Tasuta

Ոսկե աքաղաղ

Tekst
Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

Ը

Անցավ երեք տարի:

Միքայելի վիճակի մեջ այս երեք տարվա ընթացքում բավական փոփոխություն էր եղել: Այժմ նա տան հասարակ սպասավորից դառել էր «դուքնի աշակերտ». դա մեծ առաջադիմություն է. բայց ո՞րպես հաջողվեցավ:

Զարմանալի նախապաշարմունքներ կան այն կարգի մարդիկների մեջ, որոնց պատկանում էր Մասիսյանը: Շատ անգամ մեկը մի նոր ձի է գնել3, մի նոր շուն կամ կատու է բերել տունը, պատահում է, որ նույն միջոցում նրա գործերը լավ են գնում, «շան, կատվի կամ ձիու ոտը խերով է», – ասում է նա և այն անասուններին չէ հեռացնում իր տնից: Այսպիսի անասունը դառնում է մի նվիրական արարած այն տան համար, այնտեղ ծերանում է, այնտեղ մինչև մահը ծառայում է, և մեռնելուց հետո նրա գլուխը թաղում են նույն տան գլխավոր մուտքի դռան շեմքի տակ: Նույնը նկատվում է մարդկանց վերաբերությամբ: Տեսնում ես, մեկը ամուսնանում է, պատահում է, որ կնոջ ոտը նույնպես «խերով» է լինում, տղամարդի գործերը լավ են գնում, և կինը սիրվում է: Շատ անգամ ընդհակառակն է պատահում: Կինը իր հետ դժբախտություն է բերում, նրա ոտը «շառոտ» է լինում, ամեն բան «նասացնում» է և նա ատելի է դառնում… Նույնը պատահում է նոր ծնված երեխաների հայտնվելով. ոմանք բախտավորություն, իսկ ոմանք դժբախտություն են բերում: Տան այն անդամը, որ իր հետ բախտավորություն է բերում, նրա համար ասում են՝ «տան դովլաթը (հարստությունը) նրա գլխին է կապած»… Դա էլ մի տեսակ «Ոսկի աքաղաղ» է, որ իր ազդեցությամբ բարիքներ է արտադրում:

Մի կողմ թողնելով այս տեսակ նախապաշարմունքների քննությունը, այսքանը միայն կասենք, որ այն օրից, երբ Միքայելը մտավ Մասիսյանի տունը, նրա գործերը սկսեցին անսպասելի կերպով լավանալ: Եվ սնահավատ Մասիսյանը չէր կարող չնկատել այդ և դրա համար սկսեց նա հետզհետե լավ աչքով նայել մանուկ գյուղացու վրա: Եվ այդ էր պատճառը, որ տարավ նրան իր առևտրական խանութը:

Միքայելի դրությունը այժմ մի աստիճան բարձրացել էր. նա տնային ստոր ծառայից դարձել էր «դուքնի աշակերտ»: Բայց նա այժմ այն չէր, ինչ որ երեք տարի առաջ, այժմ բավական տաշվել և կոփվել էր նա. այժմ նրա մոտ չէին երևում գյուղացու կոպտությունները: Նրա դեմքն անգամ փոխվել էր. գյուղական լիքը և կարմիր թշերը մաշվել էին, նուրբ և գեղեցիկ գծագրություն էին ստացել, և առաջվա զվարթ գույնը տեղի էր տվել խիստ ախորժ գունատության: Անփոփոխ մնացել էին միայն կրակոտ աչքերը:

Խանութի բոլոր հաճախորդները ճանաչում էին Միքայելին: Նա այն տեսակ տղերքից չէր, որ անհայտ մնար, որ նրա վրա ուշադրություն չդարձնեին: Ամեն մարդ ախորժում էր խոսեցնել նրան և լսել նրանից մի քանի խոսքեր: Միքայելը չափազանց կամակատար տղա էր. դեռ մեկը իր ծխախոտի գլանակը չշինած, նա արդեն լուցկին ձեռքում պատրաստ ուներ, որ պարոնին մի ծառայություն անե, և մեկը մի բան գնելիս, շուտով առնում էր, շնորհքով փաթաթում էր, շատ անգամ առանց նրանից խնդրելու, տանում, հասցնում էր գնողի տունը:

Բայց երբեմն ծագում էին փոքրիկ անհամաձայնություններ Միքայելի և աղայի՝ Մասիսյանի մեջ: Պատճառները առաջ էին գալիս վարպետի և աշակերտի հասկացողության անմիաբանությունից: Օրինակ, խանութը մտել է մի տիկին և կամենում է գնել մի քանի արշին չիթ կամ մի քանի ֆունտ թեյ: Մասիսյանը սկսում է տիկնոջ հետ մի ամբողջ պատմություն, թե նրա հանգուցյալ այրը իր լավ բարեկամն էր, թե ինքը նրա հիշատակը պատվելու համար պետք է զիջումներ անե և ապրանքի լավը տա, և այլն: Հետո նա դառնում է Միքայելին, ասում է.

– Ա՛յ տղա, այն լավ տեսակիցը բեր:

Միքայելը բերում է ամենալավ տեսակիցը, բայց աղան մի խոժոռ հայացք ձգելով անփորձ աշակերտի երեսին, ասում է.

– Հիմար, ա՞յդ է լավը, դու ե ՞րբ պետք է ճանաչես ապրանքները:

– Դրանից լավը չունենք, աղա, – պատասխանում է աշակերտը միամտությամբ:

– Ո՞նց թե չունենք, լակոտ, – բարկանում է աղան և ինքն է գնում բերելու խնդրած ապրանքը:

– Էդ խո վատիցն է… – նկատում է աշակերտը:

Աղան ուշադրություն չէ դարձնում, չափում է, կշռում իր ընտրած ապրանքիցը «մուշտարուն» ճանապարհ է դնում: Հետո նա դառնում է դեպի անփորձ աշակերտը.

– Անպիտան, դու ե՞րբ պետք է մարդ դառնաս, դու ե՞րբ պետք է բան սովրես: Երբ քեզ ասում են «լավիցը» բեր, դու պետք է «վատը» հասկանաս… Իմանում ե՞ս…

– Ի՞նչպես իմանամ: Լավը լավ է, վատը վատ է: Ես բոլոր ապրանքները ճանաչում եմ:

– Սարսա՛ղ, մուշտարուն առաջ լավը ցույց կտան, հետո վատը կտան… Հասկացա՞ր…

– Էդ ես չէի իմացել… – խոսում է ինքն իրան Միքայելը: – Հետո մարդու հոգին ո՞ւր կգնա, խո կկորչի՛…

Աղան սկսում է կարդալ նրա գլխին մի ամբողջ շարական…

Թ

Մասիսյանի խանութը և նրա ամբողջ առևտրական գործավարությունը ոչ սակավ ուշադրության արժանի էին իրանց ինքնուրույնությամբ: Խանութը, որ ավելի նման էր մեծ ամբարի, ներկայացնում էր ամեն տեսակ իրեղենների մի խառնաշփոթ մթերանոց: Այնտեղ կարելի էր գտնել ամեն ինչ, սկսյալ մանուֆակտուրայի ամենանուրբ գործվածքներից, սկսյալ գալանտերեական թանկագին իրեղեններից մինչև դարբինների համար երկաթի շերտեր, մինչև կոշկակարի համար կաշիներ, նավթ, շաքար, թեյ, երեխաների խաղալիքներ և այլն: Այնտեղ կարելի էր տեսնել ձուկը, սալյանի դոշը, Մոսկվայի քաղցրավենիքի հետ մի կարգում դարսված: Այնտեղ կարելի էր գտնել զանազան եվրոպական խմելիքներ և տեղային արաղ: Այնտեղ կարելի էր ամեն բան գտնել. ծիծեռնակի կաթը միայն պակաս էր այնտեղ: Խոհարարը իր խոհանոցի համար կարող էր ձվաներ և ձավար գտնել, իսկ պճնասեր տիկինը իր մազերի համար անուշահոտ յուղեր: Այնտեղ պակաս չէր հիվանդների համար հինայի փոշի և անանուխի յուղ: Այս բոլորը այնպես խառնափնթոր կերպով ածած էին մինը մյուսի հետ, որ Մասիսյանի խանութը ամբողջ գավառի մեջ առակ էր դարձել՝ ամեն մի խճճված և խառնաշփոթ բանի համար ասել, թե դա պարոն Մասիսյանի խանութն է:

Ինքը Մասիսյանը անգրագետ մարդ էր:

Գիրը նրան այնքան ատելի էր, որքան սատանան: Հաշվապահություն ասած բանը չկար նրա խանութում: «Ա՛ռև-տո՛ւր» – այս բառի իմաստը նա լավ էր հասկացել, – մի ձեռքով առնել, մյուսով տալ, – այսպես էր հասկանում նա վաճառականությունը: «Նիսիայի» հետ գործ չուներ նա: Հաշիվ, ասացինք, չէր պահում, նրա ամբողջ առևտրական գործողությունների հաշվետոմարը իր գլուխն էր: Մի զարմանալի հիշողություն իշխում էր ամեն բանի վրա: Նա գիտեր քանի տեսակ ապրանքներ կան իր խանութում, այսինչ տեսակից ո՛րքան է ծախվել, ո՛րքան մնացել, ի՛նչ է յուրաքանչյուրի գինը, քա՛նիով պետք է ծախել, որ վաստակ մնա, – բոլորը գիտեր նա: Գիրը նա գործ էր դնում միայն պարտականների համար: Այս բանի մեջ նրա հիշողությունը նույնպես հրաշալի գործ էր կատարում: Երևակայեցեք ձեզ մի արկղիկ, լցված հազարավոր թղթերի կտորտանքով, դրանք բոլորը զանազան անձերի պարտամուրհակներ են, որոնք խանութի ապրանքների նման անկարգ խառնած են միմյանց հետ: Բայց Մասիսյանը բոլորը ճանաչում էր, թե որն ումն է պատկանում, թեև ինքը կարդալ չգիտեր: Եվ երբ հայտնվում էր մի պարտական, նա իսկույն ջոկում էր շատերի միջից նրա մուրհակը և, առանց կարդալ տալու, ասում էր, թե որքան է անցել ժամանակից, որքան կլինի տոկոսը, որքան իսկական գումարը և այլն: Ոչ միայն այդ, այլ տասն տարվա հնացած մի հաշիվ նա կարող էր կոպեկներով տեղն ու տեղը ասել: Եվ իր կյանքի մեջ պատահած բոլոր անցքերը նա կարող էր մանրամասնաբար պաամել, թե ի՛նչպես կամ ո՛րտեղ պատահեց, ո՛ր թվին, ո՛ր օրը, ո՛ր ժամին, ո՛վ կար այնտեղ, ի՛նչ խոսեցին և այլն: Հիշողությունը նրա մեջ այն աստիճան զարգացել էր, որ գերբնական բնավորություն էր ստացել: Եվ այս պատճառով նա հաշվապահության կարոտություն չէր զգում, երբ մի բան պակաս էր խանութից կամ մի բան գողացվել էր, անկարելի էր, որ նրա նկատողությունից անհայտ մնար:

Հիշյալ հատկությունների հետ չափազանց իր գործին արի և զգույշ էր Մասիսյանը: Ժամատան դեռ առաջին զանգակի ձայնը չլսված, նա միշտ հագնված և պատրաստ էր: Տանից դուրս գալով, իր անխափան սովորության համեմատ, նա առաջ գնում էր ժամ: Այնտեղ մնում էր մինչև վերջը: Ժամից ուղղակի դիմում էր բազար, երբ արեգակը դեռ ծագած չէր լինում, (ժամը այս կողմերում սովորաբար շուտ է արձակվում): Միքայելը մի մեծ զամբյուղ թևից քարշ գցած, վաղուց արդեն սպասում է աղային, մեյդանում (հրապարակում) կանգնած: Աղան նույնպես առաջ կգար մեյդանը, որ տեսներ, թե գյուղացիք ինչ են բերել ծախելու: Բոլոր գյուղացիներին ճանաչում էր նա անուններով, հոր, որդիների և մինչև անգամ նրանց կնիկների անուններով: Ամենին կմոտենար, ամենի հետ քաղցրությամբ կխոսեր, ամենի քեֆը կհարցներ և նրանց բերած մթերքի գները կտեղեկանար, թեև իրան պետք չէին և գնելու միտք չուներ: Գյուղացիք միշտ ուրախանում էին, որ այնպիսի մեծ աղա, այնքան բարի էր, որ իրանց մարդի տեղ էր դնում:

Բայց արջը միայն գիտե, թե ինչու է այնքան սիրով պտտվում մեղրի փեթակի շուրջը: Բավական էր, որ գտներ մի «խամ» գյուղացի, որ ձուկն, նոր կարագ, պանիր կամ հավ էր բերել ծախելու. նրան բոլորովին կհոգնեցներ զանազան խոսքերով, թե նրա «հանգուցյալ» հոր հետ լավ բարեկամ է եղել, թե նրան շատ լավություններ է արել, և ով գիտե, հազար ու մեկ խոստմունքներով առատ-առատ հույսեր կտար, մինչև նրան խելքից կհաներ և ուզած բանը սովորականից մի քանի կոպեկ պակասով կառներ: Մասիսյանը սիրում էր իր տան ամենօրյա պաշարեղենը իր ձեռքով գնել: «Օտարի ձեռքով միայն լավ է փուշ քաղել», – այդ էր նրա սովորական առածը: Մեյդանում իր գործը վերջացնելուց հետո նա ամբողջ ժամերով քարշ կգար մրգավաճառների, մսավաճառների և հացթուխների խանութների առջև և լավ բեռնավորելով Միքայելին, կուղարկեր տուն:

Գալով խանութը, Մասիսյանը նրա դռանը կանգնած և միշտ պատրաստ կգտներ իր աշակերտները: Առաջ մոմով կնքած փակ կողպեքները ուշադրությամբ կքններ, հետո բանալիները, որ միշտ իր մոտ էր պահում, կտար աշակերտներից մեկին, որ դռները բաց անեին: Իսկ ինքը երեսը կխաչակնքեր և կմտներ խանութը: Միքայելը արդեն ծտի նման իր տարած բաները տանը հասցրած և վերադարձած էր լինում: Նա սկսում էր խանութի դռների առջևը ավելով մաքրել, ջուր սրսկել, ապրանքների փոշին թափ տալ և մյուս գորձակատարներին օգնել ապրանքները դարսելու և կարգի դնելու: Որպես հայ վաճառական, Մասիսյանը սովորություն ուներ ամեն առավոտ իր խանութի ապրանքները մի նոր ձևով դարսել տալ, որ «մուշտարու» աչքին ցույց տա, թե նոր ապրանքներ է ստացել: Այս աշխատությունը փոքր հոգս չէր պատճառում նրա առևտրական տան ծառայողներին: Բայց մի բան լավ էր, որ նա խանութի լուսամուտների ապակիները երբեք մաքրել չէր տալիս. «Ինչքան դուքանը մութ լինի, այնքան ապրանքը աչքի լավ կերևա», – ասում էր նա:

Այս գործողությունները կատարվում էին ամեն օր և ամեն առավոտ, միշտ անփոփոխ, միշտ միևնույն եղանակով: Մասիսյանը չափազանց ճշտություն սիրող մարդ էր, մանավանդ այն պարտավորությունների մեջ, որ ինքը իրավունք էր համարում ուրիշներից պահանջելու: Իսկ իր պարտավորությունների մեջ նա միշտ բացասական եղանակին էր հետևում:

Ձմեռվա սաստիկ ցրտերին (նա իր խանութում երբեք կրակ չէր վառում) և ամառվա սաստիկ տաքերին Մասիսյանը առավոտից մինչև իրիկուն իր խանութումն էր գտնվում: Ոչ մի դեպք չէր կարող նրան հեռացնել իր սիրելի ապրանքների մոտից: Մասիսյանը չափից դուրս կասկածոտ մարդ էր. ոչ ոքի վրա հավատարմություն չուներ. նա մինչև անգամ չէր հավատում իր կնոջը, որդուն և աղջիկներին, – բոլորին գող էր համարում: Նրա կարծիքով գող չէին միայն գյուղացիները, որովհետև հիմար էին, ոչինչ չէին հասկանում: Իսկ ով որ խելք ուներ, անպատճառ կգողանար: Այս էր պատճառը, որ Մասիսյանը սաստիկ հսկողություն ուներ իր խանութի վրա: Այնտեղ նստած կնայեր ամեն բանի վրա, ինչ որ ծախեին իսկույն պետք է փողերը նրան տային, և նա իսկույն կգցեր կասայի մեջ: Նրա կասան նման էր այն փոքրիկ արկղիկներին, որ շատ անգամ կարելի է տեսնել ժամատների և մատուռների դռների մոտ, ամրացած մի փայտի վրա, կողպած կողպեքով և կնքած: Մի նեղ ծակ միայն բաց է թողած այդ արկղիկների վերևից, որտեղից բարեպաշտ մարդիկ փող են գցում նրա մեջ: Դրա նման էր և Մասիսյանի կասան, որին նա կոչում էր «դախլ», որ նշանակում է մուտք: Ստացած փողը նա իսկույն գցում էր այդ մուտքի դրամարկղի մեջ, որը ամբողջ շաբաթով կողպած էր լինում և բացվում էր միայն յոթն օրը մի անգամ, այսինքն՝ շաբաթ երեկոները, որ հաշվեր, թե որքան ապրանք է ծախվել, և որքան փող է մուտք գործել: Եվ բացի կասայի բացվելու օրից, այսինքն բացի շաբաթ երեկոներից, մնացած մյուս օրերում նա ոչ-ոքի փող տալու սովորություն չուներ և այս շաբաթ երեկոների վճարված փողը նա կոչում էր «ղըստ»: Մասիսյանը ուներ իր զանազան վաճառականական սնահավատությունները: Օրինակ, երկուշաբթի առավոտյան անկարելի էր նրանից մի կոպեկ ստանալ. ոչ ոքի փող չէր տա, որովհետև հավատացած էր, որ եթե երկուշաբթի առավոտյան մեկին փող տալու լինի, ամբողջ շաբաթ փող դուրս կգնա և բնավ մուտք չի գործի:

 

Ամբողջ օրը, ինչպես ասացինք, Մասիսյանը իր խանութում նստած կլիներ, և նրա արգոսի աչքերը կհսկեին ամեն գործողությունների վրա: Երբեմն, մանավանդ ամառվա երկար ու տաք օրերում բնությունը կհաղթեր երկաթի կամքին, և նա կսկսեր նստած տեղը նիրհել: Բայց անկարելի էր գիտենալ՝ արդյոք նա քնած էր, թե արթուն: Որովհետև, հենց մի «մուշտարի» ներս մտնելիս, մի բան պահանջելիս, երբ աշակերտները ուշ կշարժվեին, նա իսկույն աչքերը բաց կաներ, կասեր՝ «Լակոտներ, քոռացե՞լ եք, ինչ է, չե՞ք տեսնում, բան են ուզում»:

Բայց մի անգամ մի դեպք Մասիսյանին այնքան կոտրեց, որ նա իր բոլոր աչալրջությամբ իրան խաբված և հաղթված համարեց: Իր մտերիմ բարեկամներից մեկը վախճանվել էր, նա պարտք համարեց թաղման ներկա գտնվիլ: (Կրոնական պարտավորությունների մեջ ճիշտ էր Մասիսյանը): Բոլորովին հոգնած վերադարձավ նա խանութը, տեսավ՝ մյուս աշակերտները գործի էին գնացել, այնտեղ մնացել էր միայն Միքայելը: Պատվիրելով նրան նայել խանութին, ինքը գնաց, նստեց իր սովորական տեղը: Սաստիկ տաք օր էր: Հոգնածությունը մեկ կողմից, իր մտերիմի մահվան տխրությունը մյուս կողմից, նրան խիստ թուլացրել էին: Պետք է խոստովանել, որ հանգուցյալի հոգու համար մի քանի բաժակ ավել էր խմել: Եվ այս պատճառով, հենց որ նստեց իր տեղը, սկսեց խորին կերպով նիրհել: Նույն միջոցին մի բավական լավ հագնված երիտասարդ ներս մտավ, նայեց իր շուրջը և հանդարտ մոտեցավ աղային: Նրա ոտքերի ձայնից աղան զարթնեցավ:

– Առեք այդ բանը, – ասաց անծանոթը՝ շտապով հանելով իր ծոցից մի ոսկյա ժամացույց: – Ինչ կտաք, տվեք, փողի սաստիկ կարոտություն ունեմ: Կինս մեռնելու վրա է, շտապում եմ բժշկի մոտ:

Մասիսյանը ուշադրությամբ նայեց անծանոթին, նայեց ժամացույցին և ասաց.

– Հիսուն ռուբլուց ավել չի արժի:

– Տվե՛ք փողը, աստված ձեզ խեր տա, բայց հավատացեք, որ Մոսկվայում ութսունով եմ գնել, – ասաց անծանոթը դարձյալ շտապեցնելով:

Մասիսյանը համբարեց հիսուն ռուբլին, անծանոթը շուտով հեռացավ:

Միքայելը, որ զարմացած նայում էր այս առևտուրին, խոսեց անծանոթի հեռանալուց հետո:

– Այդ մարդը մի ժամ առաջ մտավ մեր խանութը, ժամացույցներին շատ նայեց, այս կողմ և այն կողմ տվեց, հետո ոչինչ չառեց, ասաց՝ ես ուզում էի միայն գներն իմանալ, ես մի հատ ունեմ ծախելու:

– Տարա՜վ հիսուն ռուբլին… – կոչեց Մասիսյանը:

– Ի՞նչպես թե տարավ, – հարցրեց Միքայելը զարմանալով:

– Ա՛չքդ հանեց, այնպես տարավ, – պատասխանեց աղան բարկությամբ, – այդ ժամացույցը մերն է:

– Բա՛ս նա գողացավ. տեր աստված, մի այնպիսի մարդ գողությո՞ւն կանի, այնպես լավ հագնված, այնպես շնորհքով:

– Հա՛, այնպես շնորհքով մարդը գողություն կանի, և ոչ քեզ նման հիմարը… – պատասխանեց աղան առաջին բարկությամբ: – Ի՞նչ ղոչաղ տղա, – խոսեց Մասիսյանը ինքն իրան, – հալալ ըլի քեզ քո մոր կաթը, ինձ ջեր սատանան չէր խաբել, բայց դու լավ խաբեցիր, եթե ձեռքս ընկնեիր, հազար մանեթ կտայի քեզ, եթե ուզենայիր ինձ մոտ ծառայել:

Հետո նա կրկին դարձավ դեպի Միքայելը.

– Տեսնում ե՞ս, լակոտ, էսպես կլինի ղոչաղ տղան, մարդու աչքի միջից մազ կթռցնե, և մարդը չի իմանա: Տեսնում ես…

Միքայելը ոչինչ չխոսեց:

Ժ

Մասիսյանի բնակարանը, նրա հնադարյան տունը չէր զանազանվում նրա խանութից: Որպես խանութումը վաճառքի էր դրված ամեն տեսակ փտած, բորբոսած և գործածությունից ընկած հին մթերք, այնպես էլ նրա տան մեջ տիրում էր նույն բորբոսը, նույն փտությունը, նույն հնացած կյանքը իր բոլոր մաշված կողմերով:

Մասիսյանի տունը մի կիսավեր ամրոցի տպավորություն էր գործում նայողի վրա, որի բնակիչները շատ տարիներից առաջ անհետացել էին, և այն ամենը, ինչ որ կառուցել էր մարդկային ձեռքը, և որ պիտի պահպանվեր մարդու խնամքով, անտեր մնալով, ժամանակի կործանիչ ներգործությունից հնացել, տրորվել և թափվել էին: Ամբողջ (կամենում ենք ասել՝ բոլորովին չկործանված) մնացել էին մի քանի շենքեր միայն. – թոնրատունը, որ ծառայում էր որպես պաշարեղենների ամբար և միևնույն ժամանակ որպես խոհանոց և հաց թխելու տեղ. մառանը, ուր պահվում էին գինու կարասները, մրգեղեն և զանազան տեսակ թթվեցրած արմտիք, և բացի դրանից կային երեք սենյակներ, որոնցից մեկը աղայի համ քնարանն էր, համ հյուրանոցը, համ կաբինետը, մյուսի մեջ զետեղված էին աղայի տիկինը իր աղջիկներով. դա ներկայացնում էր կանանոցը, իսկ երրորդ սենյակի մեջ բնակվում էր աղայի որդին՝ Ստեփանը: Բոլոր երեք սենյակներն էլ մի հարկանի էին. բոլորի էլ հատակը հավասար էր բակի հատակին, կտուրները ծածկած էին հողով, որի վրա աճել էին զանազան բույսեր: Սենյակների երեքն էլ շինված էին մի կարգի վրա, մինը մյուսին կից, բայց ոչինչ հաղորդակցություն չունեին. երեքն էլ առանձին դռներ ունեին, որ բացվում էին դեպի բակը: Լույսը ներս էր ցոլանում ավելի դռներից, քան թե լուսամուտներից, որ փակված էին խուլ, ցանցատեսակ «փենջերեներով», որ անկարելի էր բաց անել: «Փենջերեները», այդ պարսկական հյուսնության գյուտը, առանց ապակիների, ձմեռը միայն պատում էին թղթով, որ աղան ընտրում էր իր խանութի հին նամակներից, որոնք ավելի թանձրացնում էին սենյակների մեջ տիրող մռայլը և միայն արգելում էին քամուն և ցրտին ազատ մուտք գործել: Սենյակները դրսից ծեփած էին ցեխից և հարդից պատրաստած սվաղով, որ տալիս էր նրանց ողորմելի մոխրագույն կերպարանք, իսկ ներսից ծեփած էին գաջով, որ վաղուց դեղնացել, մասամբ սևացել, բոլորովին կորցրել էր իր սպիտակությունը: Տեղ-տեղ գաջը թափվելով, երևում էին անթուրծ աղյուսները: Սենյակների առաստաղը ոչինչով պատած չէր, և ղահվեի գույն ստացած մերկ գերանները երևում էին: Սենյակների հատակը նույնպես մերկ էր, ոչ տախտակով և ոչ աղյուսով էր պատած, այլ պնդացրած կավով, որպես լինում է գյուղացոց խրճիթներում: Եվրոպական կարասիներ չկային սենյակներում ո՛չ աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ դիվան, միայն պատերին կից, հատակից մի արշին բարձրությամբ և մի ու կես արշին լայնությամբ, շուրջանակի շինված էր մի տեսակ տախտակամած, որ կոչվում էր «տախտ», և որի վրա կապերտներ սփռելով, դոշակներ և մութաքաներ դնելով, ծալապատիկ նստում էին բնակիչները:

Բացի հիշյալ երեք սենյակներից, բացի թոնրատնից, մառանից, մնացած բոլոր շենքերն ավերված էին: Ախոռատան առաստաղը վայր էր թափվել, և գերանների մի կողմի ծայրերը դեռ մնացել էին պատի վրա՝ իրանց նախկին տեղում, իսկ մյուս ծայրերը ցած ընկել, թեքվել էին գետնի վրա: Ախոռատունը վաղուց զրկված էր անասուններից. դա ծառայում էր այն ժամանակ, երբ աղայի հայրը մսավաճառությամբ էր պարապում: Ավերված էր և մարագը. դա ներկայացնում էր մի փոքրիկ հողային բլուր, որի մեջ դեռ երևում էին շինվածքի փայտեղեն մասերը: Ամեն տեղ նկատվում էր ավերմունք, փլատակներ և անխնամ թողնված շինվածքներ: Կարծես այդ ողորմելի շինությունների մեջ հարյուր տարուց ավելի մի ուրիշ վարպետ չէր մտել, ոչ մի կարկատան կամ նորոգություն չէր եղել, – ինչ որ մաշվել էր, ինչ որ քանդվել էր, ինչ որ թափվել էր, այնպես էլ մնացել էր: Իսկ այստեղ բնակվում էր ամբողջ գավառի առաջին հարուստը, քաղաքի գլխավոր աղան: – Այստեղ «ոսկի աքաղաղը» իր հրաշալի զորությամբ ոսկու կույտեր էր դիզում…

Մի փոքր կենդանություն երևում էր պարտեզի մեջ: Պարտեզը բավական ընդարձակ էր: Թեև բոլոր ճեմելիքները պատած էին վայրենի կերպով, դա էլ թողած էր անխնամ, թեև աճած բույսերով, բայց հնադարյան ծառերը, դեռ մաքառում էին մահվան հետ, կարծես ասելով՝ «Մենք դեռևս պիտի ապրենք… մենք մարդու ձեռքերին ավելի կարոտություն չունենք»…

Կյանքը այդ տխուր և անապատացած ավերակների մեջ բոլորովին համապատասխանում էր իր շրջապատին: Կյանքը սահում էր նույնպես միօրինակ, նույնպես անփոփոխ և նույնպես դատարկ կերպով, որպես անփոփոխ և դատարկ էր մնացել տան բոլոր շենքը, որ իր վրա ոչ մի նորոգություն չէր ընդունում: Օրերը, ամիսները, տարիները անցնում էին միմյանց ետևից, շատ բան աշխարհի մեջ փոխվում էր, շատ սովորություններ նոր ձև էին ստանում: Բայց Մասիսյանի տան կյանքի և ապրուստի ձևերի մեջ ոչինչ նորություն չէր մտնում: Ավերակների անշարժության հետ տիրում էր և՛ քարացած, և՛ մեռած կյանքի անշարժությունը: Մասիսյանը նույն հայացքն ուներ կյանքի վրա, ինչ հայացք որ ուներ իր տան շենքերի վրա. – ինչ որ հին է, այն նվիրական է, ուրեմն պետք է մնա և անփոփոխ մնա, թեև մաշված լիներ, թեև փտած լիներ: Նա որպես չէր փոխում այն հնացած և ջարդված դուռը, որի միջով ներս էր մտել և դուրս էր եկել նրա հայրը, պապը և պապի պապը, – այնպես էլ չէր փոխում այն սովորություններից և ոչ մի կետ, որով ապրել էին նրա նախնիքը:

Մասիսյանի ամբողջ ընտանիքը նմանում էր մի բաղադրյալ մեքենայի, որի գլխավոր ճախարակը էր ինքը – աղան: Նա դեպի որ կողմը և պտտվում էր, բոլորին իր հետ միևնույն ուղղությամբ պտույտ էր տալիս: Վա՜յ նրան, որ ետ կմնար, կհակառակեր… Նա էր ամենի համար կյանքի օրինակելի պատկերը, մնացած բոլորը պետք է հետևեին նրա օրինակին. – պետք է ուտեին, ինչ որ նա սիրում էր ուտել, պետք է խոսեին, ինչ նա սիրում էր խոսել, պետք է քնեին, երբ նա էր քնում, պետք է վեր կենային, երբ որ նա էր վեր կենում, մի խոսքով՝ նրա ճաշակը ամենի ճաշակն էր, նրա խելքը ամենի խելքն էր…

Ամեն առավոտ, երբ նա գնում էր բազար, առնում էր ճաշի և ընթրիքի համար այն պաշարները միայն, որ ինքը սիրում էր ուտել, և ամեն օր, խիստ սակավ բացառությամբ, պատրաստել էր տալիս միևնույն կերակուրները: Այսպիսով կարելի էր զզվել, կարելի էր ախորժակը կորցնել, բայց ի՛նչ փույթ, երբ աղան սիրում էր մի շաբաթ շարունակ խաշ ուտել, մի շաբաթ տոլմա կամ քուփթա ուտել: Երբ տրտունջ էր բարձրանում՝ «Ա՜խ, էդ ի՞նչ է, ամեն օր միևնույն խաշը, միևնույն սխտորը… մեռա՜նք ուտելով»… – սովորական պատասխանը լինում էր. «Ինչո՞ւ ես չեմ մեռնում»: Նա ամեն ինչ փորձում էր իր «եսի» տեսակետից. ինչ որ նրա «եսին» չէր վնասում, ուրիշին էլ չէր կարող վնասել, ինչ որ նրա «եսի» համար լավ էր, ախորժելի էր, պետք է ամենի համար լավ լիներ: Ահա՛ այդ է եսականության ճիշտ պատկերը, որ երբ խառնվում է բռնակալության հետ, ստանում է հրեշավոր կերպարանք: Մասիսյանը կատարելատիպն էր այդ պատկերի:

Մասիսյանի տնտեսության մեջ բոլոր սովորությունները մնացել էին իրանց նահապետական պարզությամբ: Դանակը և պատառաքաղը դեռևս մուտք չէին գործել նրա սեղանի վրա. նա հացը դանակով կտրելը մեղք էր համարում: Ամեն թանձր կերակուր ուտում էին ձեռքերով, միայն ջրալի կերակուրների համար գդալ էր գործ ածվում: Աղան միշտ մենակ էր ճաշում, և այն ժամանակ, երբ տանը հյուրեր չկային, բայց հյուրեր նա միշտ ունենում էր, օտարների վերաբերությամբ նա ժլատ չէր. «Հացը շատ բան կարող է շինել»… – ասում էր նա սովորաբար: Բայց բանն այն է, որ հյուրերին ևս միևնույնն էր ուտեցնում, ինչ որ ինքն էր սիրում: Մասիսյանի տան ամեն օրվա խաշը և քուփթան առակ էր դարձել: Ստեփանը սկզբում հոր հետ էր ուտում, երբ նոր ավարտել էր և նոր էր դարձել Թիֆլիսից, բայց այն օրից, երբ նա իր հորը ատելի դարձավ, հետևապես և զրկվեցավ նրա սեղանից: Նա ուտում էր այնուհետև մոր հետ, որը իր աղջիկների հետ առանձին սեղան էր նստում: Ասիական սովորություններից առաջ եկած այդ առանձնությունը մի բախտ էր ամեն վայելչությունից զրկված գերդաստանի համար: Տիկին Մարիամը երբեմն իր զավակների աղաչանքին զիջանելով, գաղտնի պատրաստել էր տալիս մի կերակուր, որ աղան չէր պատվիրել, բայց երբ հայտնվում էր «գողությունը» այն ժամանակ հիշոցները և կռիվը վերջ չունեին:

Աստուծո առանձին ողորմությունը պետք է համարել, որ աղան – ընտանիքի հրեշը – ամբողջ օրը տանը չէր գտնվում: Վաղ առավոտյան նա գնում էր ժամ, այնտեղից դիմում էր խանութը, ուր մնում էր բոլոր ցերեկը մինչև արևի մտնելը և երեկոյան դառնում էր տուն: Նրա բացակայության ժամանակ ընտանիքը ավելի ազատ էր զգում իրան, կարող էր հանգստանալ, կարող էր զվարճանալ: Իսկ այդ զվարճությունը սահմանափակվում էր տան չորս պատերի մեջ, որին ավելի նպաստում էր պարտեզը: Պարտեզի մեջ կար մի հին լճակ, որ միշտ լիքն էր լինում ջրով, նրա բոլորտիքը շրջապատված էր ահագին ծառերով, որոնք աճելով, իրար անցնելով, կազմել էին լճակի վրա խիստ գեղեցիկ կամարներ սաղարթախիտ ոստերով: Արեգակի ճառագայթները երբեք մուտք չէին գործում այնտեղ, և ամառվա սաստիկ տոթերի ժամանակ միշտ կարելի էր գտնել այդ լճակի հովանավոր ափերի մոտ խիստ ախորժելի զովություն: Այնտեղ տիկին Մարիամը իր զավակների հետ անցուցանում էր ցերեկվա հանգստի ժամերը, երբ ազատ էր լինում տնային գործերից: Գայանեն և Հռիփսիմեն, նստած մեկը մյուսի մոտ, ծառերի շուքի տակ տարածված գորգի վրա, իրանց մանրիկ մատիկներով կամ կարում էին, քչփչում էին, ծիծաղում էին, և կամ ձանձրանալով, կարը մի կողմ թողնելով, սկսում էին հացի փշրանք շաղ տալ լճի մեջ, դուրս հրավիրել ձկներին, որոնց թրթռալը ավելի էր զվարճացնում երեխաներին: Մայրը նայում էր նրանց վրա և ուրախանում էր: Այնտեղ հանգստանում էր և Ստեփանը, երբ հոգնած, թուլացած տուն էր դառնում իր մասնավոր դասերից, որ տալիս էր զանազան տներում:

 

Արևելյան տաք երկրներում, որոնց թվում կարելի է համարել և Ե… քաղաքը, առատ ջուրը և ընդարձակ պարտեզը բակերի մեջ մի առանձին մխիթարություն է փակված ընտանիքի համար, որ տնից դուրս զուրկ է մնում բոլոր զվարճություններից: Մասիսյանի տան մեջ այդ կարևորությանը մասամբ բավականություն էր տալիս նրա պարտեզը: Եթե ոչ, խոնավ, օդից և լույսից զրկված, նեղ սենյակները բոլորովին կմաշեին, կսպանեին բնակիչներին, եթե պարտեզը չլիներ: Տարվա երեք եղանակների մեծ մասը – գարունը, ամառը և աշունը – համարյա այնտեղ էին անցկացնում: Այնտեղ ծառերի հովանու տակ, լճակի մոտ ճաշում էին, հյուրեր էին ընդունում. այնտեղ պարապում էին և այնտեղ գիշերները քնում էին առանձին պատրաստված «քեթիրների»4 մեջ: Ընկերությունը ծառերի, խոտերի, ծաղիկների և թռչունների հետ մոտեցնում է մարդուն այն երանական կյանքին, որ ավելի մոտ է բնությանը: