Tasuta

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

Բորյան նորից ծեծեց դարպասը։

Ծխնելույզից կապույտ ծուխ էր ելնում, օրորվում ձյունածածկ տանիքի վրա։ «Տանը մարդ կա, ուրեմն»,– մտածեց Բորյան՝ սպասելով պատասխանի։

Սպասման րոպեները անցան ծանր, վերջապես ետ գնաց պատշգամբի դուռը և այնտեղ, դռների մեջ երևաց Վասիլի Միխայլովիչ Գրոմովը՝ Գենայի խորթ հայրը՝ տաքից ու գինարբուքից կարմրած դեմքով։

–Բարև ձեզ,– անհամարձակ ասաց Բորյան։ Տա՞նն է Գենադին։

–Ոչ,– ասաց Գրոմովը։-Տանը չէ։ Իսկ ինչ էիր ուզում ասել։

Բորյան անթարթ նայեց նրան։

–Շտապ պետք է,– հանգիստ ասաց նա։

– Տանը չէ,– կրկնեց Գրոմովը ։– Ի՞նչ հաղորդեմ, որ գա։

–Ոչինչ։ Ես հետո կանցնեմ,-արագ ասաց Բորյան և շրջվելով , ձյուների միջով քայլեց ետ։

Պոչեպցովը տանն էր։ Նա ներսից, վարագույրների ետևից գողունի նայում էր Բորյային։ Սպասեց մինչև Բորյան գնաց, ծածկվեց տների ետևում և նոր միայն կրկին նստեց բազմոցի ծայրին, նախկին դիրքում․ «Եթե ծեծեն, ես չեմ դիմանա,– մտածում էր նա։– Ես չեմ կարող։ Իսկ այնտեղ, երևի, խոշտանգում են․․․»։

Գրոմովը ծածկեց դուռը, քթի տակ ժպտալով եկավ, նստեց սեղանի մոտ, կրկին օղի լցրեց։

–Արի մի բաժակ խմիր ինձ հետ ,– ասաց նա ։– Ի՞նչ ես հոնքերդ կիտել։ Հո աշխարհի վե՞րջը չի։

«Չէ, հավանաբար մի բան կա, մտքում ասաց նա։– Գրոմովը երեկվա երեխան չի՝ հասկանում է։ Պատմիր, բալիկս, պատմիր»,– խնդմնդաց նա և, ժպիտը դեմքից հավաքելով, ասաց ․

–Արի, արի մի բաժակ խմիր։

Պոչեպցովը չէր պատասխանում։ Նա անթարթափ նայում էր հատակին, ինչ-որ կետի։

Քիչ առաջ, երբ Գրոմովը տուն եկավ և ասաց, որ Տրետյակևիչին բռնել են, Գենյան՝ սարսափից կլորացած աչքերով, հանկարծակի նայեց նրան ու ոչինչ չկարողացավ արտասանել։ Գրոմովը դա զգաց։ Բայց ձևացրեց, թե ոչինչ չնկատեց։ Նա մրգօղի դրեց սեղանին։ Աղ դրած վարունգ բերեց։ Եվ շարունակ մտածում էր․․․ «Այստեղ մի բան կա։ Ինչ որ բան կա՝ չեմ հասկանում»։ Որոշեց չխոսել, չմատնել իրեն։ Լուռ կտրտեց վարունգը, օղի լցրեց բաժակը, խմեց։

Գենյան անշարժ նստել էր բազմոցի ծայրին ու մտացրիվ նայում էր գետնին։

«Միևնույն է, պատմելու ես, պատմիր,– մտքում ասաց Գրոմովը ներքուստ ուրախանալով։– Թե մի բան չկա, ինչո՞ւ էնպես վախեցար»։ Նորից օղի լցրեց, խմեց և հենց այդ պահին էր, որ Բորյան ծեծեց դարպասը։ Նա Բորյային տեսավ լուսամուտից։ «Կասեմ տանը չես,– ասաց Գրոմովը և գնաց դուռը բացելու։– Գործ չունես դրանց հետ։ Նստիր տանը»։

«Տեսնես ի՞նչ էր ասում,– մտածեց Գենյան, տեղից ելնելով։– Էլ ո՞ւմ են բռնել տեսնես․․․ Ի՞նչ է լինելու, տեր աստված»։ Նա կրկին մոտեցավ լուսամուտին, դեմքը հպեց սառը ապակուն։ «Եթե ծեծեն, չեմ դիմանա,– դարձյալ մտածեց նա։– Ասում են մարդկանց եղունգների տակ ասեղներ են խրում․ մի՞թե ճիշտ է»։

Դրսում քամի էր բարձրացել։ Արևն անցել էր ամպերի ետևը։ Օրը միանգամից մթնեց։

–Իսկ հետաքրքիր է, շ՞ատ են ծեծում բանտում,– վերջապես խոսեց Պոչեպցովը՝ աշխատելով ինչքան կարելի է հանգիստ երևալ։ Նույնիսկ փորձ արեց ժպտալ։

«Չէ, պաչում են, դնում ճակատներին»,– մտքում ծիծաղեց Գրոմովը և, աչքերը դանդաղ կտրելով սեղանից, ասաց․

–Ե՛վ ծեծում էլ են, և՛ չեն էլ ծեծում՝ նայած։ Պատահում է՝ ծեծելով սպանում են։

Պոչեպցովը վախեցած նայեց նրան։

–Գլխիվայր կախում են ու խփում,– ավելացրեց Գրոմովը՝ ուշադիր նայելով նրան։– Շիկացած երկաթներով դաղում են։ Մի ծանոթ ոստիկան կա, նա էր պատմում։

Ոչ ոք՝ ոչ տանը, ոչ էլ հարևաններից, չգիտեին, որ Գրոմովը, (իսկական ազգանունը Նուժդին) դենիկինյան բանակի նախկին սպա է, քաղաքացիական կռիվների ժամանակ կռվել է սովետական իշխանության դեմ։ Ոչ ոք չգիտեր, որ մեր բանակի համար այնքան ծանր օրերին՝ նահանջի ժամանակ, նա թաքնվել է թիկունքում։ Եվ որ հիմա գաղտնի գործակալ է՝ կապված գեստապոյի հետ։

–Տրետյակևիչին նույնպես կծեծեն երևի,– ուզեց խոսք գցել Պոչեպցովը։

«Լակոտ»– մտքում ծիծաղեց Գրոմովը՝ հասկանալով նրան։ Դեն հրեց օղու շիշը։

–Եթե միայն ծեծելով վերջանար․․․ բազմախորհուրդ ասաց նա, մոտեցավ լուսամուտին։– Նրանք բոլորը գիտեն,– ավելացրեց Գրոմովը, առանց Գենյայի կողմը շրջվելու։

–Ի՞նչ գիտեն,– մարող շշուկով հարցրեց Պոչեպցովը։

–Ինչ կա՝ բոլորը գիտեն։ Մի՞թե կարծում ես, թե չգիտեն։

Գենյան չարձագանքեց։

–Դու մո՞տ էիր այդ Տրետյակևիչին ,– նորից խոսեց Գրոմովը, կանգնելով Գենյայի դիմաց։

–Ճանաչում էի,– կամացուկ արտասանեց Գենյան ։

Գրոմովը լուռ էր։

–Այսինքն մոտ էինք,– դարձյալ կամացուկ ավելացրեց Պոչեպցովը՝ նայելով խորթ հորը։

–Դու գիտես, որ ես հարազատ որդու պես սիրում եմ քեզ,– վերջապես ասաց Գրոմովը ։– Սիրում եմ, դրա համար էլ իմ պարտքն եմ համարում հայտնել քեզ, որ այդ Տրետյակևիչը ամեն ինչ մատնել է։ Քիչ առաջ տուն գալիս պատահեց իմ ծանոթ ոստիկանը․ գնում էին Գորկու անվան ակումբ՝ Եվգենի Մաշկովի ետևից։

–Չի կարող պատահել,– տեղից ընդոստ ելնելով, ասաց Պոչեպցովը ։

–Նստիր, նստիր,– ձեռքը Գենյայի ուսին դնելով հանգիստ ասաց Գրոմովը՝ ներքուստ ուրախանալով։– Հանգամանորեն պատմիր տեսնենք ինչ կարելի է անել։ Գերմանացիների հետ կատակել չի կարելի․ ես դրանց էն կռվից գիտեմ դեռ։ Հանգիստ պատմիր ։

Պոչեպցովը ծանր շնչում էր։ «Պարզ է, մատնել են»։ Օդը չէր հերիքում։ «Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Ես չեմ դիմանա, ես դա գիտեմ» ։ Կրկին բարձրացավ տեղից, նստեց նորից։ «Ավելի լավ է չընկնել նրանց ձեռքը։ Խոստովանել ու վերջ։ Թե չէ խելագարվել կարելի է»։

–Ես նրանց հետ ոչ մի կապ չունեի, ոչ մի բանի չէի խառնվում,– միանգամից ասաց Պոչեպցովը ։– Ես ուշ եմ մտել կազմակերպության մեջ և ինչ էլ արել եմ՝ նրանց հանձնարարությամբ։ Ես մեղավոր չեմ,– հանկարծ լաց եղավ նա՝ արտասվաթոր աչքերով նայելով Գրոմովին։

–Դե, դե, երեխա չես,– ծիծաղեց Գրոմովը։ Մի վախենա։ Մի բան կմտածենք։ Ուրեմն ուշ ես մտել կազմակերպության մեջ։ Իսկ կազմակերպությունը վաղո՞ւց էր գործում։

–Այո։ Ընդհատակյա կազմակերպություն էր՝ կոմերիտականներից։

–Եվ քանի՞ հոգի էին։ Շա՞տ էին։

–Հարյուրից ավելի։ Այսինքն՝ սկզբում քիչ էին․․․

–Հետաքրքիր է,– հանգիստ արտասանեց Գրոմովը։ – Մեր քթի տակ ինչեր են կատարվում, իսկ մենք, ինչպես ասում են՝ ուղտի ականջում քնած։

Նա մռայլ ու մտահոգ դեմք ընդունեց։ Ձեռքերը ետևին, դանդաղ առաջ ու ետ էր քայլում սենյակում։

–Իսկ հատկապես ի՞նչ էին անում։ Թռուցիկնե՞ր էին տարածում։

–Այո,– ուշացումով պատասխանեց Գենյան։– Թռուցիկներ էին տարածում, մեքենաներ էին պայթեցնում, դաշտերում վառում էին ցորենի արտերը․․․– Նա լռեց, նայեց Գրոմովին։ Նրա աչքերը օգնություն էին աղերսում։

–Հետո՞,– սառը հարցրեց հայրը։

–Բարձր շենքերի վրա դրոշներ էին ամրացնում, տոն օրերին,– շարունակեց՝ առանց հայացքը կտրելու Գրոմովից։– Աշխատանքայի բորսան վառեցին․․․

–Հետաքրքիր է,– գլուխն օրորեց Գրոմովը։

–Բայց ինքս անձամբ ոչինչ չեմ արել ,– արագ ասաց Պոչեպցովը ։– Ես մասնակցել եմ այդ գործողություններին, ճիշտ է, բայց ոչինչ չեմ արել։

–Այդ լավ է,– հուսադրեց Գրոմովը ։– Դա քո օգտին է։ Բայց չեն հավատա։ Հարկավոր է այնպես անել, որ հավատան։ Որպեսզի չծեծեն, չտանջեն քեզ։

–Ինչպե՞ս անել։

–Գրել բոլորի անունները և հանձնել ոստիկանություն։

Պոչեպցովը սոսկումնալից նայեց նրան։

–Ուրիշ ելք չկա,– Գրոմովը դանդաղ օրորեց գլուխը,– փրկության ոչ մի ելք չկա։

–Ես բոլորին չգիտեմ,– փորձեց խուսափել Պոչեպցովը։– Դա հնարավոր էլ չէ։ Պերվոմայցիներին գիտեմ։ Իսկ մյուսներին՝ ոչ։ Մի քանի հոգու եմ միայն ճանաչում։

–Ոչինչ, դու գրիր նրանց անունները, որոնց ճանաչում ես։ Ուրիշների հետ գործ չունես։

–Չեմ կարող,– աղերսաձայն ասաց նա։

–Քո գործն է, Գենյա։ Ես քեզ չեմ ստիպում ,– հանգիստ խոսեց Գրոմովը։– Բայց լավ իմացիր, որ մահ է սպասում քեզ։ Դու փոքր ես դեռ․ դու գերմանացիներին չգիտես։ Նրանց հետ պետք է խելամիտ լինել, զգույշ լինել։ Սա լավ իմացիր։ Հետո էլ։– Գրոմովը քիչ լռեց և միանգամից ասաց․– Սովետները գնացին ու էլ նրանց վերադարձ չկա։ Մարդ պետք է հեռատես լինի․ հասկանո՞ւմ ես ինչ եմ ասում։

–Այո,– մեքենաբար արտասանեց Գենյան։

–Գրիր բոլորի անունները։ Ոչ ոք չի իմանա, որ դու ես մատնել։ Գրիր ու գնա գյուղ, մերոնց մոտ։ Հետո ամեն ինչ կանցնի՝ կգաս։ Գրիր։

Պոչեպցովը լուռ էր։

–Ընդ որում, պետք է գրել ետին ամսաթվով,– նորից խոսեց Գրոմովը ։– Հիշո՞ւմ ես անցյալ տարի, երբ տոմսդ այրեցիր, դարձյալ այդպես գրեցինք։ Եվ տեսա՞ր, որ հավատացին․ գրիր ետին թվով․ իբր շուտ ես գրել, մինչև նրանց բանտարկությունը։ Դու լսիր ինձ ու չես փոշմանի։ Քիչ հետո մայրիկդ կգա, շուկա է գնացել և կտեսնես, որ նա էլ նույնն է ասում։ Որովհետև մենք քո լավն ենք ուզում։ Ուրիշի համար ինչի՞ պիտի ցավենք։ Ինքդ մտածիր։ Նշանակում է ուրիշ չես դու ինձ համար, իմ հարազատն ես․․․

