Tasuta

Ողտյան միանձնուհի

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

Դ

Վերջին խոսքերը զարթեցրին երիտասարդ Արեսյանի մեջ մի վրդովմունք, որով նա մի քանի րոպե ընդհատեց յուր պատմությունը: Բժշկապետը նկատեց նրա աչքերում նույնպես արտասուքի կաթիլներ, լսեց, որ նրա ձայնը զգալի կերպով դողում էր…

– Ծխեցե՜ք, խնդրեմ, – ասաց Խորենյանը տալով երիտասարդին մի սիգար, – դուք երևի հոգնեցաք:

Արեսյանը լռությամբ վառեց սիգարը, մի փոքր ծխելուց հետո շարունակեց.

«Տարիքն աննկատելի կերպով անցնում էին: Օրիորդն օրըստօրե հասունանում էր… նրա գեղեցկությունը ստանում էր ավելի և ավելի սքանչելի կերպարանք…

«Տասն և ինն տարեկան էր նա, երբ նրա մայրն ամառանոց գնաց, յուր հետ տանելով և աղջկան: Վարժապետին նույնպես հրավիրեցին այնտեղ: Օրիորդի հայրն յուր գործերի պատճառով չկարողացավ հեռանալ քաղաքից:

«Ամառանոցը գտնվում էր քաղաքից կես օրվա ճանապարհի հեռավորությամբ սարերի և անտառների մեջ: Այնտեղ օրիորդի ծնողներն ունեին սեփական մի ագարակ, ուր շինել էին տված գեղեցիկ տուն: Նա պատրաստված էր այն բոլոր ճոխություններով, որպես վայել է բախտավոր հարուստներին: Շուտով լեռնային օդն, անտառների հովասուն թարմությունը հայտնի փոփոխություն արին նրանց կյանքի վրա: Սոնայի քաղաքումը գունատված թշերը վառվում էին վարդի գույնով: Նրա մոր թառամած դեմքը նույնպես ստացավ մի առանձին կենդանություն: Ամառանոցն ավելի ազատություն տվեց նրանց ընտանեկան կյանքին. – վաղորդյան զբոսանքներն անտառներում և սարերի վրա` եղավ անհրաժեշտ, երեկոյան զբոսանքները պարտեզի մեջ և երբեմն հեռու տեղերում` շատ անգամ տևում էին մի քանի ժամ: Այդ արշավանքների մեջ մայրն երբեք աչքից բաց չէր թողնում յուր աղջկան:

«Մի երեկո, երբ արևը դեռ նոր էր մտնում, օրիորդի մայրը հրավիրվեցավ յուր ծանոթներից լոտո խաղալու: Նա կամեցավ Սոնային յուր հետ տանել: Բայց օրիորդը հրաժարվեցավ, պատճառելով, թե գլուխը ցավում էր: Մայրը թողեց նրան տանը, հրամայելով, որ քնե հանգստանալու համար:

«Նրանց տան պարտիզումը կար մի հովանոց, հյուսած պատատուկների կենդանի ճյուղերից: Նա շրջապատված էր հազվագյուտ ծաղիկներով և մի քանի սաղարթախիտ ծառեր տարածել էին նրա վրա իրանց անթափանցիկ ստվերը: Օրիորդն յուր վարժապետի հետ առանձնացան այնտեղ, հրամայելով տալ երեկոյան թեյն:

«Արևի վերշալույսը ձգել էր հովանոցի մեջ ոսկի ժապավեններով մի քանի ծիրանի շողքեր, նրանք տալիս էին այդ կանաչազարդ առանձնարանին կախարդական բնավորություն: Սոնայի դեմքն ավելի գեղեցիկ փայլում էր այդ լուսի առջև: Նրա սևորակ աչքերում նույն րոպեին նկարված էր սրբազան ոգևորություն…

«Օրիորդը միշտ աչքերը ցած էր թողնում, երբ վարժապետն ուղղակի նայում էր նրա երեսին և ձայնը զգալի կերպով դողում էր խոսելու ժամանակ: Երևում էր, նրա սրտում հուզվում էր ներքին մրրիկը…

«Շուտով մերկացավ խորհրդական վարագույրը:

«Վարժապետը ստացել էր հրավեր, որով առաջարկում էին նրան մի շահավետ տեղ գավառական մի դպրոցում: Այդ բանն իմացել էր օրիորդը: Մոր բացակայությունն առիթ տվեց նրան խոսել այդ առարկայի մասին, որով նա շատ անհանգիստ էր:

– Ես լսեցի, որ ամառանոցից դառնալուց հետո դուք նպատակ ունիք հեռանալ մեզանից, – հարցրուց նա:

– Այո՜, – պատասխանեց վարժապետն անվճռական կերպով: Օրիորդի դեմքի վրա վազեց անբացատրելի սոսկում:

– Եվ դուք շուտով չպե՞տք է վերադառնաք, – կրկնեց նա:

– Չգիտեմ… կարելի է ամենևին չվերադառնամ, – պատասխանեց վարժապետը տխրությամբ:

Օրիորդի աչքերը վառվեցան մի անսովոր կրակով:

– Ո՜չ, այդ անկարելի է, – կոչեց նա, – ես չեմ թող տալ ձեզ,որ հեռանաք:

Այնպիսի մի ազդու կերպով արտասանեց նա այդ խոսքերն, որ լի էին սրտի բոլոր զգացմունքներով…

– Դուք կզրկեք ինձ հացից, օրիորդ, – ասաց վարժապետը րոպեական մտատանջությունից հետո, – մտածեցե՜ք, որ ես աղքատ եմ և մինչև այսօր չեմ տնօրինել ինձ որևիցե ասպարեզ:

«Օրիորդը մոտ եկավ, բռնեց վարժապետի ձեռքը:

– Ես խնդրում եմ ձեզ, ես աղաչում եմ ձեզ մի՜ գնացեք, – ասաց նա և նույն վայրկենում նրա աչքերից գլորվեցան արտասուքի խոշոր և խոշոր կաթիլներ…

«Տիրեց երկու կողմից ևս լռություն…

«Այդ այն խորհրդական րոպեներից մինն էր, երբ լեզուներն այլևս չեն զորում արտահայտել հոգու զգացմունքներն, այլ սրտեերը գաղտնի կերպով հասկանում են միմյանց…

«Արևը վաղուց արդեն քաշել էր յուր վերջին ճառագայթները, նրանք ամենևին չէին նկատել, որ հովանոցի մեջ տիրում էր մթին խավար:

«Մի էլեկտրական ցնցում սթափեց վարդապետին յուր խորին հոգեզմայլությունից, երբ նա զգաց, որ օրիրդի շրթունքը ջերմ կերպով սեզմվեցան իրենների վրա…

Ե

Բժշկապետն, որ խորին ուշադրությամբ լսում էր երիտասարդին, ընդհատեց նրա խոսքը, ասելով՝

– Ես չեմ սխալվում կարծելով, որ հիշյալ վարժապետը դուք լինելու եք, պարո՜ ն:

Երիտասարդ Արեսյանն ո՜չինչ չպատասխանեց, բայց նրա լռության մեջ նշմարվում էր այն խոստովանությունը, թե բժշկապետի նկատողությունը հեռու չէ ճշմարտությունից:

– Շարունակեցե՜ք, խնդրեմ, – ասաց բժշկապետը, չկամենալով ավելի վրդովել նրան:

Երիտասարդը շարունակեց.

«Երբ ես սթափվեցա, պարոն բժշկապետ, իսկույն զգացի, որ կապված եմ մի աննկատելի շղթայով, – դա սիրո անխզելի շղթան էր, որի ամեն մի օղակները տարիներով դարբնվել էին բոցավառված սրտի կրակի մեջ… Ես ուրախ էի, ես երջանիկ համարում էի ինձ, մտածելով, թե Սոնան սիրում էր ինձ… Դեպի գավառը գնալու դիտավորությունս բոլորովին փոխեցի, վճռելով միշտ Սոնայի մոտ մնալ և նրանով բախտավոր լինել…

«Բայց դեռ չգիտեի և գուշակել անգամ կարող չէի, թե սատանան ո՜րպիսի որոգայթ լարում էր ինձ համար, որ և եղավ խեղճ Սոնայի դժբախտության պատճառը…

Այստեղ Արեսյանը դարձյալ կանգ առեց և նրա դեմքը մթնեցավ տխրության ամպով:

«Ա՛խ սեր, ա՛խ սեր, ցնորամիտ սեր… – կոչեց նա, – դու ավելի լի ես հիմարություններով, երբ բորբոքվում ես մի անփորձ սրտի մեջ…

«Հովանոցի անցքից հետո, – առաջ տարավ Արեսյանն, – ես գտնվում էի բոլորովին տենդային դրության մեջ: Քունը բոլորովին անհետացավ իմ աչքերից, ես ամբողջ օրն անհանգիստ էի:

«Տիկինը միշտ սառն էր ինձ հետ: Նրա լեզուն դադարեց յուր սովորական շատախոսելուց, նա միշտ տխուր էր և լուռ: Բայց այդ ծածկամիտ լռության մեջ թաքնված էր մի սարսափելի գաղընիք:

«Օրիորդի մայրն այն վտանգավոր կնիկներից մինն էր, որ չէր կարելի չվախենալ նրանից: Մի քանի դեպքեր նրա պատմությունից, որոնք ինձ լավ հայտնի էին, առիթ էին տալիս մտածել, որ նա պատրաստ էր ամեն չար գործելու մինին, երբ նա չէր հնազանդվում նրա կամքին…

«Բայց երիտասարդությունն, անմի՜տ երիտասարդությունը` միշտ հեռու է պահում իրան խոհեմությունից…: Ես չկարողացա երկար համբերող լինել:

«Օրիորդը շատ սիրում էր ման գալ լուսնյակ գիշերով, մանավանդ երբ նա շրջում էր անտառի մթության մեջ: Մի գիշեր նա ինձ առաջարկեց կատարել մի այդպիսի զբոսանք, հայտնելով, թե շատ տխուր էր և կամենում էր յուր ամբոխմունքը ցրվել: Ես սիրով հանձն առի, ամենևին չմտածելով, որ այդ կատարվում էր առանց նրա մոր գիտությանը:

«Գիշերը խաղաղ էր և լռին: Լուսինը նազելով սահում էր պարզ երկնակամարի վրա և թափում էր յուր արծաթի շողքերը նիրհած անտառների մեջ, ավելի ևս քաղցրացնելու դարևոր ծառերի հսկայական քունը:

«Զբոսանքի ամբողջ ժամանակն օրիորդը քարշ էր ընկած իմ թևքից, նա խոսում էր առանց լռելու և նրա խոսքերն այնքան տաք և անուշ էին, որպես հրեշտակի շունչը…: Աննկատելի կերպով մենք բավականին հեռացել էինք տնից, երբ գտնվում էինք անտառի խորքում: Վերջապսես «հոգնեցա» – ասաց օրիորդը և նստեց մի կտրած ծառաբունի վրա: Ես լուռ նստեցի նրա մոտ:

«Լուսնի շողքերը թափանցել էին ծառերի ստվերի միջից և նրա կաթնագույն լուսով օրիորդի դեմքը նկարվում էր այն սրբազան լռության մեջ, որպես անտառային հավերժահարսի կերպարանքը: