Tasuta

Անբախտ Հռիփսիմե

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

Ստեփանը էլ ավելի չխոսեց, գլուխը թափ տալով տանից դուրս գնաց, քթի տակից մրթմրթալով, – «Ես գիտեմ այդ բանի վերջն ի՜նչ կլինի»…:

Գ

Այդ խոսակցության ժամանակ Հռիփսիմեն, ծալքի ետնեն միայնակ նստած, լսում էր բոլորը: Հայրը տանից գնալեն հետո, նա դուրս եկավ այնտեղից:

– Այդ ի՞նչ է, աղջի, աչքերդ կարմրել են, – հարցրուց մայրը:

– Ոչինչ, մայրի՜կ, գլուխս մի քիչ ցավում է, – պատասխանեց օրիորդը ողորմելի ձայնով:

– Դու լաց ես եղել, Հռիփսիմե, արտասուքը թշերիցդ դեռ չէ չորացել:

– Չէ՜, մայրիկ, գլուխս ցավում է…

Աղջիկը էլ ոչինչ չխոսեց, սափորը առավ ուսին, գնաց աղբյուրից ջուր բերելու:

Մայրը մնաց միայնակ:

– Աղջի, Ջավահի՜ր, – ձայն տվեց նա հարսին:

Հայտնվեցավ հարսը, երեսը մինչև գոտին ծածկված կարմիր լեչակով:

Սկեսուրը ասաց նրան.

– Հարսի՜, մելիքը միտք ունի պսակվել Հռիփսիմեի հետ, այսօր ես նրան ուրիշ տեսակ տեսա, երևում է սրտումը բան ունի թաքցրած: Նա ամաչեց, ինձ ոչինչ չասաց, բայց քեզանից չի ծածկի յուր սիրտը: Դու նրան խոսացրու, միտքն իմացի՜ր և ինձ խաբար տո՜ւր:

Հարսը գլխով շարժեց ի նշան համաձայնության:

– Հիմա նա կդառնա աղբյուրից, – շարունակեց Մարթան, – ես գնում եմ քավորենց տունը, դու նրան խոսացրու:

Մարթան առեց յուր թեշին և ձեռքում մտնելով տանից դուրս գնաց:

Ճանապարհին նրան հանդիպեց սանամեր Շուշանը:

– Աչքդ լո՛ւյս, – ասաց նա ծիծաղելով, – ի՞նչպես աղջկադ բախտը բաց էլավ. սուրբ Կարապետը, Մարթա, աստված ձեզ ողորմություն արաց…

– Աստված քո Մարիամին էլ փոխ անե, – պատասխանեց Մարթան:

– Հիմա հավատում ե՞ս, Մարթա, որ իմ երազը կատարվեցավ: Քանի օր առաջ ասում էի քեզ, որ երազումս տեսա մի կանաչկարմիր լույս կամար էր կապել ձեր տան վրա: Այդ լույսն մելիքն էր…

– Փառք յուր ողորմությանը, – երեսը խաչակնքելով ավելացրեց Մարթան, – տեր ամենակալը խղճաց մեր թշվառության վրա…:

Այդպիսի կրոնական զգացմունքներով, նրանք շարունակելով իրանց խոսակցությունը, գնում էին քավորենց տունը: Մինչդեռ Հռիփսիմեն դարձավ աղբյուրեն:

Դ

– Լսե՞լ ե՜ս, Հռիփսիմե, – ասաց նրան Ջավահիրը. – մեր մելիքը միտք ունի քեզ վրա պսակվի:

– Չէ՜, Ջավահի՜ր, ես ջուրը կընկնեմ, ես ինձ կխեղդեմ, ես չեմ կարող նրան ուզել, – ասաց Հռիփսիմեն, արտասուքը սրբելով:

– Գժվել ես, աղջի, մելիքի նման մարդը քեզ վրա պսակվի, դու չե՞ս ուզի, այդ ի՞նչ խելք է:

Օրիորդի գունատված դեմքը ավելի տխրեց և նա պատասխանեց.

– Ես չեմ կարող, Ջավահի՜ր, ես չեմ կարող ուզել նրան:

– Հո՛ղը սարսաղ գլխիդ, – նրա խոսքը արհամարհանոք կտրեց հարսը: – Գիտե՞ս, ի՜նչ շորեր կհագցնի քեզ, գիտե՞ս, ի՜նչպես կպահե քեզ:

– Եթե ինձ ոսկու և արծաթի մեջ պահե, էլի չեմ կարող նրան սիրել:

– Հո՛ղը դատարկ գլխիդ, – դարձյալ կրկնեց Ջավահիրը: – Ես գիտեմ, դու էլ սրտումդ դարդ ունիս:

Օրիորդը կարմրեց:

– Ես ոչինչ դարդ չունեմ, – ասաց նա մեղմ ձայնով:

– Չէ՜, չունես… դու Ալեքսանին սիրում ես, – նրա խոսքը կտրեց հարսը:

Օրիորդը ավելի շփոթվեցավ:

– Այդպես չէ՞, դե ասա՜, դե ասա՜, – կրկնեց Ջավահիրը:

– Ես միտք չունեմ մարդու գնալու, – պատասխանեց համեստությամբ Հռիփսիմեն:

– Կո՞ւյս պիտի դառնաս, ինչ է:

– Ես գիտեմ…

– Գրո՛ղը տանի քեզ պես սարսաղը… հայրդ, մայրդ քեզ մելիքին տալեն հետո, դու ինչ կարող ես անել:

Օրիորդի աչքերում նկատվեցավ բարկության նման մի բան, և նա գոչեց.

– Ես ինձ կխեղդեմ…

– Գնամ մորդ ասեմ, – սպառնական կերպով ասաց հարսը:

Լսելով վերջին խոսքերը, օրիորդը դարձյալ մեղմացավ և, բռնելով Ջավահիրի ձեռքը, ասաց նրան ողորմելի ձայնով.

– Հարսի ջան, քո հոգուն մատաղ, աղաչում եմ քեզ, դու մորս ոչինչ մի՜ ասա, հայրս լսե, ինձ կսպանե… ասա՛ մորս, ես ուխտ եմ դրել ինձ վրա, մինչև քսան տարեկան չդառնամ, մարդի չպիտի գնամ… Ասա՜ մորս դեռ սպասեն… ինձ մելիքին չտան…: