Tasuta

Կայծեր Մաս 1

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

ԼԷ
ԴԻՄԱԿԸ ՊԱՏՌՎՈՒՄ Է

Գիշերից բավական անցել էր. ես իմ մտածությանց մեջ բոլորովին մոլորված, չգիտեի թե ուր գնամ: Սոնայի հաղորղած տեղեկություներն ինձ բոլորովին շփոթել էին: Մեկ էլ տեսնեմ, առաջս կտրեց իմ քեռի Պետրոսը:

– Ե՛կ, – ասաց նա ծանր կերպով, – ե՛կ, մոլորյալ ոչխար, գնանք ինձ մոտ, քեզ հետ խոսելիք ունեմ:

Ես հետևեցի նրան ամենայն խոնարհությամբ, որովհետև երեխայությունից սովորած էի նրան իբրև հայր ճանաչել: Նա ինձ տարավ իր վրանը, կնոջը և մյուսներին հրամայեց գնալ դրացիների մոտ, և առանձին ինձ հետ սկսեց խոսել: Նրա խոսքերը դարձյալ վերաբերում էին ծերունի որսորդին, Կարոյին և նրա ընկերներին, և ավելի բացատրում էի Սոնայի ինձ հաղորդած գաղտնիքների ճշտությունը: Բայց ինչ որ նոր և հետաքրքրական էր քեռի Պետրոսի խոսքերի մեջ, դա վերաբերում էր ծերունի որսորդի երիտասարդական կյանքին, և նրա աղմկալի անցյալին:

Քեռի Պետրոսն ասում էր, թե ծերունի որսորդը մի ծպտյալ անձնավորություն է, որ ծածկված է հասարակ որսորդի կերպարանքում. թե նա Մոգաց և Սասնո երկրից փախստական անցել էր Պարսկաստան, այնտեղ առժամանակ իրան թաքցնելու համար: Թե նրա անունը առաջուց Ավո չէ եղել, այլ նա կոչվում էր իր երկրում Մելիք-Միսաք, և ամբողջ Սասունի և Մոգաց երկրի իշխանն է եղել: Նա ուներ այնտեղ իր սեփական ամրոցը, հարուստ կալվածներ և իր ձեռքի տակ բազմաթիվ քաջ պատերազմողներ: Ամբողջ Սասունը և Մոգաց երկրի կիսավայրենի ժողովուրդը դողում էին նրա զորությունից: Նա իր իշխանության ներքո զսպել էր ոչ միայն տեղացի հայերին, այլ բոլոր նույն երկրում բնակվող քուրդ և օտարազգի ցեղերին:

Մելիք-Միսաքը իր կառավարության մեջ նույնն էր, ինչ որ է մի երևելի քուրդ իշխան իր բոլոր միապետական զարհուրանքով: Նա նույնպես արշավանքներ էր գործում հակառակ ցեղերի վրա, կոտորում էր, հափշտակում էր, ավարներ և գերիներ էր բերում: Այսպիսով նա իր իշխանության ներքո խոնարհեցրել էր բացի հայերից և մի քանի քրդերի ցեղեր: Վերջիններն այնպես սերտ կապված էին իրանց հայ Մելիքի հետ, որ առանց խտրություն դնելու, մասնակցում էին և այն արշավանքների մեջ, որոնք տարածվում էին հակառակ կողմի քրդերի վրա:

Այստեղ ես կտրեցի քեռի Պետրոսի խոսքը, հարցնելով.

– Քրդերը նույնը չէի՞ն անում հայերի վերաբերությամբ:

– Անում էին, – պատասխանեց նա: – Բայց հային ի՞նչ կվայելե ավազակ քրդից օրինակ առնել:

Ես մտաբերեցի այն խրատը, որ լսել էի ծերունի որսորդից, և պատասխանեցի նույն ոճով.

– Ավազակի հետ պետք է ավազակ լինել. ավազակի հետ չէ կարելի ճգնավորի պես վարվել: Երբ որ քուրդն իր սրով և նիզակով դիմում է մեզ վրա, երբ որ նա գալիս է մեր տունը քանդելու, մեր կայքը հափշտակելու, մեր ընտանիքն անպատվելու, մեզ պետք չէ խաչով և ավետարանով դուրս գալ նրա առաջը, այլ մեզ պետք է նույնպես սրով պաշտպանել մեր պատիվը:

– Վարակվե՜լ է թշվառականը… – ասաց քեռի Պետրոսը գլուխը շարժելով: – Այսպես կարող է խոսել միայն ծերունի որսորդի հառաջադեմ աշակերտը:

– Ուղիղ է, ես առաջ այսպես չէի մտածում, ես կարծում էի, թե աստված հային ստեղծելու ժամանակ նրա ճակատին գրել է, որ նա միշտ խեղճ լինի, օտարի ձեռքի տակ գերի լինի, ինքն աշխատե և ուրիշին ուտացնե, գլխին ծեծեն լուռ կենա, երեսին թքեն` լուռ կենա, մի խոսքով, աշխարհի բոլոր անպատվություններին պետք է համբերե նա: Բայց հիմա ես հասկանում եմ, որ աստված չէ ցանկանում, որ հայը թշվառ լինի, և եթե նա թշվառ է, ինքն է պատճառը…

– Դու վարակվել ես…խե՜ղճ տղա, – պատասխանեց քեռի Պետրոսը ցավակցական եղանակով: – Դրանք այն երևելի ավազակապետի (ծերունի որսորդի) խոսքերն են, որ դուրս են թափվում քո բերանից: Դրանք այն «հին գայլի» խոսքերն են, որի համար ադամորդու կյանքը մի ճանճի կյանք է, որն իր գլխի մազերի համբարքով մարդիկ է կոտորել, որը հազարավոր տուներ է քանդել, որի սիրտը գութ և խիղճ կոչված բաների հետ երբեք ծանոթ չէ եղել:

Վերջին խոսքերն ավելի զայրացուցին ինձ, նրանք խիստ կեղտոտ հայհոյանք էին մի մարդու դեմ, որն այնքան բարեսիրտ էր և մեծահոգի, որը թշվառի հայր էր և կարոտյալի բարերար: Նա պատրաստ էի իսկույն վեր թռչել, բռնել քեռուս կոկորդից և խեղդել նրան, բայց մի հանկարծակի այցելություն արգելեց իմ կատաղությանը :

– Ողջույն, – լսելի եղավ մեր ետևից, և վրանի մեջ հայտնվեցավ իմ վարժապետը – տեր Թոդիկը:

– «Անառակ որդին» երևաց, – ասաց նա ինձ տեսնելով: – Բայց արդյոք զղջացե՞լ է նրա սիրտը:

– Ընդհակառակն, ավելի խստացել է, – պատասխանեց քեռի Պետրոսը:

Ես լուռ էի :

Տերտերը եկավ նստեց:

Քեռի Պետրոսը մասնավորապես պատմեց նրան այն վիճաբռնությունը, որ անցել էր մեր մեջ, և խիստ սև գույներով նկաարագրեց իմ համառությունը և մոլորությունը:

Տերտերը իր հատուկ կրոնական փիլիսոփայությամբ սկսեց կշտամբել իմ ցնորքները, ասելով.

– Մեր, տիրոջ մեղավոր ծառաներիս, ձեռքումը ոչինչ չկա. մենք ոչինչ չենք կարող անել: Ամեն ինչ, որ լինում է, աստուծո կամքովն է լինում. առանց նրա կամքին տերևն անգամ ծառից ցած չէ գալիս: Աստված է ստեղծել բոլոր արարածներին և նա է նշանակել բոլորի վիճակները: Օրինակ, եզին ստեղծել է, որ մարդու վարը վարե, ոչխարին ստեղծել է, որ մարդուն կաթ, կերակուր և հագուստ տա, ձիուն ստեղծել է, որ մարդու ծանրությունները տանե, – այսպես ամեն մեկին մի բանի համար է ստեղծել աստված: Բայց մարդը գայլից չէ կարող կաթ և բուրդ ստանալ, առյուծին չէ կարող ստիպել, որ իր վարը վարե, և արջին կարող չէ հրամայել, որ իր ծանրություները տանե: Դրանք գազաններ են. դրանց մյուս անասունների համար որպես պատիժ ստեղծել է աստված: Դրանք պետք է հափշտակեն, կեղեքեն, մյուսների մսով և արյունով կերակրվեն:

Ես դարձա դեպի վարժապետս, ոչ աշակերտի երկչոտությամբ, այլ համարձակ կերպով հարցրի.

– Ի՞նչ համեմատություն կա ձեր ասածների և մարդու մեջ:

– Համեմատությունը նույն է, – պատասխանեց տերտերը: – Մարդիկ էլ այնպես են ստեղծված. մեկը ոչխարային բնություն ունի, մյուսը գազանային:

– Մենք, հայերս, ո՞ր մեկիցն ենք:

– Մենք աստուծո գառնուկներն ենք, – պատասխանեց նա ավելացնելով ավետարանական խոսքը – «արածեա՛ զոչխարս իմ» ասաց տերն մեր Հիսուս Քրիստոս Պետրոս առաքյալին. դրանից երևում է, որ մենք գազան քրդերի նման չպետք է լինենք:

Ես տերտերի խոսքերի մեջ մի նոր բան չգտա, դարձյալ նույն քարոզներն էին, որ հազար անգամ լսած էի, բայց այժմ նրանք իմ գլխում չէին մտնում, այժմ ես հասկանում էի, թե ո՛րքան վնասակար էին նրանք:

Բայց ինձ նույն րոպեում տանջում էր մի այլ միտք, ես շատ դժգոհ էի, որ տերտերը եկավ և խառնեց իմ և քեռի Պետրոսի մեջ սկսված խոսակցությունը: Նրա պատմությունը ծերունի որսորդի անցյալի մասին մնաց անկատար. ես ցանկանում էի մինչն վերջը լսել այս գաղտնածածուկ մարդու կյանքի պատմությունը :

Քեռի Պետրոսը ինքն առիթ տվեց շարունակելու ընդհատված պատմությունը:

– Տեսա՞ր, որդի, – ասաց նա, – տերտերն էլ նույնն է խոսում, ինչ որ ես էի ասում քեզ. հեռացի՛ր այս մարդերից, եթե չես կամենում կորցնել քեզ:

– Ես ուզում եմ ավելի լավ ճանաչել նրանց, քեռի, պատմեցեք, թե ի՞նչպես ընկավ Մելիք-Միսաքը իր փառքից և ի՞նչ առիթ տվեց նրան հասարակ որսորդի կերպարանքով հայտնվել Պարսկաստանում:

– Դա մի երկար պատմություն է, որի մանրամասնություններն ինձ ևս հայտնի չեն, – ասաց նա: – Միայն այսքանը գիտեմ, որ Մոգաց և Սասնո երկրներում մի քանի ուրիշ հայ իշխաններ և մի քանի տանուտերներ հակառակ կուսակցություն էին կազմում Մելիքի դեմ: Նրանք միացան տեղային հայոց առաջնորդի հետ, և մի քանի վարդապետներ էլ իրանց կողմը գցելով, գրգռեցին ժողովուրդը Մելիքի դեմ: Նրանք ասում էին, թե մենք չենք ուզում, որ մեզ վրա «հայ» տիրե, մեզ համար լավ է քուրդը, «հայից բեկ (իշխան) լինել չէ կարող»:

Այնուհետև քեռի Պետրոսը խիստ արհամարհական կերպով նկարագրեց Մելիքի անկումը: Ես նրա խոսքերից միայն այսքանը կհիշեմ:

Ամեդիայի մեջ այն ժամանակ նստում էր մի քուրդ իշխան. նա մի քանի ցեղերի գլխավորն էր և ուներ իր ձեռքի տակ բազմաթիվ պատերազմող տղամարդիկ: Քուրդ իշխանը Մելիքի ոխերիմ թշնամիներից մեկն էր: Հայոց առաջնորդը մի քանի տանուտերերի հետ ծածուկ գնում են նրա մոտ, հայտնում են, թե որպես իրանք, նույնպես և ժողովրդի մեծ մասը Մելիքից գոհ չեն, և ցանկանում են նրա լուծը իրանց վզից գցել: Այս պատաճռով հրավիրում են քուրդ իշխանին հանձն առնել իրանց վրա տիրապետելը: Եվ առաջնորդը իր տանուտերների հետ խոստանում են, որ ամեն կերպով կօգնեն և ձեռնտու կլինեն քուրդ իշխանին Սասունը և Մոգաց երկիրը տիրելու գործի մեջ:

Ես կտրեցի քեռի Պետրոսի խոսքը` հարցնելով.

– Առաջնորդը ի՞նչ մի առանձին օգուտ ուներ հայ ժողովուրդը քուրդ իշխանի ձեռքում մատնելու մեջ:

– Շատ օգուտ, – պատասխանեց նա. – եթե Մելիքը մեջտեղից վերցվեր, միայն առաջնորդը կմնար որպես ժողովրդի հոգևոր և մարմնավոր ներկայացուցիչը: Բայց Մելիքի ստվերի տակ նա ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի բարձր հոգևորական:

Այս հետո, խիստ հետո ես հասկացա հայոց հոգևորականության մշտական կռիվը մարմնավոր իշխանության դեմ: Այս այն ժամանակ հասկացա, երբ կարդացի մեր ազգի պատմությունը և ծանոթացա նրա թշվառ անցյալի հետ…:

Քուրդ իշխանի վաղուց փափագած բաղձանքը հենց այն էր, ինչ որ առաջարկում էին հայոց առաջնորդն և տանուտերները: Դավադրությունը սահմանվում է, իսկ գործադրությունը նշանակվում է զատկի ավագ շաբաթի գիշերը: Նույն գիշերը, երբ Մելիքը իր ընտանիքով բոլորել էին ճրագալույցի սեղանի շուրջը, հանկարծ նրա ամրոցը պաշարվում է բազմաթիվ քրդերով: Մի քանի րոպեում հրդեհը չորս կողմից սկսվում է տարածվել դեպի ներսը. ամրոցը կորչում է ծուխի և բոցերի մեջ: Պարիսպները խորտակվում են և ներս է թափվում կատաղի ամբոխը: Սկսվում է սարսափելի կոտորածը: Մելիքը երկար քաջությամբ կռվում է, բայց շատ վերքեր ստանալով, վերջապես ընկնում է նա: Մըհեն կրակի, օրերի և գնդակների միջից հափշտակում է իր, դեռ ոչ բոլորովին անշնչացած, տիրոջը: Բայց նրա բոլոր որդիքը, աղջիկները, ծառաները և աղախինները կոտորվում են: Ազատվում է միայն Մելիքի մի հատիկ աղջիկը` փոքրիկ Մարոն, որին ստնտուն փախցնում է:

Բայց դրանով բոլորը չէ վերջանում: Ժողովրդի մեծ մասը չէր ցանկանում զրկվել իր գլխավորից, որ այնքան սիրելի էր բոլորին, որ միշտ հոր պես խնամել էր նրանց կյանքը և պատիվը թշնամիներից: Ժողովուրդը ոտքի է կանգնում, սկսում է ընդդիմանալ քուրդ իշխանին: Բայց ի՞նչ կարող է անել մի անգլուխ ժողովուրդ, որ առաջնորդող չունի: Մի քանի ամբողջ շաբաթներ Աասունը և Մոգաց երկիրը դարձել էին արյան և կոտորածի ասպարեզ: Մելիքը վիրավորված առյուծի նման հեռվից մռնչում էր, բայց ոչնչով չէր կարող օգնել: Քրդի սուրն անխնա կոտորում էր և նույն սրին ուժ և զորություն տվողներն էին նույնպես հայեր, չա՜ր և եղեռնագո՜րծ եկեղեցականներ…

Ժողովուրդը վերջապես նվաճվում է օտարի լծի տակ… քուրդ իշխանը տիրում է…

Այնուհետև հազարավոր մարդիկ որոնում էին Մելիքին, որովհետև նրա դիակը ամրոցի կոտորածի մեջ չգտնվեցավ: Բայց նա Մըհեի հսկայական ուսերի վրա, անմատչելի լեռներից և ձորերից անցնելով, արդեն փոխադրվել էր Պարսկաստան:

Քեռի Պետրոսի պատմությունը ինձ վրա սարսափելի տպավորություն գործեց. ես բոլոր մարմնով դողում էի, և մանավանդ ավելի եղավ իմ բարկությունը, երբ տերտերն` այս բոլորը լսելուց հետո` ասաց առածի ձևով.

 

– «Չարը միշտ չարով կսասանվի». – «Սրի հետ խաղացողը միշտ սրով կմեռնի», – և ավելացրուց. – Այսպիսի մարդիկ ոչ միայն իրանց անձի կորստյան պատճառ են դառնում, այլ ժողովրդին էլ արյան և կրակի մեջ են գցում:

– Բոլորովին ուղիղ է ձեր խոսքը, տեր Հայր, – ասաց քեռի Պետրոսը: – Մելիքը Պարսկաստան գալուց հետո, նա երկար ժամանակ իր գաղտնի նպատակներով կարողացավ թաքնված մնալ որսորդի անվան տակ, բայց երբ որ նկատեց, թե այնտեղ ևս պետք է մերկացվի ինքը, նա թողեց Սալմաստը և անցավ Հաղբակ: Ժողովուրդն այնտեղ ռամիկ էր և կիսավայրենի, իսկ մի այսպիսի ժողովուրդ պետք էր նրան: Նա շուտով կարողացավ գրավել ռամկին և բոլորի հավանությամբ նույն գավառի «Միր» ընտրվեցավ: Այնուհետև խռովությունը այս երկրից պակաս չէ: Հասպիստանու կռիվը իր հաջողությամբ խրախույս տվեց նրան. այժմ նա իր նպատակին մասամբ հասել է և կամենում է Հաղբակա5 լեռների վրա այն խաղը խաղալ, ինչ որ խաղում էր մի ժամանակ Սասնո մեջ:

– Այսպիսի մարդիկը ժանտախտ են, ուր և գնում են, իրան հետ տանում են մահ և կոտորած, – ասաց տերտերը:

– Եթե ծերունի որսորդի միտքն այն է, – պատասխանեցի ես, – որ հայը ազատված լինի օտարի լծից, որ նա իր տունը, իր երկիրը ինքը կառավարե, դրա մեջ ես մի վատ բան չեմ տեսնում: Եվ ես ինքս կլինեմ առաջինը, որ կնվիրեմ իմ արյունը նրա նպատակին :

– Եվ դու ինքդ կլինես առաջին խելագարը… – լսելի եղավ մի նոր ձայն:

Ես մինչ այն աստիճան խռովության մեջ էի, որ ամենևին չէի կարողացել նկատել, որ մի վարդապետ ներս էր մտած քեռի Պետրոսի վրանում և ականջ էր դնում մեր խոսակցությանը: Դա միևնույն աբեղան էր, որին ցերեկով տեսած էի «Կաթնաղբյուրի» ձորում: Նա եկավ նստեց: Քեռի Պետրոսի և տեր Թոդիկի ընդունելության ցույցերից երևաց, որ չափազանց հարգանք ունեին դեպի հայր սուրբը: Ճրագի լույսով ես ավելի լավ կարողացա զննել նրան: Նա մի մարդ էր ալեխառն մորուքով և նույնպես դեռ նոր ճերմակած երկայն մազերով: Հագուստը խիստ անշուք էր, այնպես հագնվում են միայն անապատական ճգնավորները: Ինչ որ նշանավոր էր նրա կերպարանքի մեջ, դոքա էին կենդանի և կրակոտ աչքերն, որոնք իրանց առույգությամբ մի հայտնի բացառություն էին կազմում նրա զառամյալ հասակի մեջ:

Նա, առանց ինձ վրա ուշադրություն դարձնելու, սկսեց խոսել քեռի Պետրոսի և տերտերի հետ: Քանի րոպեից հետո ես ինձ բոլորովին ավելորդ զգացի նրանց հասարակության մեջ, մանավանդ երբ նշմարեցի, որ իմ ներկայությունը նրանց հաճո չէր. ուստի բարի գիշեր ասելով, հեռացա:

ԼԸ
ԲԱՐԿԱՑԱԾ ՄԱՐՈՆ

Դուրս վազեցի քեռի Պետրոսի վրանից: Ես երկար չէի կարողանում մոռանալ անապատական ճգնավորին: Այս աբեղան ինձ երևում էր որպես մի կախարդական անձնավորություն: Քանի ժամ առաջ ես տեսա նրան «Կաթնաղբյուրի» ձորում. նա անցավ այնտեղից որպես մի անրջային ուրվական, մեղմ կերպով եղանակելով մի արաբական երգ: Նրա ձայնը թփերի միջից դուրս կանչեց կախարդ Սուսանին: Նա գրկեց Հյուբբիին և անհետացավ բլուրների մեջ: Այժմ կրկին ես տեսա նրան երկու մեծ դավադիրների վրանում: Ի՞նչ գործ ուներ Սուսանի և Հյուբբիի բարեկամը Կարոյի և ծերունի որսորդի թշնամիների մոտ. – այդ ես հասկանալ չէի կարողանում:

Այդ մտածողության մեջ ես անցա ուխտավորների բանակը: Հասնելով մեր վրանը տեսա այնտեղ բոլորը քնած էին. արթուն էր միայն Մարոն. նա դևի պես նստած վրանի մուտքի մոտ, սպասում էր ինձ:

– Ո՞րտեղ կորար դու, – հարցրուց նա, երբ տեսավ ինձ:

Ես ոչինչ չպատասխանեցի, և տեսնելով, որ վրանի մեջ կանայք քնած են, ներս չմտա, այլ նստեցի դրսում կանաչ խոտերի վրա: Բայց իմ լռությունը ավելի շարժեց Մարոյի բարկությունը:

– Շատ հարկավոր է, – ասաց նա ինքն իրան խոսելով, – չի էլ ուզում պատասխան տալ, կարծես ինձ համար կարմիր հարս է դարձել, սպասում է, որ ես դրան «բերանբացուկ»6 պետք է տամ:

Այս խոսքերը մի այնպիսի հեգնական եղանակով արտասանեց Մարոն, որ անկարելի էր չծիծաղել: Բայց ես մտածեցի ծանր երևացնել ինձ, այս պատճառով երեսս շուռ տվի, որ նա չտեսնե իմ ծիծաղը:

Մարոն նստած էր վրանի դռանը ներսի կողմից. ես նրանից փոքր-ինչ հեռու էի:

– Եթե դու կգաս ինձ մոտ, այն ժամանակ քեզ հետ կխոսեմ, – ասացի ես:

– Շատ հարկավոր չէ, – պատասխանեց նա արհամարհանոք: – Ի՜նչ մեծ տղա է դարձել, պետք է նրա սպասին գնալ, ո՜նց չէ:

Ես նկատեցի, որ Մարոն բարկացած էր իմ վրա, պետք էր գիտենալ պատճառը. դրա համար ես մոտեցա և նստեցի նրա մոտ:

– Դու այսօր շատ ես խոսացել, – ասաց նա այժմ ավելի ծանր կերպով. – լավ է, որ գնաս քնես, գիտեմ, հոգնած կլինես:

– Ի՞նչ գիտես, – հարցրի զարմանալով:

– Ես գիտեմ…: Բայց դու լավ ընկեր չես, Ֆարհատ, ամո՜թ քեզ համար, – փոխեց նա իր խոսքը: – Քեզ հետ ժամադիր եղող աղջիկը այնքան շտապեց, որ թողեց «Կաթնաղբյուրի» մոտ իր սանդրը. բայց դու այնքան անշնորհք գտնվեցար, որ չկարողացար նկատել: Ա՛ռ, քեզ եմ տալիս, տար, առավոտյան իրան տո՛ւր, գլուխդ գովի՛ր, ասա՛, ես գտա, թող երեսդ սպիտակի:

Այժմ ես հասկացա, թե ինչու էր Մարոն բարկացել իմ վրա: Նա տվեց ինձ մի սանդր. դա Սոնայի սանդրն էր, որ մոռացմամբ թողել էր «Կաթնաղբյուրի» մոտ լողանալու ժամանակ: Բայց ո՞րտեղից էր ընկել Մարոյի ձեռքը:

– Ո՞վ տվեց քեզ այդ սանդրը, – հարցրի ես:

– Ես ինքս գտա այնտեղ:

– Դու մեզ տեսա՞ր:

– Կույր չէի: որ չտեսնեի:

– Բայց մենք ինչո՞ւ չտեսանք քեզ:

– Ես շատ անգամ դևի պես աչքի չեմ երևում, – պատասխանեց նա ծիծաղելով:

Մարոյի խորամանկությունները ես վաղուց գիտեի. այդ պատճառով իսկույն չկարողացա հավատալ նրան և ասեցի.

– Դու սուտ ես խոսում, այս սանդրը ուրիշ կերպով հասել է քո ձեռքը:

– Չե՞ս հավատում ինձ, – պատասխանեց նա պինդ ձայնով: – Կուզե՞ս բոլորը կպատմեմ. նա աղբյուրի մեջ լողանում էր. դու հեռվից ապուշի պես նայում էիր. հանկարծ անցավ ձորի միջով ճգնավորը. նա երգում էր մի տխուր մեղեդի: Հետո հայտնվեցան Սուսանը և Հյուբբին, իսկ դուք բարձրացաք բլուրի վրա, նստեցիք նշենիների թփերի մեջ: Թե կուզես, կպատմեմ դուք ինչ խոսեցիք:

– Հիմա հավատում եմ:

Մարոն մտածության գնաց և րոպեական լռությունից հետո խոսեց.

– Խե՜ղճ Սոնա, ո՛րքան անբախտ է նա… իմ սիրտը չդիմացավ, երբ նա այնպես ցավալի կերպով խոսում էր իր մոր մահվան մասին և իր եղբոր կորստյան մասին: Իմ սիրտը չդիմացավ, և ես թաքնված թփերի մեջ, լաց էի լինում, Ֆարհատ:

Վերջին խոսքերի միջոցին ես նկատեցի Մարոյի աչքերում արտասուք:

– Դու հիմա էլ լաց ես լինում, – ասացի նրան:

Նա ոչինչ չպատասխանեց: Բայց հանկարծ մի կատաղի ցնցում փոխեց նրա հեզ, ցավակցական դեմքը, և նա խոսեց լի սպառնալիքով:

– Ֆարհատ, աստված վկա, ես նրա հորը շան պես կսատկացնեմ, թո՛ղ նա տերտեր լինի, մեղքից չեմ վախենա, գիտեմ, որ նա սատանա է:

– Բայց նա Սոնայի հայրն է:

– Ղորդ է, ես Սոնային շատ եմ սիրում, նա լավ աղջիկ է, եթե ես մի քույր ունենայի, նրանից ավելի չէի սիրի, բայց իմ հորը ավելի եմ սիրում…

Մարոյի կատաղության պատճառը հայտնի էր. բայց նրա վրդովմունքը ինձ ծիծաղելի էր թվում, և ես փորձելու համար հարցրի.

– Տերտերն ինչո՞վ է մեղավոր:

– Դու կարծում ես, ես չլսեցի՞, – պատասխանեց նա. – ես բոլորը իմանում եմ, թե ո՛րպիսի խոր (հոր) է ուզում տերտերը վարել իմ հոր, Կարոյի և նրա ընկերների համար: Նրանք ի՞նչ են արել, ինչո՞վ են մեղավոր:

Ես աշխատեցի հանգստացնել կատաղած Մարոյին, որից ամեն բան սպասելի էր:

– Չէ՛, Մարո, այդ լավ չէ, ինչ որ դու մտքիդ դրել ես: Ճշմարիտ է, քո հոր դեմ դավադրություն կա, բայց մենք պետք է խոհեմ լինենք, մենք պետք է շտապենք շուտով վերադառնալ տուն և բոլորը հայտնել քո հորը:

– Շտապել պետք չէ, նա մի օրից հետո բոլորը կիմանա, – պատասխանեց Մարոն անփույթ կերպով: – Բայց ես իմ ուխտածը պետք է կատարեմ…

– Այդ թող մնա՛ , ինչ որ դու ուխտել ես: Բայց դու ինձ այն ասա՛, թե քո հայրն ո՞րտեղից կարող է իմանալ:

– Ես նրա մոտ մարդ ուղարկեցի:

– Ե՞րբ, ո՞ւմը:

– Մըհեն կես ժամ առաջ այստեղ էր. նա այս կողմով անցնելով, եկել էր սուրբ աստվածածինը համբուրելու: Նրան ասել էին, թե մենք ևս ուխտավորների թվումն ենք. տեսա՝ ուրախ–ուրախ գալիս է: Ո՞րտեղից էր գալիս, նա ինձ չասաց, բայց շատ ուրախ էր: Ես պատմեցի նրան իմ լսածները հորս մասին: Նա բարկացավ, և էլ չսպասեց, որ գնա սուրբ աստվածածինը համբուրե, իսկույն վեր առավ իր ահագին լախտը և շտապեց հորս մոտ:

– Բայց նա իմանո՞ւմ էր, հայրդ որտեղ է:

– Իմանում էր: Ասաց. «էդ ի՞նչ սատանայական բան է, ես մի օրից հետո բոլորը կպատմեմ որսորդին»: Թեև հայրս այժմ Շատախի մեջն է գտնվում, որ այստեղից մի քանի օրվա ճանապարհով հեռու է, բայց ես գիտեմ, որ Մըհեն քամուց ավելի արագ է գնում, նա էգուց չէ` մյուս օրը հորս մոտ կլինի:

Մըհեն չէր ասել Մարոյին, թե ո՛րտեղից է գալիս, բայց ես գիտեի, թե ուր էր գնացել նա և որտեղից էր վերադառնում: Նա եկել էր իր արյունոտ շրթունքով աստվածածինը համբուրելու…: Զարմանալի՜ է, կրոնական զգացմունքը գտնվում է և ամենակատաղի եղեռնագործի մեջ…: Բայց մի՞թե կարելի էր նրան եղեռնագործ համարել…

Մարոյի կարգադրությունները թեև բավականին հանգստացրին ինձ, բայց ես դարձյալ պնդեցի, թե մեզ պետք է շտապել շուտով տուն վերադառնալու: Նա դարձյալ ընդդիմացավ ինձ:

– Ես չեմ գնա, մինչև ասածս չկատարեմ, ես այս գիշեր պատրաստվել էի, բայց…

Հեռվից լսելի եղավ մի մեղմ երգեցողության ձայն, նույնիսկ եղանակով, որ ես լսել էի այսօր «Կաթնաղբյուրի» ձորում: Մարոն լսելով ձայնը, փոխեց իր խոսքը:

– Այդ «ճգնավորն» է, որ երգում է, – ասաց նա, – ի՞նչպես լավ երգում է, լսի՛ր, Ֆարհատ:

Եվ իրավ, գիշերային լռության մեջ երգը հիանալի էր: Մարոն երկար ականջ դնելուց հետո, հարցրուց.

– Դու գիտե՞ս նա ով է, Ֆարհատ:

– Ես նրան չեմ ճանաչում, այսօր առաջին անգամ տեսա նրան «Կաթնաղբյուրի» ձորում, և նա երգում էր միևնույն այս երգը: Իսկ հետո երևցավ նա իմ քեռի Պետրոսի վրանում:

– Ո՜րքան միամիտ ես, Ֆարհատ:

– Ինչո՞ւ:

– Նրա համար, որ դու չկարողացար ճանաչել քո վաղեմի ընկերին:

– Ո՞վ էր նա:

– Ասլանը:

– Չեմ հավատում, դու ինձ վրա ծիծաղում ես, Մարո:

– Վեր կա՛ց, գնանք, նա մեզ կանչում է. ես հասկանում եմ նրա երգի միտքը, գնանք, մի՛ ուշացիր. նրան մեկ էլ կտեսնես ու կհավատաս:

Թեև այս խոսքերը Մարոն արտասանեց խիստ պինդ համոզմունքով, այսուամենայնիվ ես չէի կարողանում հավատացնել ինձ, թե մի զառամյալ անապատական աբեղա կարող էր Ասլանը լինել: Բայց Մարոն հաստատեց իր խոսքը մի ուրիշ փաստով, որ շատ հավանական էր: Նա հիշեցրուց ինձ այն նկատողությունը, որ արել էր նա, երբ առաջին անգամ տեսավ պառավ կախարդին և փոքրիկ Հյուբբիին, որ նստած ժայռի վրա, ուխտավորների համար գուշակում էր: Նա այն ժամանակ ասաց. «Կարոն կամ նրա ընկերներից մեկը պետք է այստեղ լինի». և ավելացրեց, թե «այն պառավն իսկույն հայտնվում է այնտեղ, ուր նրանք լինում են»: Եվ ես այնօր միթե չէ՞ի տեսել միևնույնը, երբ «Կաթնաղբյուրի» ձորում ծպտյալ աբեղան միացավ պառավ կախարդի հետ և համբուրեց Հյուբբիին:

Իմ տարակույսը փարատված էր. ես հոժարվեցա գնալ և գտնել «ճգնավորին», բայց մտածում էի մեր վրանը անտեր և առանց տղամարդի չթողնել: Երբ այդ մասին հայտնեցի Մարոյին, նա պատասխանեց.

– Սուրբ աստվածածինը իր ուխտավորներին կպահե, գնա՛ նք :

Ես չհամոզվեցա: ԲՆա խնդրեց ինձ փոքր-ինչ դրսում սպասել, իսկ ինքը մտավ վրանի ներսը: Մինչև նրա դուրս գալը, ես գտա վանքի գյուղացիներից մեկին, և նրան մի քանի ղուրուշ տալով, պատվիրեցի հսկել վրանին մինչև մեր վերադարձը:

Քանի րոպեից հետո դուրս եկավ Մարոն. ես հազիվ կարողացա ճանաչել նրան. նա փաթաթված էր մի լայն վանա աբայի (վերարկվի) մեջ և գլխին քրդի ձևով ապարոշ էր կապել:

– Դա ո՞վ է, – հարցրուց նա, տեսնելով գյուղացուն:

– Ես պատվիրեցի նրան հսկել վրանին մինչև մեր վերադարձը:

– Խաթունը արթուն է: Լավ, գնանք :

Երբ փոքր-ինչ հեռացանք, նա ասաց.

– Դու չես իմանում, Ֆարհատ, նա ինքը կգողանա: Այստեղ բոլորն էլ ավազակներ են:

– Վանքի սպասավորն երկյուղած կլինի, – պատասխանեցի ես:

– Չէ՛, այդպես չէ, ես իմ աչքով տեսա, ինչպես մի վարդապետ գողացավ և գրպանը դրեց իմ գցած գանձանակը: Նրանք մեզ խաբում են, Ֆարհատ, նրանք այն չեն, որպես դրսից երևում են… հայրս շատ է պատմել ինձ նրանց գործերի մասին…

– Քո վերարկվի տակից զենքի ձայն է լսվում, Մարո:

– Հայրս պատվիրել է ինձ, երբ գիշերով հեռու տեղ ես գնում, պետք է միշտ զենք ունենաս:

Ճանապարհին ես Մարոյից հարցրի, թե ո՞րպես նա կարողացավ ճանաչել ծպտյալ «ճգնավորին»:

– Սկզբում ես չկարողացա ճանաչել, երբ տեսա նրան «Կաթնաղբյուրի» ձորում, – պատասխանեց նա: – Թշվառականը մի այնպիսի մորուք և ծամեր էր շինել, որ ինքը սատանան չէր կարող հնարել, երբ կամենում է ծերի կերպարանք ընդունել: Երեսը ներկել էր և պառավի գույն էր տվել, մինչև անգամ խորշումներ կային: Բայց աչքերը մնացել էին անփոփոխ: Ո՞վ չէ կարող ճանաչել Ասլանի գեղեցիկ աչքերը, եթե մի անգամ տեսել է նրան:

– Բայց ո՞ր դևը բերեց քեզ այնտեղ, «Կաթնաղբյուրի» ձորում:

Մարոն բոլորովին անկեղծաբար խոստովանեց, թե նա հենց այնօր տիրամոր տաճարի մեջ նկատել էր, երբ Սոնան մոտեցավ և շշնջաց իմ ականջիս, նշանակելով տեսություն «Կաթնաղբյուրի» ձորում. թե այն շշունջը ծնուցել էր նրա սրտում կասկած և նախանձ… և ինքը չկարողացավ համբերել, եկավ այնտեղ…

– Եվ քո կասկածանքը փարատվեցա՞վ, – հարցրի ես, երբ նա վերջացրուց իր խոսքը:

– Դեռ ոչ բոլորովին…: Բայց ինձ համար միևնույն է…: Սոնան լավ աղջիկ է… ես սիրում եմ նրան… դու էլ պետք է սիրես…

Այս խոսքերը Մարոն արտասանեց կտրատելով, կարծես, նրա լեզուն այրում էին: Բայց նա մեղավոր չէր, նախանձը տիրում է բոլոր կենդանիների սրտին, որոնց մեջ զգացմունք կա:

Հեռվից այժմ ավելի պարզ լսելի եղավ «ճգնավորի» եոգի ձայնը :

– Այս կողմով գնանք, – ասաց Մարոն, նրան կգտնենք այն լեռների մեջ: