Tasuta

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

Տղամարդիկ մտան հյուրասենյակ։

–Դու լրիվ թրջվել ես,– ասաց Ելենան, ձեռքով կպչելով Եվայի շորին։– Ամալյա,– կանչեց նա։

–Ոչինչ, ոչինչ,– ընդդիմացավ Եվան, սակայն Ամալյան արդեն դուրս էր եկել խոհանոցից։ Նա երկչոտ համբուրեց Եվային, միաժամանակ գլխի թեթև շարժումով բարևելով Լեոնիդին ու Ստեփանին, և նայեց Ելենային՝ սպասելով նրա հարցին։

–Փոխնորդ տուր, Ամալյա, շորերը լրիվ թաց են։

–Այս րոպեին։ Իհարկե, հարկավոր է փոխել, թե չէ կարող է թոքերի բորբոքում ստանալ։– Նա Եվային ուղեկցեց ննջասենյակ։

Ստեփանը ելավ տեղից և, ատամները սեղմած, անհանգիստ սկսեց ետ ու առաջ քայլել։

–Ես նրան սպանեցի,– անսպասելի կանգ առնելով սենյակի մեջտեղում, ասաց Ստեփանը։ – Այո, դա հաստատ է։ Ես իմ ձեռքով սպանեցի նրան։

–Դա ճիշտ չէ, Ստեփան,– հանկարծակի խռպոտ ձայնով արտաբերեց Ելենան առաջ գալով։– Դա ճիշտ չէ, որովհետև անկարելի է, որ դա ճիշտ լինի։

–Ոչ, ճիշտ է,– ինչքան կարելի է խաղաղ, հոգնած ձայնով ասաց Ստեփանը։– Դու պարզապես, չգիտես, Լենա, դու ամեն ինչ չէ, որ գիտես։

–Վերջ տուր, Ստեփան,– նորից խոսեց Ելենան հուզմունքով։– Դու հաշիվ տալի՞ս ես քեզ, թե ինչ ես խոսում։ Ռաֆայել Աղասիևիչ, Լեոնիդ, ասացեք նրան, որ իրավացի չէ նա։

–Իհարկե, իրավացի չէ, նա ինքն էլ շատ լավ գիտի, որ իրավացի չէ,– նկատեց Լեոնիդը։

–Լսիր, Ստեփան,– սաստող տոնով ասաց Ռաֆայելը,– խելքդ գլուխդ հավաքիր։

–Ոնց որ երազում եղած լինի այդ ամենը,– ասաց Ստեփանը անօգնական նայելով շուրջը։– Երևակայել միայն, որ ես ընդամենն ինչ-որ մի քանի վայրկյան ուշացա միայն… Դա աններելի է, չէ՞ որ ես կարող էի փրկել նրան։

–Նա այլևս չկա, Ստեփան,– կրկին նկատեց Լեոնիդը։-Ավելի լավ է քո մասին մտածիր։

–Իսկ ինձ ի՞նչ է եղել, որ իմ մասին մտածեմ,– հետզհետե բորբոքվելով խոսեց Ստեփանը։-Գլուխս տեղը, ոտուձեռքս տեղը… Բայց չէ՞ որ ես իրոք կարող էի փրկել նրան։

–Ստեփան, եթե դա հնարավոր լիներ, դու անպայման կփրկեիր նրան,– մուգ, բուրավետ թեյով բաժակները մատուցելով ասաց Ամալյան։– Իզուր տեղը մի խոսիր։ Դու ավելի լավ է թեյ խմիր, և ամեն ինչ կանցնի։ Միևնույն է, քո ասածներին ոչ ոք չի հավատում։

–Հերիք է և այն, որ ինքս հավատում եմ,– ասաց Ստեփանը։

–Իսկ ո՞ւր է Եվան,– ըստ երևույթին, խոսակցության նյութը փոխելու համար հարցրեց Ռաֆայելը։

–Մյուս սենյակում է,– ակամա նայելով ննջասենյակի կողմը, պատասխանեց Ամալյան։– Մի քիչ վատ է զգում իրեն, ոչինչ, հիմա կգա։

–Ես ինձ այժմ ոնց որ մարդասպան եմ զգում,– կրկին խոսեց Ստեփանը նայելով բոլորին ու միաժամանակ ոչ ոքի չտեսնելով։

Լեոնիդը մի պահ նայեց Ստեփանին և , թեքվելով Ռաֆայելի կողմը, կամացուկ, բայց բոլորի համար լսելի, ասաց.

–Վերջապես խելքի բեր սրան, այս ամբողջ ժամանակը նա զբաղված էր այն բանով, որ մեղադրում էր ինքն իրեն՝ կատարված հանցանքի համար, մինչև քո գալը՝ և լաբորատորիայում, և դրանից հետո՝ հիվանդանոցում, նա շարունակ նույնն էր կրկնում՝ ընդ որում՝ միլիցիայի ու դատախազության ներկայացուցիչների մոտ։ Դա, ախր, հիմարություն է։

–Լսիր,– արագ շրջվելով Ստեփանի կողմը, ասաց Ռաֆայելը։– Լեոնիդն իրավացի է։ Դու այնքան էլ մի տարվիր ինքնատվայտանքով, սովորաբար դրանից լավ բան սպասել չի կարելի։

–Դու ինչի՞ մասին ես խոսում,– մտացրիվ հարցրեց Ստեփանը։

–Կարող է այնպես պատահել, որ ես հետո ստիպված լինեմ հերքել այն, ինչ հիմա դու ասում ես,– համբերատար բացատրեց Ռաֆայելը։– Որովհետև քո մեղայական խոսքերից հետո դա այնքան էլ հեշտ չի լինի անել։ Գոնե մեզ խղճա։

Տիրեց երկարատև լռություն։ Ջրհորդաններից իր ձանձրալի քլթքլթոցներով շարունակում էր թափվել ջուրը։

–Իսկ դու ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ,– լռությունը խախտեց Ալենան՝ դիմելով Լեոնիդին։– Չէ՞ որ այստեղ պիտի գայիր։

–Հենց այստեղ էլ գալիս էի,– արձագանքեց Լեոնիդը, ափերի մեջ պահելով թեյի տաք բաժակը։– Հետո հանկարծ որոշեցի մտնել Ստեփանի մոտ, նրան էլ վերցնել։ Տաքսին նույնիսկ բաց չէի թողել, մոտեցա լաբորատորիայի դռանը, և հանկարծ Ստեփանը դուրս թռավ այնտեղից և ասաց, որ Անտոնյանը հենց նոր զոհվեց։ Ես էլ սկսեցի զանգել՝ ուր պետք է, շտապ օգնությունը եկավ, բայց դե ուշ էր արդեն։

–Իսկ Ստեփանը շա՞տ էր չարախոսում իր մասին,– հարցրեց Ելենան՝ մեկընդմեջ նայելով Ստեփանին ու Լեոնիդին։

