Tasuta

Պոեզիա

Tekst
iOSAndroidWindows Phone
Kuhu peaksime rakenduse lingi saatma?
Ärge sulgege akent, kuni olete sisestanud mobiilseadmesse saadetud koodi
Proovi uuestiLink saadetud

Autoriõiguse omaniku taotlusel ei saa seda raamatut failina alla laadida.

Sellegipoolest saate seda raamatut lugeda meie mobiilirakendusest (isegi ilma internetiühenduseta) ja LitResi veebielehel.

Märgi loetuks
Šrift:Väiksem АаSuurem Aa

Հուր իս էշխով կըրակած

 
Հուր իս էշխով կըրակած,
Խոսկ իմ ասում առակաց,
Իմ սիրամա-էրծաթ ախպեր`
Օսկեջըրով վարակած:
 
 
Համբուրիմ` սիրով համբուր,
Վունցոր խեչին է դաստուր.
Ով քիզ խայան մըտիկ տա,
Դառնա էրկու աչկով կուր:
 
 
Վուր յիս ասիմ` իմացի,
Էշխի մեչըն հիմացի.
Ինձ հուրյան-բիրյան արիր,
Ասում իս, թէ դիմացի:
 
 
Հուր իս, սիրով սիրական,
Քիզի ղուլուղ պատվական,
Հազար թուրլու կերակուր,
Սուրփ գինի անապական:
 
 
Պըխտուր սիրտըտ պարզ արա,
Բլբուլի պես փարզ արա,
Աստըձուն փառք Քաղկումն իս`
Դարդըտ Խանին արզ արա:
 
 
Արզ իս անում հազարին,
Հա~ զարբաբին, հա~ զարին.
Սիրտըս յարալու արիր`
Աչկըս գուլա հա~ զարին:
 
 
Հազարին հազար պիտի,
Էրած սրտին ճար պիտի,
Յիս մե էշխի ջունուն իմ`
Ինձ մե դողրու յար պիտի:
 
 
Յարի լիզուն բլբուլ է,
Դաստամազըն սըմբուլ է.
Սայաթ-Նովեն լալիս է,
Մա՞կար ղարիբ բլբուլ է:
 

Աշխարումըս ախ չիմ քաշի

 
Աշխարումըս ախ չիմ քաշի, քանի վուր ջա'ն իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս` զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի', էնենց սըպանե` Սուլթան ու Խան իս ինձ ամա:
 
 
Մեչկըտ սալբու չինարի պես, ռանգըտ Փըռանգի ատլաս է,
Լիզուտ շաքար, պռոշըտ ղանդ, ակռեքըտ մարքրիտ ալմաս է.
Օսկու մեչըն մինա արած, աչկիրըտ, ակնակապ թաս է.
Պատվական անգին ջավայիր, լալ-Բադեշխան իս ինձ ամա:
 
 
Յիս էս դարդին վո՞ւնց դիմանամ` մակամ սիրտըս ունիմ քարած,
Արտսունքս արուն շինեցիր, խիլքըն գըլխես ունիմ տարած,
Նուր բաղ իս, նուր բաղչի մեչըն բոլորքըտ վարթով չափարած.
Վըրետ շուռ գամ բըլբուլի պես` սիրով սեյրան իս ինձ ամա:
 
 
Քու էշխըն ինձի մաստ արավ. յիս զարթուն իմ, սիրտս է քընած.
Աշխարս աշխարով կըշտացավ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.
Յա'ր, քիզ ինչո՞վ թարիփ անիմ` աշխարումըս բան չը մնաց.
Կրակե, ծովեմեն դուս էկած, ռաշ ու ջեյրան իս ինձ ամա:
 
 
Ի՞նչ կուլի մեկ հիդըս խոսիս, թե վուր Սայաթ-Նովու յար իս.
Շուխկըտ աշխարըս բըռնիլ է` արեգագի դեմըն փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարիչին, վարթ, մանիշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն` դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա:
 

Քի սազ գու քա ալ ղումաշըն

 
Քի սազ գու քա ալ ղումաշըն, նազանի.
Եկ ճակատիտ կապե զարլու մուղայիշ,
Ձիռիտ բռնե օսկեջրած մըկրատըն,
Խուճուճ-խուճուճ ծամերուտ տուր արայիշ:
 
 
Պատվական տեսնելու նովաբ ու նաջար,
Բլբուլին սըպանող թոփ վարթի սաջար.
Ունքիրըտ աչկիրուտ էլավ մուհաջար,
Թերթերուկիտ մազըն զար` օսկով զարնիշ:
 
 
Հուտըտ աշխար բըռնից, փըռանգի մաջում.
Դաստա-դաստա մազըտ` սիմ ու աբրեշում.
Կռնիրըտ շիմշատ է, մատնիրըտ է մում,
Բոյըտ սարվի ունիս, մեչկըտ է ղամիշ:
 
 
Բեմուրվաթ յար, խիլքըս գլխես մի տանի.
Դարդիրըս շատացավ քանի մե քանի.
Գիդիմ վուր, յար, դուն ինձ լայիղ չիս անի`
Դուն մե թաքավուր իս, յիս մե խիղճ դավրիշ:
 
 
Դաստամազըտ նըման սմբուլ-սուսանի.
Վախում իմ, թե սերըտ սիրտըս կես անի.
Կու միռնիմ, էլ ինձ պեսին չիս տեսանի,
Քու Սայաթ-Նովեն իմ, մի' անի ղիմիշ: