Tasuta

Թ Ու Խ Ճ Ա Յ Ը

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

–Ինչո՞ւ։

–Պետք է։ Որ ասում են, ուրեմս, պետք է։ Ասա թող գնա, ես քեզ կտանեմ տուն։

Եվան չուզենալով ելավ տեղից, անցավ մյուս սենյակը։

Ծերունին անհամբեր ետ ու առաջ էր քայլում՝ մերթընդմերթ հայացք ձգելով դռան կողմը։

Եվան ետ վերադարձավ և ասաց, որ Մարիամին ուղարկեց տուն։

–Բա ի՞նչ ասացիր,– հետաքրքրվեց հայրը։

–Ասացի՝ ինքս կգամ։

–Ապրես, լավ ես արել,– գովեց ծերունին,– էստեղ նստիր, հիմի գալիս եմ։– Նա առույգաբար դնդնալով գնաց դեպի խոհանոց։ Քիչ անց լոգասենյակից եկավ նրա ձայնը։– Էստեղից՝ շարք երկրորդ, ներքևից՝ շարք երրորդ… Ըհը, ապրես, կեցցես, հիշողությունդ տեղն է դեռ…

–Ինձ հե՞տ ես, հայրիկ,– հյուրասենյակից հարցրեց Եվան, չկարողանալով ըմբռնել հոր խոսքերի իմաստը։

–Չէ, ինքս ինձ հետ եմ խոսում,– արձագանքեց հայրը զվարթ ձայնով,– նստիր, նստիր, հիմա գալիս եմ…

Լոգասենյակից թխթխկոց լսվեց, հետո ինչ-որ բան ասես փուլ եկավ։ Եվան վախեցած բարձրացավ տեղից, մի պահ սպասեց՝ գնա, թե ոչ, և գնաց ձայնի վրա։ Սակայն դեռ միջանցք չհասած, կանգ առավ՝ դեմուդիմաց հանդիպելով հորը։ Նրա ձեռքին կաշվե փոքրիկ տոպրակ կար, իսկ դեմքը ողողված էր երջանկության լույսով։ Տոպրակը խնամքով սեղմած կրծքին, հայրը գոհ, ուրախ քմծիծաղով ասաց.

–Ապրեցինք։

–Դու ի՞նչ էիր անում այնտեղ։

–Ահա, ահա քո հայրը,– նա անցավ սենյակ, տոպրակը դրեց սեղանին։– Կարծում ես ինձ նստացնելով ամեն ինչ վերջացա՞վ… Չէ-է-է-է… Ես դիմացկուն եմ։ Ինձ այնքան էլ հեշտ չի մեջքին գցելը։ Ամենագլխավորն՝ ահա։

–Դա ի՞նչ է, հայրիկ,– ցածր, սոսկումով հարցրեց Եվան։

–Սպասիր,– հայրը զգուշությամբ նայեց չորս կողմը, ոտքերի ծայրերին մոտեցավ, բանալիով փակեց դուռը, հետո իջեցրեց թանձր վարագույրները և, մոտենալով տոպրակին, աճապարելով քանդեց կապն ու տոպրակի պարունակությունը միանգամից շուռ տվեց սեղանին։ Եվան միացրեց լույսը և էլեկտրական ջահի տակ վայրկյանապես շողշողացին ձուլակտոր ոսկիները, շողակնով մատանիները, անթիվ, անհամար ականջօղերն ու ապարանջաները։

–Հանգցրու լույսը,– վախեցած հրամայեց հայրը։ Եվան ակամա ենթարկվեց հրամանին, լույսն անջատեց։

–Ահա սա է մեր հարստությունը,– ասաց հայրը բարձրաքրքիջ ծիծաղով։-Սա քեզ համար և ամուսին է, և տուն, և մեքենա, և երջանկություն՝ ինչ-որ սիրտդ ուզի։ Սև օրվա համար եմ հետ գցել… Հիմի էնպես ապրենք, որ չուզողի աչքը դուրս գա։ Մարդ պիտի կուլտուրական կյանքով ապրի,– հայրը կրկին ծիծաղեց։– Նրանք կարծում էին ինձ բանտ են գցել, հա՞, չեք տեսնի, ահա ես, կանգնած եմ ձեր առջևը…

Եվան դանդաղ , ոնց լուսնոտ, ելավ տեղից, մոտեցավ սեղանին։ Նա մի առ ժամանակ, ասես ինքն էլ չհավատալով իր աչքերին, դիտում էր սեղանին թափված իրերը՝ առանց ձեռք տալու դրանց, հետո դարձավ հոր կողմը և կամաց ասաց.

–Սա՞ է ամբողջը։

–Չէ, ուրիշ տեղեր էլ կան,– բազմանշանակորեն աչքով արեց հայրը։

–Եվ վե՞րջ։ Դա՞ է ամբողջը։

Հայրը զարմացած նայեց աղջկան։

–Դու գժվե՞լ ես, ինչ է… էդքանն ուրեմս քի՞չ է… Սա մի ամբողջ հարստություն է,– ասաց նա։ -Հասկանո՞ւմ ես՝ հարստություն։ Դրանով տասը հարկանի շենք կարելի է առնել՝ իր բնակիչներով։ Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում։

Եվ այստեղ Եվան անսպասելիորեն հիշեց. մայրն էր պատմում. այս տունը, ուր իրենք ապրում էին, շատ առաջ, դեռևս մինչև հեղափոխություն, պատկանում էր մի հարուստ նավթատիրոջ։ Սա ներքնահարկում ոսկու պարկեր ուներ։ ամեն օր, տնեցիներից թաքուն, գնում էր ներքնահարկ, հաշվում ոսկիները։ Օրերից մի օր, հերթական այցի ժամանակ, դուռը, որ անկիզելի, ներսից չբացվող ծանր մի դուռ էր՝ ձեռափի հաստությամբ, հանկարծակի փակվում է։ Տերը սարսափահար այս ու այն կողմ է ցատկում, աղաղակում է, բայց անօգուտ։ Եվ այդպես քաղցից մեռնում է նա իր ոսկիների մեջ։ Այդ պատմությունից հետո Եվան մի առժամանակ վախով էր նայում ներքնահարկի երկաթապատ դռանը։ Հիշեց Եվան, և նրան այնպես թվաց, թե ճակատագրով դատապարտված այդ մարդն իր հայրն է…

–Սա՞ է ամբողջը։

–Լսիր, ի՞նչ է եղել քեզ,– անակնկալ բղավեց ծերունին։ Նրա դեմքը ծամածռվեց, ռունգերը պրկվեցին, շուրթերը սկսեցին դողալ։– Դու ցնդե՞լ ես, ինչ է։

