Սամոշինան: – Կազմակերպության յուրաքանչյուր առաջադրանք ես կկատարեմ նվիրվածությամբ:

–Ինձ էլ ընդունեք:

–Ինձ էլ:

–Բոլորիս էլ ընդունեք, – իր զրնգույն ձայնով ասաց Շուրա Բոնդարևան: – Բոլորս էլ կոմերիտական ենք և պարտավոր ենք պայքարել զավթիչների դեմ:

–Ինձ էլ ընդունեք: Որտեղ մեր Տոնյան՝ այնտեղ էլ ես, – ասաց Լիլիան՝ ամբողջապես կարմրելով:

Մայան ժպտադեմ նայեց աղջիկներին:

–Մենք այդպես էլ գիտեինք, – ասաց նա հուզմունքից խզված ձայնով: – Այսինքն՝ ես ու Ուլյան: Մենք համոզմված էինք, որ մեր բոլոր կոմերիտականները չեն կարող ձեռքները ծալած նստել, երբ հայրենիքը վտանգի մեջ է:

–Կրասնոդոնում ընդհատակյա խմբեր կան, – ասաց Լինա Սամոշինան: -Այսինքն հաստատ չգիտեմ, բայց համոզված եմ, որ կան: Հարկավոր է գտնել նրանց:

-Մեկը մյուսին չի խանգարի, – ընդհատեց Մայան: – Մենք կստեղծենք մեր կազմակերպությունը, իսկ հետո հեշտ է: Իմ կարծիքով, տղաները սիրով կմիանան մեզ: Նրանց հետ նույնպես կխոսենք:

–Իսկ գուցե Մոշկովի՞ն դիմենք, -անվստահ ասաց Ուլյան: – Եվգենի Մոշկովին՝ կուսշրջկոմից: Ես վերջերս մի անգամ տեսա նրան:

–Իսկ որտեղի՞ց գտնենք նրան, – հարցրեց Մայան՝ սպասողական նայելով Ուլյային:

–Չգիտեմ ուսերը թոթվեց Ուլյան: – Եթե գտնեինք՝ լավ կլիներ; Հավանաբար նրան թողել են ընդհատակյա աշխատանքի համար: Բայց որտե՞ղ գտնել։ Դժվար է:

–Պարզ է, դժվար է, – հանաձայնվեց Մայան և քիչ անց ավելացրեց: – Մենք առանց նրան կգործենք: Գուցե հետագայում հաջողվի կապ հաստատել նրա հետ: Եթե նրան իրոք թողել են ընդհատակի համար: Մի խոսքով, գլխավորն այն է, որ այժմ, հենց հիմա, ստեղծենք մեր կազմակերպությունը: Իսկ հետո կտեսնենք՝ կուսակցական աշխաըողներից ու՞մ են թողել ընդհատակում:

–Ես առաջարկում եմ հենց հիմա կազմել թռուցիկը, – ասաց Ուլյան: – Մեզնից յուրաքանչյուրը քսանական օրինակ կարտագրի առանձին թերթիկների վրա, իսկ վաղը կտարածենք: Հիմնականում շրջակա գյուղերում պետք է տարածել: Որպեսզի կասկածի տեղիք չտանք: Համենայն դեպս, սկզբնական շրջանում ակդպես կանենք:

Լիլիան արագ թուղթ ու մատիտ բերեց:

Աղջիկները խմբվեցին Մայայի շուրջը:

–Նույնիսկ չգիտեմ, թե ինչ գրել, – շշնջաց Մայան, շփոթված նայելով ընկերուհիներին: – Ի՞նչ գրել:

–Սպասիր, հարկավոր է մտածել, – Ուլյան աչքերը կկոցելով նայեց Մայային: – Առաջին հերթին՝ յուրաքաչյուր ոք, մեր թռուցիկը կարդալուց հետո, այն պետք է հանձնի ընկերոջը: Որպեսզի, ինչքան կարելի է , շատ մարդ կարդա: Հենց այդպես էլ պետք է գրելէ «Կարդա և տուր ընկերոջդ»: Ճի՞շտ չեմ ասում:

–Ճիշտ է,– գլխով արեց Մայան:

Դրսում լսվեց ինչ-որ մեկի ձայնը:

–Մեր Վասյայի ձայնն է, – Շուրա Բոնդարևան՝ թեթևաքայլ մոտեցավ պատուհանին: – Նա է, կարող եք շարունակել;

Եվ չանցած մեկ-երկու րոպե՝ հևասպառ ներս ընկավ Վասյան՝ ձեռքին ինչ-որ ճմրթված պլակատ:

–Ահա թե որտեղ են թաքնվել իմ գեղեցկուհիները, – լայն ժպտալով ասաց նա՝ թարթելով աչքերը: – Սա ի՞նչ է, գաղտնի խորհրդակցությու՞ն է:

–Համարյա, – շշուկով ասաց Մայան:

– Աա՜, Մայեչկա,– առաջ եկավ Վասյան շարունակելով ժպտալ, – իսկ ես ձեր տնից եմ գալիս; Բարև, – ասաց նա, մեկնելով ձեռքը և քիչ շփոթվելով: – Ինչպե՞ս ես:

–Ինչպես բոլորը:

–Այսինքն՝ վատ, – Վասյան իր ափի մեջ մի պահ պահեց Մայայի փոքրիկ ձեքռը: – Իսկ ես տեսեք, թե ինչ եմ գտել:

–Ի՞նչ է, – հարցրեց Մայան՝ գլուխը թեք նայելով նրա ձեռքի պլակատին:

–Դպրոցի պատին փակցված էր, ծածուկ հանեցի: – Վասյան բաց արեց պլակատը և պահեց այնպես, որ բոլորը տեսնեն: – Ռուս աղջիկ է, անունը Վալյա: Վալյա Կրապիվինա: Իբր գնացել է Գերմանիա, աղախին է մտել մի հարուստ գերմանացու մոտ և իրեն անչափ երջանիկ է զգում:

Աղջիկները մի պահ հետաքրքրությամբ նայում էին նկարին:

–Հիմար, -հանկարծակի ասաց Մայան բորբոքվելով: -Սովետական կարգերում մեզ հրավիրում են գնալ համալսարան, իստիտուտ, իսկ սա գնացել է ինչ-որ ֆաշիստի մոտ աղախին է մտել ու երջանիկ է: Սուտ է, այդպիսի աղջիկներ չկան մեզ մոտ:

–Ահա թե ինչպես են խաբում մեր մարդկանց, – արտասանեց Ուլյան ուռցնելով շուրթերը:

–Այդպիսի խաբեությամբ նրանք մեր երիտասարդությանը քշում են Գերմանիա: Հարկավոր է խանգարել,– շարունակեց Ուլյան: -Եկեք այսօրվա մեր թռուցիկը նվիրենք դրան:

–Ի՞նչ թռուցիկ, – հարցրեց Վասյան, ուշադրությամբ նայելով աղջիկներին: – Թռուցի՞կ եք գրում:

–Այո, – անվստահ ասաց Ուլյան: – Որոշել ենք ընդհատակյա կազմակերպություն ստեղծել, թռուցիկներ տարածել:

–Ճի՞շտ, – մահճակալի ծայրին նստելով ասաց Վասյան՝ ձեռքի պլակատը գցելով սեղանին: – Դա հետաքրքիր է: Եվ գեղեցիկ: Ուղղակի սքանչելի է, – աշխուժորեն ձեռքերն իրար շփելով ավելացրեց Վասյան: -Բոլոր տղաներն էլ կգան: Դուք պատկերացնու՞մ եք ինչեր կարող ենք անել:

Ուլյան նայեց Մայային, ժպտաց:

–Այսպես, ուրեմն, մեր առաջին թռուցիկով մենք կհերքենք գերմանացիները ստերը, – ասաց Մայան, սեղանից վերցնելով պլակատը և հանդարտ շարժումներով պատռելով այն: -Նրանք շռայլ խոստումներով ուզում են խաբել մեզ: Ուզում են տանել Ֆաշիստական Գերմանաիա՝ տաժանակիր աշխատանքի: Նրանք այնտեղ, պարզ է, մեզ կստիպեն աշխատել ռազմական գործարաններում, կստիպեն զենք պատրաստել: Այդ զենքով գերմանա-ֆաշիստական զավթիչները կսպանեն մեր եղբայրներին ու քույրերին, հայրերին ու մայրերին, կավերեն մեր քաղաքներն ու գյուղերը: Ամեն կերպ հարկավոր է խանգարել: Այսօրվա թռուցիկը դրան ենք նվիրում՝ որոշված է:

Բոլորը համաձայնվեցին և երկար ժամանակ մտածում էին, թե ինչպես գրեն թռուցիկը: Մի քանի անգամ գրեցին, ջնջեցին, հետո նորից գրեցին, վերջապես երբ թռուցիկը արդեն պատրաստ էր, Մայան սկսեց բարձրաձայն կարդալ.

«Կարդա և տուր ընկերոջդ:

Մի հավատացեք այն սուտ ագիտացիային, որ տարածում են գերմանացիները:

Նրանք ուզում են ձեզ տանել դաժանակիր աշխատանքի:

Ձեզ մահ ու սով է սպասվում հայրենիքից հեռու:

Մի հավատացեք նրանց խոստումներին:

Կանգնեցեք ձեր իրավունքների ու շահերի պաշտպանների շարքերում:

Խփեցեք, ջարդեցեք, ոչնչացրեք ֆաշիստներին: Դրանով կմոտեցնեք դուք հաղթանակի բաղձալի ժամը:

Մա՛հ գերմանակն օկուպանտներին»:

–Լավ է , – լսվեց այս ու այն կողմից:

–Շատ լավ է, – արագ ելնելով տեղից, ասաց Վասյան: – Տվեք ես էլ արտագրեմ: Քանի՞ օրինակ պետք է տարածեմ:

–Յուրաքանչյուրը քսանական օրինակ, – ասաց Ուլյան: – Իսկ ով է շատ՝ ավելի լավ:

–Պարզ է Վասյան սեղմեց շուրթերը: – Իսկ ի՞նչ ենք գրում թռուցիկի տակ՝ «Ընդհատակյա կազմակերպությու՞ն»:

–Ոչ ,– ասաց Ուլյան՝ մտամփոփ նայելով Մայային:– Այդ մասին նույնիսկ չենք մտածել: Իսկապես ի՞նչ գրենք:

–Ոչինչ պետք չէ, – դանդաղ ասաց Մայան, մի պահ խորհելուց հետո: – Թող բոլորը մտածեն, որ պարտիզաններն են գիշերը գալիս, տարածում այդ թռուցիկները: Այդպես ավելի լավ է, ոչ ոք չի կասկածի մեզ վրա… Այդպես շատ լավ է: – Եվ դառնալով աղջիկներին, նա ասաց.

–Այսօրվա առաջադրանքը բոլորիս պարզ է: Վաղը երեկոյան հավաքվում ենք մեզ մոտ: Մյուս աղջիկներին նույնպես կասենք: Իսկ Ալեքսանդրա Եմելյանովնայի հետ ինքս կխոսեմ…

Այդ նույն պահին տղաները, Անատոլի Պոպովի տանը հավաքված, խոսում էին գերմանական «նոր կարգերի», ինչպես նաև իրենց ապագա անելիքների մասին: Այստեղ էին Տոլյա Պոպովը, Բորիս Գլավանը, Վիկտոր Պետրովը, Վոլոդյա Ռոգոզինը, Եվգենի Շեպելյովը, Դեմյան Ֆոմինը, Անատոլի Նիկոլաևան ու Նիկոլայ Ժուկովը:

–Հարկավոր է մի բան անել, – խոսեց Տոլյան, առանց նայելու տղաներին: -Հանցագործություն է նստել ու սպասել:

–Իմ կարծիքով, ամենից հարմարն ու խելացին այն կլինի, եթե մենք՝ Պերվոմայկայի բոլոր տղաներս, անցնենք ռազմաճակատի գծին ու միանանք կարմիր բանակին: – Գլավանն այդքանն ասաց միանգամից և նայեց տղաներին, սպասելով, որ նրանցից որևէ մեկը կպաշտպանի իրեն:

Տոլյան քմծիծաղեց:

–Հեշտ է ասել՝ ռազմաճակատի գիծն ու միանանք կարմիր բանակին, – դանդաղ ասաց Տոլյան: – Մեր զորքերն այժմ պաշտպանական ծանր մարտեր են մղում Ստալինգրադի մոտ ու Կովկասյան նախալեռներում: Իսկ դա նշանակում է, որ մենք հարյուրավոր կիլոմետր հեռու ենք ռազմաճակատից: Իսկ մի՞թե հնարավոր չէ որևէ բան անել հենց այստեղ, մեր Պերվոմայկայում: Մերոնց համար շատ է ծանր այնտեղ, ռազմաճակատում, և մենք օգնած կլինեինք նրանց, եթե հենց հիմիկվանից սկսեինք պայքարը՝ ընդդեմ զավթիչների:

Ես նույնպես գտնում եմ, որ մենք կարող ենք մեծ օգուտ բերել մեր բանակին՝ մնալով այստեղ, – խոսեց Վիկտոր Պետրովը: – Պարտիզանական ջոկատ կստեղծենք, կամ էլ ընդհատակյա կազմակերպություն, և կսկսենք պայքարը:

–Չի կարող պատահել, որ կուսշրջկոմը, կամ էլ, ասենք կոմերիտշրջկոմը որևէ մեկին թողած չլինի ընդհատակի համար: – Նիկոլայ Ժուկովը սպասողական նայեց մյուսներին: – Հը՞, ի՞նչ եք կարծում:

–Թողել են, թե ոչ՝ սա մեզ չի հետաքրքրում, -ասաց Տոլյա Պոպովը: – Մեզ հետաքրքրում է միայն ու միայն մի բան՝ ինչո՞վ և ինչպե՞ս օգնել մեր բանակին: Սա է հիմա ամենագլխավոր խնդիրը: Ճիշտ է ասում Վիկտորը, հարկավոր է ընհատակյա կոմերիտական կազմակերպություն ստեղծել և սկսել գործել: Իսկ թե ինչպես անել դա՝ եկեք միասին որոշենք:

–Գլխավոր խնդիրն է նաև այն, թե ում պետք է ընդունել կազմակերպության մեջ, – կրկին խոսեց Վիկտոր Պետրովը: – Հարկավոր է ընդունել միայն ամենահուսալի և ամենախիզախ տղաներին, որոնք պատրաստ են կատարելու կազմակերպության յուրաքանչյուր առաջադրանքը, ինչքան էլ ծանր ու վտանգավոր լինի դա: Եվ որպեսզի գաղտնիք պահել կարողանան:

–Ես կարծում եմ, որ աղջիկներին նույնպես կարելի է ներգրավել ընդհատակյա կազմակերպության մեջ: – Տոլյա Պոպովն ասես ինչ-որ հայտնագործություն էր արել, ուրախ աչքերով նայեց ընկերներին:

–Իսկ հատկապես ու՞մ նկատի ունես, – հարցրեց Անատոլի Նիկոլաևը, որ մինչ այդ լուռ էր, ամբողջ երեկոյի ընթացքում նա ոչ մի խոսք չէր արտաբերել:

–Այդ մասին չեմ մտածել, – թեթևակի շփոթվեց Տոլյան, – բայց առհասարակ վատ չէր լինի, որ նրանց ևս մասնակից անեինք այս գործին:

–Ես էլ եմ կարծում, որ աղջիկներին արժե ներգրավել կազմակերպության մեջ, – խոսեց Բորիս Գլավանը, դանդաղ ելնելով տեղից: – Թող մոսկվացի կոմերիտուհի Զոյա Կոսմոդեմյասկայայի սխրագործությունը օրինակ ծառայի մեր աղջիկների համար: Եվ ոչ միայն աղջիկների, Զոյայի սխրագործությունը օրինակ է նաև մեզ՝ տղաներիս համար:

–Հարկավոր է ինչքան կարելի է շուտ սկսել գործը,– ասաց Տոլյան՝ հենց որ Բորիս Գլավանը նստեց տեղը: – Մարդիկ բոլորովին գաղափար չունեն, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում:

–Ի միջի այլոց, ինչու՞ մեր թերթերը երբեմն սխալ բաներ են գրում, – խոսակցությանը խառնվեց Դեմյան Ֆոմինը:

–Ինչպե՞ս թե՝ սխալ բաներ են գրում: Ինչե՞ր ես խոսում, Դիմկա, – ուսերը թոթվեց Անատոլի Նիկոլաևը:

–Ճիշտ է ասում, – խոսեց Նիկոլայ Ժուկովը: – Այ, օրինակ, ես «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի 1942 թվականի հուլիսի 21-ի համարում կարդացել եմ սովինֆորմբյուրոյի հաղորդագրությունն այն մասին, որ իբր ծանր ու այրունահեղ մարտերից հետո մեր զորքերը թողել են Կրասնոդոն քաղաքը: Իսկ չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ Կրասնոդոնի համար ոչ մի մարտեր էլ չեն մղվել:

–Երբ և որտե՞ղ ես կարդացել դու այդ թերթը։

–Այստեղ, Պերվոմայկայում եմ կարդացել։ Գերմանացիների կողմից Կրասնոդոնի գրավումից երկու շաբաթ անց։

–Ես էլ այդ օրն եմ կարդացել ,– ասաց Դեմյան Ֆոմինը։– Շատ լավ հիշում եմ։

–Ինչպե՞ս կարող էր Մոսկվայում լույս տեսած թերթը հաջորդ օրը ընկել օկուպացված Կրասնոդոն։– Տոլյա Պոպովը մտածկոտ նայում էր ինչ-որ կետի։– Դա կեղծած թերթ է եղել,-եզրակացրեց նա։– Սովինֆորմբյուրոյի ոչ մի հաղորդագրության մեջ չի եղել Կրասնոդոնի անունը։ Բորյան կարող է վկայել․ նա ռադիոընդունիչ ունի, մենք լսել ենք բոլոր հաղորդագրությանները։ Սովինֆորմբյուրոյի հուլիսի 20-ի և 21-ի հաղորդագրությունները ես շատ լավ եմ հիշում։

 

–Ես նույնպես հիշում եմ,– հաստատեց Բորիս Գլավանը։– Այդպիսի բան չի եղել։

–Պարզ է,– դառնությամբ ժպտաց Տոլյա Պոպովը։– Այդ թերթն ընկել է գերմանացիների ձեռքը, նրանք լրիվությանբ տպագրել են այն՝ փոխելով սովինֆորմբյուրոյի հաղորդագրությունները ռազմաճակատի մասին։ Դա արվել է միայն մի նպատակով՝ որպեսզի մարդիկ կասկածանքով վերաբերվեն սովետական թերթերում տպագրվող նյութերին ու սովինֆորմբյուրոյի հաղորդագրություններին։ Հարկավոր է թռուցիկներ տարածել, մարդկանց պատմել ճշմարտությունը։

–Միաժամանակ զենք կհայթայթենք,– բազմանշանակ ավելացրեց Գլավանը։– Զենք մեզ շա՛տ պետք կգա։

–Մարդկանց կպատմենք ճշմարտությունը,– իր միտքը շարունակեց Տոլյա Պոպովը։– Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, թե ինչպիսի պատասխանատվություն է վերցնում իր վրա հայրենիքի համար այս դժվարին ժամանակ։ Բոլորը պետք է իմանան, որ բլուրների վրա ու ձորերի մեջ փռված Պերվոմայկա հանքագործական մեր փոքրիկ ավանը եղել է, կա ու կլինի սովետական։

–Այդ թռուցիկները մեր մարդկանց ոգու ուժ կտան,– ասաց Անատոլի Նիկոլաևը՝ նայելով Տոլյային։ Իսկ զավթիչներին, պարզ է, կհամակի սարսափը։

–Ես ուզում եմ մի բան էլ ասել, որը նույնպես շատ կարևոր է, շարունակեց Տոլյա Պոպովը։– Ինչպես գիտեք, բոլոր մարտիկները, պարտիզանական ջոկատ ընդունվելիս, պարտիզանական երդում են տալիս։– Տոլյան նայեց շուրջը։– Մենք նույնպես պետք է երդում տանք։ Հարկավոր է կազմել տեքստը և հանդիսավոր երդվել․․․-Տոլյան քիչ լռեց և միանգամից ասաց։– Ես այսօր գիշերը կկազմեմ տեքստը, իսկ վաղը կխոսենք այդ մասին։ Վաղը կհանդիպենք։ Բորյան զենքի մասին տեղին ասաց․․․ Նա երկու գնդացիր է թաքցրել Պոպովկա գյուղի մոտ։ Հարկավոր է այդ գնդացիրները բերել Պերվոմայկա և թաքցնել․․․– Տոլյան մի պահ լռեց ։– Ո՞վ կարող է գնալ Բորյայի մոտ։

–Ես և Դեմյան Ֆոմինը ,– ասաց Անատոլի Նիկոլաևը։– Մենք կբերենք։

Բորիսը արագ նայեց Տոլյային․ ախր ինքը դեռ Մայային չի տեսել, շատ կուզենար գոնե մի րոպեով տեսնել նրան, խոսել։

–Կարո՞ղ եք հենց հիմա գնալ ,– հանկարծ ասաց Տոլյա Պոպովը՝ հայացքը թեքելով Բորիս Գլավանից։

–Իհարկե, – տեղից ելավ Բորյան։– Գիշերով փոխադրելն ավելի նպատակահարմար է, ոչ ոք չի տեսնի։

Տոլյան գոհունակությամբ ժպտաց։

–Դե գնացեք։

Ուշ էր արդեն։ Բոլորը ոտքի ելան։

Մութն իջել էր արդեն, իսկ ընկերուհիները խոսում էին դեռ։ Բոլորովին ուշ էր, երբ Ուլյան, Մայան և Շուրա Բոնդարևան հրաժեշտ տվին Տոնյային ու Լիլիային և Վասյայի ուղեկցությանբ դուրս եկան փողոց։

Ոչ աստղ կար երկնքում, ոչ լուսին։ Երկինքը սև՝ ասես սև տուշով ներկված, ծանր նստել էր Պերվոմայկայի վրա։

Աղջիկները, իրար թևանցուկ, լուռ քայլում էին։ Ինչ-որ տեղ, բանավանի մյուս ծայրում, երգում էին հարբաց գերմանացիները։

–Լսո՞ւմ եք, աղջիկներ ,– կանգ առնելով, ցածր, ընկճված ասաց Շուրան։– Վոլգա, Վոլգա՝ դու գետ գերմանական։ Եվ ոչ թե ռուսական, լսո՞ւմ եք ինչպես են երգում։

–Այո,– արտասանեց Ուլյան հառաչանքով։ Խավարի մեջ կայծկլտում են էին նրա աչքերը։

–Եկեք մենք էլ երգենք,– նորից խոսեց Շուրան՝ փշրելով թանձր լռությունը, և, առանց պատասխանի սպասելու, ձգեց,-

Из долека долго,

Течет река Волга.

Շուրան երգեց կամացուկ։ Սակայն աղջիկները չարձագանքեցին։

–Դա պետք չէ,– ընդհատեց Մայան ։– Իսկույն կհասկանան, որ իրենց ջգրու ենք երգում։ Մեկ էլ տեսար մի պոլիցայ տնկվեց առջևդ։ Մի ուրիշ երգ։

–Ո՞րը,– հարցրեց Շուրան։

–Այնպիսի մի երգ, որ և մերը լինի, և կասկածի տեղիք չտա,– ասաց Ուլյան։

–Ուզո՞ւմ եք «Մթնաշաղը»։ «Շատ փոշի կա ճամփաներին, արահետն է շատ ցեխոտ»– երգեց Շուրան իր զրնգուն ձայնով, և աղջիկները իսկույն ձայնակցեցին։

Շատ փոշի կա ճամփաներիմ,

Արահետն է շատ ցեխոտ,

Ոտքերը քո մի լավ մաքրիր,

Երբ կուզես գալ դու ինձ մոտ․․․

Խավարի մեջ հնչում էր նրանց երգը․ աղջիկները այնքան էլ բարձր չէին երգում, բայց նրանց ձայնը տարածվում էր հեռո՜ւ-հեռու։

Երգելով գնացին Լենինգրադյան մթին փողոցով։ Մայայենց տան մոտ կանգ առան։

–Դե, մինչև վաղը,– արտասանեց Ուլյան սիրո ջերմությամբ։ – Վաղը երեկոյան մոտ կգնաք։ Վաղն ի՞նչ ես անում։

–Որոշել ենք մայրիկի հետ դաշտ գնալ՝ հասկ հավաքելու,– պատասխանեց Մայան ուշացումով ։– Գերմանացիները տանը ոչինչ չեն թողել։ Մի խոսքով, ուտելու ոչինչ չունենք։

–Գուցե միասի՞ն գնանք,– ասաց Անգելինան։– Կգա՞ք աղջիկներ։

–Ես կգամ,– պատասխանեց Ուլյան ։– Իսկ դո՞ւ, Շուրա։

–Ես ձեզանից ինչո՞վ եմ պակաս,– խավարի մեջ ժպտաց Շուրա Բոնդարևան։– Իհարկե, կգամ։ Մենք էլ համարյա ուտելու ոչինչ չունենք։ Ես ու Վասյան մի երկու անգամ գնացել ենք արդեն։

–Իսկ վերադարձին կմտնենք Ալեքսանդրա Եմելյանովնայի մոտ,– սրտաբուխ արտասանեց Մայան։– Նա շատ կուրախանա։ Դե, բարի գիշեր։

–Բարի գիշեր ,– պատասխանեցին աղջիկները և Վասյայի ետևից գնացին դեպի հեղեղատ իջնող ճանապարհով։

Աննա Փեհլիվանովան նստած էր պատշգամբում, մթան մեջ։ Սպասում էր։

Մայան ծածկեց բակի դռնակը, մանրաքայլ ու թեթև անցավ բակով։ Բարձրացավ պատշգամբ։

–Չե՞ս քնել դեռ, մամ,– ցածր արտասանեց նա։

–Ոչ,– պատասխանեց Աննան, հոգնած ելնելով տեղից ։

Նա հանդիմանական ոչինչ չասաց, ծանր ելավ աթոռակից, աղջկա ետևից մտավ տուն։ Միայն վառեց ձիթաճրագը։

Կիսամութ սենյակ։ Դատարկ պատեր։ Աղոտ լույս։ Տխրություն։

–Կոլոբովներից կես հաց եմ փոխ առել,– վերջապես խոսեց Աննան, հացի մի փոքրիկ կտոր դնելով սեղանին։– Կեր։

–Ես կերել եմ, մամա, դու կեր,– արտասանեց Մայան՝ հայացքը կտրելով սեղանից։

Սև հացի թթվանուշ բույրը տարածվեց սեյակում։

–Որտե՞ղ ես կերել։ Մի՞թե չեմ տեսնում․ ամբողջ օրը ոչինչ չես կերել։

Մայան պատասխանեց ոչ իսկույն․

–Իվանիխինների մոտ։

Մայրը մոտ նստեց, քիչ կտրեց հացից։

–Դու կեր, որ ես էլ ուտեմ,– ասաց նա։

Մայան նայեց մորը, ժպտաց։ Դառը ժպտաց։ Եվ ձեռքն ինքն իրեն գնաց դեպի հացի կտորը։ Լռին, առանց իրար նայելու, կերան։

–Երեկոյան ժամը իննից հետո խստիվ արգելվում է փողոց դուրս գալ,– երկար լռությունից հետո ասաց Աննան՝ սեղանի վրայից ձեռքի ափով հավաքելով հացի մանրիկ փշրանքները։– Դուք բոլորովին հաշիվ չեք տալիս, թե որտեղ եք գտնվում․ գերմանացիների մոտ սովետական երգեր եք երգում։

–Մենք ուրիշ երգեր չենք սովորել,– պատասխանեց Մայան հանգիստ ձայնով։– Իսկ եթե նրանք չեն ուզում լսել, թող կորչեն։ Ոչ ոք նրանց չի հրավիրել։

Մայրը ուշադիր, ու մի քիչ էլ վախեցած, նայեց նրան, օրորեց գլուխը։

–Դուք զգույշ չեք։ Դուք, ինչ է, չե՞ք վախենում։

–Ինչի՞ց պետք է վախենանք,– նույն հանգիստ ձայնով պատասխանեց Մայան՝ թոթելով ուսերը։– Թող իրենք վախենան։ Շուտով մերոնք կգան և այն ժամանակ կտեսնենք, թե ով է վախենում։

Հույսի մի հեռավոր շող վետվետաց Աննա Փեհլիվանովայի հոգում։

–Դե լավ, գնա քնիր,– ասաց նա տեղից ելնելով ։– Առավոտ կանուխ դաշտ ենք գնալու։ Գոցե մի քիչ կարտոֆիլ էլ կարողանանք հավաքել։ Գնա քնիր։

–Ես մի քիչ ուշ կքնեմ,– աշխատելով չհանդիպել մոր հայացքին, ցածր ասաց Մայան ։– Աղջիկների հետ որոշել ենք կրկնել անցածը։ Շուտով կավարտվի պատերազմը, կգնանք սովորելու։ Հարկավոր է պարապել։ Թե չէ ամեն ինչ մոռացել ենք։

Հույսի երջանիկ շողը կրկին վետվետաց մոր հոգում։

Նա գնաց քնելու։

–Նամակ ունես,– շրջվելով ասաց մայրը։– Մոռացա ասել։

–Ի՞նչ նամակ,– աչքերը կկոցեց Մայան։

–Վիտյայից է։ Ցանկապատի մոտ, դդումի չորացած տերևների մեջ ընկած էր։ Մեր գնալուց հետո է երևի եկել։ Գուցե և առաջ է եղել՝ չենք տեսել։ Պատուհանի վրա է, վերցրու։

Մայան արագ գտավ նամակը, բաց արեց։ Սիրտը, չգիտես ինչու , անհանգիստ խփում էր։ «Կարելի՞ է․․․Օհո-հո․․․ Չէի՞ր սպասում։ Ես եմ՝ Վիտյան,– կարդաց Մայան ժպտալով։– Ինչպիսի երջանկություն՝ կարելի է խոսել քեզ հետ։ Թեկուզ հեռվից, նամակով։ Ինչպիսի երջանկություն՝ ես շարունակ մտածում եմ քո մասին, – շարունակեց Մայան, դանդաղորեն նստելով սեղանի մոտ։– Ես մտածում եմ քո մասին, ես կենդանի եմ դեռ։ Եվ քեզնից ոչինչ չեմ պահանջում՝ ոչ հավատարմություն, ոչ սեր։ Ես շատ եմ մտածել։ Ես գիտեմ՝ դու ինձ չես սիրում։ Ոչ թե, որ ես վատն եմ։ Այլ որովհետև դու ուրիշի ես սիրում։ Իսկ ես․․․ ես կսիրեմ քեզ հավիտյան։ Երջանկություն է ինձ համար սիրել քեզ, երջանկություն է, որ իմ այս բառերը՝ իմ սիրո մասին, կարդալու ես։ Այս ի՜նչ սքանչելի զգացմունք է սերը։ Եվ ի՜նչ ասես, որ չի կարող անել մարդ հանուն սիրո։ Եվ ինչ ասես, որ չի կարող անել սերը մարդու հետ․․․ Ես կռվում եմ արդեն։ Նստած եմ հիմա խրամատում, գրում եմ քեզ։ Իմ դիմաց, մի քանի հարյուր ոտնաքայլ այն կողմ․ Սև ծովն է։ Օրորվում է ծովը, և ալիքները, որ ասես կապույտ ժապավեններ լինեն քո սև մազերին հյուսված, վազում են դեպի ինձ։ Մայա․․․ Սիրտս թրթռում է անունդ արտասանելիս․․․ Ինչպես կուզենիայի՝ դու կարդայիր նամակս, իսկ ես նայեի քեզ հեռվից․․․»