Tasuta

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

–Իսկ եթե գերիներից որևէ մեկը դուր գա մեզ, բա՞ց չեք թողնի տանենք մեզ մոտ,– աչքերը խորամանկ խաղով ժպտաց Ուլյան։

– Եթե գերիներից մեկը դուր գա ձեզ, մենք նրան կուղարկենք այն աշխարհը ,– ասաց ժամապահներից մեկը՝ նայելով Ուլյային։ – Որովհետև մենք՝ ռումիններս, խանդոտ ժողովուրդ ենք։

–Թե գերմանացիների՞ց եք վախենում։

–Մենք նրանցից վախենում էինք․․․– ժամապահը նայեց շուրջը, կամացուկ ձայնով ավելացրեց։– Մինչև Ստալինգրադի մոտ եղած մարտերը վախենում էինք, իսկ հիմա ․․․ պարզապես դաշնակից տերության մարտիկներ ենք, ուրիշ ոչինչ․․․

–Քիչ խոսիր,– ընկերոջը սաստեց մյուս ժամապահը։

–Դուք անչափ բարի եք,– շարունակեց Ուլյան ժպտալով։

Ժամապահները ծիծաղեցին։

–Բայց միևնույն է, գերիներից ոչ ոքի չենք տա ձեզ,– ասաց ժամապահը ,-ինչքան էլ դուր գան ձեզ․․ Գերմանացիները, գիտե՞ք ինչ կանեն դրա համար․․․ Տասը տեղ ստորագրել տվեցին, մինչև նրանց մեզ կհանձնեին․․․ Բացի այդ, այստեղ գերմանացի ժամապահ էլ կա, ներսում է․․․ Նրանք պարզ է մեզ չեն վստահում․․․

Աղջիկները շարունակում էին խոսեցնել ժամապահների, և նրանց թվում էր, թե ժամանակը շատ դանդաղ է անցնում։

Այդ նույն պահին Դեմյան Ֆոմինն արդեն ներսում էր, գերիների մոտ, նա գերիներին կամացուկ ասում է․

–Վեր կացեք, ընկերներ․․․ գնացեք․․․ Դուք ազատ եք․․․ Հիվանդանոցից քիչ ներքև ձոր է․․․ Ձորով գնացեք, իսկ այնտեղ Կամենկա գետն է, այնտեղ անտառներ են․․․ Գնացեք․․․

Գերիները շփոթված նայում են իրար։ Նրանք ելնում են նստած տեղերից, շտապում են․․․ Մի քանիսը չեն շարժվում անգամ․․․

–Վեր կացեք․․․ Գնացեք ձորով, իսկ այնտեղ անտառներ են։ Այնտեղ կմիանաք պարտիզաններին․․․

–Մենք քայլելու ուժ չունենք,– ասում է գերիներից մեկը։– Մենք ոչ մի տեղ գնալ չենք կարող։

Բաց դռնից անաղմուկ դուրս են ելնում գերիները, արագ քայլերով, գայթելով իջնում դեպի ձորը։

Հեռվից, ատրճանակներն ու «ֆինկաները» պատրաստ բռնած, ձյան վրա պառկած նրանց հետևում են տղաները։

Դեմյանը, վերջացնելով գործը, արագ դուրս եկավ ետնադռնից՝ չմոռանալով դուռը թողնել բաց․․․ Գուցե այն մյուսներն էլ էլ կարողանան դուրս գալ․․․ Նա կուզեկուզ վազեց տղաների մոտ և փլվելով ձյան մեջ, հոգնած շշնջաց․

–Վերջ․․․ տասնյոթ հոգի փախան․․․ Չորս հոգի բոլորովին հյուծված են․․․Նրանք տեղից շարժվել չկարողացան․․․ Բայց կեցցես, Վիկտոր,– շրջվելով Վիկտոր Պետրովի կողմը, կամացուկ ավելացրեց Դեմյանը ։– Իսկական հերոս․․․ Գերմանացի պահակն այդպես էլ չիմացավ, թե ինչ պատահեց իր հետ․․․ Վիկտորը նրան գրկեց ետևից, մի ձեռքով ամուր փակելով բերանը, նա գերմանացուն ուժով նստեցրեց գետնին, և ես միայն «ֆինկայի» փայլը տեսա մթության մեջ․․․ նա ձայն անգամ չհանեց։

«Նրանք իմ հորը սպանեցին, ինքն իրեն ասում էր Վիկտոր Պետրովը՝ ասես արդարանալով,– նրանք իմ հորը կենդանի թաղեցին զբոսայգում»։

–Գնանք, տղաներ ,– հրամայեց Տոլյա Պոպովը ։– Ամեն ինչ բարեհաջող էր․․․ Հարկավոր է հայտնել աղջիկներին․․․

–Նրանք արդեն գիտեն,– ձյունն իրենից թափ տալով արտասանեց Դեմյան Ֆոմինը։

–Ինչպե՞ս ,– զարմացավ Տոլյան։

–Պարզ ,– ասաց Դեմյանը խորհրդավոր։

Եվ, իրոք, քիչ անց նրանց ընդառաջ եկան Ուլյան ու Մայան։

–Հը, ինչպե՞ս էր,– ժպտաց Մայան։

–Ամեն ինչ լավ էր,– հանգիստ ձայնով ասաց Տոլյա Պոպովը։– Ապրեք․․․

–Իսկ Ուլյան ժամադրվեց պահակի հետ,– ծիծաղեց Մայան։

–Մի ժամից հետո հրեշտակի մոտ կլինի ժամապահ-սիրեցյալդ, Ուլյա,– ասաց Բորյան ։– Գերիների համար նրան ժամադրության կուղարկեն այն աշխարհ։

–Իմ խեղճ ասպետ,– ասաց Ուլյան խորը հառաչանքով և բոլորը ծիծաղեցին։

–Դե, մինչև վաղը,– ասաց Տոլյա Պոպովը ։– Բարի գիշեր․․․ Վաղը կհավաքվենք․․․

Նրանք բաժանվեցին։ Տոլյա Պոպովն ու Բորյան գնացին աղջիկներին ճանապարհելու։

Մայային ուղեկցելուց հետո Բորյան վերադառնում էր տուն։ Նա արդեն իջնում էր դեպի հեղեղատ, երբ ետևից ինչ-որ ձայն լսեց։ Աղջկա ձայն էր․– նա դա իսկույն հասկացավ և արագ վազեց ետ։

–Բաց թողեք, ի՞նչ եք անում, բաց թողեք, – ասում էր աղջկա ձայնը։

«Լինա Սամոշինայի ձայնն է»,– վայրկենապես մտածեց Բորյան և սլացավ ետ։ Դպրոցական շենքից քիչ ներքև, այնտեղ, ուր ճանապարհը շեշտակի թեքվում, գնում էր դեպի մթին հեղեղատ, գերմանական երկու զինվոր մի աղջկա ուժով քաշում էին ճանապարհից դուրս։

–Բաց թողեք ինձ․․․

Առանց մտածելու, Բորյան հասավ նրանց, և, իբր պատահաբար էր հայտնվել այստեղ, բարձր և ոչ այնքան քաղաքավարի, ռումիներեն հարցրեց․

–Ժամը քանի՞սն է։

Հիտլերականները խմած էին։ Հանկարծակիի գալով, նրանք բաց թողեցին աղջկա ձեռքը։ Բորյան շարունակեց խաղը՝ շատ լավ գիտակցելով, որ գերմանացիների համար, այն էլ մի քիչ խմած վիճակում, ոչինչ չարժե տեղացի մարդուն գնդակահարել։ Բայց ետ կանգնելու տեղ չկար այլևս․ նա արդեն ռիսկի էր դիմել։

–Ժամը քանի՞սն է – համառորեն իր հարցը կրկնեց Բորյան՝ գրպանում շոշափելով ֆիննական դանակը։ «Եթե խորամանկությունը չօգնեց, վճռեց նա,– գործի կդնեմ վերջին միջոցը»։

Անգելինա Սամոշինան վախվորած նայեց մեկ հիտլերականներին, մեկ Բորյային՝ չհամարձակվելով շարժվել տեղից։

Բորյայի հաստատակամությունը ներգործություն ունեցավ։ Զինվորներից մեկը չրխկացրեց ինքնալուսիչը և լուսավորեց ձեռքի ժամացույցը։

–Քսան,– ռուսերեն արտասանեց գերմանացին։

Ինքնալուսիչի լույսի տակ Բորյան տեսավ Անգելինայի գունատ դեմքը և ռուսերենը, ռումիներենն ու գերմաներենը իրար խառնելով սկսեց բացատրել, որ լավ չէ, երբ աղջիկը մեկն է, իսկ իրենք՝ երկուսը։ Հարկավոր է մի աղջիկ էլ գտնել, և Բորյան առաջարկեց միասին գնալ աղջկա հետ և կանչել նրա ընկերուհուն ևս։

–Մենք այստեղ կսպասենք ,– ասաց Բորյան նայելով Անգելինային, իսկ դու գնա ընկերուհուդ կանչիր․․․

–Հիմա,– արագ վրա բերեց Անգելինան և անարգելք ձուլվեց մթությանը։

Մնում էր, որ Բորյան ևս կարողանար ազատվել այս պատմությունից։ Զինվորներին զվարճացնելով դատարկ պատմություններով, նա նրանց տարավ մոտակա տան մոտ, ասաց․

–Այն մոմենտ,– և բացելով բակ մտնող դռնակը, ներս մտավ։

Գերմանացիները, հավանորեն, մտածեցին, որ տղան գնաց աղջիկներին շտապեցնելու։ Իսկ Բորյան, ներս մտնելով բակ, արագ վազեց դեպի դիմացի ցանկապատը և անցնելով այն, կորավ տների արանքում։

Առավոտյան Անգելինան պատմում էր Մայային։

–Ահա այստեղ էր, Մայա, Բորային աստված ուղարկեց․․․ Մենք գալիս էինք Տոնյա Իվանիխինայի հետ, նրա գրպանում թռուցիկներ կային դեռ, ինձ մոտ էլ կային, բայց ինձ մոտ քիչ էր, և ահա, ասես գետնի տակից հայտնվեցին, առջևում երկու գերմանացի երևացին։ Մութ էր թեկուզ, բայց ես նրանց համազգեստից ճանաչեցի։ Նրանք մեզ հրամայեցին կանգնել, ես թռուցիկները տվեցի Տոնյային, «փախիր» ասացի, իսկ ինքս ընդառաջ գնացի գերմանացիներին ։– Անգելինան խոր շունչ քաշեց, շարունակեց։– Չգիտեմ ինչ կլիներ, եթե Բորյան հրաշքով չհայտնվեր, մինչև կյանքիս վերջը չեմ մոռանա նրան, Մայա, նրան կարող էին սպանել, պատկերացնո՞ւմ ես․․․

Արևոտ օր էր, ձյունը շողում էր կուրաչուցիչ փայլով։ Զրուցելով նրանք հասան հեղեղատ, իսկ քիչ անց նրանք արդեն թակում էին Ալեքսանդրա Եմելյանովնայի դուռը։

–Ներս մտեք,– բացելով դուռը ժպտադեմ ասաց Ալեքսանդրա Եմելյանովնայի մայրը՝ Աննա Եգորովնան։– Մտեք, մտեք․․․

–Տա՞նը չէ Ալեքսանդրա Եմելյանովնան,– հարցրեց Մայան՝ Անգլինայի հետ բարձրանալով պատշգամբ։

–Տանն է, անցեք․․․ Աղջիկներն էլ այնտեղ են․․․

Փոքրիկ սենյակում, աղջիկներին հավաքած գլխին, ինչ-որ բան էր կարդում Ալեքսանդրա Եմելյանովնան։

Տեսնելով Մայային ու Անգելինային, նա փակեց ձեռքի տետրը, մի կողմ դրեց և ընդոստ քայլերով գնաց նրանց ընդառաջ։

–Իմ անուշիկ Մայա,– գորովագին շշնջաց նա, ուժով զսպելով իրեն, որ չարտասվի։ Բայց դա նրան չհաջողվեց․ նրա աչքերը լցվեցին։

–Օյ, օյ, օյ,– ծիծաղեց Ուլյան և արտասանեց այն բանաստեղծությունը, որ Ալեքսանդրա Եմելյանովնան նվիրել էր Մայային և որը անգիր գիտեին բոլոր աղջիկները․

Մենք գիտենք, ճանաչում ենք նրան,

Համեստ ու խոհուն մեր ընկերուհուն,

Սիրուն աչքերով գեղեցիկ աղջկան,

Ուշիմ ու խելահաս կոմերիտուհուն․․․

-Օյ, ինչքան նախանձկոտն ես, Ուլյաշա,– ծիծաղկուն աչքերով ժպտաց Մայան։

Աղջիկերը նույնպես ծիծաղեցին, իսկ Ալեքսանդրա Եմելյանովնան, Մայային սեղմված եկավ, քնքշորեն նստեցրեց նրան թախտի ծայրին, իր կողքին։

–Այս ի՞նչ եք կարդում,– հետաքրքրվեց Մայան, շեղակի նայելով սեղանին ընկած տետրը։– Ալեքսանդրա Եմելյանովնայի օրագիրն է,– արտասանեց նա թեթև ժպիտով․․․– Ի միջի այլոց, օրագիրը ընդհանուր ընթերցանության համար չէ։

–Իսկ դա ոչ թե օրագիր է, այլ պատերազմական տարեգրություն,– նկատեց Ուլյան։

–Որ այդպես է,– հանդիսավորությամբ շեշտելով բառերը ասաց Մայան,– թող Ալեքսանդրա Եմելյանովնան օրագրում գրի նաև այն մասին, որ երեկ գիշեր մերոնք գրավել են Լիխայան․․․

–Ճի՞շտ․․․

–Որտեղի՞ց իմացար։

–Ինչպիսի ուրախություն, աստված իմ․․․

–Ֆաշիստները կորած են․․․

Իրար ընդհատելով խոսում էին աղջիկները, և նրանց աչքերը շողարձակում էին երջանկությունից, նրանց ձայնը դողում էր հուզմունքից։

–Սովինֆորմբյուրոյի հաղորդագրությունն է,– ասաց Մայան, նայելով աղջիկերին ։– Վիկտոր Տրետյակևիչը բերեց լուրը։ Նիկոլայ Չեռնյավսկին բերեց լուրը։ Նիկոլայ Չեռնյավսկին է հաղորդել նրան․․․ Տղաները նույնպես լսել են երևի․ նրանք ռադիոընդունիչ ունեն։

–Հարկավոր է թռուցիկներ գրել և շտապ տարածել ավանում,– ասաց Ուլյան ոգևորված։-Թող մարդիկ իմանան, որ մոտ է փրկությունը։

–Յուրաքանչյուրս քսան օրինակ,– ավելացրեց Մայան, թուղթ ու մատիտ վերցնելով։– Իսկ երեկոյան կգնանք վիրակապման նյութեր հավաքելու։

–Իսկ, գիտե՞ք, տղաներն ինչ են որոշել, իր հերթին ասաց Անգելինա Սամոշինան, գեղեցիկ աչքերը հառելով աղջիկներին։– Նրանք որոշել են Կրասնոդոնի կոմերիտականների հետ միասին հարձակվել գերմանական կայազորի վրա և Կրասնոդոնը վերցնել իրենց ձեռքը։

–Այ դա արդեն գործ է,– ոգևորված ասաց Սաշա Բոնդարևան։

Բոլորը, թուղթ ու մատիտ վերցնելով, սկսեցին թռուցիկներ գրել։

Տղաները լուռ պառկել էին սառած ձյան վրա և անթարթափ նայում էին առաջ, դեպի կամրջակը։ Քամին տափաստանի վրա պատում էր ձյունափոշին, ոռնում։ Առաջին անգամ չէին նրանք դուրս եկել առաջադրանք կատարելու, շատ անգամ էր պատահել, որ ահա այսպես պառկեն թփուտների ետևում և սպասեն մինչև բլրակի ետևից դուրս կգա ապրանքատար գնացքը, կամ էլ գերմանական մարդատար ավտոմեքենան՝ բարձրաստիճան սպաներով։ Շատ էր պատահել, տղաները սովոր էին դրան․ նրանց վրա ցուրտն ու սառնամանիքը չէր ազդում։ Բորյան ետ նայեց․ այստեղից, տափաստանի խորքից, չէր երևում Պերվոմայկան։ Առավոտյան պետք է հանդիպեր Մայային, չստացվեց։ «Ի՞նչ է անում տեսնես,– մտածեց նա Մայայի մասին։ Եվ ասես վաղուց, շատ վաղուց չէր տեսել նրան, կարոտից նվաղեց սիրտը։– Ոչինչ, վաղը կհանդիպենք ,– հուսադրեց նա ինքն իրեն։– Վաղը երեկոյան կհանդիպենք Ալեքսանդրա Եմելյանովնայի մոտ»։ Հեռվում խուլ հռնդյուն լսվեց։ Բորյան սեղմվեց գետնին։ «Մեքենա է»,– մտածեց նա ու սիրտը սկսեց արագ խփել։ Քիչ այն կողմ, նույնպես գետնին կպած, սպասում էին Տոլյա Պոպովը, Դեմյան Ֆոմինը, Վիկտոր Պոպովը, Վասյա Բոնդարևն ու մյուս տղաները։ Տոլյան կամացուկ սուլեց։ Ուրեմն ճիշտ էր ինքը․ մեքենա է գալիս։ «Սա այսօրվա մեր վերջին առաջադրանքն է»,– մտածեց Բորյան։ Երեկ երեկոյան նրանք հավաքվել էին Վիկտոր Պետրովի մոտ՝ խորհրդակցության։ Այնտեղ էին նաև Կրասնոդոնի «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության կոմիսար Օլեգ Կոշեվոյը, շտաբի անդամներ Իվան Զեմնուխովը ու Վիկտոր Տրետյակևիչը ։ Աղջիկներից ներկա էին Մայան և Ուլյան։ Որոշվեց առաջիկա երկու օրվա անելիքները․ առաջին՝ թռուցիկներ փակցնել Պերվոմայկայում, երկրորդ՝ արտագրել ընկեր Ստալինի ճառը՝ յուրաքանչյուրը քսան-երեսուն թռուցիկ, երրորդ ՝ կարմիր դրոշներ ամրացնել Պերվոմայկայի բարձր շենքերի կտուրներին և չորրորդ՝ նվերներ ուղարկել կարմիրբանակայինների այն ընտանիքներին, որոնք կարիքի մեջ են․․․

 

Տղաների տրամադրությունը բարձր էր․ նրանք հաջողությամբ կատարել էին շտաբի բոլոր առաջադրանքները․ դեռ ավելին, Անատոլի Պոպովի առաջարկությամբ, նրանք որոշեցին դուրս գալ ավանից և Վորոշիլովգրադից եկող խճուղու մոտ սպասել գերմանական մեքենայի․․․ «Դա կլինի այսօրվա մեր վերջին առաջադրանքը»,– ասել էր Տոլյան։

–Պատրաստ,– կարճ հրամայեց Տոլյան։

Հանկարծ միանգամից լուսավորվեցին ծառերի կատարները, իսկ հետո լսվեց մեքենաների մոտեցող հռնդյունը։ Իրար ետևից, լուսավորելով սառցապատ ճանապարհը, դանդաղ գալիս էին մի քանի բեռնատար մեքենաներ։ Տղաները նայեցին իրար։

–Պետք չէ,– ցածր, բայց բոլորի համար լսելի արտասաներ Տոլյան։ Տղաներն իրենք էլ գիտեին, որ անիմաստ բան է փոքրաթիվ խմբով հարձակվել շարասյան վրա, և կրկին սկսեցին սպասել մենահայտ մեքենայի։ Խուլ հռնդյունով անցան բոլոր մեքենանրը։ Բորյան հայացքով ուղեկցեց վերջին մեքենան և կրկին սկսեց նայել ճանապարհի կողմը։

–Իսկ եթե հանկարծ բեռնատար լինի ու թափքում պայթանյո՞ւթ,-կամացուկ ասաց Ֆոմինը, ետ շրջվելով դեպի տղաները։ – Այ դա պայթյուն կլինի։

–Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս,– բարկացավ Վասյա Բոնդարևը ։– Ինչ էլ ուզում է լինի, միևնույն է, պետք է շարքից հանել։

–Թող Ֆոմինը դուրս գա ճանապարհ, եթե այդքան հետաքրքրասեր է,– կատակեց Բորյա Գլավանը,– թող տեսնի ի՞նչ կա թափքում, նոր մենք պայթեցնենք մեքենան։

–Դիմկային էլ հետը,– ծիծաղեց Վասյա Բոնդարևը։

Հեռվում, ոլորանից այն կողմ, լույսեր երևացին․ լույսերը մեկ ցատկոտում էին ծառերի կատարներին, մեկ՝ սահում տափաստանի վրայով։

–Բեռնատար է,– ասաց Ֆոմինը, տեղից կիսաբարձրանալով։– Եվ ոնց որ մի հատ է,– գոհունակությամբ ավելացրեց նա։

–Այո, մի հատ է,– հնչեց Վիկտոր Պետրովի ձայնը։ Նա ակամա շոշափեց նռնակը։

–Պատրաստ է,– հրամայեց Անատոլին։

Թափքը բրեզենտով ծածկված բեռնատար մեքենա էր։ Գիշերային երկնքում ճոճելով ցողարձակ լապտերների լույսը, մեքենան մոտենում էր կամրջին, որից քիչ հեռու, թփուտների մեջ, պառկել, սպասում էին տղաները։ Որոշված էր նախապես․ դուրս գալով ոլորանի ետևից, մեքենան կդանդաղեցնի ընթացքը ու նոր կմտնի կամրջի տակ․ ահա հենց այդ պահին Բորյան կնետի նռնակը։ Եթե վրիպեց՝ կնետի Վիկտոր Պետրովը։

Տղաները շունչները պահած, սեղմվեցին գետնին։

Մեքենան հասավ կամրջին, ևս մի քանի վայրկյան, և այն կմտնի կամրջի տակ, Բորյա Գլավանը, արագ ելնելով տեղից, մի երկու քայլ առաջ վազեց և թափով նետեց հակատանկային նռնակը։ Վայրկյանական փայլատակումի հետ միաժամանակ լսվեց խլացուցիչ պայթյուն․ մի պահ այնպես թվաց, թե պայթյունն իրենց ջարդուցրիվ արեց։ Բայց ոչ, ողջ են։ Առաջինը Անատոլին բարձրացրեց գլուխը։ Գերմանական բեռնատարը՝ դունչը խրած ձյան մեջ, անշարժ, կանգնել էր։ «Հետաքրքիր է, թափքում մա՞րդ կա, թե ո՞չ»,– անցավ տղաների մտքով, և ասես որպես պատասխան, լսվեցին օտար հնչյուններ, ինչ-որ մեկը գոռաց, հետո իրար ետևից թափքից սկսեցին ցատկել հիտլերականները։ Հարկավոր էր կրակել։ Բորյան հայացքով հասկացրեց՝ սպասել։ Բայց ինչքա՞ն սպասել, քանի՞ րոպե․․․ Բոլորը սպասում էին հրամանի, և վայրկյանները սահում էին տագնապալից ու դանդաղ․․․ Գերմանացիները մոտ են, նրանք վազում են դեպի ճանապարհը ․․․ Եվ այդ պահին տկտկաց գնդացիրը։ Դա հնչեց որպես հրաման, սկսվեց հրաձգությունը։ Կարճատև, բայց համերաշխ։

Հրաձգությունը դադարեց այն ժամանակ, երբ այլևս ոչ ոք չէր շարժվում մեքենայի մոտ։ Դա ընդամենը տևեց մի քանի վայրկյան։ Իսկ հետո նոր հրաման՝ բոլորը վազեցին կամրջի մոտ, սպանվածների վրայից արագ հանեցին զենքերն ու ռազմամթերքները։

–Վերջացրինք, գնում ենք,– հրամայեց Անատոլի Պոպովը, և առաջինը քայլեց այն կողմ, ուր ձյուների վրա պառկած կրակում էին հիտլերականների վրա։ Տղաները, ետ-ետ նայելով, քայլեցին Տոլյայի ետևից։

–Էյ, սպասեք,– հանկարծ, ասես գետնի տակից, լսվեց մեկի ձայնը։

Տղաները միանգամից կանգ առան՝ չհասկանալով, թե որտեղից եկավ այդ տարօրինակ ձայնը։

–Իսկ ո՞ւր է Դիմկան,– մի տեսակ վախեցած, հարցրեց Վասյա Բոնդարևը։

Տղաները կրկին վազեցին բեռնատարի կողմը, լսվեց մի խուլ կրակոց և մեքենայի թափքից ներքև ցատկեց Դեմյան Ֆոմինը։

–Այնտեղ գերմանացի կար,– շտապելուց շնչահեղձվելով ասաց նա՝ վազելով տղաներին ընդառաջ,– ես նրան վերջին րոպեին նկատեցի․․․ թաքնվել էր․․․

Անատոլին բարեհոգի ժպտաց և արագ մոտեցավ Դեմյան Ֆոմինին, գրկեց նրան։

Գիշերվա կեսն էր։ Սարսափահար ճիչով Մայան նստեց անկողնում՝ դեռևս չհասկանալով՝ երազո՞ւմ է, թե՞ արթմնի։

–Ի՞նչ պատահեց, ի՞նչ պատահեց,– վախեցած տեղից շպրտվեց Աննան և, խփվելով ինչ-որ առարկաների, հասավ աղջկան,– ի՞նչ պատահեց, Մայա,– հևասպառ շշնջաց նա,– ի՞նչ պատահեց քեզ, ասա․․․

–Երազ տեսա, մամ,– դեռևս սարսափահար դողալով ասաց Մայան, սեղմվելով մորը,– շատ վատ երազ տեսա․․․ Իբր ինձ գցել են մի խոր փոսի մեջ․․․ Ինչքան նայում եմ՝ երկինքը չի երևում, և օդ էլ չկա․․․ Եվ հանկարծ տեսա, թե ինչպես երկու օձ սողալով մոտենում են ինձ․․․ Եվ այդտեղ էլ վեր թռա վախից․․․

–Ես էլ ասեմ ինչ է պատահել ,– կեղծ ծիծաղով ասաց Աննան և լուսամուտի գոգից վերցնելով լամպը, դողացող մատներով վառեց։– Դու, պարզվում է, վախկոտ ես․․․

–Ախր, շատ էր սարսափելի, մամ,– փորձեց ժպտալ Մայան։

–Հանգստացիր․․․ Ես էլ ասեմ ինչ է պատահել,– մայրը նույնպես փորձեց ժպտալ, փորձեց անտարբեր երևալ, – Մենք միասին կքնենք, որպեսզի դու այլևս ոչ մի վատ երազ չտեսնես, լա՞վ։

–Լավ,– շշնջաց Մայան, գլուխը դնելով մոր ուսին։

Դա մի քանի օր առաջ էր, բայց Աննա Փեհլիվանովան մոռանալ չէր կարողանում․ նա այդ օրը նույնպես, չգիտես ինչու, անտրամադիր էր, տխուր։ Նա շարունակ մտածում էր դստեր մասին, այն մասին, որ նա գիշերները ուշ է գալիս տուն, իսկ երբեմն էլ մինչև լույս թռուցիկներ է գրում։ Նա վախենում էր, որ Մայան, ինպես և նրա դպրոցական ընկերները կարող են իրենց վրա գրավել գերմանացիների ուշադրությունը։ «Դու զգույշ չես, աղջիկս,– մտովի ասաց Աննա Փեհլիվանովան, գրասեղանի վրայից վերցնելով օրագիրը։– Եթե գերմանացիները կամ էլ նրանց գործակալները հանկարծ գային խուզարկության ու սեղանի վրա գտնեին օրագիրդ, ի՞նչ կանեիր այն ժամանակ ․․․» Մայրը թերթեց աղջկա վերջին գրառումները․ «25 նոյեմբերի 1942 թ։ Չորեքշաբթի։ Ժամանակ չկա երկար օրագիր գրելու։ Հինգերորդ ամիսն է օկուպացման ենք ենթարկված անիծյալ գերմանացիների կողմից։ Ծանր ժամանակներ են։ Եվ եթե կա մի բան, որ մեզ պահում է այս օրերին, դա պայքարն է՝ ընդդեմ թշնամու, և բարեկամությունը։ Առանց բարեկամության անհնարին է․․․ Անհնարին է առանց Ալեքսանդրա Եմելյանովնայի, առանց Ուլյայի, առանց Բորյայի ․․․ Մեզ՝ կոմերիտականներիս, ստիպում են ամեն օր ներկայանալ ոստիկանություն։ Ասում են, որ շուտով բոլորիս կքշեն Գերմանիա ․․․ Բայց ոչ, չի լինի դա, չի լինի․․․ Կարդացի «Քաղաք և տափաստան» գիրքը։ Տխուր է։ Իսկ աշխատանքի գնալ պետք է․․․ եթե չես ուզում, որ քեզ քշեն Գերմանիա ․․․ Երեկոյան եկավ Բորյան։ Աղջիկերը գնացել էին ոստիկանություն։ Այնտեղից ուղիղ եկան ինձ մոտ։ Բորյան շուտ գնաց (գործով) ․․․

26 նոյեմբերի 42 թ։ Հինգշաբթի։ Եղա հիվանդանոցում։ Սերգեյ Նիկոլաևիչը հիվանդության թուղթ տվեց մինչև 30-ը։ Ախ, ի՜նչ դանդաղ է անցնում գերմանական ժամանակը։

Մ

27 նոյեմբերի 42 թ։ Ուրբաթ։ Ճաշից հետո եկավ Բորկան։ Ինչ լավ է երկուսով․․․ Բայց ավա՜ղ, նա շուտ գնաց այսօր․․․ Նա պետք է շտապ գնար Նիկոլայ Չեռնյավսկու մոտ․․․

Այսօր մեր տուն եկավ հարևանուհին և ասաց, որ Սորոկինայում շատ գերմանացիներ կան, նրանք նահանջում են դեպի Վորոշիլովգրադ ․․․ Ինչպիսի երջանկություն, աստված իմ․․․ նրանք ամենուր նահանջում են։ Կործանիչները հազվադեպ են երևում, իսկ նրանք ստից հաչում են ինչպես շներ․․․

Մ

29 նոյեմբերի 42 թ։ Կիրակի։ Հանկարծակի մեր տուն եկավ հարևանուհին՝ Օլգա Դմիտրիևնան, և ուրախ լուր հաղորդեց․ «Խճուղով նահանջում են գերմանացիները »։ Մայրիկը գլխաշորը գցեց ուսերին, արագ դուրս եկավ։

Ես էլ վազեցի դուրս։ Իրոք, նրանք գնում էին դեպի արևմուտք, դեպի իրենց ձմեռային տաքուկ տները։

Մ

30 նոյեմբերի 42 թ։ Երկուշաբթի։ Ուլյայի հետ գնացինք հիվանդանոց։ Վաղը աշխատանքի եմ։ Այնպես չեմ ուզում գնալ աշխատանքի․․․ Երկար սպասեցի Բորյային, իսկ նա չկար ու չկար․․․ Ես արդեն սկսել էի անհանգստալ՝ վախենալով, որ բռնել են նրան, բայց նա շուտով եկավ։ Եվ իսկույն էլ գնաց ․․․ Հետո եկան աղջիկները՝ Լիլիան, Տոնյան, Նինա Գերասիմովան, Նինա Մինաևան, Անգելինան ու, իհարկե, Ալեքսանդրա Եմելյանովնան ․․․ ռումինացի զինվորներն ու իտալացիները չեն ուզում կռվել, նրանց ստիպում են։

Մայա։

8-ին դեկտեմբերի 42 թ։ Երեքշաբթի։ Երեկոյան եկան Տոլյան, Ուլյան և Բորյան։ Մենք երկար զրուցեցինք։ Լուսնյակ երեկո էր։ Ձյունը, ինչպես արևից, շողում էր լուսնալույսից․․․ Մերոնք գրոհում են, մոտ է հաղթանակը․․․

Մայա։

19 դեկտեմբերի 42 թ։ Շաբաթ։ Մայրիկը գնացել է շուկա, իսկ ես նստել եմ օրագիր գրելու։ Ինչպես Կրասնոդոնում, այնպես էլ մեզ մոտ՝ Պերվոմայկայում, նահանջող ռումինացի զինվորականները տնից-տուն անցնելով ՝ ուտելիք են խնդրում։ Նրանք այնպես խեղճ տեսք ունեն հիմա։ Սպաները նրանց շատ են ծեծում։

Գնացինք Գորկու անվան ակումբը։ Այստեղ էին Վիկտոր Տ-ն ու Վանյա Զ-ը։ Երկար խոսում էինք։ Ետ դարձի ճանապարհին հիվանդանոցից դեղորայք վերցրինք։ Պետք է գալու։

Մայա ։

Դեկտեմբերի 20-ին, գիշերվա ժամը 11-ին մայրիկը եկավ աշխատանքից և ասաց, որպեսզի ես դուրս գամ պատշգամբ և լսեմ հրանոթների կրակոցները։ Հինգ րոպեի ընթացքում՝ երկու կրակոց։ Ուրախալի է ու միաժամանակ սոսկալի

Մայա։

22 դեկտեմբերի 42 թ։ Երեքշաբթի։ Ինչ լավ է։ Այսօր մեր Պերվոմայկայով նահանջում էին ռումինացի զինվորները։ 84 ձիասայլ անցավ, 6 մեքենա և 1 մոտոցիկլետ։ Դա մեզ մոտ։ Իսկ մյուս խուտորներով ու ստանիցաներով գիշեր ու ցերեկ գնում են հա գնում ․․․ Հիվանդանոցում վիրավորներ կան արդեն ․․․

Մայա։

23, 24 դեկտեմբերի։ Չորեքշաբթի, հինգշաբթի։ Նահանջում են ռումինացիները։ Կան նաև գերմանացիներ։ Դժվար է հաշվել։ Երկու ռումինացի եկան մեր տուն և ուտելու ինչ կար՝ տարան․․․ Ազատարարներիս նայեք․․․ Երեկոյան նրանք բոլորը թողեցին մեր Պերվոմայկան։ Գիշերը ռմբակոծում էին, թռուցիկներ գցեցին․․․ Մերոնք գալիս են, մերոնք գալիս են, մերոնք գալիս են․․․» – Աննա Փեհլիվանովան, ասես ինչ-որ մեկը թաքուն նայում էր նրան, վախեցած փակեց օրագիրը՝ հայացքով փնտրելով, թե որտեղ թաքցնի այն։ «Չէ, զգույշ չես, աղջիկս, ասաց նա ինքն իրեն,– ուզած րոպեին կարող են գալ խուզարկելու․․․»

Դրսում ձայներ լսվեցին։ Աննան մոտեցավ պատուհանին, կամացուկ ետ տարավ պատուհանը ծածկող շալի ծայրը։

Դրսում ոչ ոք չէր երևում, և հանկարծ Աննան լսեց, թե ինչպես մեկն այնտեղ, ցախանոցում ասաց․ «Դե գնա։ Ես կսպասեմ մինչև դու գաս»։ «Իսկ եթե չե՞մ ուզում գնալ»,– ասաց աղջկական ձայնը։ Մայայի ձայնն էր, տղան Բորյան էր։ Բորյա Գլավանը։ Իսկ հետո երևացին նրանք՝ ձեռք – ձեռքի։ Աննն չէր ուզում նայել նրանց կողմը, չէր ուզում, բայց, չգիտես ինչու, նայում էր։

Բորյան ձեռքը բարձրացրեց, քսեց Մայայի դեմքին։ Մատները սահեցին դեմքի վրայով, քսվեցին աղջկա կամակոր, այրող շուրթերին։

–Մայա ,– շշուկով ասաց Բորյան՝ աշխարհի ամենաքնքուշ խոսքերը փնտրելով նրա համար։

Մայան նայում էր նրան իր խոշոր, սև աչքերով։

–Մայա, սիրելիս,– նորից շշուկով ասաց Բորյան, և նա ինքն էլ չհասկացավ, թե ինչպես շուրթերը հպվեցին Մայայի շուրթերին։ Մայան հանկարծակի ետ քաշվեց, նայեց Բորյային։ Թվաց շուրթերը այրվեցին նրա ամուր համբույրից։

–Պետք չէ,– արտաբերեց Մայան, դողդոջուն շշուկով։– Հետո, ամեն ինչ հետո ․․․ Իսկ հիմա բարի գիշեր ,– նա առանց ետ նայելու գնաց բակի միջով, վազելով բարձրացավ տան փայտե աստիճաններով։

Քիչ անց, երբ Աննան անցավ պատշգամբ, Մայան կանգնած էր հայելու առաջ․ նրա դեմքը շառագունել, վառվում էր։ Նա ետ շրջվեց և, տեսնելով մորը, շփոթված ասաց․

–Դու այդ որտե՞ղ էիր, մամ,– հարցրեց նա։

–Քնած էի,– ինչքան կարելի է հանգիստ ձայնով պատասխանեց մայրը։– Նոր էի քնել,– իբր անտարբեր՝ ավելացրեց նա։

–Վաղը ինձ շուտ վերկկացնես, լա՞վ, մամա,– ամբողջ իրանով շրջվելով մոր կողմը, ասաց Մայան։

–Ի՞նչ է պատահել։

–Վերկկացնես՝ կասեմ,– խորհրդավոր ժպիտով ասաց Մայան և, մի թեթև ընթրելով, գնաց քնելու։

Եվ, իրոք, մայրը նրան շուտ արթնացրեց։ Արևը նոր-նոր ելնում էր Դոնեցի այն կողմից։

–Կախե՞լ են,– տեղից արագ ելնելով հարցրեց Մայան։

–Ի՞նչը,– չհասկացավ մայրը։

–Դրոշները։ Կարմիր դրոշները կախե՞լ են։

–Ոչ,– ուշացումով, կամացուկ արտասանեց Աննան ուշադիր նայելով աղջկան։

–Չի կարող պատահել,– ներքնաշորով վազելով դեպի լուսամուտը, վճռական ասաց Մայան։– Չի կարող պատահել,– արդեն զրնգուն ձայնով ասաց Մայան, գրկելով մոր ուսերն ու նրան մոտեցնելով լուսամուտին․ Գորկու անվան ակումբի վրա բարձր փողփողում էր սովետական դրոշը։

Մայայի աչքերը վառվում էին ուրախությունից։

–Բորյան ու Տոլիկն են կախել,– հպարտությամբ շշնջաց նա, կրկին սեղմվելով մորը։– Դե թող ֆաշիստները պայթեն։ Կրասնոդոնում էլ հիմա փողփողում են մեր դրոշները։ Ամենաբարձր շենքերի վրա։ Իսկ Դիմկա Ֆոմինի խումբը, գիտե՞ս, մամ, որտեղ է որոշել ամրացնել դրոշը․ ոստիկանության շենքի վրա։ Ուխ, մամ, չես կարող պատկերացնել, պայթելու են ֆրիցները։

 

Աննան լուռ էր։ Հպարտությունից ուռչում էր նրա կուրծքը, սակայն, մտածելով այն մասին, որ Մայան ու իր ընկերները կարող են ընկել գերմանացիների ձեռքը, նա ասես քարանում էր։ Ուզում էր հեռու վանել իրենից տխուր մտքերը, չէր ստացվում։ Նա ինքն իրեն շշնջում էր․ «Միայն շուտ գային մերոնք․․․ Շուտ գային, քանի փորձանք չի եկել նրանց գլխին․․․»

Անհանգիստ էր մոր սիրտը։

Այդ օրը Պերվոմայկայում մարդիկ թաքուն շնորհավորում էին իրար․ բոլորի խոսակցության նյութը պարտիզաններն էին։ Ասում էին, որ գիշերվա կեսին պարտիզանները եկել, կարմիր դրոշներ են ամրացրել բարձր շենքերի վրա, հեռացել։ Մարդկանց տրամադությունը արտակարգ բարձր էր։ Մինչև ուշ երեկո Գորկու անվան ակումբի վրա փողփողում էր դրոշը։ Վախենում էին հանել, դրոշի տակ Բորյան գրել էր․ «Զգույշ, ականապատված է»։

Աղջիկներն ու տղաները արդեն ոչինչ չէին թաքցնում Աննա Փեհլիվանովայից․ գիտեին, որ նա ամեն ինչ գիտի․ վստահում էին։

–Շուտով մեծ նորություն է լինելու,– ցրտաշունչ մի իրիկուն ասաց Ուլյա Գրոմովան, և աղջիկները ժպտադեմ նայեցին Աննա Փեհլիվանովային ։– Մեծ, վիթխարի նորություն ,– ավելացրեց Ուլյան ։– Հրդեհ այսինքն․․․

–Ի՞նչ հրդեհ,– ուսերը թոթվեց Աննան։

–Հազար հինգ հարյուր աղջիկ ու տղա, դա գիտե՞ք ինչ է նշանակում,– ասաց Ուլյան՝ սպասողական նայելով Աննա Փեհլիվանովային․ Աննան ոչինչ չէր հասկանում։

–Բոլորին բժշկական ստուգման էին ենթարկել,– բացատրեց Մայան, նայելով մորը։– Բոլոր փաստաթղթերը պատրաստել էին։ Պետք է քշեին Գերմանիա՝ տաժնակիր աշխատանքի։

–Դա սարսափելի է,– մտահոգ ասաց Աննան։– Սարսափելի է։

–Կքշեն ,– բազմախորհուրդ նետեց Ուլյան, հետո քմծիծաղով ավելացրեց,– որ կարողանան՝ կքշեն․․․

–Ինչպես կովերը քշեցին,– ասաց Շուրա Բոնդարևան։

–Ի՞նչ կովեր,– կրկին ոչինչ չհասկացավ Աննան։

–Գերմանացիները հինգ հարյուր կով էին հավաքել մոտակա գյուղերի բնակչությունից և տանում էին Գերմանիա ,– ասաց Մայան ։– Տղաները Դոլժանկա կայարանի մոտ սպանեցին գերմանացիների պահակներին և անասունները քշեցին գյուղերը։

–Իսկ ցորենի դեզե՞րը, որ այրեցինք, կամո՞ւրջը,– ոգևորված ավելացրեց Ուլյան։

–Կամուրջ էլ ենք պայթեցրել ,– հպարտությամբ նայելով մորը, ասաց Մայան։– Գերմանական օբեր լեյտենանտի հետ․․․ Գերմանացիները ուղղակի շշմել էին ․․․ Նրանք, իհարկե, չգիտեին, որ այդ բոլորը մենք ենք անում՝ «Երիտասարդ գվարդիա» ընդհատակյա կազմակերպության անդամները․․․ գերմանացիներին թվում է, թե պարտիզաններն են գիշերները գալիս․․․

–Իսկ գիտե՞ք, որ Մաշկովը մեր տղաների հետ այս գիշեր Վոլչանսկի խուտորի մոտ գտնվող ռազմագերիների ճամբարից յոթանասուն գերի է ազատել,– ուրախությունից փայլող աչքերը շողացնելով, ասաց Մայան։– Ուղղակի հրաշք տղա է այդ Մաշկովը։ Եվ քաջ, և խելոք։

–Դրա համար էլ կուսակցությունը նրան թողել է ընդհատակում։ Այլապես չէր թողնի,– արագ վրա բերեց Ուլյան և ավելացրեց ․– Իսկ դու որտեղի՞ց իմացար այդ գերիների մասին։

–Բորկան պատմեց,– երկչոտ ասաց Մայան և նայեց մորը։

–Ի՞նչ ես ծածկում, ժպտաց Ուլյան։– Ամբողջ աշխարհը գիտի քո և Բորկայի մասին։

Աննան ժպտաց։

Նրանք աշխույժ զրուցում էին, երբ լաց լինելով ներս մտավ Վերա Պոկրովինան։

–Ի՞նչ է պատահել,– համարյա միասին հարցրին աղջիկները ։

–Եղբայրս սպանվել է,– լացի միջից ասաց Վերան և ընկավ Մայայի գիրկը։– Վերջին նամակում քեզնից էր հարցնում, Մայա․․․ Եղբայրս, եղբայրս չկա, Մայա․․․

Մայայի աչքերը լցվեցին։ Բոլորը լուռ էին։ Մայան հազիվ էր զսպում իրեն, որ լաց չլինի։ Իսկ երբ աղջիկները գնացին, Մայան, այլևս անուժ իրեն զսպելու, նստեց թախտին և երկար ժամանակ նրա այտերն ի վար հոսում էին արցունքները։

Մայան անհանգիստ քայլում էր սեյակում, ստեպ-ստեպ նայում լուսամուտից։ Եվ հանկարծ այնտեղ, Կրասնոդոնի վրա, երկինքը միանգամից կարմրեց։ Հրդեհի ցոլքերից երկինքը մեկ մուգ գույն էր ստանում, մեկ՝ իջնում էր կրակը և երկինքը մի քանի վայրկյան մթնում էր։

Փողոցից ձայներ լսվեցին։

–Հրդեհ է։

–Ինչ-որ բան է վառվում այնտեղ։

–Երևի դա էլ պարտիզանների գործն է։

Մայան արագ ելավ փողոց։ Եվ այդ պահին էր հենց, կանացի մի ձայն ասաց ․

–Դոնէներգոյի շենքն է վառվում։

–Ոչ, բորսան է,– հաստատուն ասաց Մայան։

Մի քանիսը նայեցին Մայայի կողմը։

–Ինչո՞ւ ես կարծում, որ բորսան է, -հարցրեց հարևաններից մեկը։

Մայան իսկույն ճանաչեց Զինա Վերիկովայի մոր ձայնը։

–Ուրիշ ի՞նչ կարող է վառվել, եթե ոչ բորսան ,– խուսափողաբար ասաց նա։

Իսկ տանը, ուրախությունից փայլող աչքերով, մորն ասաց․

–Դե թող հիմա տղաներին ու աղջիկներին տանեն Գերմանիա։ Բոլոր փաստաթղթերը վառվեցին․․․

-Այդ ո՞ւր ես գնում, Մայա,– հանկարծակի հարցրեց մայրը։– Մութն ընկել է։

–Տեղ եմ գնում, մամ,– դռների մոտ շրջվելով, ասաց Մայան։

–Եվ ինձ չե՞ս ասում․․․ գլուխն օրորեց մայրը։

Մայան լուռ էր։

–Մեզ կարևոր առաջադրանք են տվել,– վերջապես ասաց նա։– Այդպիսի հանձնարարությունը բոլորին չէ, որ տալիս են, մամ։ Նշանակում է այնտեղ, վերևում մեզ հավատում են։ Եվ մենք պետք է արդարացնենք նրանց վստահությունը։ Այսօր ուշ կգամ տուն, չհանգստանաս։

–Լավ, գնա,– տխրությամբ ասաց Աննան, հայացքը գետնին։– Զգույշ եղեք․․․

Մինչև լույս դրսում աղմկում էր բքաշունչ քամին, խավարի մեջ շարունակ օրորվում էին ծառերը։ Ասես մարդիկ էին՝ ծածուկ մոտենում էին լուսամուտներին, ետ քաշվում։

Առավոտյան դեմ հանդարտեց բուքը․ խաղաղ, ցրտաշունչ առավոտ էր։ Արեգակի ցածր ու ճերմակ սկավառակը ծանր կախվել էր Պերվոմայկայի վրա, և ամենուր՝ փողոցներում, ծառերի, տների տանիքների ու հեռու, կոնաձև տերրիկոնների վրա կուրացնելու աստիճան սուր շողարձակում էր ձյունը։

Բորյան քայլում էր ձյան միջով․ գնում էր Մաշկովի մոտ՝ ակումբ։ Մտքերը հանգիստ չէին տալիս նրան։ Գերմանական դիրեկցիոնը պայթեցնելու առաջադրանքը չէր կատարվել։ Չեր կատարվել ոչ թե իրենց մեղքով, այլ որովհետև հրաման եկավ շտաբից՝ պայթեցումը հետաձգելու մասին։

Ամեն ինչ պատրաստ էր, բոլորը ուրախ էին, որ այդպիսի կարևոր գործը իրենց՝ պերվոմայցիներին են հանձնարարել, և հանկարծ՝ պայթեցումը հետաձգվում է։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է պատահել։ Ոչ ոք ոչինչ չգիտի։

Բորյան հասավ դեպի Գորկու անվան ակումբ գնացող լայն, արդեն տոփանված ճանապարհին, սակայն այդ ճանապարհով չգնաց, եկեղեցու մոտ թեքվելով ձախ՝ նա գնաց բլրակի վրայով։ Այդպես ճանապարհը կարճ էր։ Բորյան գնում էր արագ, երբեմնակի վազելով։ Սիրտը, չգիտես ինչու, անհանգիստ էր, տագնապալից խփում էր։

Եվ այստեղից , բլրի վրայից նա հանկարծ տեսվ Դեմյան Ֆոմինին։ Դեմյանը կանգնել էր ներքևում, հանքահորի մոտ, ձեռքերը գրպաններում, և իբր անտարբեր՝ նայում էր ճանապարհի երկարությամբ։

–Դիմա,– կամացուկ ձայնեց Բորյան։

Դեմյանը արագ ետ շրջվեց և, տեսնելով Բորյային, ձեռքով շտապ մոտ կանչեց, միաժամանակ հասկացնելով՝ չգնալ դեպի ակումբ։

Բորյան արագ, գայթելով իջավ բլրալանջով։ Դեմյանը ընդառաջ գնաց։

–Ի՞նչ է պատահել,– հարցրեց Բորյան՝ ձյան այրող փայլից կկոցելով աչքերը։

–Վիկտոր Տրետյակևիչին բռնել են,– արտասանեց Դեմյանը հազիվ լսելի։

–Ինչպե՞ս,– դեռևս չըմբռնելով լսածը, հարցրեց Բորյան, շնչահատվելով սառը օդից։– Ո՞վ է բռնել։

–Ո՞վ պետք է բռնի, պարզ է, թե ով,– ջղագրգիռ վրա բերեց Դիման՝ սև ու թավ հոնքերի տակից նայելով նրան։ Ակումբ գնալ չի կարելի։ Հարկավոր է բոլորին զգուշացնել։

–Էլ ո՞վ գիտի։

–Վասյա Բոնդարևին ու Վիկտոր Պետրովին նույնպես հաղորդվել է արդեն ։ Իսկ ինձ կանգնեցրին այստեղ․ որպեսզի մերոնցից ոչ ոքի չթողնեմ մոտենա ակումբին, այնտեղ գերմանացիներ կան։

–Դե լավ,– ասաց Բորյան արագ շնչելով։ Դու կանգնիր այստեղ։ Գենկա Պոչեպցովը՝ իմ հնգյակից, այստեղ մոտ է ապրում․ ես վազելով գնամ նրա մոտ։ Մենք նրա հետ բոլորին կհայտնենք։ Հարկավոր է կրասնոդոնցիներին նույնպես զգուշացնել։ Դե ես գնամ,– արտասանեց Բորյան և վազեց ձյունածածկ փողոցով։

«Գուցե մատնե՞լ են,– մտածում էր նա։– Եթե մատնել են, ուրեմն վերջ։ Ուրեմն փրկություն չկա։ Իսկ ո՞վ կարող էր մատնել։ Ո՞վ էր մատնել»։

Բորյան արագընթաց կտրեց անցավ Բազարնայա հրապարակը, ուզում էր թեքվել աջ՝ դեպի նեղ ու անանուն մի փողոց, ուր ապրում էր Գենադի Պոչեպցովը, բայց ակամա կանգ առավ․ դիմացից, փողոցի մյուս կողմից, ձիերի ոտնաձայներ լսվեցին տոփանված ճանապարհի վրա, հետո դուրս եկավ սահնակով տրոյկան՝ մեջը Եվգենի Մաշկովը , մի գեստապոյական ու մի ոստիկան։ Բորյան Մաշկովին ճանաչեց դեռ հեռվից ու սիրտը սկսեց արագ խփել։ «Մատնել են,– շշնջաց նա։– Դա արդեն հաստատ է․ մատնել են»։ Սահնակը արագընթաց մոտենում էր։ Եվգենին՝ աներևակայելիորեն գունաթափ՝ նստել էր սահնակի մեջ, առանց գլխարկի, ձեռքերը ետևից կապկպած։ Նա տեսավ Բորյային, սակայն ձևացրեց, թե չի տեսնում։ Եվ իբր անտարբեր՝ նայում էր առջևը, ճանապարհին։

Բորյան կծում էր շուրթերը աշխատելով չնայել Մաշկովին։ Նա դանդաղ քայլեց նեղլիկ փողոցն ի վար՝ ինքն էլ չիմանալով դեպի ուր։ Ձիերի ոտնաձայներն արդեն չէին հասնում նրան․ տրոյկան անցել էր, սակայն նա դեռևս չէր համարձակվում ետ նայել․ թվում էր ետևից նայում են իրեն։ «Մի՞թե մատնել են, ինքն իրեն մտծում էր Բորյան։ Ո՞վ կարող էր մատնել։ Իսկ եթե արդեն գիտե՞ն կազմակերպության մասին․․․ Հարկավոր է հեռանալ։ Հենց այսօր պետք է թողնել Կրասնոդոնն ու Պերվոմայկան ու գնալ պարտիզանների մոտ։ Հարկավոր է շտապ զգուշացնել բոլորին․․․»։

Բորյան բարձրացրեց աչքերը , շվարուն նայեց շուրջը․ հասել էր Պոչեպցովենց դարպասին․ «Տա՞նն է, տեսնես»,– մտածեց նա, ծեծեց դարպասը։