–Ես հարցնում եմ՝ սա՞ է այն ամենը, ինչի հասել ես դու քո կյանքի յոթանասուն տարիների ընթացքում,– արտաքուստ հանգիստ՝ Եվայի շուրթերը ևս դողացին…– Յոթանասուն տարի… Յուրաքանչյուր տարվա մեջ՝ երեք հայուր վաթսունհինգ օր… Եթե այդ բոլոր օրերն ու տարիները գումարվեն իրար… Եվ դու այդ ամենը վատնել ես այս կույտի վրա՞։ Դրա համա՞ր ես ապրել յոթանասուն տարի, դրա համա՞ր ես բանտ ընկել, դրա համա՞ր մահվան դուռը հասցրիր խեղճ մորս, որի մասին գոնե մի անգամ չես հարցնում, ասա, դրա համա՞ր խորտակեցիր կյանքս։ Հայրիկ…

–Ի՞նչ պատահեց քեզ,– ալեհեր գլուխը ցնցեց ծերունին։– Հո չես գժվել, ուշքի եկ… Ախր, քեզ համար է բոլորը… Իմ ինչի՞ն է պետք՝ ինքդ մտածիր, էսօր կամ վաղը չեմ լինելու, իսկ դու ջահել ես դեռ, քեզ ապրել է պետք։ Քեզ համար է…

–Այո, այո, ինձ համար է,– անկարող զսպելու այտերն ի վար հոսող արցունքները, ասաց Եվան։– Ամեն ինչ ինձ համար է։ Այո, այո, իհարկե։ Ստեփանը քո սրտովը չէր, բաժանել տվեցիր մեզ՝ և դա նույնպես ինձ համար էր, հանուն իմ երջանկության։ Ես թողեցի ինստիտուտը, կորցրի բոլոր ընկերներիս, և դա ևս ինձ համար էր։ Ես դեռ վսահ չեմ՝ արդյոք ինքս չկործանեցի՞ Անտոնյանին… Եվ դա նորից ինձ համար էր, դարձյալ հանուն իմ երջանկության։ Աստված իմ, ի՞նչ է կատարվում։ Չէ՞ որ ճիշտ չես դու, սուտ է, սուտ է այդ բոլորը… Ահա, ահա թե ինչի համար ես ապրել այս աշխարհում, հանուն դրա գողացել ես, ապականել մարդկանց, խաբել, խորամանկություն բանեցնելով դուրս պրծել ամեն տեղից, նորից գողացել, նորից խաբել, և այդ ամենը նրա համար, որպեսզի դուրս գաս բանտից և պատի ճեղքից հանելով այդ տոպրակը, թափահարես օդում,– շնչահեղձվելով շարունակեց եվան։-Չեմ ուզում, չեմ ուզում տեսնել այդ ամենը,– արագ հասնելով սեղանին, Եվան ուժգին ձգեց սփռոցի ծայրից և ոսկիներն ու ադամանդները սորուն թափվեցին հատակին։

Հայրը սոսկումահար չոքեց գետնին՝ պատրաստ ուշաթափվելու այդ ոսկիների, մատանիների , ականջօղերի ու ապարանջանների վրա։

–Դու հաստատ խելագարվել ես,– գոռաց հայրը ներքևից վերև արյունած աչքերով նայելով աղջկան։– Ձեզպեսների համար սրբություն չկա… Դու մի աշխարհի բանին նայիր. իսկ ես ամբողջ ճանապարհին երազել եմ, ուրախությունից լաց եմ եղել, որ ահա կտեսնեմ իմ սիրասուն աղջկան։

–Աղջիկ չունես դու,– դանակի պես կտրեց Եվան։– Եվ դու հայր չես ինձ համար, այլ թշնամի։ Դու թշնամուց էլ վատ ես… Թշնամին մի հարվածով սպանում է մարմինը, իսկ դու հոգիս ես սպանել՝ դանդաղ, տարիներով… Չեմ ուզում տեսնել քեզ, չեմ ուզում…

Եվան, ձեռքերով այտերը սեղմած, միջանցքով վազեց դեպի դուռը և դողացող մատներով պտտելով բանալիները, դուրս եկավ։ Երկաթե ծանր դուռը շրխկոցով փակվեց։

Եվային մի պահ թվաց, թե հայրն այնտեղ, կիսախավարի մեջ, ներսից չբացվող երկաթե ծանր դռան ետևում սարսափահար այս ու այն կողմ է ցատկում, աղաղակում է, սակայն անօգուտ, նրան լսող չկա։

*******

''Եվ ահա ամեն ինչ վերջացավ,– փողոցում կանգնած մտամոլոր մտածում էր Եվան,– և գնալու տեղ անգամ չունեմ… Ոչինչ, Մարիայի մոտ կգնամ, իսկ հետո կտեսնենք''։ Նա ոտքով քայլեց մինչև տուն, որ այնքան էլ հեռու չէր հորական տնից, դանդաղ բարձրացավ երրորդ հարկ։ Հիշեց, որ այսօր Ամալյայի դիպլոմը պետք է նշեն։ Ո՞վ ասաց՝ մտաբերել չկարողացավ։ Նա Նեֆերտիտիի փղոսկրե արձանիկը տեղավորեց պայուսակում և դռան մոտ կանգնած նայելով բնակարանին՝ ասես հրաժեշտ տալով իր կյաքի այդ թեթևամիտ կտորին ևս, դուս եկավ։

Այո, թեթևակի կերպով վերաբեվեց կյանքին, և կյանքը արժանին է վերադարձնում իրեն։ Իսկակա՞ն սեր էր, արդյոք, իր սերը Ստեփանի հանդեպ։ Դարձյալ այդ հարևանին հիշեց, որի պատճառով Ստեփանն այն ժամանակ սաստիկ խանդեց իրեն։ Վերելակով բարձրանալիս մի անգամ այդ հարևանը շողոմքոր ժպիտով ասաց. ''Աստված իմ, թե իմանայիք ինչպես եմ նախանձում ձեր ամուսնուն''։ Ամուսնուն իսկականից սիրող կինը կնարմատ ամուրի այդ կնամոլին կշշպռեր ինչպես հարկն է, կամ այնպիսի նսեմացնող, սառցային հայացքով կնայեր, որ նա այլևս չհամարձակվեր անգամ նայել իր կողմը։ Իսկ ինքը՝ հիմար, բթամիտ, ապուշ, ասես հալվեց այդ խոսքից, մի քանի օր շարունակ չէր կարողանում մոռանալ։ Ամուսնուն իսկապես սիրող կինն, այո, այլ կերպ կվարվեր, իսկ ինքը, հիշում է, զգեստալանջի բացվածքով՝ անչափ գեղեցիկ էր այդ օրը, նայելով նրան, թեթևակի ժպտաց և դուրս եկավ վերելակից, հնարավորություն տալով խրախճասեր, ցինիկ ու կանանց ետևից քարշ եկող այդ լովելասին մյուս անգամ հրավիրելու իր մոտ, վեցերորդ հարկ՝ իբր չտեսնված ձայնապնակ լսելու, որտեղ նա, մի երկու ումպ կոնյակից հետո ազատություն տվեց ձեռքերին, և մարող շշուկով ասված իր բառերը՝ ոչ, ոչ, չհամարձակվեք, միայն իրեն՝ Եվային էին լսելի ''Բոլերոյի'' ահագնացող երաժշտության տակ, և դա նույնիսկ դիմադրության փորձ չէր, այլ ինքնապաշտպանության բնազդային ճիչ, որ թրթռացին ու հանգան նրա բոսորակարմիր շուրթերին։ Եվ այդ հարևանը տենդային հևքով, հուժկու, տաք կրակ, ինչպես կատաղի հովատակ, այնպիսի մի անսանձ մոլեգնությամբ մխրճվեց նրա մեջ, որ Եվայի շունչը հառաչանքի հետ կանգ առավ, և նա՝ ակամա– զիջողական, նվաճված, չհասցրեց անգամ մտածել դիմադրության մասին։

Կյանքը օրերի հաջորդական շղթա է, մտածում էր Եվան, և ամեն օր մի սխալ գործելով՝ ստացվում է, որ մեր կյանքը դա սխալների շղթա է՝ օղակ-օղակ իրար միացված անուղղելի սխալների շղթա։ Մտքերով տարված, նա չէր նկատել, որ մի կանգառ անցել է արդեն։ Նա իջավ տրոլեյբուսից և ստիպված մի կանգառ ետ գնաց։

*******

Սեղանն արդեն պատրաստ էր։ Ամալյան մի անգամ ևս աչքի անցկացրեց այն՝ արդյոք որևէ բան չի՞ պակասում, գոհ ժպտալով գնաց դեպի խոհանոց և, նկատելով ամուսնուն, որը միջանցքում դրված զգեստապահարանի դիմաց կանգնած ինչ-որ բան էր մտորում, ասաց.

–Դու ի՞նչ ես այդպես կանգնել։ Արի օգնիր։

–Ասում եմ այս պահարանը դուրս նետենք,– արձագանքեց Ռաֆայելը՝ առանց կնոջը նայելու։

–Ժամանակ ես գտել, հիմա հյուրերը կգան,– մոտենալով ասաց Ամալյան։-Հարկավոր է նորն առնել՝ հինը դուրս նետելու համար… Իրոք որ բանի պետք չէ, բժիշկ մարդու տանը սազո՞ւմ է այդպիսի պահարանը,– ավելացրեց նա, հանկարծակի ըմբռնելով իր ասածի իմաստը, և ասես փորձեց պաշտպանել ինչ-որ մեկից։-Իսկ ի՞նչ է։

–Ոչինչ, ոչինչ,– թաքցնելով հեգնական ժպիտը հուսադրեց Ռաֆայելը։

–Չէ, ասա, ի՞նչ մտածեցիր հիմա,– կամակոր կերպով պնդեց Ամալյան։– Մինչև չխոստովանես, ձեռք չեմ քաշելու։

–Դատարկ բան է,– անփութորեն ասաց Ռաֆայելը ժպտալով։– Ես մտածեցի այն մասին, որ ինձ համար երանելի օրեր են սկսվում՝ բժիշկ այսինչի տունը, բժիշկ այսինչի ամուսինը… Սիրուն դնչիկդ, իմիջիայլոց, շատ է թեթևամիտ՝ բժշկի համար։ Վախենում եմ փախչեն քո բոլոր հիվանդները։

–Իրոք որ այդպես էլ կա,– հայելու մեջ իրեն դիտելով ասաց Ամալյան։– Շատ հիմար տեսք ունեմ։ Շարունակ ձգտում եմ լուրջ կեցվածք ընդունել, բայց դեռայժմ չի հաջողվում։

Ռաֆայելը նայեց կնոջը, ծիծաղեց։

Առաջինը եկավ Ելենան։ Չանցած տաս-տասնհինգ րոպե՝ Լեոնիդը։

–Ախ, դու մեր սիրելի նորելուկ բժշկուհի,– սկսեց Լեոնիդը հենց դռան մոտից։– Սա ծաղիկներ են, սա՝ կոնֆետ, այս մեկն էլ կատարելագործված լսափող է՝ լեհական, ընդ որում տակից տվեցին, ամենավերջին տեսակի է՝ խանութում ասացին։ Իսկ ընդարձակ կենաց՝ սեղանի շուրջ կասեմ։ Սպասիր, մի խելքս հավաքեմ գլուխս։ Խորհրդակցությունից ուղիղ ձեզ մոտ եմ եկել։ Կարո՞ղ եք հավատալ, երեք ժամվա ընթացքում լավատեսական այնքան ճառեր արտասանեցին, որ խորհրդակցության վերջում ուզում էի անուշադրի սպիրտ տալ որոշ մարդկանց՝ քնից արթնացնելու համար։

 

–Իսկ ո՞ւր է Ստեփանը,– առաջ գալով հարցրեց Ռաֆայելը։

–Հիմա կասեմ,– գլխով արեց Լեոնիդը։– Բայց նախ ես պետք է իմանամ, թե Ամալյան ինչո՞վ է մտադիր հյուրասիրել մեզ։

–Սալաթ՝ ծովախեցգետինով, վինեգրետ,– սկսեց թվել Ամալյան,– տոլմա շագանակով ու խնձորով։

–Ապրես,– ասաց Լեոնիդը հանվելով,– նա ասաց, որ ուշքը գնում է քո պատրաստած տոլմայի համար։

–Ո՞վ,– հարցրեց Ամալյան։

–Ինչպե՞ս թե՝ ով։ Ստեփանը։

–Իսկ որտե՞ղ է նա,– խնդումնասիրտ հարցրեց Ելենան, հյուրասենյակից դուրս գալով միջանցք։

–Չէ՞ որ ասացի՝ դրսում կանգնած է։

–Ե՞րբ ասացիր,– ծիծաղեց Ամալյան։– Դու ոչինչ էլ չես ասել։ Լավ, իսկ ինչո՞ւ չի բարձրանում։

–Հասկանալի է թե ինչու– եզրակացրեց Ելենան գոհ ժպտալով։– Նա սրամիտ վճիռ է կայացրել, որպեսզի և չզրկվի այդ համեղ բաներից և, դրա հետ միասին, պահպանի սեփական արժանապատվության զգացումը, եկել, հասել է մինչև շքամուտք, իսկ այնտեղից մինչև տուն բարձրանալու համար անհրաժեշտ է, որ Ռաֆայելը իջնի բակ և, ինչպես հարկն է, խնդրի նրան տուն բարձրանալ։

–Իսկ եթե չգնա՞մ խնդրելու, – ծիծաղեց Ռաֆայելը,– այդպես էլ պիտի մնա կանգնա՞ծ շքամուտքի առաջ։

–Անկասկած, – հաստատորեն պատասխանեց Լեոնիդը և ավելացրեց, – իմիջիայլոց, ոհիանալի նվեր է գնել և այն էլ, կարծեմ, արծաթյա։

–Նվե՞ր, – նրա տոնով ասաց Ամալյան։-Ռաֆայել, շուտ գնա կանչիր։

Ծիծաղեցին, իսկ հետո Լեոնիդը, նայելով միջանցքի մի ծայրում ցցված հին պահարանին, հարցրեց.

–Սա՞ է այն հայտնի պահարանը։

–Ինչո՞ւ հայտնի,– զարմացավ Ամալյան։

–Որովհետև այդ պահարանի մասին հիմա ամբողջ նավթաքիմիական պրոցեսների ինստիտուտն է խոսում,– ծիծաղեց Ելենա ն։– Եվ, իմիջի այլոց, մեխերի մասին նույնպես խոսում են։

–Դեն գցեք,– դեմքը թթվեցնելով խորհուրդ տվեց Լեոնիդը,– չի սազում ձեզ։

–Ես էլ եմ ասում, բայց Ամալյան չի ուզում,– ասաց Ռաֆայելը։

–Ինչո՞ւ,– հարցրեց Լեոնիդը։

–Ինչպե՞ս թե ՝ ինչու,– երեխայի պես խռովկան՝ ասաց Ամալյան։– Ախր, դա իմ օժիտն է։

–Խեղճ Ռաֆայել, – կարեկցանքով գլուխն օրորեց Լեոնիդը։– Իր կնոջ օժիտի պատճառով տանջվում է… Բոլոր դեպքերում պահարանը հարկավոր է դեն գցել։ Եվ ոչ թե գաղափարական բովանդակության տեակետից, այլ որ մոդայից դուրս է եկել արդեն։

–Ամալյա, դու նրա հետ մի վիճիր, – գլխով Լեոնիդին ցույց տալով ասաց Ելենան։– Նա բացեիբաց զուրկ է գերզգայնությունից և չգիտի, թե ինչ ասել է կապվածություն սեփական իրերին։ Նա, երևի, քսաներորդ դարի վերջի ճգնավորներից է։

Ի պատասխան, Լեոնիդը ծիծաղեց, սակայն ոչինչ չհասցրեց ասել, որովհետև այդ պահին հնչեց դռան զանգի ձայնը։

–Ստեփանն է, – բավականությամբ ասաց Ռաֆայելը և գնաց դուռը բացելու։ Երկու րոպե անց նա վերադարձավ Ստեփանի հետ։

–Ահա և Ստեփանը, – ասաց նա հանդիսավոր կերպով, ասես անծանոթ մարդկանց ներկայացնում էր իր նոր հյուրերին։

–Ինչո՞ւ չսպասեցիր, որ Ռաֆայելը գար, մի լավ խնդրեր քեզ ու նոր բարձրանայիր, – նախատինքով հարցրեց Լեոնիդը, աչքերում անսքող ծիծաղ։

–Իսկ ինչո՞ւ պիտի խնդրեր, – գլխի չընկնելով՝ արտասանեց Ստեփանն ուսերը թոթվելով։– Ես առանց այն էլ գալիս էի։

–Եվ իզուր, – անչար ասաց Լեոնիդը։– Մարդիկ ինձ արդեն ռեստորան էին խոստանում՝ քեզ այստեղ բերելու համար։ Գոնե մի քիչ սպասեիր։

–Մյուս անգամ, – ասաց Ստեփանը, և, մոտենալով Ամալյային, ժպտադեմ ավելացրեց,– ի սրտե շնորհավորում եմ, թող քո բոլոր հիվանդներն իրենց ամբողջ կյանքում քաղցր խոսքով հիշեն քեզ, սակայն երբեք ու երբեք այլևս չվերադառնան քեզ մոտ։– Նա ետ տարավ ձեռքի փաթեթը, և արծաթյա մի բաժակակալ հանելով այնտեղից, պարզեց Ամալյային։

–Շնորհակալություն, – ժպտաց Ամալյան, ընդունելով նվերը։– Այս ինչքա՜ն եմ սիրում նվեր ստանալը, ձեռքերս ուղղակի դողում են։ Ի՜նչ գեղեցիկ բան է, – գովեց նա։

–Գովասանքը միշտ էլ հաճելի է, – ասաց Ստեփանը, – երբ այն լսում ես սիրելի մարդուց։

–Առավել ևս, երբ այդ սիրելի մարդու համար առանձնահատուկ օր է այսօր, – ավելացրեց Ելենան՝ մեկընդմեջ նայելով հավաքվածներին։

–Լսեք, դուք ինչ է, արդեն հանդիսավոր մասի՞ն եք անցել, – կեղծ լրջությամբ ասաց Ռաֆայելը։– Շուտ սեղանի մոտ, սկսում ենք։ Որպես հեռուներից եկած մարդ՝ խոսքը տրվում է Լեոնիդին։

Հյուրերը զվարթ տրամադրությամբ տեղավորվեցին սեղանի շուրջը, ըմպանակներն ու գավաթները լցվեցին օղով, կոնյակով ու շամպայնով, և Լեոնիդը, վերցնելով ըմպանակը, ելավ ոտքի.

–Դու՝ մեր աննման ու սիրելի բժշկուհի։ Գիտատեխնիկական հեղափոխության, միջուկային ու տիեզերական սպառազինությունների այս սրընթաց դարում ի՞նչ կուզենայիր, որ բարեմաղթեինք քեզ այն բանի նախադռանը, ինչ ընդունված է կոչել հասարակականորեն օգտավետ գործունեություն։ Գուցե ցանկանք, որ հիվանդներ քի՞չ ունենաս։Ավաղ, դա այնքան էլ շուտ չի լինի, քանզի աշխարհում չափազանց բարեհաջող պիտի գնան գործերը, որպեսզի բժիշկները նստեին անգործ։ Այնպես որ, սկզբնական շրջանում ես քեզ ցանկանում եմ, որպեսզի դու քո հիվանդներին գոնե ողջ թողնես, որովհետև այս աշխարհը, իր բոլոր պակասություններով հանդերձ, այնուամենայնիվ, այնքան էլ վատը չէ, որպեսզի մարդիկ շտապեին այն մյուսը։ Ահա հենց դրանից էլ պետք է ելնել՝ ամեն անգամ նոր հիվանդ ընդունելիս։ Ով գիտի, գուցե այդ հիվանդներից մեկը ես լինեմ, կամ Ստեփանը, կամ էլ, ասենք, աստծո խոնարհ ծառա Ռաֆայել Աղասիևիչը։

Ամալյան խնդությամբ նայում էր Լեոնիդին։

–Ես ձեզ կոնսուլտացիայի կուղարկեմ փորձված բժիշկների մոտ,– արագ ասաց նա։– Իսկ ինքս կբուժեմ հասարակ մարդկանց։

–Ինքնաապահովությամբ զբաղվող մարդիկ առանց քեզ էլ քիչ չեն այս աշխարհում,– վրա բերեց Ստեփանը խոժոռ տեսքով նայելով Ռաֆայելին։ Սա բարձր ծիծաղեց։

–Ինչո՞ւ ես ծիծաղում,– հարցրեց Ստեփանն ու ակամաբար ժպտաց։ Լեոնիդը նույնպես ժպտաց և ժպտալով էլ ասաց.

–Ընկերոջ նետած քարը, երբ չի խոցում, ուժեղ խուտուտ է տալիս, դրա համար էլ ծիծաղում է… Հա , է՞լ ինչ բարեմաղթանք։ Մարդ երկրի վրա ապրում է նրա համար, որպեսզի դառնա երջանիկ, այլ ոչ նրա համար, որ հարստանա, բայց երջանիկ լինելու համար չի խանգարի, որ մարդ մի քիչ էլ հարուստ լինի…

–Մեզ հարստություն պետք չէ,– ձեռքերը բարձրացրեց Ռաֆայելը։-Մեզ հարստության հույսն էլ բավական է, իսկ հույսը, բոլորին է հայտնի, աստծո տված միակ բարիքն է, որից անհնար է կշտանալ։

Լեոնիդը ծիծաղեց և պատառաքաղով զնգզնգացնելով գինու գրաֆինը, զգուշացրեց.

–Խնդրում եմ չխանգարել, թե չէ կարող եմ տուգանել…

Լեոնիդը շարունակել չկարողացավ. Հնչեց դռան զանգը, ասես հրահանգելով առայժմ սպասել։ Լեոնիդը հուսահատ նստեց և ինքնաբերաբար սկսեց ուտել։ Մյուսները ևս աշխույժ հետևեցին նրան։

–Կարծես թե ոչ ոքի չենք սպասաում,– գլուխը շրջելով միջանցքի կողմը, ասաց Ռաֆայելը, առանց տեղից վեր կենալու։

Ամալյան ելավ տեղից և գնաց դեպի դուռը։

–Կարելի՞ է,– լսվեց այնտեղից, և բոլորը իսկույն ճանաչեցին Եվայի ձայնը։

–Եվան է,– ակամա շշնջաց Ելենան։– Ես էի ասել, որ Ամալյայի դիպլոմը պետք է նշենք։

–Համեցեք, Եվա,– հրավիրեց Ամալյան։– Ինչ լավ է, որ եկել ես։ Ես այնպես ուրախ եմ։

–Շնորհակալություն, Ամալյա,– ասաց Եվան։– Դու միշտ էլ բարյացակամ ես եղել իմ հանդեպ, ինչը որ չէի ասի Ռաֆայելի մասին։– Նա հյուրասենյակի բաց դռնից նայեց ներս ու մնաց այլայլվաց՝ նկատելով, որ սեղանի շուրջ Ստեփանն ու Ելենան նստած են կողք-կողքի։ Եվան գլխով շփոթված բարևեց հավաքվածներին։

–Արի, Եվա, ներս արի,– տեղից բարձրանալով ասաց Ռաֆայելը։

–Ինչ ուրախ է ձեզ մոտ,– ինչքան կարելի է հանգիստ՝ արտաբերեց Եվան։– Ինչ-որ տոնախմբությո՞ւն է, թե ոչ։

–Այսօրվանից ես բժշկուհի եմ,– հպարտացավ Ամալյան՝ վերցնելով Եվայի վերարկուն։

–Ճի՞շտ։

–Մենք ու մենք ենք։ Մերոնց վաղն ենք հրավիրելու։

–Շնորհավորում եմ,– Եվան պայուսյակից հանեց Նեֆերտիտիի արձանիկն ու մեկնեց նրան։

–Աստված իմ, այս ինչ հրաշալիք է,– զմայլանքից իրեն կորցրեց Ամալյան։

–Գերազանց ընդօրինակություն է,– սեղանի վրայից թեքվելով ասաց Լեոնիդը։– Դա որտեղի՞ց է։

–Դավիթ Ավետովիչն էր բերել այն օրը,– մեղապարտ արտասանեց Եվան։

–Դավիթ Ավետովի՞չը:– Ամալյան զարմանքով ու կասկածանքով նայեց նրան։– Եվա…Էլ ինչո՞ւ ես ինձ տալիս… Ախր, դա հիշատակ է։

–Ոչինչ, ես այն սրտանց նվիրում եմ քեզ։ Գիտե՞ս, ինձ թվում է, նրա առեղծվածային ժպիտում, նրա խոշոր, աստեղնաբիբ աչքերում դարերի խորքից եկող հմայական ինչ-որ համր ուխտ կա՝ ուղղված մեզ՝ նրա հեռավոր հետնորդներիս՝ եղեք այսպես գեղեցիկ, եղեք ավելի մաքուր ու հոգով պայծառ, քան կաք, այլապես կկորցնեք ձեր թովչանքը… – Եվան քիչ հապաղեց, ասես կշռադատելով՝ արժե՞ ասել այն, ինչի մասին հիմա մտածում է, թե ոչ, և , այնուամենայնիվ, ասաց.– Ես այլևս տուն չեմ վերադառնա։ Ես վերադառնալու տեղ չունեմ, չեմ վերադառնա, վերջ։

–Ինչպե՞ս թե,– զարմացավ Ռաֆայելը։– Դու գժվե՞լ ես, ինչ է։

–Ոչ, Ռաֆայել, թվում է միակ ճիշտ քայլը, որ արել եմ իմ ամբողջ կյանքում, դա է։ Ուշ է, իհարկե, բայց լավ է ուշ, քան երբեք։

–Իսկ ի՞նչ ես մտադիր անել, -հարցրեց Ելենան՝ ոչ այն է վախով, ոչ այն է սրտացավությամբ։

–Չգիտեմ։ Դեռևս չգիտեմ,– անորոշ արձագանքեց Եվան և փորձեց ժպտալ։

–Եվա , նստիր։– Ամալյան նրա համար աթոռ բերեց։

–Լսիր,– դառնալով Եվային,– անսպասելի ասաց Լեոնիդը։– Իսկ ի՞նչ կլինի, եթե քեզ ինձ հետ տանեմ հեռու Սիբիր։ Ժամը չորսին ինքնաթիռս թռչում է։

Ելենան խնդուն քմծիծաղով նայեց շուրջը.

–Ոնց որ հայտնի երգում՝ ,,Կտանեմ քեզ տունդրա, կտանեմ ճերմակ ձյուների մոտ,, …

–Տար, Լեոնիդ,– ասաց Եվան՝ ուշք չդարձնելով Ելենայի խոսքին։-Միայն թե ոչինչ պատրաստել չեմ կարողանում։ Բայց դու մի վախեցիր, կսովորեմ։ Տար, Լյոնյա։ Ես գիտեի, որ այս գիշեր թռչում ես, դրա համար էլ եկա։

–Հա՞,– անմիջականութամբ ժպտաց Լեոնիդը,– զարմանալի է, իսկ ես կարծում էի, թե ստիպված պիտի լինեմ համոզել քեզ։

–Բայց մի պայմանով, որ աչքի լույսի պես պիտի պահես նրան,– պարտավորեցրեց բարեսիրտ ու դյուրահավատ Ամալյան, և, նստելով իր նախկին տեղը՝ ամուսնու կողքին, նայեց շուրջը։ Միայն Ստեփանն էր, որ չէր խառնվում խոսակցությանը։

–Թող փորձի միայն քեֆին կպչել,– կնոջը պաշտպանեց Ռաֆայելը։

–Շնորհակալություն, Ռաֆայել,-հոգնաթախանձ ժպտաց Եվան։-Քո սպառնալիքից հետո նա չի համարձակվի նեղացնել ինձ։

–Կարճ, համաձա՞յն եք, որ տանեմ, թե ոչ,-ասաց Լեոնիդն ու տեղից բարձրացավ։

–Նրանք համաձայն են, ես գիտեմ,– ասաց Եվան անբռնազբոս ժպիտով։– Եվ ես նույնպես դեմ չեմ։

–Ուրեմն հրաշալի է, գնացինք,– ժպտաց Լեոնիդը և, ձեռքն առնելով իր ըմպանակը, ասաց.– Մենք մարդ արարածներ ենք, իսկ դա իր հերթին նշանակում է, որ դյուրընկալ, զգայուն, բանական ու խելամիտ էակներ ենք, և, քանի որ դա, իրոք այդպես է, ուրեմն մենք իրավունք չունենք կիսատ թողնելու մեր աննմանական Ամալյայի կենացը։ Վերցրեք բաժակները։

Բոլորը միանգամից վերցրին իրենց ըմպանակներն ու գավաթները և համակ ուշադրությամբ հայացքներն ուղղեցին Լեոնիդին…

=============

ԴԵՂՁԱՆԻԿԸ ԳԵՂ-ԳԵՂ ԵՐԳԵՑ ԳԵՏԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ

-Ի՞նչ ես գլխահակ նստել այստեղ:

Ընկերոջ՝ Հարութի ձայնի վրա Թևիկը ծուլորեն շրջեց գլուխը, մի պահ անորոշ նայեց նրան, ասաց.

–Ե՞ս։

–Էլի՞ սկսեցիր քո այդ անիմաստ հարցականները:

Լայն ուսերն ու արևառ դեմքը՝ ցցուն ճակատին ընկած անհնազանդ մազափնջով, մանավանդ առնական թավ ձայնն ու դանդաղկտորեն-հանդարտ շարժումերն, ինչ խոսք, առաջին հայացքից անխորտակելի կամքի ուժի ու անսաստ եռանդի պատրանք են ստեղծում։ Սակայն, առավել մոտիկից ծանոթանալու դեպքում, նախնական տպավորությունն իսկույն չքանում է, իր տեղը զիջելով բավականին տարօրինակ մի խորհրդածության, որ մարդն ու իր արտաքինը գոյակցում են մեկը մյուսից տարանջատ։

Թևիկ Ասրիյանի պարագայում դրանք միանգամայն հակառակ բևեռներ են մեկը մյուսի նկատմամբ։ Նրա ծանրաբարո խրոխտ ձայնը լիովին համապատասխանում է իր պատկառելի տեսքին, և քանի դեռ չի ծիծաղել, կարող է թվալ, թե նրա ծիծաղի պոռթկումին մարդու թմբկաթաղանթները չեն դիմանա։ Բայց ահա նա ծիծաղում է, և մնում է բերանբաց զարմանքով նայել նրան. որտեղի՞ց հայտնվեց այդ ճվաղուն ''հի-հի-հին''։ Իսկ ո՞ւր մնաց նրա հզոր բասը…Դասախոսը կշտամբում է Թևիկին, ասում, որ ստուգարք չի կարող նշանակել։ Թևիկն արդարացման համար անհասկանալի ինչ-որ բան է մրմնջում, ակամաբար մոտենալով ամբիոնին։ Նայելով նրա բարձր ու վայելուչ կազմվածքին, կարելի է ակնկալել, թե նա հիմա ազնվաբար կխոստովանի, որ, այո, ճիշտ է դասախոսը, ինչպես հարկն է՝ չի նախապատրաստվել ստուգարքին, և որ ինքը հասկանում է իր սխալը, սրտանց զղջում է դրա համար, և ամեն մի ճիգ ու ջանք կգործադրի, որպեսզի քննության ժամանակ ամոթով չթողնի ոչ դասախոսին, և ոչ էլ իր ընկերներին։ Սակայն, դրա փոխարեն, նա անշնորհք կերպով տեղում դոփելով ու կրծելով ուռուգեր ստորին շրթունքը, ծամծմելով բառերը, կմկմում է այն մասին, որ ամիսուկես շարունակ գիշեր ու ցերեկ նստած պարապել է, որպես սկզբնաղբյուր՝ օգտվելով տասներեք բրոշյուրից ու տասներկու գրքից…

Դասախոսի վճռական ձայնն ընդհատում է նրան.

–Այդ բոլորը հասկացանք, իսկ ինչո՞ւ ես անպատրաստ ներկայացել ստուգարքին։

Ի՞նչ է մնում Թևիկին, եթե ոչ՝ թափ տալ ձեռքը ու նստել տեղը։ Բայց ոչ, նա հանկարծակի գունատվում ու մի տեսակ վիրավորված ասում է.

–Ե՞ս։

–Այո, դու,-հանգիստ ձայնով հաստատում է դասախոսը։

–Գիտե՞ք, ընկեր Խանյան… Ես դա չէի ուզում ասել… Մայրս, ախր, հիվանդացել էր… և ես շարունակ… ինձ համար շատ ծանր էր…Ոտքս էլ սաստիկ ցավում էր… Մամայիս արև…

Լսարանը միանգամից պայթում է ծիծաղից։

''Մամայիս արև… Մամուլյայիս ազիզ արևը'',-քրքռում էին տղաները։

Ջլապինդ ձեռքերով ամբիոնը գրկած, Թևիկը համբերատար սպասում է՝ մինչև լսարանը հանդարտվի, ասես պատրաստվում է կրակոտ ճառ արտասանելու։

 

Դասախոսը նույնպես ծիծաղում է։ Միայն Գայանեն է, որ չի ծիծաղում, նա միայն ժպտում է՝ իր հրակեզ սև ու զմայլուն աչքերով քնշահայաց նայելով Թևիկին։

–Մի հարց եմ տալիս,Թևան, եթե ճիշտ պատասխանեցիր, ստուգարք եմ նշանակելու,-ի վերջո ասում է դասախոսը։– Պատրա՞ստ ես։

–Ե՞ս,-ծուլորեն արձագանքում է Թևիկը, դանդաղորեն մի ոտքից անցնելով մյուսին։

–Պարզ է, քեզ հետ եմ խոսում, ուրեմն խոսքը քեզ է վերաբերում։ Եղա՞վ։

–Այո, ընկեր Խանյան -կրկին մի ոտքից մյուսին անցնելով ուշացումով ասում է Թևիկը։

–Կարո՞ղ ես ասել, եգիպտական բուրգերը ո՞ր երկրում են գտնվում՝ Հունաստանո՞ւմ, Եգիպտոսո՞ւմ, թե՞ Իտալիայում։

Թևիկը լրջախոհ, խելացի մարդու դեմք է ընդունում, երկար նայում է առաստաղին, ասես փորձելով այնտեղ գտնել այդ դժվարին հարցի պատասխանը, փակ աչքերով երկար մտածում է՝ կծելով շրթունքները և դառնալով դասախոսին, միանգամից ասում է.

–Իտալիայում։

Նորից նույն որոտուն ծիծաղն ու քրքիջը լսարանում։ Եվ ամենագլխավորը, երևում է՝ Թևիկն ինքն էլ շատ գոհ է իր պատասխանից, աջ այտը քիչ վեր՝ քթի տակ հանգիստ ժպտում է։

Հետագայում Հարութը բոլորին բացատրում էր, թե, իբր, Թևիկը խելա՞ռ հո չէ, որ պատասխան պարունակող այդպիսի պրիմիտիվ հարցին չկարողանար պատասխանել, և որ, իբր, նա դիտմամբ էր ասել՝ Իտալիայում, իսկ թե ինչու՞ էր նա այդպես ասել, Հարութը բացատրել չէր կարողանում, պարզապես թոթվում էր ուսերը և վերջ։

–Լավ, տուր ստուգման գրքույկդ,– զվարթաձայն ասում է դասախոսը։ Ամենայն հավանականությամբ, շատերի նման, նա նույնպես համակրում էր մանկական հուզիչ միամտությամբ այդ հսկային։– Ստուգարք եմ նշանակում, բայց պայմանով, որ քննության ժամանակ այլևս ոչ մի զիջում չի լինելու: Պա՞րզ է:

Ի պատասխան, Թևիկը գլխով է անում, գրպանից հանելով ստուգման գրքույկը, դանդաղաշարժ մոտենում է դասախոսին և մեկնում գրքույկը, չմոռանալով, իհարկե, քրթմնջալ այն մասին, որ ''տասներեք բրոշյուրից ու տասներկու գրքից'' օգտվել է։

''Ես իմ մամայիս ազիզ ցավը տանեմ'', – իրար բոթելով շարունակում էին տղաները։

Դուրս գալով լսարանից, Թևիկը գլխահակ նստում է միջանցքում դրված նստարաններից մեկին։ Ոտքն, իրոք, ցավում է։ ''Երևի, բեկորն է շարժվել'',-մտածում է։

–Ի՞նչ էիր տակից-գլխից դուրս տալիս,– մտերմիկ -հարձակողական տոնով հանդիմանում է Հարութը, որի հետ ընդունելության հենց առաջին օրվանից ընկերություն էր անում։ – Ի՞նչ էիր մեջ գցել այդ սկզբնաղբյուրների պատմությունը, մայրիկի հիվանդությունը և ամենասարսափելին՝ այդ ''մամայիս արևը''։

Այստեղ տեղն է , իհարկե, որ Թևիկն, այս ամենից զզված, գրողի ծոցն ուղարկի իր անկոչ քննադատին։ Բայց չէ… Ընդհակառակն, նա հուզվում, կարմրում է, անհեթեթ ժպտում, անօգնական տարածելով ձեռքերը, այսինքն՝ հասկանու՞մ ես, իրոք, շատ հիմար բան եղավ՝ ''ինքս էլ չգիտեմ, թե ոնց այդպես ստացվեց''։

Եվ, չնայած դյուրահավատ պարզամտությանն ու աններելի ծուլությանը, կուրսի տղաները նրա մասին բոլորովին վատ կարծիքի չեն։

–Թևի՞կը… Հրաշալի տղա է։

Եվ ահա սկսվել են քննությունները։ Ավելի ճիշտ, վերջին քննությունն է մնացել։ Այն նույն առարկայից, որի ստուգարքի ժամանակ ճերմակահեր դասախոս Սոկրատ Խանյանն ասաց, որ այլևս ոչ մի զիջում չի լինելու։

Եվ, հակառակի պես, բացվել է ոտքի վերքը, ամբողջ գիշեր ցավից մի վայրկյան անգամ չէր քնել։

Թևիկը Բաքվում է ծնվել, մինչև հինգերորդ դասարան ռուսական դպրոց է հաճախել։ Բաքվի վերջին՝ իննսուն թվականի կոտորածների ժամանակ, նրանց ընտանիքին հրաշքով հաջողվել էր փրկվել, նավով փախչել քաղաքից։ Մինչև հիմա էլ նա սարսափով է վերհիշում այդ ամբողջ պատմությունը, ծովափնյա զբոսայգին, հարյուրավոր մարդիկ (ռուս զինվորականների ու տանկերի հսկողությամբ, որպեսզի ադրբեջանցի զինված խուժանը նորից չհարձակվեր նրանց վրա), ցաքուցրիվ, ծեծ ու ջարդից այլանդակված դեմքերով, սարսափահար այս ու այն կողմ էին վազում, որոնելով հարազատներին, մի կերպ խցկվում լաստանավի մեջ, ծովն է հիշում, ուր արդեն զինվորականներ չկային, և նավի անձնակազմը սանձարձակորեն ծանակում էր անպաշտպան հայերին, խաբեությամբ կամ բռնի կերպով խլելով նրանց զարդերն ու վերջին կոպեկը։

Կրասնովոդսկից նրանց ինքնաթիռներով ձրի փոխադրեցին Երևան, ժամանակավոր տեղավորեցին պանսիոնատում։ Հայաստանը, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակված, սարսափելի ցուրտ, մինչև լույս սենյակի մեջ առաջ ու ետ էին գնում. ցրտից հնարավոր չէր աչք փակել։ Բնիկ ղարաբաղցի էին ծնողները, որոշեցին տեղափոխվել Ղարաբաղ, Մարաղա գյուղում ազգականներ ունեին։ Սակայն նրանց բախտը այստեղ ևս չբերեց։ Ապրիլի տասին ռուս գեներալ Շամանովի տանկերը խուժեցին գյուղ, տանկիստները ռուս տղաներ էին, ասացին, որ ադրբեջանական զորքն ու թալանչի ոհմակը՝ Բարդայից, Միր-Բաշիրից ու շրջակա ադրբեջանական գյուղերից, հետևից գալիս են, փախեք։ Հայրը տանը չէր, գյուղի չորս կողմում պահակակետեր կային, նա պահակակետերից մեկում հերթապահում էր այդ օրը, ու Թևիկը նրան այլևս չտեսավ։ Զոհվե՞ց միանգամից, թե գերի վերցրին՝ անհայտ էր։ Օդից ռմբակոծում էին գյուղը, հրդեհիչ արկերով խփում էին տներին, այս ու այնտեղ մի քանի տուն բոցավառվեց։ Խուճապ էր, ճիչ ու վայնասուն, սկսեցին փախչել, տանկերից նույնպես կրակում էին, մարդիկ ընկնում էին ու մնում այդպես ընկած։ Անցան Լենինավանը, Լեոնարխը, Կարմիրավանը, որոնք նմանապես ռմբակոծվում էին ինքնաթիռներից ու տներ էին վառվում, հասան Մարտակերտ, այնուհետև ձորերով, սարերով, նոր-նոր կանաչող անտառներով, շարունակ գնում ու գնում էին։ Զանազան գյուղերով էին անցնում, բայց ինքը այդ գյուղերի անունները չգիտեր, ամենուր՝ փախուստ, ոչխարի մայուն ու կովերի բառաչ, իրարանցում։ Հինգերորդ թե վեցերորդ օրվա լուսադեմին հասան Ստեփանակերտ, որը նույնպես շարունակ ռմբակոծվում էր Աղդամից, Խոջալլուից, մոտակա ադրբեջանական գյուղերից ու Շուշի քաղաքից…Ապրում էին՝ որտեղ պատահեր, մինչև տասերորդն ավարտելը մի քանի դպրոց փոխեց, չհաշված Բաքուն ու Երևանը։ Հետո սկսվեց պատերազմը, և Թևիկն իր բարձր հասակով, դյուրահավատ-անեղծ նայվածքով, կռվի առաջին գծում էր։ Ալաշանի բարձունքին տիրելու համար ահագին զոհեր եղան, և նրանց մեջ՝ Իգոր Բաղունցը։ Ապոլոնի պես գեղեցիկ այդ շեկ տղային Թևիկը շատ էր մտերիմ։ Իգորն էլ իր նման քչախոս էր ու իր նման ինքնամփոփ։ Ծառերի ետևում, փոքրիկ մի թմբի նստած խոսում էին և միանգամայն անսպասելի՝ Իգորն իր սիրո մասին պատմեց Թևիկին։ Իր հոր մտերիմ ընկերոջ աղջկա մասին էր պատմությունը, անունը Լաուրա: Նույն դասարանում էին սովորել Մարտակերտում, իսկ հետո աղջկա ընտանիքը փոխադրվել էր Բաքու։ Տասերորդ դասարանը նա այնտեղ ավարտեց, այնտեղ էլ ընդունվեց համալսարան, բայց ամռանը գալիս էին Մարտակերտ, այստեղ տուն ունեին։ Աներևակայելիորեն գեղեցիկ, կենսախինդ, շլացուցիկ ժպիտը գեղահրաշ շուրթերին՝ այդ աղջկան Իգորը ամբողջ սրտով, ողջ հոգով սիրում էր, բայց այդպես էլ համարձակություն չունեցավ խոստովանել նրան իր սերը։ '' Հաճախակի, նույնիսկ կարելի է ասել ամեն գիշեր, տեսնում եմ նրան երազում'',-ասաց Իգորը։ Իսկ հետո մի հարց տվեց, որ շատ տարօրինակ հնչեց այն ժամանակ։ Ասաց. ''Մարդ վշտից կարո՞ղ է մեռնել''։ Թևիկը տարակուսանքով նայեց Իգորին, թոթվեց ուսերը, իսկ Իգորն ասաց. ''Եթե ինձ մի բան պատահի, մայրս չի դիմանա… հայրս նույնպես''։ ,,Նրանք ջահե՞լ են'',– մի բան ասած լինելու համար հարցրեց Թևիկը։ ''Այո, շատ ջահել են, ես նրանց առաջարկել եմ, փոքր եղբայր ունեմ, Օլեգ է անունը''։ Եվ Թևիկն իր մտքում համաձայն էր դրան, այո, այդպիսի որդու՝ և հոգով, և արտաքինով այդպիսի գեղեցիկ որդու կորուստին, չէ, ոչ մի ծնող չի դիմանա, բայց ուրիշ բան ասաց Թևիկը, նա ասաց. ''Իգարյոկ, ինչեր ես խոսում, մենք հաղթանակով կվերադառնանք, միասին կգնանք հորդ ընկերոջ տուն…''։ ''Ուշ է,-դառնակսկիծ ընդհատեց նրան Իգորը,– նա ամուսնացել է արդեն'' , և, ամենայն հավանականությամբ, որպեսզի Թևիկն այլևս ոչինչ չհարցներ իրեն այդ մասին, կտրուկ անցավ բոլորովին այլ խոսակցության։

–Ուղիղ հարյուր տարի առաջ Րաֆֆին եղել է այստեղ, Ալաշանում, – ասաց նա։ – Աղջիկների է հանդիպել, որոնք այս անտառներում, առանց որևէ երկյուղի, հոն են եղել քաղելիս, և ոչ մի թուրքի գյուղ, ոչ մի թուրք այն ժամանակ չեն եղել այս կողմերում, իսկ հիմա եկել, լցվել են, հազար ու մի կեղծիքով ու սադրանքով պատմություն են ստեղծում, ուզում են տեր կանգնել մեր պատմությանն ու մեր հողերին։

Այդ օրը, մարտի ժամանակ, Իգորը զոհվեց։ Հետագայում Թևիկը լսեց, որ իբր Իգորի մայրը՝ Մարտակերտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարինան, որդու վշտին դիմացավ… ընդամենը քառասուն օր, իսկ հայրը՝ Պավլիկը, մի տարի կարողացավ միայն դիմանալ… Որքանով էր դա ճիշտ՝ ինքը հաստատ չգիտեր, բայց, եթե ասում են, ուրեմն ճշմարիտ մի բան կա, հո զուր տեղը չէին ասի:

Բազմաթիվ մահեր տեսած Թևիկին ցնցել էր Իգորի մահը։ Շարունակ զսպում էր իրեն, բայց գնալով մեջը լկլկում էր, չկարողացավ իրեն պահել, չոքեց գետնին ու, հայացքը երկնքին, լաց եղավ։ Ավելի ճիշտ, դա լաց չէր, այտամկանը շարունակ ցնցվում էր, և այդ լաց կոչվածն իր ներսում բարձրանում, խեղդում էր նրան, և օդը չէր հերիքում, որ շնչեր։ Այդպես երկրորդ անգամ էր պատահում իր հետ։ Առաջին անգամ՝ երբ Մարաղայից դուրս էին եկել և մի բլրակից նայեց հետ, վառվող գյուղին։ Այրվող տների բոսոր ցոլքերից այնտեղ, գյուղի վրա երկինքը շիկացած էր և Թևիկին մի պահ այնպես թվաց, թե հայրն այնտեղ ընկած է անօգնական, իսկ իրենք նրան լքած հեռանում են։ Ինչպես հիմա, ներսից, ուղղակի կրծքավանդակի տակից, ինչ-որ ալիք շարունակ բարձրանում, ասես բութ մատով՝ սեղմում էր կոկորդը, և նա, բերանը լայն բացած, հազիվ էր կարողանում շնչել։