–Այն էլ ինչպես,– արագ ասաց Լեոնիդը։– Քննիչն արդեն սկսել էր գրառել նրա ասածները, քայլում էր ետևից, որսում ամեն մի բառը։ Ջահել տղա էր, երևի, նոր ավարտած, Շերլոկ Հոլմս էր ձևացնում իրեն… Իսկ ինչ է, Եվան, իրոք վատ է զգո՞ւմ իրեն, հա՞…

– Չէ, հիմա կգա, շորերն է փոխում,– ասաց Ամալյան։– Թեյը սառչում է, խմեցեք, իսկ հետո սեղան կգցեմ, ամեն ինչ պատրաստ է։

Կրկին լռություն տիրեց և հեռախոսազանգը, որ հնչեց սովորականից բարձր, մի տեսակ վախեցրեց ասես բոլորին։ Ելենան հեռախոսին մոտ էր, Ռաֆայելը հայացքով նրան հասկացրեց, որ վերցնի լսափողը։

–Այո, լսում եմ։ Բաև ձեզ։ Այո, այստեղ է։ Մի րոպե։– Ելենան ձեռքով ծածկեց հեռախոսի մեմբրանը և կամացուկ ասաց.

–Ռաֆայել, քեզ են ուզում։ Անծանոթ ձայն է…

–Սկսվեց… Ասեիր տանը չէ..– Ռաֆայելը վերցրեց լսափողը, և կկոցված աչքերով նայելով դուրսը, ուր այլևս ոչինչ չէր երևում, ասաց։– Այո, հասկանալի է, ծանր կորուստ է մեզ բոլորիս համար… Ոչ, ես համոզված եմ, որ պարզապես դժբախտ պատահար է և ուրիշ ոչինչ…– Նրա այտամկանները նկատելի ձգվեցին։– Խնդրում եմ, սպասեք վերջացնեմ խոսքս… Այո, այդ բոլորը ճիշտ է, դուք իրավացի եք, բայց, այնուամենայնիվ… Ինչպե՞ս,– Ռաֆայելը հետզհետե գունատվելով, դեմքը դարձրեց դեպի պատը։– Ի՞նչ հանցակազմ… Ներեցեք, բայց դա անկարելի է, որովհետև ես ապարատը շտապ ուղարկել եմ տեխնիկական փորձաքննության և մինչև չստանամ պատասխանը… Ոչ, պատասխանը երկու-երեք օրից հետո միայն պատրաստ կլինի…

Մյուս կողմում հեռախոսը ցած դրեցին, և Ռաֆայելը մի պահ կանգնել էր շվարած՝ ասես չիմանալով իր անելիքը։

–Այդ ո՞վ էր,– հարցրեց Ստեփանը։

–Մինիստրությունից է, առաջին տեղակալն է,– ցած դնելով լսափողը ասաց Ռաֆայելը, փորձելով ժպտալ։

–Իսկ ի՞նչ էր ուզում։

–Որպեսզի ես գործն անհապաղ հանձնեմ դատախազություն։

–Նա ինչէ, հին հաշի՞վ ունի քեզ հետ,– հարցրեց Լեոնիդը նայելով Ստեփանին։

–Երևի,– անտարբեր ասաց Ստեփանը։

–Թշնամիներ ձեռք բերելու հարցում Ստեփանը մի հատ է,– ասաց Ռաֆայելը։ Նա ուզում էր դարձյալ ինչ-որ բան ասել, բայց ակամա լռեց՝ դռան մոտ նկատելով Եվային։

–Արի, Եվա, արի, նստիր,– առաջարկեց Լեոնիդը ելնելով տեղից։

Սակայն Եվան, ասես չլսեց նրան, նա նստեց սեղանից հեռու, բազկաթոռում, և, դառնալով Ստեփանին, հոգնած կերպով ասաց.

–Ինչպե՞ս եղավ այդ ամենը։

–Չափազանց բարձր ճնշում տվեցինք,– սկսեց Ստեփանը։– Կափույրի գլանաձողը չդիմացավ։ Իսկ նա այդ ժամանակ ինչ-որ բանի համար թեքվել էր կափույրի վրա և… գլանաձողը կպավ գլխին։

–Իսկ դո՞ւ որտեղ էիր։ Դու նրա մո՞տ չէիր։

–Պարզ է, մենք միասին էինք։ Բայց ես այդ պահին հետևում էի ճնշաչափի սլաքին, իսկ երբ շրջվեցի, արդեն ուշ էր։

–Ինչո՞ւ էր ուշ,– ջղագրգիռ հարցրեց Եվան։

Ստեփանը ուշադիր նայեց նրան, ասաց.

–Իսկ ինչու՞ ես այդպես նայում ինձ։

–Ստեփան… Ստեփան, ախր… Գուցե դո՞ւ ես արել դա։

–Եվա, ինչե՞ր ես ասում, մտածիր գոնե,– տագնապալից ասաց Ամալյան, օգնություն աղերսող հայացքով նայելով նստածներին։

–Եվա, դա արդեն պետք չէ,– թեյը մի կողմ հրելով ասաց Լեոնիդը։– Այդպես չի կարելի։

–Գուցե դո՞ւ ես սպանել նրան,– բարձրացնելով ձայնը, հուսահատորեն ասաց Եվան։– Այո, այո… Հիշո՞ւմ ես իմ խոսքերը՝ քեզ մոտ, լաբորատորիայում՝ նրան սպանելու մասին։

–Ոչ,– ընդոստ ելնելով տեղից ասաց Ստեփանը նայելով Եվային։– Չեմ հիշում։

–Գնանք, Եվա, դու իզուր էլ վեր կացար,– համառորեն ասաց Ամալյան, թևանցուկ անելով Եվային։– Գնանք, ես թեյը կբերեմ այնտեղ։

–Պետք չէ,– ընդդիմացավ Եվան։– Ես ինձ շատ լավ եմ զգում։

–Ոչ, ոչ, գնանք։– Ամալյան թևանցուկ արած, Եվային տարավ ննջասենյակ։

– Ելենա, դու էլ գնա,-առաջարկեց Ռաֆայելը։-Թե չէ մենակ լավ չէ նրա համար։

Ելենան մի տեսակ դժկամորեն բարձրացավ տեղից։

–Ստեփան, դու նրա խոսքերին ուշադրություն մի դարձրու,– ինչպես հարազատի՝ շրջվելով շշնջաց Ելենան՝ սևեռուն նայելով Ստեփանին։– Նա հիմա ինքն էլ չգիտի, թե ինչ է ասում։

–Ոչինչ, պատահում է,– արձագանքեց Ստեփանն ընկճված, և, իր վրա բռնելով Ռաֆայելի հայացքն ու միաժամանակ սպասելով մինչև Ելենան անցնի մյուս սենյակը, ասաց՝ առանց նրան նայելու.