Դարպասը ծեծեցին։

Գրոմովը մի փոքր ետ տարավ վարագույրը։

–Էլի էն տղան է, մոլդովացին։ Դուրս եկ, տես ինչ է ասում։

Պոչեպցովը դանդաղ ելավ տեղից, գնաց դուռը բացելու։ Ծնկները դողում էին։ Նրան թվում էր՝ Բորյան ամեն ինչ գիտի։ Կամ էլ գլխի կընկնի իսկույն։ Բաց արեց դուռը, դուրս եկավ։ Ուժեղ քամի էր։ Ծառերը օրորվում, սրթսրթում էին ցրտի մեջ։

Բորյան կանգնել էր դարպասի մոտ, մի ոտից մյուսն էր փոխվում։ Ձյունախառն քամին անխնա խփում էր նրա դեմքին։ Պոչեպցովը իջավ բակ, ուսերին գցած վերարկուի մեջ կուչ եկած դանդաղ մոտեցավ դարպասին։

–Տղաներին բռնել են,– հապշտապ ասաց Բորյան։– Հարկավոր է հայտնել բոլորին։

–Ինչպե՞ս,– իբր առաջին անգամ էր լսում՝ զարմացած հարցրեց Գենյան՝ ետ-ետ գնալով։

–Չգիտեմ։ Բռնել են արդեն,– ջղագրգիռ ասաց Բորյան։– Վիկտոր Տրետյակևիչին ու Մաշկովին բռնել են։ Վանյա Զեմնուխովը գնացել է ոստիկանություն՝ իմանալու ի՞նչ է պատահել, նրան նույնպես բանտարկել են։ Ես մի քանիսին ասել եմ արդեն։ Հարկավոր է մյուսներին նույնպես հայտնել։ Շուտ հագնվիր գնանք։ Ժամանակ չկա։

–Ես չեմ կարող, Բորյա ,– շնչակտուր շշուկով արտասանեց Գենադին՝ աչքերը փախցնելով Բորյայից։– Ես ինձ շատ վատ եմ զգում․ գլուխս ուժեղ պտտվում է, աչքերս մշուշվում են։ Հիվանդ եմ։

Բորյան մի պահ նայեց նրան։

–Դե լավ, ես գնամ,– ասաց նա։– Գուցե հետո նորից կարողանամ անցնել։ Ցտեսություն։

–Ցտեսություն,– պատասխանեց Գենյան հազիվ լսելի և դանդաղ գնաց դեպի տուն։

«Կգնամ գյուղ,– ինքն իրեն սիրտ էր տալիս նա։– Հետո, երբ ամեն ինչ կանցնի, կվերադառնամ»։ Պատշգամբում թափ տվեց ոտքերի ձյունը, ներս մտավ։

–Ի՞նչ էր ասում,– հարցրեց Գրոմովը։

–Իվան Զեմնուխովին նույնպես բռնել են,– բութ հայացքը հառած Գրոմովին՝ դանդաղ արտասանեց Պոչեպցովը։– Մեր ընկերներից է։

–Տեսնու՞մ ես, – արագ վրա բերեց Գրոմովը, նրա աչքերը վազվզեցին: – Մտածիր քո մասին, Գենկա, ախր չի կարելի այդպես: Մեկ էլ տեսար եկան ետևիցդ: Նստիր գրիր, ես ինքս կտանեմ ոստիկանություն, դու գործ չունես: Գրիր:

Վիկտոր Տրետյակևիչի, Զեմնուխովի և Ժենյա Մաշկովի ձերբակալության լուրը Մայան լսեց Տոնյա Իվանիխինայից: Նա դուրս էր եկել Ալեքսանդրա Եմելյանովնային ուղեկցելու, խոր ձյան միջով ընկած կածանով ետ գնում էր տուն;

 

Մտասույզ ու անտրամադիր նա թեքվեց իրենց դարպասի կողմը և հանկարծ ետևից լսեց Տոնյայի ձայնը:

–Մայա, սպասիր մի րոպե:

Ձյան մեջ խրվելով, վազելով գալիս էր Տոնյան՝ երբեմն գայթելով ու նորից ելնելով, և նրա երեսին գույն չկար: Սիրտը վատ բան գուշակեց: Ընդառաջ գնաց Տոնյային: «Ինչ է պատահել» աչքերով վախեցած ու անհանգիստ հարցրեց նա՝ ակամայից կանգ առնելով:

Երբ Տոնյան հաղորդեց սարսափելի լուրը, Մայային մի պահ թվաց, թե գետինը գնում է ոտքի տակ և հիշեց իր երազը՝ կապված մութ հանքահորի հետ, և սառնաշունչ մի դող վազեց մարմնով :

–Ե՞րբ, – թուլացող սրտով հարցրեց նա՝ հուզմունքից կծելով շութրերը: – Քեզ ո՞վ հաղորդեց:

–Բորյան հաղորդեց: Նա գալիս էր այս կողմը, քեզ մոտ էր գալիս, երևի, բայց ես նրան ասացի ինքս կգամ: Նա գնաց մյուսներին հաղորդելու: Իսկ ես իսկույն չեկա, – ասաց Տոնյան արագ ու խորը շնչելով: – Ես ետ դառա ճանապարհից, վազելով գնացի Կրասնոդոն: Գտա Օլեգ Կոշևոյին ու Վանյաա Տուրկենիչին…

–Եվ որտե՞ղ են նրանք հիմա,– ընդհատեց Մայան :

–Նրանք շուտով կգան,– արագ ասաց Տոնյան ,– հարկավոր է Ուլյային նույնպես հաղորդել: Կհավաքվենք Տոլյա Պոպովի մոտ: Նրանց տունը ավանի ծայրին է: Նրանց մոտ հարմար է…

–Այո , իհարկե,– գլխով արեց Մայան դեռևս այլայլված ու սարսափահար:

Նրանք կանգնել էին տեղացող ձյան տակ: Ձյունը նստում էր նրանց թարթիչներին ու մազերին:

–Գնանք Ուլայի մոտ, – ասաց Տոնյան:

Մայան ասես չլսեց նրան:

–Տղաներից ոչ ոք չի մատնի, ես համոզված եմ ,– ասաց նա դանդաղ : – Ոչինչ չեն ասի՝ ինչ էլ ուզում են անեն: Բայց և այնպես հաչկավոր է որոշել, թե ինչ անենք այսուհետև: Գուցե հարձակվենք բանտի վրա, ազատենք նրանց: Մի խոսքով, ճիշտ ես արել, որ գնացել ես Կրասնոդոն՝ տղաների ետևից:

–Նրանք շուտով կգան,– կրկնեց Տոնյան,– գնանք Ուլյայի ետևից, Ալեքսանդրա Եմելյանովնային էլ պետք է ասել:

–Մայրիկին ասեմ՝ գնանք:

Նրանք վազեվազ անցան բակի միջով և պատշգամբի դռների մոտ ուղակի աստիճանների վրա, դեմ առ դեմ հանդիպեցին Աննա Փեհլիվանովային: Նա արդել հանգնված ինչ-որ տեղ էր գնում:

–Ի՞նչ է պատահել,– նայելով աղջիկներին ու ինչ-որ վատ բան կռահելով , հարցրեց նա:

–Ոչինչ,– խուսափողաբար ասաց Մայան, – Իսկ դու այդ ու՞ր ես գնում:

–Շուկա,– պատասխանեց Աննան, շարունակելով ակնդետ նայել նրանց: -Ախր, տեսնում եմ՝ ինչ-որ բան է պատահել, ինձնից ինչո՞ւ եք թաքցնում :

–Մայրիկ, – ասաց Մայան և նրա ձայնը թրթռաց, – Մեր տղաներից երեք հոգու բռնել են:

–Ինչպե՞ս, – թուլացող սրտով արտաբերեց Աննա Փեհլիվանովան հազիվ լսելի:

– Հեռացեք, հեռացեք, Մայա,– արագ ու սարսափահար ասաց նա: – Հենց այսօր հեռացեք… Նրանք ամեն րոպե կարող են գալ ձեր ետևից:

–Ու՞ր գնանք … բանակը հեռու է դեռ…

–Չգիտեմ, գնացեք՝ հիմա ի՞նչ պիտի լինի,– վախեցած հարցրեց Աննան:

–Մենք էլ չգիտենք,– ուսերը թոթվեց Մայան,– գնա շուկա տես ինչ են խոսում մարդիկ… Գուցե և կարողանանք օգնել նրանց, – արտասանեց Մայան մտախոհ,– մի՞թե ամեն ինչ կորած է… չի կարող պատահել…

Զինա Վիրիկովան հայելու առջև նստած սանրում էր մազերը, երբ հանկարծ, ասես հետապնդումից՝ սարսափահար ներս ընկավ մայրը՝ Ռաիսա Վիրիկովան՝ մեջքով ամուր ծածկելով դուռը:

–Ի՞նչ է պատահել,– Զինան, առանց տեղից ելնելու շրջվեց մեր կողմը՝ շարունակելով սանրել մազերը: – Որևէ բա՞ն է պատահել:

–Ջահելներին բռնում են, -սասց Ռաիսան և նրա շուրթերը դողացին:

–Հետո ի՞նչ, -հանգիստ ասաց աղջիկը, – թող բռնեն:

–Դու, ինչ է, ջահե՞լ չես:

–Ասենք թե:

–Դու նրանց հետ կապված էիր, Զինա,– աղերսագին ասաց մայրը: -Ես վախենում եմ քեզ համար:

–Մի վախենա, – ասաց Զինան՝ գլխի շարժումով մազերը ճակատից ետ գցելով: – Ինձ ոչինչ էլ չի լինի: Որովհետև ես ոչինչ չեմ արել: Իսկ ով արել է ՝ թող պատասխան տա: Ես ոչինչ չեմ արել:

–Մենք մինչև պատերազմն էլ լավ ենք ապրել, – սկսեց Ռաիսան՝ ձայնը հանկարծակի ցածրացնելով: -Հիմա էլ վատ չենք ապրում:

–Ինձ համար մի անհանգստանա, մայրիկ, – ասաց Զինան, պատուհանից նայելով դուրս: -Ես գիտեմ ինչպես պետք է ապրել: Ոստիկանությունից կանչեցին թե չէ՝ կգնամ ու բոլորը կպատմեմ:

–Իսկ դու մի էլ սպասիր, որ կանչեն: Ինքդ գնա, – խորհուրդ տվեց մայրը: – Ինքդ էիր պատմում, թե ինչպես էին կոմերիտական ժողովումտոմսիդ համար թափվել վրադ. հիշու՞մ ես:

–Հիշում եմ, – ասաց Զինան քմծիծաղելով: – Մի՞թե կմոռանամ:

Ռաիսան նայեց աղջկան, հանգիստ շունչ քաշեց:

Մայան ու Տոնյա Իվանիխինան Պոպովների մոտ եկան ժամանակին. բոլորն արդեն հավաքվել էին, բայց նիստը չէր սկսվել դեռ: Սերգեյ Տյուլենինը, Դեմյան Ֆոմինն ու Վասյա Բոնդարևը հսկում էին դրսում:

Հիմնականում հավաքվել էին «Երիտասարդ գվարդիայի» շտաբի անդամներն ու նրանք, ովքեր առավել մոտ էին շտաբին:

Օլեգ Կոշեվոյը դանդաղ ելավ տեղից՝ ձեռքերով հենվելով սեղանին, մի պահ նայեց բոլորին:

–Ընկերներ,– վերջապես ասաց նա՝ հայացքը սեղանին, ինչ-որ կետի: -Գուցե սա մեր վերջին նիստն է: գուցե այլևս չհավաքվենք… Մենք պայքարեցինք անարգ թշնամու դեմ, պայքարեցինք ազնվաբար, արեցինք ինչ կարողացանք, ինչ հնարավոր էր… Իսկ հիմա եկել է ժամը բաժանվելու: – Նրա ձայնը դողաց: – Մենք պետք է բաժանվենք: Մեր լավագույն ընկերներից երեքը հիմա բանտում են… Ամենայն հավանականությամբ, նրանց վերցրել են ընծաների համար: Այն ընծաների, որ տղաները հափշտակեցին գերմանական ավտոմեքենայից… Այդ ընծաները գտնվել են ակումբի նկուղում… Դ-դրա համար էլ բանտարկել են ակումբի ղեկավարությանը, – Օլեգը լռեց, խորը շնչեց և շարունակեց: – Դ-դա դեռևս կազմակերպության խորտակում չէ, ես այդպես եմ կարծում, բայց, ով գիտի… Մեր լավագույն ընկերներից երեքը բանտում են, – կրկնեց նա, կծելով շուրթերը, – այդ նույնը սպասում է նաև մյուսներին: – Դ-դր համար էլ պետք է հեռանալ: Սա է շտաբի որոշումը:

–Բոլորին պետք է հաղորդել,– ասաց Իվան Տուրկենիչը, որ մինչ այդ լուռ էր: – Այսօր ևեթ պետք է ողնել Պերվոմայկան ու Կրասնոդոնը: Պետք է հեռանալ:

–Ինձ թվում է, պերվոմայցիները կարող են մնալ, – խոսեց Տոլյա Պոպովը: – Մենք առանձին էինք գործում: Գուցե նույնիսկ չդիպչեն մեզ:

–Իրոք, մենք հեռու էինք շտաբից, – ասաց Ուլյան՝ նայելով մեկ Օլեգին, մեկ՝ Լյուբա Շվեցովային, մեկ՝ Իվան Տուրկենիչին: – Գուցե մնա՞նք մենք:

–Դու ի՞նչ կարծիքի ես, Մայա, – հանկարծ հարցրեց Օլեգը, անթարթ նայելով Մայային:

Օլեգի սևեռուն հայացքից Մայան նույնիսկ շփոթվեց:

–Պետք է հեռանալ, որովհետև ուրիշ ելք չկա, – ասաց Մայան, անօգնական նայելով շուրջը: – Մենք լուրը լսելուն պես, Դեմյան Ֆոմինին ու Վասյա Բոնդարևին ուղարկեցինք Նիկոլայ Չեռնյավսկու մոտ, Շիրոկոյե խուտոր՝ հուսալով նրա միջոցով կապվել պարտիզանների հետ: Քիչ առաջ եկան տղաները: Նա մեզ օգնել չի կարող, ոստիկանությունը փնտրում է նրան. Մայրն էր հաղորդել: Հարկավոր է հեռանալ, – վճռական ձայնով ասաց Մայան: -Գուցե վաղը կամ մյուս օրը, բայց պետք է հեռանալ, – ասաց նա: -Եթե մատնել են՝ բոլորին կտանեն: Կազմակերպությունից ոչ ոք չպետք է մնա: Սա է իմ կարծիքը:

–Ուրիշ կարծիքներ չկա՞ն, – հարցրեց Օլեգը: -Նա լուռ սպասեց մի պահ: – Որոշված է՝ բոլորս հեռանում ենք այսօր: Վաղը կհեռանան նաև պերվոմայցիները: Շնորհակալություն բ-բոլորին, – Օլեգի ձայնը դողդոջաց: – Ես ձեզ երբեք չեմ մոռանա:

Աղջիկները լուռ արտասվում էին:

Ալեքսանդրա Եմելյանովնան այդ գիշեր մնաց Մայայի մոտ:

Դրսում դանդաղ ձյուն էր տեղում: Ոչ Մայան, և ոչ Ալեքսանդրա Եմելյանովնան քնել չէին կարողանում:

Գիշեր։ Լուսամուտից այն կողմ, այգում, ոռնում է քամին, ծեծում ապակիները: Մայան, իր վրա զգալով մոր հայացքը, բաց արեց աչքերը;

–Ինչո՞ւ ես այդպես նայում, մայրիկ, – ձգտելով անհոգ երևալ, հարցրեց Մայան, արմունկով հենվելով բարձին:

–Անհանգիստ է սիրռս, – մայրը ոտքերն իջեցրեց մահճակալից, – գուցե թաքնվեիք որևէ տեղ:

–Իսկ ի՞նչ պիտի լինի, – հուսադրեց Ալեքսանդրա Եմելյանովնան, – հանգիստ քնեցեք…

–Ախր տղաներին, ես գիտեմ, բանտում սարսափելի տանջում են. որևէ մեկը կարող է չդիմանալ և ամեն ինչ պատմել…

–Մեր ընկերներից ոչ մեկը չի մատնի, – համոզված ասաց Մայան: – Ես ինքս էլ օրինակ, ոչ մի դեպքում որևէ բան չէի պատմի…

–Մայան ճիշտ է ասում, – իր հերթին ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան, – մեր տղաներից ոչ ոք չի մատնի:

Փողոցում ձայներ լսվեցին: Ինչ –որ մեկն այնտեղ բարձր հայհոյեց, հետո ծանր կոշիկների դոփյուն լսվեց արտասանդուղքի վրա: Դուռը ուժգին թակեցին:

–Բաց արա…

Աննան անկարող որևէ բան ասելու, սարսափահար նայեց աղջիկներին։

–Բաց արա․․․

Թվում էր, թե ուր որ դուռը կփլվի հարվածներից:

Աննան ներքնաշորով վազեց այս ու այն կողմ՝ չհասկանալով, թե ինչ կարելի է անել. նա բոլորովին կորցրել էր իրեն:

Մայան ու Ալեքսանդրա Եմելյանովնան սկսեցին արագ հագնվել:

–Ո՞վ է ,– վերջապես ներսից ասաց Աննա Փեհլիվանովան, մոտենալով դռանը:

–Ոստիկանությունից է, բաց արա:

Դրսում մոլեգնում էր բուքը:

–Մամ, բաց արա, – խոսեց Մայան խզված ձայնով,– Միևնույն է, կոտրելու են դուռը:

Աննա Փեհլիվանովան սարսափից դողալով մոտեցավ դռանը:

–Հիմա, հիմա… – Աննան դողացող ձեռքերով ետ տարավ ծանր սողնակը:

Սենյակ մտան Կրասնոդոնի ոստիկանության պետ Սոլիկովսկին, Պերվոմայկայի ոստիկանության տեղամասի պետ Զախարովը և ունտեր Ֆենբոնգը՝ հրացանավոր զինվորի ուղեկցությամբ:

–Ո՞վ է Մայան, – հարցրեց Սոլիկովսկին՝ հայցքը նետելով Մայայի վայելուչ կազմվածքին:

–Ես եմ, – ասաց Մայան, տեղից կիսաբարձրանալով:

–Շուտ հագնվիր, – ասաց Զախարովը: – Գնում ենք ավանային ոստիկանություն:

–Իսկ ի՞նչ է պատահել, – անկարող զսպելու արցունքները, ասաց Աննան առաջ գալով:

–Այնտեղ կասեն, – նետեց Զախարովը:

Մայան առանց շտապելու ելավ տեղից, առանց շտապելու հագավ վերարկուն, գլխաշորը գցեց գլխին, հացը մակճակալի տակ էր, փայտե փոքրիկ տաշտի մեջ, թեքվեց, մի կտոր չոր հաց կտրեց, դրեց գրպանը, մոտեցավ, ամուր համբուրեց մորը, Ալեքսանդրա Եմելյանովնային, հետո քնքուշ հայացքով, արցունքով լի աչքերով նայեց մորը, իր մակճակալին, գրասեղանին, գրքերին, ապա ուղղվեց, ասաց.

–Ես պատրաստ եմ:

Աննա Փեհլիվանովնան ընկավ մահճակալին, դառը հեկեկաց.

–Մայրիկ, մի լա, – դռների մոտ շրջվելով ասաց Մայան: Նա Ժպտաց: -Մի լա, քո աղջիկը այնպիսի բան չի անի, որ դու նրա համար ամաչես…

Ալեքսանդրա Եմելյանովնան կանգնել էր պատի մոտ, նայում էր Մայաին և նրա աչքերից անդադար հոսում էին արցունքները:

Դրսում բուքը սաստկացել էր, կատաղորեն ծեծում էր դուռ ու պատուհան:

Ուլյան դեռ առավոտվանից հավաքեց սենյակը, լվաց հատակը։ Հետո դույլի մեջ ջուր դրեց կրակին։ «Մի քիչ լվացք կա, անեմ»,– ասաց նա։ Առաջ ու ետ էր քայլում սենյակում։ Նստում էր պատուհանի առջև, քիչ մնում էր այդպես, հետո նորից ելնում, անհանգիստ քայլում էր սենյակում։

Մայրը՝ Մատրյոնա Սավելևնան, նույնպես անհանգիստ էր։ Նա գիտեր աղջկա գործունեության մասին։ Գիտեր նաև, որ շատերին բանտարկել են արդեն։ Վախեցած նայում էր Ուլյային, և նրա աչքերից շարունակ հոսում էին արցունքները։

–Գնա, Ուլյաշա, հեռացիր տնից,– ասաց նա։– Ախր շատերին արդեն տարել են, քեզ էլ կբռնեն։

Ուլյան տխրությամբ նայեց մորը։

–Լաց մի լինի, մամա։ Մենք չենք վախենում։ Փրկության հույսը չի մարել դեռ,– ինքն անգամ չհավատալով իր խոսքերին, արտաբերեց Ուլյան։ Նա արագ հագավ վերարկուն, գցեց գլխաշորը, դուրս եկավ։

–Ես հիմա կգամ, մայրիկ,– ասաց նա։ Բայց եկավ ուշ։

–Դու այս ի՞նչ է, Ուլյաշա, ջուրը դրել ես կրակին, ինքդ գնացել,– ասաց մայրը, թեպետ բոլորովին ուրիշ բանի մասին էր մտածում։

–Ոչինչ, մամա,– պատասխանեց Ուլյան մտազբաղ։– Մի ուրիշ անգամ կլվանամ։

Եվ նա դեռ չէր ավարտել խոսքը, դուռը ծեծեցին։ Երկու հոգի՝ տեղական ոստիկաններից, մտան ներս՝ դուռը թողնելով բաց․

–Դո՞ւ ես Գրոմովան,– հարցրեց ոստիկաններից մեկը։

–Այո, ես եմ․․․

–Շուտ հագնվիր։ Գնում ենք ոստիկանություն։

–Ո՞ւր,– իբր չլսեց Ուլյան։

–Ոստիկանություն։

–Մի գոռացեք, հանգիստ ասաց Ուլյան՝ հագնելով վերարկուն։

Մատրյոնա Սավելևնայի ծնկերը թուլացան և նա, առանց մի բառ անգամ արտասանելու, անզգա ընկավ գետնին։

Այնտեղ, ուր այժմ Պերվոմայկայի ոստիկանական կետն էր, նախկինում ավանային սովետն էր տեղավորված։ Մայան առաջներում, մինչև պատերազմն էլ, եղել էր այնտեղ, բայց ոչ այսպես ուշ և ոչ էլ այնպիսի տրամադրությամբ, ինչպես հիմա։

Ոստիկաններից մեկը բաց արեց դուռը և նրան ներս հրեցին։ Սենյակում մի քանի մարդ կար՝ գերմանական համազգեստով ու առանց համազգեստի։ Կենտրոնում, սեղանի ետևը, նստած էր Կրասնոդոն քաղաքի պարետ Գեդեմանը, ոստիկանության պետ Սոլիկովսկին, քննիչ Ֆենբոնգը և ուրիշներ։ Մայան նրանցից դեմքով գիտեր միայն Սոլիկովսկուն ու Ֆենբոնգին։ Նա անվստահ ու վախեցած առաջ եկավ, կանգնեց։

Գեդեմանը բարձրացրեց աչքերը, նայեց։

–Առաջ եկ,– հրամայեց Սոլիկովսկին։

Մայան մի քայլ ևս առաջացավ, դարձյալ կանգնեց։ Նա իր վրա զգում էր այդ մարդկանց հայացքները, աշխատում էր հանգիստ երևալ, չմատնել իրեն։

–Ուրեմն այսպես,– խոսեց Սոլիկովսկին հանգիստ, խաղաղ ձայնով։– Քո մասին ամեն ինչ հայտնի է պարոն մայորին։ Բայց հիմա նրան, ինչպես և մեզ, ուրիշ բան է հետաքրքրում՝ ովքե՞ր էին ձեզ ղեկավարում, նրանց հասցեները։

–Ես չեմ հասկանում , թե ինչի մասին է խոսքը,– թոթվելով ուսերը, կամացուկ ասաց Մայան։– Ի՞նչ ղեկավարի մասին եք հարցնում։ Ես ոչինչ չեմ հասկանում։

Սոլիկովսկին նայեց դռների կողմը։ Մի պահ բոլորը լուռ էին։ Դուռը կիսաբացվեց, և մանրաքայլ ներս եկավ Զախարովը, իսկ նրա ետևից Գենադի Պոչեպցովը ։

–Ճանաչո՞ւմ ես սրան,– հարցրեց Գեդեմանը, նայելով Պոչեպցովին ու դանդաղ ելնելով տեղից։

–Այո,– քմծիծաղեց Գենյան ։– Ղեկավարներից է։

–Լսո՞ւմ ես,– ասաց Սոլիկովսկին նույնպես քմծիծաղելով։– Քո մասին է խոսում։

–Նա ստում է,– արագ ասաց Մայան, նայելով ոչ թե Սոլիկովսկուն , այլ մայոր Գեդեմանին, որը դանդաղ քայլում էր սենյակում։– Նա․․․ նա անտարբեր չէր իմ հանդեպ․․․ իսկ ես․․․ ես նրան չէի սիրում։ Ես նրան միշտ էլ արհամարհել եմ․ և ահա, նա վրեժ է լուծում։

–Խոսիր,– նետեց Սոլիկովսկին՝ դիմելով Պոչեպցովին։– Էլ ի՞նչ կարող ես ասել։

 

–Մի քանի անգամ թռուցիկներ է տվել, որ տարածեմ․․․– Հայացքը գետնին, ասաց Պոչեպցովը։

–Հակապետական թռուցիկներ է տվել, որ տարածես․․․ Հետո՞։

–Այո․․․ Իսկ ես չեմ տարածել, վառել եմ։

–Նա ստում է, պարոն մայոր,– ասաց Մայան ։– Նա զրպարտում է։ Ես նույնիսկ մի տարի է, չեմ տեսնում նրան։ Նա ստում է, նա վրեժ է լուծում։ Որովհետև արհամարհել եմ միշտ․․․

Սոլիկովսկին նայեց ոստիկանների կողմը։ Դուռը նորից կիսաբացվեց, Պոչեպցովը աննկատ դուրս եկավ։

–Դե հիմա պատմիր,– ասաց Սոլիկովսկին ։– Մեզ հետաքրքրում է, թե ովքե՞ր էին ղեկավարում ձեզ։ Նրանց հասցեները։ Միայն այդքանը։ Իսկ հետո մենք ձեզ, պարզ է, բաց կթողնենք։

–Ես ասացի, ախր։ Նա վրեժ է լուծում ։

–Լռիր, հանկարծ գոռաց Զախարովը ։– Ի՞նչ ես հիմարի տեղ դրել քեզ։ Պատմիր։ Շուտ։

–Ես ոչինչ չգիտեմ,– պատասխանեց Մայան սրտապնդվելով։ «Խիզախությունը ծնվում է պայքարի մեջ», -հիշեց Նիկոլայ Չեռնյավսկու խոսքերը։ «Դուք ինձնից ոչինչ չեք լսի», մտքում ասաց նա, նայեց բոլորին։– Ես ոչ ոքի չեմ ճանաչում։ Ես չգիտեմ նույնիսկ, թե ում մասին է խոսքը։ Նա ինձնից վրեժ է ուզում լուծել․․․

–Պարոն մայոր,– ասաց Սոլիկովսկին, նայելով Գեդեմանի կողմը։– Բարի եղեք, խնդրում եմ, մի քանի րոպեով մենակ թողեք մեզ։

–Իրոք, պարոն մայոր, ճիշտ է ասում,– խառնվեց Զախարովը։– Լավ կլիներ․ ինքներդ եք տեսնում, ոինչ չի ուզում հասկանալ․․․

Գեդեմանը ժպտաց, գնաց դեպի դռները։ Զախարովը մոտեցավ պատուհանին, վառարանի մոտից փայտի մի կտոր վերցրեց։

–Վրեժը ու սիրո մասին կատակները հասկացանք,– ասաց Զախարովը, երբ մայորի ետևից ծածկվեց դուռը։– Բայց սերը մի կողմ, սիրո մասին հետո։ Պատասխանիր իմ հարցին․ Կոմունիստներից ո՞վ էր ղեկավարում, ո՞ւմ ես ճանաչում։ Անունը և հասցեն, միայն արագ։

–Ես ոչ ոքի չգիտեմ։ Ես ոչինչ չգիտեմ։

Զախարովը թափով խփեց Մայայի գոտկատեղին։ Ուժեղ ու սուր ցավից Մայան չկարողացավ անգամ հառաչել, նա կծկվեց, ծնկները ծալվեցին և որպեսզի չընկնի, ձեռքերով հենվեց հատակին։

–Անունը և հասցեն․․․

Դա նույն Զախարովի կատաղի ձայնն էր։ Մայան հասկացավ դա։ Փայտի հարվածը իջավ մեջքին։ Ակամա շրջվեց։ Սոլիկովսկու բռունցքը իջավ դեմքին։

–Ո՞վ էր ղեկավարում, հասցեն։

Հարվածները իջնում էին դեմքին, մեջքին։ «Դուք ոչինչ չեք լսի ինձնից, սողուններ» ,– ընկնելով գետնին, Մայան ծնկների վրա ձգեց, ուղղեց շրջազգեստը։

–Հասցեն։

–Անունը։

–Հասցեն։

–Անունը։

–Հասցեն։

Մի դույլ սառը ջուր լցրին վրան։ Մայան բացեց աչքերը։

–Անունը,– նրա ականջի տակ գոռաց Սոլիկովսկին ։– Ինչպե՞ս էր անունը։ Ո՞վ էր ղեկավարում ։

Մայան լուռ էր։

–Բավական է,– ասաց Զախարովը ։– Նա հևում էր։– Ոչինչ, քիչ հետո կխոսես, ասաց Զախարովը, ձեռքի փայտը նետելով վառարանի մոտ ։– Խուզարկել տունը,– հրամայեց նա և, հագնելով վերարկուն, երկու ոստիկանի ուղեկցությամբ դուրս եկավ փողոց։

–Տանել սրան ,– հրամայեց Սոլիկովսկին։

Մայային տարան բանտախուց։

Ալեքսանդրա Եմելյանովնան նախատում էր ինքն իրեն։ Ինչո՞ւ լսեց Աննա Վասիլևնային, ինչո՞ւ լսեց, ախր․․․ Հարկավոր էր գնալ Մայայի հետ։ Բայց ոչ, ավելի լավ է ուտելու որևէ բան տանել նրա համար։ Ալեքսանդրա Եմելյանովնան, դեռևս չհասած իրենց տանը, հետ դառավ։ Լուսնյակ, ցուրտ գիշեր էր։ Նա քայլում էր արագ, ուշադրություն չդարձնելով ցրտին ու քամուն։

–Աննա Վասիլևնա,– բակից կանչեց նա և, առանց պատասխանի սպասելու, արագ բարձրացավ տուն։ Աննան նստած էր պատշգամբում, սեղանի մոտ, քարացած հայացքով նայում էր փողոցին․ նա հեռվից էր տեսել Ալեքսանդրա Եմելյանովային ։

–Ես նորից եկա,– ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան, նստելով աթոռակին։– Որտեղ Մայան՝ այնտեղ էլ ես։

–Դու զուր ես եկել,– հոգնած ձայնով խոսեց Աննա Փեհլիվանովան, առանց հայացքը փողոցից կտրելու։– Հարկավոր է թաքնվել, նրանք կարող են այս րոպեին գալ քո ետևից։

–Ես ոչ մի տեղ չեմ գնա,– գլխի թեթև շարժումով կրծքի վրայից մազերը նետելով ուսերին, կամացուկ ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան ։-Առանց նրան մի օր անգամ չեմ ապրի։ Գնում եմ բանտ, Մայայի մոտ, ուտելիք տվեք, տանեմ․

Աննան դանդաղ ելավ տեղից, գնաց խոհանոց՝ կարտոֆիլ բերելու։

Բակում դարձյալ ձայներ լսվեցին։ Եվ մինչև Աննա Փեհլիվանովան խոհանոցից կվերադառնար, երկու ոստիկանի ուղեկցությամբ սենյակ մտավ Զախարովը։

–Խուզարկել,– առանց Ալեքսանդրա Եմելյանովնայի վրա ուշադրություն դարձնելու, հրամայեց նա։

Խոհանոցից ներս մտավ Աննա Փեհլիվանովան և, տեսնելով Զախարովին ու երկու ոստիկաններին, մնաց սառած։

–Արի, արի,– չարախինդ ծիծաղով ասաց Զախարովը ։– Կոմերիտուհի ես մեծացրել, հա՞․․․

–Չէ՞ որ ինքդ էլ կուսակցական էիր, անամոթ,– չհամբերեց Աննա Փեհլիվանովան։

–Ահա թե ինչ,– ծոր տվեց Զախարովը։– Ես քեզ ցույց կտամ, ստալինյան ստոր արարած․․․ Գնացինք,– ասաց նա ոստիկաններին։– Սրան նույնպես վերցրեք․․․

Ոստիկաններից մեկը, Աննայի ձեռքից վերցնելով կարտոֆիլները, դրեց սեղանին, նրան հրեց դեպի դուռը։

–Գնա։

․․․Լուսանում էր արդեն, երբ նրանք հասան ավանային ոստիկանություն։ Այնտեղ էին Սոլիկովսկին ու մի քանի ոստիկաններ։

–Հը, սրան ինչի՞ եք բերել,– հարցրեց Սոլիկովսկին խիտ հոնքերի տակից նայելով Զախարովին։

–Նոր կարգերը դուր չեն գալիս սրան,– չարախինդ ծիծաղով ասաց Զախարովը։ – Շուտ հանիր շորերդ,– անսպասելի գոռաց նա, մոտենալով Աննային։– Օգնեցեք սրան,– հրամայեց նա ոստիկաններին։

Ոստիկանները մոտեցան Աննա Փահլիվանովային և, մինչև նա կհասկանար, թե ինչ է կատարվում, վայրկենապես պոկեցին նրանից շալը, շրջազգեստը և նրան նետեցին նստարանին։ Ինչ-որ մեկը սեղմեց նրա ոտքերը, ինչ-որ մեկը շորով ծածկեց գլուխը և տեղացին հարվածները։ Զախարովը խփում էր մատնաչափ հաստություն ունեցող մտրակով։

–Դե հիմա կեր, ստալինյան ստոր արարած ,– յուրաքանչյուր հարվածի հետ ասում էր Զախարովը ։– Դե հիմա կեր։

–Բավական է,– մտրակը նետելով նստարանին ասաց Զախարովը գոհունակությամբ ժպտալով ։– Թող մի քիչ խելքի գա։

Աննա Փեհլիվանովան ընկած էր անշարժ։ Ձեռքերը թույլ կախվել էին նստարանից։ Ոստիկանները նայում էին նրան, ինչ-որ բաներ էին պատմում, քրքջում։

–Պարոն Գեդեմանն է գալիս,– ներս վազելով ասաց ոստիկաններից մեկը, և բոլորն իսկույն զգաստացան։ Ներս մտավ Գեդեմանը, թռուցիկ հայացք ձգելով Աննա Փեհլիվանովայի վրա։

–Մայա Փեհլիվանովայի մայրն է,– բացատրեց Զախարովը ։

–Բերեք աղջկան ,– կարճ հրամայեց Գեդեմանը։

Ներս բերեցին Մայային։ Նա լիովին փոխված էր, բերանի անկյուններում չորացած արյան հետքեր կային, հագուստը պատառոտված էր։ Նա հազիվ էր ոտքի վրա կանգնում։

–Ովքե՞ր էին ղեկավարում ,– վերցնելով մտրակն ու առաջ գալով, ասաց Սոլիկովսկին ։– Ղեկավարի անունն ու հասցեն։

Մայան չլսեց Սոլիկովսկու խոսքերը։ Այն պահից , երբ նկատեց մորը, նա անզգայացավ ասես, և հիմա, լայնացած աչքերով նայում էր մորը․ և նրա բերանից ոչ մի շշուկ չէր լսվում․ միայն զգում էր, որ օդը չի հերիքում։

Եվ մտրակի հարվածի՞ց էր, թե անհուն վշտից, Մայան ճչաց աղեկտուր։

Աննա Փեհլիվանովան ուշքի եկավ դստեր ձայնից։

–Աղջիկս, աղջիկս, Մայա ,– փորձելով ելնել տեղից, կամացուկ, անօգնկան արտասանեց նա։

–Ո՞վ էր գալիս աղջկադ մոտ,– բղավեց Զախարովը, մոտենալով Աննա Փեհլիվանովային ։– Ասա, ո՞վ էր գալիս։

–Ես ոչինչ չգիտեմ,– դարձյալ կամացուկ արտասանեց Աննա Փեհլիվանովան։

–Ախ, չգիտես,– քրքջաց Զախարովը ։– Հիմա կիմանաս։– Նա արագ մոտեցավ Մայային և նրան քարշ տվեց դռան մոտ։– Միացրեք պատեֆոնը։

Հնչեց երաժշտությունը։ Զախարովի օգնությամբ, ոստիկանները Մայայի մատները դրեցին դռան արանքում, Զաարովը ամուր խփեց դուռը։

Լսվեց մի ճիչ, և Մայան կախվեց դռան մոտ․ նրա մատներից հոսեց արյունը։

–Աղջիկս, աղջիկս ,– շշնջաց Աննա Փեհլիվանովան և կորցրեց գիտակցությունը։

Նա ուշքի եկավ բանտախցում։ Մի պահ չգիտեր, թե որտեղ է գտնվում։

–Լաց մի լինեք, Աննա Վասիլևնա ,– շշնջաց Ուլյան։– Լսո՞ւմ եք հրետանային որոտները, այդ մերոնք են գալիս։ Շուտով նրանք կգան։ Նրանք մեր վրեժը կառնեն արյունարբու ֆաշիստներից։

–Իսկ ո՞ւր է Մայան,– հազիվ շարժելով շուրթերը, շշուկով ասաց Աննա Փեհլիվանովան ։

–Նրան տարան Կրասնոդոն ․․․ Այստեղ տեղ չկա արդեն ․․․ Քիչ հետո կգան նաև մեր ետևից։ Իսկ ձեզ բաց կթողնեն,– ասաց Ուլյան և նրա արցունքները հոսեցին այտերով։– Հաղորդեցեք մայրիկիս, որ ես հոգով առույգ էի․․․ Եվ թող լաց չլինի ինձ համար․․․

Նրանք բոլորն էլ նստած էին Կրասնոդոնի բանտում՝ «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության մյուս անդամների հետ։ Պերվոմայկայի բոլոր տղաներն ու աղջիկներն այնտեղ էին, բացի Ալեքսանդրա Եմելյանովնայից։ Աղջիկները զրուցում էին, երբ բանտախցի դուռը բացվեց և Ալեքսանդրա Եմելյանովնային հրեցին ներս։

–Սաշենկա ,– Մայան, չկարողանալով տեղից ելնել, առաջ մղվեց։

Ալեքսանդրա Եմելյանովնան չոքեց նրա մոտ, գրկեց նրան, լաց եղավ։

–Քեզ համար ուտելիք եմ բերել ,– մի բան ասած լինելու համար ասաց Ալեքսանդրան, ձեռքի ցանցազամբյուղը դնելով գետնին։– Ինձ թողել դրսում, դուք եկել, նստել եք այստեղ։ Մի՞թե դա արդարություն է։

Աղջիկները ժպտացին, տեղ արեցին նրա համար։

Մյուս բանտախցից կամացուկ ծեծեցին պատը։

–Ո՞ւմ են բերել,– հարցրին այն կողմից։

–Ալեքսանդրա Եմելյանովնային,– պատասխանեց Ուլյան։– Դուբրովինային։

–Որ մեռնեմ էլ՝ ոչինչ չեմ ասի,– խոսեց Տոնյան ։– Բայց վախենում եմ տանջելուց։ Ես դրանց լավ գիտեմ, այդ հրեշներին, գիտեմ, թե ինչպես են տանջում։

–Ոչինչ, մի վախենա,– ժպտաց Լյուբա Շևցովան։– Պատեֆոնի նվագի տակ են ծեծում, բոլորովին չի ազդում։

–Որտե՞ղ են տղաները,– ցածր հարցրեց Ալեքսանդրա Եմելյանովնան։

–Կողքի խցում։ Մեր բոլոր տղաները այնտեղ են՝ Բորյան, Անատոլին, Վիկտոր Պոպովը, Դիմկան, Վասյան, Գենա Լուկաշևը, Ռագոզինը , Նիկոլայ Ժուկովը , Տոլյա Նիկոլաևը, բոլորին բերել են։