–Ռաֆայել, դու շարունակ լռին նայում ես ինձ և նայում ես ինչ-որ մի տեսակ տարօրինակ ձևով։

–Քեզ դո՞ւր չի գալիս դա։

–Չգիտեմ,– ասաց Ստեփանը։– Ինձ համար հաճելի կլիներ, եթե դադարեիիր նայել։

–Պարզապես կուզենայի ինչ-որ բաներ ճշտել։

–Դե, ինչ կա որ, ճշտիր, եթե դա անհրաժեշտ է։

–Անհրաժեշտ է։ Սկսենք սկզբից,– ասաց Ռաֆայելը։– Ո՞վ տվեց հրամանը՝ փորձարկումը սկսելու մասին։

–Ես։

–Փորձարկումից առաջ ստուգե՞լ էիք սարքավորումները։

–Այո։

–Ո՞վ է ստուգել։

–Ես և Անտոնյանը։

–Ստուգման ժամանակ ձեզանից բացի ուրիշ որևէ մեկը կա՞ր լաբորատորիայում։

–Ես արդեն ասել եմ՝ ոչ ոք չկար. Մենք երկուսով ենք կատարել և ստուգումը, և փորձարկումը։

–Ապարատը հարյուր տասը մթնոլորտային ճնշման համա՞ր էր նախատեսված,– շարունակեց Ռաֆայելը։

–Այո,– հանգիստ պատասխանեց Ստեփանը, թռուցիկ մի հայացք ձգելով Լեոնիդի վրա, որը ուշադիր, առանց խառնվելու, հետևում էր զրույցին։

–Իսկ դիմացկունության պաշարն ինչքա՞ն էր,– հարցրեց Ռաֆայելը։

–Մթնոլորտային տասնհինգ միավոր։

–Վթարման պահին ձնշումը որքա՞ն էր ճնշաչափի վրա։

–Հարյուրհինգ միավոր։

–Նշանակում է ամենաքիչը մթնոլորտային տասնհինգ միավոր կար դեռ։ Դու լա՞վ ես հիշում, որ ճնշաչափն այդ պահին հարյուրհինգ միավոր էր ցույց տալիս։

–Այո, լավ եմ հիշում։

–Մտածիր, Ստեփան, գուցե մոռացել ես։ Դա շատ կարևոր է։

–Մտածելու հարկ չկա,– պատասխանեց Ստեփանը։-Հաստատ հիշում եմ։ Ճնշաչափի սլաքը կանգնած էր հարյուրհինգի վրա։

–Իսկ դու ինքդ ինչպե՞ս ես բացատրում վթարը։

Ստեփանը տարածեց ձեռքերը։

–Եթե միայն կարողանայի բացատրել։

–Իսկ այնուամենայնի՞վ,– շարունակեց Ռաֆայելը։

–Հավանաբար թույլ է եղել պարուրակը, գլանաձողը չի դիմացել։ Ո՞վ գիտի։

–Բայց չէ՞ որ ասում ես, թե մինչև փորձարկումը սարքերը լրիվ ստուգել եք։

–Այո, ստուգել ենք,– ջղագրգիռ ասաց Ստեփանը։– Ամեն ինչ կարգին էր։

Մյուս սենյակում կանայք տարակուսանքով իրար երեսի նայեցին։ Ամալյան նույնիսկ բարձրացավ տեղից, մտահոգ տեսքով մոտեցավ դռանը, հետո կրկին ետ եկավ, նստեց տեղը, Եվայի կողքին։

–Այո, ամեն ինչ կարգին էր, -նորից եկավ Ստեփանի ձայնը,– բայց այնուամենայնիվ, պայթունը տեղի ունեցավ։ Ուրեմն ինչ-որ բան բաց էինք թողել։

–Վթարի պահին երկուսով ապարատի մո՞տ էիք կանգնած,– թեպետ հանգիստ, բայց կանանց համար պարզորոշ լսելի հարցրեց Ռաֆայելը։

–Ես ճնշաչափի մոտ էի, Անտոնյանը՝ խողովակափույրի մոտ։ Նա կարգավորում էր գազի մատակարարումը։

 

–Իսկ դա ի՞նչ աղմուկ էր, որը ստիպեց Անտոնյանին թեքվել դեպի խողովակափույրն ու ականջ դնել,– հարցրեց Ռաֆայելը։– Կանխօրոք նախատեսվա՞ծ էր այդ աղմուկը։

–Ոչ,– պատասխանեց Ստեփանը։

–Ուրեմն այն կարո՞ղ էր ծառայել որպես յուրահատուկ ազդանշան՝ ապարատի մեջ գոյություն ունեցող անսարքության մասին։

–Այո։

Տիրեց լռություն։ Կայծակից դրսում վայրկյանապես լուսավորվեցին դիմացի շենքերի վերին հարկերը՝ ապակեպատ ինքնաշեն պատշգամբներով, երևացին տանիքներին, շեղակի խփող քամու ու անձրևի տակ խաչված անտենաներն ու ծխնելույզները։ Քաղաքի վրա մի քանի անգամ որոտաց ամպրոպը։

–Դու կարո՞ղ էիր նախազգուշացնել Անտոնյանին, որպեսզի նա մի կողմ քաշվեր,– կրկին հնչեց Ռաֆայելի ձայնը։

–Ես նախազգուշացրի, բայց նա չլսեց ինձ,– արձագանքեց Ստեփանը։– Նա ինքն էլ ինձնից վատ չէր հասկանում, որ պայթյունի վտանգավորություն կա։

–Ծայրահեղ դեպքում՝ դու կարո՞ղ էիր մի կողմ հրել նարն։

–Կարող էի։

–Իսկ ինչո՞ւ չհրեցիր։

–Արդեն ասել եմ, որ այդ պահին ես հետևում էի ճնշաչափի ցուցմունքին, իսկ երբ սթափվեցի, ուշ էր արդեն։

–Ռաֆայել, ապարատն ուղարկվել է տեխնիկական փորձաքննության,– ի վերջո եկավ նաև Լեոնիդի ձայնը։– այնպես որ, կարծում եմ, վատ չէր լինի, որ Ստեփանը մի քիչ հանգստանար, ոնց որ ասում են, ուշքը գլուխն հավաքեր։ Առջևում նրան դեռ ահագին գլխացավանք է սպասում։

–Ես չեմ հոգնել,– ասաց Ստեփանը։– Ուրիշ ի՞նչ հարցեր ունես։

–Էլ ոչ մի։

–Իսկ այնուամենայնի՞վ,– համառեց Ստեփանը։

–Առայժմ ոչ մի։

–Ռաֆայել, դու այնպիսի եռանդով էիր կպել գործին, որ ես արդեն քիչ էր մնում մտածեի՝ քաղաքացիական կոստյումդ հո չե՞ս փոխել դատախազական համազգեստի հետ։

–Ոչ, չեմ փոխել։

–Ուրեմն շատ լավ,– ասաց Ստեփանը։– Նշանակում է ես կարող եմ տուն գնալ, այսպես ասած, ոչ թե պահակախմբի հսկողությամբ, այլ իմ սեփական ոտքով։

Դարձյալ երկարատև լռություն տիրեց։ Ոչ Եվան, ոչ Ամալյան, և ոչ էլ Ելենան, որ լռին առաջ ու ետ էր քայլում սենյակում, չէին ուզում խախտել այդ քար լռությունը։

Եվան, խեղդելով հառաչանքը, ասաց.

–Ես զուր տեղը վիրավորեցի Ստեփանին… Ես ինքս էլ չգիտեի, թե ինչ էի ասում։

–Պատահում է, մի մտածիր,-սիրտ տվեց Ամալյան։– Դրանից վատն էլ է լինում։

–Չէ, դու չգիտես, Ամալյա,– խոսեց Եվան, հայացքն անորոշ ինչ-որ կետի։– Ես եմ մեղավոր նրա մահվան մեջ։

Ելենան կտրուկ կերպով նայեց Եվային, իսկ Ամալյան մի տեսակ մեղանչական տոնով շշնջաց.

–Պետք չէ, Եվա։ Դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում։

–Այո, ես եմ մեղավոր,– կրկնեց Եվան, առանց ուշադրություն դարձնելու Ամալյայի խոսքերին։– Մոսկվա մեկնելու օրը մեր մեջ սուր խոսակցություն տեղի ունեցավ, և ես նրան ասացի, որ այլևս միասին ապրել չենք կարող… Այո, դա իրոք այդպես էր, ես հոգնել էի խաբելուց և ինձ, և նրան, հոգնել էի ձևացնելուց՝ իբր թե ամեն ինչ կարգին է և ավելին ինձ պետք էլ չէ… Ոչ, ես նրան չեմ նախատում, նա, նա մեղավորություն չունի ոչ մի բանում…– Եվան խորը շունչ քաշեց, շարունակեց.– Իդեալական մարդիկ, թերևս չկան, նա նույնպես իդեալական չէր, բայց իդեալով մարդ էր նա և հաստատ գիտեր հանուն ինչի է ապրում այս աշխարհում։ Եվ ահա, երբ հանկարծ տեսնում ես, որ այդպիսի մարդը արհամարհում է քեզ…

–Եվա, ախր այդ ինչեր ես խոսում,– դարձյալ մեջ ընկավ Ամալյան։

–Պետք չէ, Ամալյա,-մի կիսավայրկյան աչքերը գոցելով ասաց Եվան՝ տարուբերելով գլուխը։-Չէ՞ որ ես կին եմ և զուրկ չեմ ներըմբռնողությունից… Ոչ, ես ամեն ինչ տեսնում էի։ Ես տեսնում էի, որ նա իր ձևով է սիրում ինձ։ Սիրում է իմ մարմինը, իմ մազերը, իմ դեմքը, նույնիսկ իմ թեթևամտությունը։ Բայց ես համաժամանակ տեսնում էի նաև այն, որ նա իր հոգու խորքում արհամարհում է ինձ։ Նա իմ մեջ կանացի կատարելատիպն էր ուզում տեսնել, բայց ավաղ, չէր տեսնում։

–Ինչպե՞ս հասկանալ դա,– սառն արտաբերեց Ելենան։

–Չգիտեմ, բայց զգում եմ, որ տեսնում էր ոչ այն, ինչ ուզում էր,– արձագանքեց Եվան։-Եվ երբ հասկացա դա, ես հանկարծ զգացի այնպես, ինչպես լուսնոտն է զգում իրեն՝ քնից արթնանալով բարձրաբերձ շենքի քիվին։ Եվ ես սկսեցի մտածել՝ իսկ ինչի՞ համար եմ ապրում այս աշխարհում, ի՞նչ եմ ուզում կյանքից և ինքս ինչ եմ տվել։ Ո՞ւմ եմ ուրախացրել նրանով, որ ապրում եմ երկրի երեսին և ո՞վ կհիշի ինձ, երբ այլևս չեմ լինի։ Ես նույնիսկ երեխա չունեմ, որ գոնե երբևէ շնորհակալություն ասի ինձ այն բանի համար, որ կյանք եմ տվել իրեն։ Ես դավաճանեցի իմ սիրուն ու կոխկրտեցի նաև ուրիշինը։

–Չափազանց ուշ է զղջման համար,– ասաց Ելենան նույն սառնությամբ։

Ամալյան սաստող հայացքով նայեց Ելենային։

–Գիտեմ, Ելենա, ես ինքս էլ գիտեմ, որ ուշացած խոստովանություն է սա, – ասաց Եվան մտացիր կերպով։-Եվ որ ոչինչ հնարավոր չէ վերադարձնել այլևս…Ես ամուսնացա Անտոնյանի հետ՝ առանց սիրելու նրան, և նա գիտեր դա ու այդտեղից էր գալիս նրա մշտատև ատելությունը, ամուսնացա փառամոլական հույսով՝ հեշտությամբ ձեռք գցել աշխարհիկ այն բարիքները, որ մարդկանց տրվում են ոչ հեշտությամբ։ Եվ ես ստացա դրանք, սակայն այնչափ թանկ գնով. ես դարձա գեղեցիկ մի խաղալիք՝ մեծ երեխայի ձեռքում, այն տարբերությամբ միայն, որ փոքր երեխան իր խաղալիքն անկեղծորեն հաշվում է իր բարեկամը և վստահում նրան իր մտքերը, իսկ Անտոնյանն իր մտքերը չէր վստահում ինձ…Պարզապես նրա բախտը չի բերել։ Առաջին կինը մահացավ, իսկ ես այդպես էլ չհասկացա նրան, կամ չուզեցի հասկանալ։ Նույնը և որդին։

–Որդին գիտի՞, որ հայրը չկա այլևս,– զգույշ հարցրեց Ամալյան։

–Ոչ, հարկավոր է հաղորդել։

–Հեռախոս ունի՞։

–Ոչ, քաղաքից դուրս՝ արվարձաններից մեկում վարձով է ապրում։

–Ինչո՞ւ։

–Համաձայն չէր, որ մոր մահից հետո հայրը նորից ամուսնանար։ Ըմբոստացավ հոր դեմ, վերցրեց կնոջն ու երեխային և դուրս եկավ տնից… Ոչինչ, նորից կգա, կապրի հայրական տանը։ Երրորդը միշտ էլ ավելորդ է։

–Եվա։

–Պետք չէ, Ամալյա, խղճահարություն չեմ ուզում։ Ասա Ռաֆայելին թող ուղարկի վարորդին։ Հասցեն առաջին հարկի մեր հարևանի՝ Մարիամի մոտ կա, թող վերցնի։– Եվան որոշ ժամանակ լռեց, հետո շարունակեց կիսաձայն։– Չլինեի ես՝ գուցե նա զգույշ լիներ։ Նա իր կյանքը չէր պատկերացնում առանց ինձ։

''Եվ իզուր'',– չարախնդությամբ մտովի ասաց Ելենան, գնաց դեպի հյուրասենյակ, ուր տղամարդիկ լուռ ծխում էին, և տեսնելով, որ Ստեփանը չկա, մնաց դռների մոտ մոլոր կանգնած։

*******

Երկարատև անձրևներից հետո նույնիսկ սարսափելի էր աշնան այդ շռայլ, տաք արևը։ Ռաֆայելը աշխատանքի վայրից, ինստիտուտից, զանգեց տուն և ասաց, որպեսզի Ամալյան պատրաստվի՝ գնալու են ռեստորան՝ ''Հին ինտուրիստ''։

–Իսկ ի՞նչ է պատահել,– հարցրեց Ամալյան տարակուսանքով։

–Լսիր, ինչպե՞ս թե՝ ինչ է պատահել,– ասաց Ռաֆայելը հեռախոսագծի մյուս կողմում։– Ես իրավունք չունե՞մ իմ սիրած կնոջ հետ ռեստորան գնալու։ Դու ինչ է, դե՞մ ես։

–Իհարկե, ոչ,– արձագանքեց Ամալյան ծիծաղելով։-Ես համաձայն եմ։

–Քեզ կես ժամը բավակա՞ն է, որպեսզի դա լինի այն ժամանակը, որ ես եմ ուզում։

–Եթե կես ժամ էլ ավելացնես, դա կլինի այն ժամանակը, որ դու ես ուզում։

–Շատ լավ, մի ժամից հետո տանն եմ։

Ռաֆայելը եկավ ուղիղ մի ժամից հետո, սակայն Ամալյան դեռևս պատրաստ չէր։

–Ախր, չէ՞ որ պայմանավորվեցի քեզ հետ,– ասաց Ռաֆայելը կեղծ հանդիմանանքով։

–Չեմ հասկանում՝ ո՞ւր ենք շտապում։

–Քաղցած եմ։

–Իրոք, այդ հանգամանքը մոռացել էի,– ժպտաց Ամալյան,– հիմա: Մինչև մի քանի րոպեն պատրաստ եմ։– Նա լուսամուտի առջև սկսեց արագ հարդարել մազերը և այդ պահին նկատեց Ստեփանին, որը պայուսակը ձեռքին մտնում էր դիմացի մուտք։ Ամալյան ակամաբար բարձրացրեց ձեռքը՝ նրան ողջունելու, սակայն Ստեփանը, առանց բարձրացնելու հայացքը, մի պահ կանգ առավ, ծխեց-վերջացրեց գլանակը և, կոթուկը նետելով մի կողմ, մտավ շքամուտք։

–Ստեփանը ոնց որ խռովել է մեզանից,– ասաց Ամալյան, գլխին գցելով բրդե սպիտակ գլխաշորը։

–Ինչո՞ւ։

Չգիտեմ։ Նույնիսկ մի անգամ չնայեց դեպի այստեղ։

–Երևի չի նկատել քեզ։

–Ոչ, նկատել է։ Դա անհնարին է, որ չնկատեր, լուսամուտի առջև կանգնած էի։

–Ամալյա, շուտ արա, մի րոպե էլ անցնի՝ շունչս կփչեմ։

–Վերջ, դուրս եմ գալիս… Ռաֆայել, ի՞նչ կլինի, Ստեփանին էլ կանչենք։ Նրա համար երևի շատ է ծանր։

–Նա չի գա։

–Ինչո՞ւ։ Հազար անգամ միասին նստել-վեր ենք կացել, ինչո՞ւ չպիտի գա։

–Ասացի, որ չի գա։ Դու Ստեփան Դուրյանին լավ չգիտես։ Չի գա հենց նույն բանի համար, ինչի համար որ չպատասխանեց քո ողջույնին։

Ամալյան արագ շրջվեց ամուսնու կողմը և, զարմանքով նայելով նրան, ասաց.

–Բայց դու ասացիր, որ չի նկատել ինձ։

–Այո,– գլխով արեց Ռաֆայելը։-Ասացի, բայց դու չհավատացիր ինձ։ Ճի՞շտ է։

–Ճիշտ է,– հնազանդ ասաց Ամալյան։

–Լավ, գնանք,– ասաց Ռաֆայելը, բաց անելով դուռը։– Վաղը ինքս կմտնեմ նրա մոտ՝ լաբորատորիա։ Լսիր, գիտե՞ս ինչ եմ նկատել,– անսպասելի ասաց Ռաֆայելը։

Ամալյան հարցական նայեց նրան։

–Ի՞նչ։

–Այն, որ վերջերս լռակյաց ես դառել։

–Մի՞թե,– փորձեց ժպտալ Ամալյան։-Շատ եմ պարապում, Ռաֆայել, երևի դրանից է։ Նույնիսկ երեխաների մասին եմ մոռացել։ Դու հո գիտես, թե ինչքան բութն եմ ես, անգիր եմ անում, անգիր, իսկ գլխիս մեջ ոչ մի բան չի մնում։ Հավանորեն կկտրվեմ, սիրտս վկայում է։

–Միշտ այդպես ես ասում, իսկ հետո գնում բարձր գնահատականներ ես ստանում։

–Ես ինքս եմ զարմանում, թե ոնց է այդպես ստացվում։

Նրանք դուրս եկան տնից, Ռաֆայելը բանալիով կողպեց դուռը, և նրանք քարե սանդուղքներով իջան բակ։

–Դու երևի այնտեղ, ինստիտուտում , բոլոր պրոֆեսորներին սիրահարեցրել ես քեզ,– ասաց Ռաֆայելը ծիծաղելով։-Նրանք լավ գիտեն հմայքը գեղեցիկ կանանց։

–Պուշկինը կասեր՝ դեռափթիթ կանանց,– թևանցուկ անելով ամուսնուն, լրացրեց Ամալյան։

–Այո, դեռափթիթ ու հրաշագեղ կանանց։ Դու էլ, ինչ խոսք, կոկետություն անելում մի հատ ես։ Եվ պարզ է, աչք ու ունք ես խաղացնում այդ մեկուսակյաց ծերուկների հետ։ Խոստովանիր։

–Թողություն տուր մեղքերիս, ինչ անեմ՝ մի կերպ պետք է ապրել, թե ոչ ։

–Իսկ այ, ինձ հետ դադարել ես կոկետություն անել,– թևի տակ սեղմելով կնոջ ձեռքը, նկատեց Ռաֆայելը։– Ծիծաղել նույնպես մոռացել ես… Երբեմն տուն եմ գալիս՝ կանխապես տրամադրված փակելու ականջներս քո աղմուկից, ախր, դու կամաց ոչինչ չես անում, լռած ժամանակ անգամ աղմկում ես… Հիմա գալիս եմ և տան այդ անսովոր լռությունն ասես մի տեսակ խլացնում է ինձ…

–Ոչինչ, Ռաֆայել, ես դեռ կաղմկեմ, դու ինձ համար մի անհանգստացիր,– ժպտաց Ամալյան, կողքանց նայելով ամուսնուն։

–Դու գիտես, թվում է, ես պատրաստ եմ ոտքով քայլելու մինչև աշխարհի ծայրը, միայն թե միշտ ժպտաս… Ես ուզում եմ, որ դու միշտ ծիծաղես, որ միշտ ուրախ լինես… Հասկանո՞ւմ ես…

–Ռաֆայել, ի՞նչ է պատահել քեզ։ Ասա ինձ վերջապես,– արագ-արագ վրա բերեց Ամալյան։– Ես հո կույր չեմ, տեսնում եմ, ախր, թե ինչքան է ծանր քեզ համար և թե ինչպես ես լուռ տանջվում… Այս ռեստորանն, ըստ երևույթին, մեջ գցեցիր հենց դրա համար։

Ռաֆայելը շնորհակալական հայացքով չափեց կնոջը, ժպտաց։

–Ոչինչ, կանցնի։ Ինչպե՞ս է ընդունված արտասահմանյան ֆիլմերում՝ ամեն ինչ կարգին է, շեֆ։

Նրանք անցան երկու շենքերն իրար միացնող կամարի տակով, ուր բավականին մութ էր, և դուրս եկան լայն պողոտա՝ լուսավորված էլեկտրական լապտերներով։

–Գիտե՞ս, Ռաֆայել,– սկսեց Ամալյան կամացուկ ու նայելով շուրջը՝ ասես պատրաստվելով նվիրական ինչ-որ գաղտնիք հաղորդել նրան։– Ես միշտ էլ հպարտացել եմ քո և Ստեփանի ընկերությամբ, ուրախացել եմ այդ ընկերությամբ ու մի քիչ էլ ճիշտն ասած, նախանձել. կանայք այդպես բարեկամություն անել չգիտեն։ Ձերը մի տեսակ շատ էր մեծ, պայծառ ու ջինջ, և ինձ այնպես էր թվում, թե այդ մտերմությունը կշարունակվի ձեր ամբողջ կյանքում։ Դա պարզապես սքանչելի է, որովհետև իսկական բարեկամությունը միշտ էլ վեհացնում է մարդկանց, անգամ կողմնակի մարդկանց, նրանց դարձնելով ավելի մաքուր ու հոգով ավելի պայծառ…

–Այդ ամենը ճիշտ է,– նրա խոսքը կտրեց Ռաֆայելը, բայց դու ինչո՞ւ ես անցյալ ժամանակով խոսում։ Ես ու Ստեփանը հիմա էլ ընկերներ ենք։

–Եթե այդպես է… Ուրեմն, ասա, ի՞նչ է պատահել,– հարցրեց Ամալյան, անթարթափ նայելով ամուսնուն։

–Հասկանո՞ւմ ես…– Ռաֆայելը մի պահ մտածեց՝ ասես ծանրութեթև անելով ասելիքը և վճռական շարունակեց։– Ամալյա, ես ուզում եմ, որ դու ինձ ճիշտ հասկանաս։ Ես առանց խնայելու, թեպետ և ափսոսանքով, բայց անմիջապես խզում եմ ամենամեծ ու ամենաամուր բարեկամությունը, եթե այդ բարեկամության մեջ որևէ շինծու երանգ եմ սկսում նկատել, եթե այդ բարեկամությունն արդեն սկսել է կարիք զգալ այնպիսի մի խախուտ հենարանի, ինչպիսին խղճի հետ գործարքի մեջ մտնելն է։

–Ռաֆայել, ես, միևնույն է, քեզ հասկանալ չեմ կարողանում,– գլուխն օրորեց Ամալյան։-Որովհետև այն, ինչ դու ասում ես, սարսափելի է։

–Գիտեմ, բայց ես ասում եմ այն, ինչ մտածում եմ։

–Միթե՞ պարտադիր է ասել այն, ինչ մտածում ես։ Չէ՞ որ կարող է պատահել և այնպես, որ քո մտածածը ճիշտ չլինի… Ես ինչ-որ տեղ լսել եմ այն մասին, որ ընկերոջ նետած քարն ավելի ցավեցնող է։ Մի՞թե սա գեղեցիկ ու դատարկ խոսք է միայն։

–Ոչ, իհարկե։

–Ուրեմն ինչո՞ւմն է բանը։-Ամալյան մի կարճ պահ մտածեց, ավելացրեց։-Վերջ ի վերջո, դու կարո՞ղ ես անաչառորեն վերաբերվել այն բանին, ինչ տեղի է ունեցել։

–Հավատա, Ամալյա, եթե գործը ընկներ դատարան, և ես դատավոր լինեի…

–Եվ հետաքրքիր է, ի՞նչ կանեիր,– անհամբերությամբ ընդհատեց նրան Ամալյան։

–Անաչառ դատավճիռ կհանեի։ Առավելին. ես կելնեի այն բանից, որ Ստեփանը ոչ մի բանում մեղավոր չէ։ Սակայն ոչ ես եմ դատավոր, և ոչ էլ նա է մեղադրյալ։ Ես նրան վերաբերվում եմ կողմնապահորեն, ինչպես ինքս ինձ, երբեմն նույնիսկ դաժան խստապահանջությամբ։ Գուցե դա է պատճառը, որ իսկական ընկերներ քիչ ունեմ։

–Իսկական ընկերները շատ չեն լինում, Ռաֆայել։ Եվ ամեն մի ընկերություն ավարտվում է այնտեղ, որտեղ սկիզբ է առնում անվստահությունը… Այս ինչի մասին եմ խոսում։ Ախր, դու այդ բոլորն ինձնից լավ գիտես։

–Այո, գիտեմ, բայց, ասա, ի՞նչ անեմ, երբ անկարող եմ աչք փակել միայն այն բանի համար, որ նա իմ մտերիմ ընկերն է…

 

–Այդ բոլորն ինձ չեն հասնում։ Եվ… ես ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ ասում,– ասաց Ամալյան՝ կարծես վերահաս ինչ-որ վտանգից ավելի ու ավելի սեղմվելով ամուսնուն։– Հասկանո՞ւմ ես, երևակայելու իմ ընդունակությամբ հանդերձ, ես չեմ կարողանում պատկերացնել, որ Ստեփանը մեղավոր լինի ինչ-որ բանում։ Հնարավոր բա՞ն է արդյոք, որ մարդ կանխապես նյութի փորձարկման հետ կապված այդ ամբողջ պատմությունը։ Ինքդ մտածիր. հարկավոր է ապարատը միտումնաբար հասցնել վթարային դրության, ընդորում այնպիսի հաշվարկով, որպեսզի պայթի հատկապես այն պահին, երբ Անտոնյանը գլուխը մոտեցնի այնտեղին, որտեղից սպասվում է վտանգը։ Դա, ախր, ցնորական բան է։

–Իհարկե, ցնորական բան է,– համաձայնեց Ռաֆայելը։– Եվ մաքուր ապուշ պիտի լինել՝ նման բան երևակայելու համար։

–Աստված վկա, ես ոչինչ չեմ հասկանում,– արտաբերեց Ամալյան շփոթված տեսքով։– Բայց ինքդ հո հավատո՞ւմ ես, որ հանցագործություն է կատարվել։– Ամալյան անօգնական նայեց շուրջը և դիմացի շենքի անկյունադարձում տեսնելով Ելենային, ակամա ուրախացավ՝ ինչպես ծովում խորտակվողը կուրախանար՝ ստանալով մոգական փրկագոտին։

-Ողջույն:      – Ելենան մոտենում էր թեթև քայլվածքով։– Այս ո՞ւր եք գնում այսպես։ Չլինի՞ թատրոն։

–Ոչ, ռեստորան ենք գնում,– ասաց Ռաֆայելը և ասես Ելենայի խուզարկու հայացքից խուսափելու համար ասաց.– Մենք քեզ նույնպես հրավիրում ենք։ Մանավանդ, որ աշխատանքից նոր ես գալիս և, անշուշտ, քաղցած ես։

–Ճիշտ է, Լենա, դու էլ արի,– իր հերթին հրավիրեց Ամալյան։– Մեզ համար շատ հաճելի կլինի։

–Այստեղ կանգնած սպասում էիք, որ ինձ հրավիրե՞ք,– ծիծաղեց Ելենան։– Չէ, շնորհակալ եմ։ Ավելի լավ է Ստեփանի մոտ գնամ։

–Դու այսօր տեսե՞լ ես նրան,– հարցրեց Ռաֆայելը, նայելով փողոցի ծայրին։ Այնտեղից, կանաչ լույսը վառած, մի տաքսի էր գալիս։

–Ոչ,– պատասխանեց Ելենան։– Լաբորատորիայից դուրս չի գալիս։ Իսկ տուն չեմ ուզում գնալ, սպասում եմ միչև հրավիրի։

–Իսկ եթե չհրավիրի՞,– հարցրեց Ռաֆայելը։

–Ստիպված կլինեմ առանց կանչի գնալ։

–Լենա, գիտե՞ս, նա քիչ առաջ չպատասխանեց իմ ողջույնին։ – Ամալյան բարձրացրեց ձեռքը՝ կանգնեցնելու մոտեցող տաքսին, իսկ Ելենան ասաց.

–Ռաֆայել, ի՞նչ կլինի, եթե քեզ մի փոքրիկ հարց տամ։

–Ինչի՞ մասին։

–Քեզ համար մե՞կ չէ։ Թե՞ վախեցար։– Ելենան հետ նետեց մազերը, մտախոհ ասաց.– Ռաֆայել, հասկանո՞ւմ ես, այն օրը… այն օրը, երբ…– Նա սևեռուն նայեց Ռաֆայելին և, չգիտես ինչու, հանկարծ փոխեց միտքը։-Լավ, չեմ ասի… Աստված իմ, ինչ խաղաղ երեկո է… իսկ աստղերը, մի դու էլ նայիր, Ամալյա, տես ինչ խոշոր են աստղերը թավշամանուշակագույն երկնքում… Որտե՞ղ եմ կարդացել… Չեմ հիշում, կարծեմ՝ ''Փոքրիկ արքայազնում''։ Իսկ ինչո՞ւ են փայլում աստղերը… Երևի նրա համար, որպեսզի յուրաքանչյուր մարդ արարած կարողանա գտնել իր աստղը… Աստղերի մասին անհրաժեշտ է հաճախակի հիշել…Ճի՞շտ չեմ ասում, Ռաֆայել։ Նրանց լույսը կապույտ է ու ջինջ՝ ինչպես աղբյուրի ջուրը։ Ձեզ չի՞ թվում, որ մարդիկ վերջին ժամանակներս մի տեսակ տարավարժվել են աստղերին նայելուց։ Շատ են խելամտացել թե ինչ… Աստղերը նրանց համար դարձել են սոսկ գիտական պահանջների օբյեկտ։ Նողկալի է նույնիսկ… Իսկ Ստեփանից մի նեղացիր, Ռաֆայել,– հանկարծակի շուռ տալով խոսակցությունը, ասաց Ելենան,– աշխատիր հասկանալ նրան, նա դրա կարիքը շատ է զգում։

–Ռաֆայել, տաքսին սպասում է,– կամացուկ հիշեցրեց Ամալյան։– Լենա, կիրակի երեկոյան արի մեզ մոտ, պետք է դիպլոմս նշենք։

–Շատ լավ, Ամալյա, կգամ, եթե դու և Ռաֆայելը, ինչպես հարկն է, խնդրեք ինձ։

–Մենք պաղատագին խնդրում ենք,– ասաց Ռաֆայելը ժպտալով,– իսկ ահա և լուսինը։

–Ո՞ւր է,– հարցրեց Ելենան և շենքերի վրայով նայեց վար, ծովի կողմը։

Ծովի կողմից, քսվելով զբոսանավերի բարձր առագաստներին, իրոք, դանդաղ ելնում էր լուսնյակը՝ ծովափնյա վիթխարի քաղաքը արծաթազօծելով իր նորելուկ շողերով։

–Ասես պլաֆոն լինի երկնքից կախված, որի պատկերը գլխիվայր ընկել, սուզվել է ջրերի մեջ,– ասաց Ռաֆայելը, մոտենալով մեքենային։

–Դա՞ էլ է ''Փոքրիկ արքայազնից'',– հարցրեց Ամալյան։

–Ոչ, դա արդեն ես եմ ասում,– ծիծաղեց Ռաֆայելը և, շրջվելով դեպի Ելենան, ավելացրեց.– այնուամենայնիվ, ինչ լավ է, որ համարյա ամբողջ կուրսով նույն շենքում ենք ապրում, չէ՞, Ելենա։

–Իհարկե,– պատասխանեց Ելենան, նույնպես ծիծաղելով։– Ուրիշ տեղեր լինենք ապրելիս, հազիվ թե այսպես հանկարծակի հանդիպեինք փողոցում և դուք հրավիրեիք ինձ կիրակնօրյա ձեր ուրախությանը։

–Աստված իմ, ինչ հումորով կուրս եք եղել,– իր հերթին ծիծաղեց Ամալյան և նստեց մեքենա։ Ռաֆայելը հետևեց նրան, և տաքսին, լապտերիկները թարթելով, պոկվեց տեղից։

Ելենան կանգնեց մի պահ, մտածելով Ամալյայի ասածի մասին, հետո քմծիծաղեց և, թեթևաքայլ վազելով կամարի տակով, մտավ բակ։

*******

Պատշգամբից երևում էին Ստեփանի լուսամուտները։ Լույսը վառվում էր։ ''Երևի աշխատում է'',– մտածեց Ելենան՝ հաստատ վճռականությամբ որոշելով անցնել նրա մոտ, հարցնել տրամադրությունը։ Մի երկու անգամ մոտեցավ լուսամուտին, երկար նայեց։ ''Ավելի լավ է, գնամ'',– ի վերջո որոշեց նա և, արագ դուրս գնալով տնից, իջավ բակ ու մտնելով դիմացի շքամուտքով, բարձրացավ չորրորդ հարկ։ Սիրտը արագ խփում էր կրծքի տակ՝ նա դա զգում էր, զգում էր նաև այն, որ, եթե մի քիչ էլ հապաղի, ապա ետ կդառնա նրա սանդղահարթակից և, որպեսզի ետ չդառնար, շտապ սեղմեց զանգի կոճակը։

Դուռը բաց արեց Ստեփանը։ Տեսնելով Ելենային, նա սկզբում զարմացավ, հետո ժպտաց գոհունակությամբ։

–Բարի երեկո, Ստեփան,– ժպտաց Ելենան։

–Ելենա՞… Սա անձնազոհություն է քո կողմից։

–Հեգնանքը քո տարերքը չէ, Ստեփան։ Դա թող վճռական խառնվածքի տղամարդկանց։

–Իսկ ես, ինչ է, վճռակա՞ն տղամարդ չեմ։

–Դո՞ւ,– ներս մտնելով ասաց Նարինեն։– Գոնե մի ծիծաղեցրու։

–Սխալվում ես, ես վճռական տղամարդ եմ, և, իմիջիայլոց, չափազանց վճռական։ Մի րոպե մտածիր ու տես, թե ինչ ասել է օրը ցերեկով մարդ սպանել, և այն էլ գերժամանակակից սարքերի օգնությամբ։ Կատա՞կ ես կարծում։ Այդպիսի բան այնքան էլ հաճախակի չի պատահում։ Բոլորը փախչելու են ինձնից… Այսուհետև յուրաքանչյուր ոք հավանորեն պիտի վախենա, որ հեղինակակից կվերցնեմ իրեն՝ հերթական գյուտի համար, իսկ հետո կսպանեմ փորձարկման ժամանակ։ Զարմանում եմ, թե դու ինչպես ես համարձակվել գալ ինձ մոտ։

–Որովհետև ես չեմ վախենում, թե դու ինձ հեղինակակից կվերցնես,– նստելով պատահած աթոռին ու ուշադիր նայելով շուրջը ծիծաղելով ասաց Ելենան։ Ամենուր՝ դարակներին, աթոռներին, լուսամուտագոգերին, նույնիսկ հատակին՝ այս ու այնտեղ, անփութորեն թափված տեղեկագրքեր էին, տեխնիկական զանազան ամսագրեր ու խողովակաձև ոլորած գծագրեր։-Իսկ բնակարանդ ոնց որ խոզանոց լինի,– ի վերջո ասաց նա։

–Ի՞նչ…– զարմացավ Ստեփանը,– ինչո՞ւ խոզանոց, սովորական բնակարան է,-նա ևս նայեց շուրջը։– Գուցե որոշել ես կա՞րգի բերել այն։

–Այո,– պատասխանեց Ելենան ելնելով տեղից։– Ստիպված եմ։

–Լսիր, վերջ տուր։ Մի տես ժամը քանիսն է։

–Մարդ պետք է սովորի ենթարկվել իրեն և հնազանդվել իր վճիռներին։ Ավելի լավ է հավաքեմ սենյակդ, քան սրամտության մեջ սկսեմ մրցել քեզ հետ։

–Լենա, դու, իհարկե, նրա համար չես եկել, որպեսզի կարգի բերես սենյակս, ճի՞շտ է։

–Իսկ ինչի՞ համար եմ եկել,– շինծու տարակուսանքով հարցրեց Ելենան ՝ թոթվելով ուսերը։

–Դե, երևի, ինձ ինչ-որ եռանդ ու թափ հաղորդելու, նմանապես և՝ սիրտ տալու նպատակով։ Դու ավելի լավ է դրանից սկսիր։

–Ստեփան։

–Ի՞նչ է։

–Վերջ տուր ծեքծեքվելուդ։

–Ի-ի՞նչ։

–Ախ, դու նույնիսկ չես նկատում դա։ Ոնց էլ մտել է դերի մեջ։ Այ քեզ արտիստ։

–Չգիտեմ, Լենա, չգիտեմ,– հանկարծակի լրջանալով ասաց Ստեփանը։-Ես հասկանում եմ, որ կողմնակի հանցանշաններն իմ դեմ են, և ես, ըստ էության, այդ հանցանշաններին հակառակադրելու ոչինչ չունեմ։ Երբեմն ինձ թվում է նույնիսկ, որ ես կարող էի փրկել Անտոնյանին, սակայն, ենթարկվելով ինչ-որ ներքին մղումի, գիտակցաբար չհրեցի նրան մի կողմ… Իսկ գուցե դա այդպես էլ եղել է, հը՞… Բայց ինչի՞ մասին էի ես խոսում… Չէ, բանը բոլորովին այն չէ… Ես ասում եմ, որ շատ բան կա իմ դեմ, և ես չեմ զարմանում, երբ իմ ամեն մի խոսքը երկար կշռադատում են՝ նախքան կընդունեն կամ կմերժեն այն։ Բայց երբ դա անում է մի մարդ, որը դպրոցական նստարանից է ճանաչում ինձ…

–Ռաֆայելը հավատում է քեզ,– հանգիստ ասաց Ելենան։

–Հավատում է… Իսկ հանուն ինչի՞ էր սարքել այդ հարցաքննությունը։ Դա հո քեզ մոտ էր։

–Նա ուզում էր գործի հետ կապված որոշ հանգամանքներ ճշգրտել։

–Ճշգրտել կարող էին և ուրիշները, իսկ ես այս երեկո նրանից, այո, հատկապես նրանից, ուսանողական ու դպրոցական իմ ընկերոջից միանգամայն այլ բան էի ուզում լսել։

–Նա քո պետն է, և պարտավոր էր անել դա։ Բացի այդ, ավելի վատ կլիներ, եթե ուրիշները սկսեին ճշտել. նրանք, ովքեր այնքան էլ բարեհաճ չեն քո նկատմամբ…

–Այո. գիտեմ,-գլխով արեց Ստեփանը, – նրանցից մեկն այն օրը եռանդագին պահանջում էր դատի տալ ինձ։

–Այ, տեսնո՞ւմ ես…

–Ոչ, չեմ տեսնում։ Եվ չեմ էլ ուզում տեսնել։ Ես թքած ունեմ այդ մեկի վրա։ Բայց հասկացիր, վերջապես, ես կարող եմ արհամարհել այդ մեկին բայց ոչ Ռաֆայելին։ Թե չէ կարող է ստացվել այնպես, որ արհամարանքով ենք վերաբերվում շատ բաների՝ հավատարմությանը, բարեկամությանը, վստահությանը, ընկերական կապերին, մի խոսքով, այն ամեն լավին, որ գոյություն ունի մարդկային փոխհարաբերություններում։ Դու տեսնո՞ւմ ես, ես վախենում եմ ոչ թե տեղի ունեցածի պատասխանատվությունից. վերջ ի վերջո այդ գործը կպարզաբանեն նրանք, ովքեր պարտավոր են պարզաբանել ըստ հաստիքի։ Սատանան նրանց հետ, թող ինձ իդեալիստ կոչեն, պլատոնական, երազող, թող ասեն այս աշխարհից չէ, բայց ես հավատում եմ մարդկային բարի հարաբերությունների սրբությանը և պատրաստ եմ այս ձեռքերով խեղդելու նրան, ով կհամարձակվի ոտնաձգություն անել այդ սրբության դեմ։